«Օգոստոսի 24–30-ը: «Պատմեմ, թե նա ինչ արեց իմ անձի համար». Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Օգոստոսի 24–30-ը: «Պատմեմ, թե նա ինչ արեց իմ անձի համար»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
Կորածի փրկումը, հեղինակ՝ Մայքլ Մալմ
Օգոստոսի 24–30-ը․ «Պատմեմ, թե նա ինչ արեց իմ անձի համար»
Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86
Սաղմոսների գրքի հեղինակներն իրենց բանաստեղծություններում արտահայտում էին խոր անձնական զգացմունքներ: Նրանք գրել են հուսալքվածության, վախի և զղջման զգացումների մասին: Երբեմն նրանց նույնիսկ թվում էր, թե լքված են Աստծո կողմից, և որոշ սաղմոսներ հիասթափության կամ հուսահատության երանգ ունեն: Եթե երբևէ նման զգացումներ եք ունեցել, Սաղմոսների գիրքը կարդալով, դուք կիմանաք, որ միակը չեք: Բայց դուք նաև կգտնեք սաղմոսներ, որոնք կքաջալերեն ձեզ նման զգացումներ ունենալիս, քանի որ սաղմոսերգուները նաև փառաբանում էին Տիրոջը Նրա բարության համար, հիանում էին Նրա զորությամբ և ուրախանում էին նրա ողորմածությամբ: Նրանք գիտեին, որ աշխարհը լի է չարիքով և մեղքով, բայց Տերը «բարի է և ներող» (Սաղմոս 86․5)։ Նրանք հասկացան, որ Տիրոջ հանդեպ հավատք ունենալը չի նշանակում, որ մենք այլևս չենք բախվելու անհանգստության, մեղքի կամ վախի: Դա նշանակում է, որ դու գիտես, թե ում դիմել, երբ նման զգացումներ ունենաս:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Սաղմոսներ 49, 62․5–12
Փրկագնումը գալիս է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով
Սաղմոս 49-ը ուղերձ է պարունակում «հասարակ ու մեծ, հարուստ և աղքատ» մարդկանց համար (հատված 2)։ Ձեր կարծիքով, ո՞րն է այդ ուղերձը։ Ձեր կարծիքով, Սաղմոս 62․5–12 հատվածներն ի՞նչ են ավելացնում այդ ուղերձին։
Այս սաղմոսները կարող են ձեզ ոգեշնչել՝ խորհելու այն մասին, թե ինչպես ենք մենք գայթակղվում փրկության հույսը, Աստծուց բացի, դնել մեկ այլ բանի վրա (տես Սաղմոս 49․6–7)։ Ինչպե՞ս է ձեր կյանքը փոխվում ձեր վկայության շնորհիվ, որ «Աստված [ձեր] անձը կփրկի գերեզմանի ձեռքից»։ (Սաղմոս 49․15)
Սաղմոսներ 51, 85–86
Փրկչի ողորմածության շնորհիվ ես կներվեմ
Դավիթ թագավորը գրեց Սաղմոս 51-ը այն բանից հետո, երբ հասկացավ ներման իր հուսահատ կարիքը․ մի բան, որի կարիքը մենք բոլորս ունենք: Ո՞ր հատվածներն են նկարագրում ձեր ունեցած զգացմունքները: Ի՞նչ եք գտնում այս սաղմոսում, որը ձեզ ներման հույս է տալիս:
Դուք կարող եք նաև ուսումնասիրել Սաղմոս 51-ը՝ գտնելու հուշումներ այն մասին, թե ինչ է նշանակում ապաշխարել: Կազմեք ձեր գտածի ցանկը: Որոնեք, թե ինչ կարող եք ավելացնել ձեր ցանկում՝ ուսումնասիրելով նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել» ուղերձը (Լիահոնա, մայիս 2019, 67–69)։
Ինչպե՞ս կնկարագրեք, թե ինչ է նշանակում Քրիստոսի միջոցով ներում ստանալ: Եթե օգնության կարիք ունեք՝ նկարագրելու ձեր զգացմունքները, կարող եք նայել Սաղմոսներ 51․1–2, 7–12, 85․2–9։ Որոշ մարդիկ սիրում են նկարել կամ գտնել նկարներ՝ արտահայտելու իրենց զգացմունքները․ կարող եք դա փորձել: Դուք կարող եք նաև երգել կամ լսել Փրկչի մասին մի օրհներգ, օրինակ՝ «Ես մնում եմ զարմացած» (Հիմներ և մանկական երգեր, էջ․ 22)։
Որպեսզի ապաշխարենք, մենք կարիք ունենք հավատքի ոչ միայն առ այն, որ Հիսուս Քրիստոսը կարող է մաքրել մեզ, այլ նաև, որ Նա կանի դա: Ի՞նչ եք գտնում Սաղմոս 86.5, 13, 15 հատվածներում, որն օգնում է ձեզ իմանալ, որ Փրկիչը կարող է և ցանկանում է ներել:
Տես նաև Ալմա 36 գլուխը, Պիտեր Ֆ․ Մըրս «Նա կարո՛ղ է բժշկել ինձ», Լիահոնա, մայիս 2023, 39–41։
Սաղմոսներ 51․13–15, 66․5–20, 71․15–24
Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունը կարող է օգնել ուրիշներին գալ Նրա մոտ
Խորհեք, թե ինչպես եք ձեռք բերել ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զորության մասին: Ապա, երբ ուսումնասիրեք Սաղմոսներ 51․13–15, 66․5–20, 71․15–24-ը, մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք ուրիշներին հրավիրել «գալ և տեսնել Աստծո գործերը» (Սաղմոս 66․5)։ Եթե դուք «պատմեիք այն, թե [Տերը] ինչ արեց ձեր անձի համար» (Սաղմոս 66․16), ի՞նչ կասեիք:
Ի՞նչ է ձեզ համար նշանակում «ամեն օր կխոսի [Նրա] արդարության համար»։ (Սաղմոս 71․24)
Տես նաև Ալմա 26։
«Եկե՛ք ու լսե՛ք … որ ձեզ պատմեմ, թե [Աստված] ինչ արեց իմ անձի համար» (Սաղմոս 66․16)։
Սաղմոսներ 63, 69, 77–78
Տերը կօգնի ինձ իմ կարիքի պահին
Մի քանի սաղմոսներ նկարագրում են, թե ինչ է նշանակում Աստծուց հեռու զգալ և հուսահատորեն ունենալ Նրա օգնության կարիքը (տես Սաղմոսներ 63․1, 8, 69․1–8, 18–21; 77․1–9)։ Ձեր կարծիքով, Սաղմոսներ 63, 69, 77–78-ում ի՞նչն է վստահություն տալիս սաղմոսերգուներին։
Երբ վշտացած եք, ինչպե՞ս է դա ձեզ օգնում «հիշել Տիրոջ գործերը» և Նրա «հավիտենից հրաշքները»: (Սաղմոս 77․11)։ Այդ հրաշքներից մի քանիսը նկարագրված են Սաղմոս 78-ում։ Երբ կարդաք դրանց մասին, խորհեք, թե ինչն է օգնում ձեզ «[ձեր] հույսը Աստծո վրա դնել» (հատված 7)։
Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Քանի որ այս կիրակին ամսվա հինգերորդ կիրակին է, Երեխաների միության ուսուցիչներին խրախուսում ենք օգտագործել ուսումնական միջոցառումները «Հավելված Բ. Պատրաստել երեխաներին Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքի համար»:
Սաղմոս 51, 86․5, 13, 15
Երբ ես սխալ ընտրություն կատարեմ, Հիսուսը կարող է օգնել ինձ փոխվել
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին բացահայտել ապաշխարության մասին ճշմարտությունները Սաղմոս 51-ում, կարող եք մեծ սիրտ նկարել: Այնուհետև կարող եք օգնել երեխաներին սրտի ներսում գրել այն վատ բաները, որ սատանան գայթակղում է մեզ անել: Ինչպե՞ս ենք մենք այդ բաները հանում մեր սրտից: Խնդրեք երեխաներին գտնել «սիրտ» բառը Սաղմոս 51.10, 17 հատվածներում։ Խոսեք այն մասին, թե ինչ են ուսուցանում այս հատվածները ապաշխարության մասին: Հնարավորություն տվեք երեխաներին ջնջել սրտի ներսում գրված բառերը և գրել նոր բառեր, որոնք նկարագրում են այն եղանակները, որոնցով Հիսուսը կարող է փոխել մեզ, եթե մենք ապաշխարենք:
-
Օգնեք ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում ունենալ «կոտրված և փշրված սիրտ» (Սաղմոս 51.17)։ Նրանք կարող են հերթով կոտրել մի բան, որն ունի կոշտ կեղև, օրինակ՝ ձու կամ ընկույզ: Օգնեք նրանց համեմատել կեղևը այնպիսի բաների հետ, որոնք մեզ խանգարում են զգալ Երկնային Հոր սերը: Ինչպե՞ս կարող ենք բացել մեր սիրտը Նրա առաջ:
-
Կարող եք նաև միասին նայել Փրկչի նկարին և հարցնել երեխաներին, թե ինչ խոսքեր կօգտագործեին Նրան նկարագրելու համար: Հրավիրեք նրանց գտնել բառեր, որոնք նկարագրում են նրան Սաղմոս 86.5, 13, 15-ում: Ինչո՞ւ է կարևոր իմանալ այս բաները Նրա մասին:
Սաղմոս 61․2–3
Հիսուս Քրիստոսը իմ վեմն է
-
Ձեր երեխաների համար կարող է հետաքրքիր լինել նկարել Սաղմոս 61․2–3 հատվածների խորհրդանիշները։ Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը նման բարձր «վեմի» (հատված 2), «ապավենի» և «զորավոր աշտարակի» (հատված 3):
«Դու ես իմ ապավենը, զորավոր աշտարակը» (Սաղմոս 61․3)։
Սաղմոսներ 66․16, 77․11, 78․6–7
«Ես կիշեմ Տիրոջ գործերը»
-
Խնդրեք ձեր երեխաներին կիսվել իրենց սիրելի սուրբգրային պատմություններից մի քանիսով (Ավետարանի պատկերագրքի նկարները կարող են օգնել)։ Այս պատմություններն ի՞նչ են ուսուցանում մեզ Տիրոջ մասին: Կարող եք միասին կարդալ Սաղմոս 66․16 հատվածը և հերթով պատասխանել «Ի՞նչ է արել Տերն իմ անձի համար» հարցին։
-
Երբ միասին կարդաք Սաղմոս 77․11, 78․6–7 հատվածները, կարող եք կիսվել միմյանց հետ, թե ինչպես եք փորձում «հիշել Տիրոջ գործերը» (Սաղմոս 77․11), այդ թվում՝ Նրա գործերը ձեր կյանքում: Ինչպե՞ս է հաղորդությունն օգնում մեզ «միշտ հիշել»: (Մորոնի 4․3, 5․2)
Սաղմոս 71․8
Ես կարող եմ պատմել ուրիշներին Հիսուս Քրիստոսի մասին
-
Սաղմոս 71․8-ը ձեր երեխաների հետ կարդալուց հետո առաջարկեք նրանց մեծ բերան նկարել: Խնդրեք նրանց օգնել ձեզ «լցնել» բերանը նկարներով կամ բառերով, որոնք ներկայացնում են բաներ, որ մենք կարող ենք ուրիշներին պատմել Հիսուս Քրիստոսի մասին:
-
Կարող եք միմյանց փոխանցել Հիսուս Քրիստոսի նկարը։ Նկարը պահող երեխան կարող է ասել մի բան, որ գիտի Նրա մասին: Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին իմանալ այդ բաները:
Երեխաները կիսվելու շատ բան ունեն «Երբ երեխաները մի նոր բան են սովորում, նրանք, անշուշտ, ցանկանում են դրանով կիսվել մյուսների հետ: Խրախուսեք այդ ցանկությունը՝ հնարավորություն տալով երեխաներին ուսուցանել ավետարանի սկզբունքները միմյանց, իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին: Նաև խնդրեք նրանց ձեզ հետ կիսվել իրենց մտքերով, զգացումներով և փորձառություններով՝ կապված ձեր ուսուցանած սկզբունքների հետ: Դուք կտեսնեք, որ նրանց ունեցած գաղափարները պարզ են, մաքուր և զորավոր» (Ուսուցանել Փրկչի ձևով, 32)։
Սաղմոս 86․7
Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին
-
Սաղմոսներից շատերը նման են աղոթքների առ Աստված։ Երբ ձեր երեխաների հետ կարդաք Սաղմոսները, կարող եք ցուցադրել մի բան, որ մենք կարող ենք օգտագործել՝ հեռու գտնվող մարդկանց հետ շփվելու համար, օրինակ՝ հեռախոս կամ նամակ: Այնուհետև կարդացեք Սաղմոս 86․7 հատվածը։ Մենք ինչպե՞ս ենք «կանչում» Երկնային Հորը: Ինչպե՞ս է Նա պատասխանում մեզ:
-
Կարող եք միասին երգել աղոթքի մասին մի երգ, օրինակ՝ «A Child’s Prayer» (Children’s Songbook, 12–13, տես նաև Սյուզան Հ. Փորթեր, «Աղոթեք, Նա ապրում է», Լիահոնա, մայիս 2024, 77–79): Միմյանց պատմեք այն դեպքերի մասին, երբ Աստված պատասխանել է ձեր աղոթքներին:
Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։