«Մտքեր հիշելու համար․ Կարդալ բանաստեղծությունները Հին Կտակարանում», Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար. Հին Կտակարան 2026 (2026)
«Կարդալով բանաստեղծությունները Հին Կտակարանում», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
Մտքեր հիշելու համար
Կարդալով բանաստեղծությունները Հին Կտակարանում
Հին Կտակարանի Ծնունդ գրքից մինչև Եսթերի գիրքը մենք հիմնականում կարդում ենք պատմողական պատմություններ, որոնք պատմական իրադարձությունները նկարագրում են հոգևոր տեսանկյունից: Նոյը տապան կառուցեց, Մովսեսն ազատեց Իսրայելը, Աննան աղոթեց որդի ունենալու համար և այլն: Հոբի գրքից սկսած՝ մենք հանդիպում ենք գրելու այլ ոճի։ Այս գրքերում Հին Կտակարանի հեղինակները դիմում են բանաստեղծական լեզվին՝ խոր զգացմունքները կամ ուշագրավ մարգարեությունները հիշարժան կերպով արտահայտելու համար:
Մենք արդեն տեսել ենք բանաստեղծությունների մի քանի օրինակներ, որոնք գտնվում են Հին Կտակարանի պատմական գրքերում: Հոբի գրքից սկսած՝ մենք ավելի շատ ենք հանդիպում դրանց։ Հոբի, Սաղմոսներ և Առակներ գրքերը գրեթե ամբողջությամբ բանաստեղծություններ են, ինչպես նաև Եսայի, Երեմիա և Ամովս մարգարեների գրքերի որոշ մասեր: Քանի որ բանաստեղծություն կարդալը տարբերվում է պատմություն կարդալուց, այն հասկանալու համար հաճախ պահանջվում է այլ մոտեցում: Ահա որոշ մտքեր, որոնք կարող են օգնել ձեզ ավելի շատ իմաստներ գտնել Հին Կտակարանի բանաստեղծություններում:
Ճանաչեք հրեական բանաստեղծությունը
Նախ, օգտակար կլինի իմանալ, որ Հին Կտակարանում հրեական բանաստեղծությունները հիմնված չեն հանգավորման վրա, ինչպես բանաստեղծության որոշ տեսակներ: Եվ չնայած հանգը, բառախաղը և հնչյունների կրկնությունը հին հրեական բանաստեղծությունների ընդհանուր հատկանիշներն են, դրանք թարգմանության մեջ, որպես կանոն, կորչում են: Այնուամենայնիվ, մի առանձնահատկություն, որը դուք կնկատեք, մտքերի կամ գաղափարների կրկնությունն է, որը երբեմն կոչվում է «զուգահեռականություն»: Ահա մի պարզ օրինակ Եսայու գրքից․
Հագի՛ր քո զորությունը, ով Սիոն,
հագիր քո շքեղ հանդերձները, ո՛վ Երուսաղեմ։ (Եսայի 52․1)
Սաղմոս 29-ն ունի բազմաթիվ զուգահեռ տողեր, օրինակ՝
Տիրոջ ձայնը զորավոր է,
Տիրոջ ձայնը փառավոր է։ (Սաղմոս 29․4)
Եվ ահա մի օրինակ, երբ իմանալն այն մասին, որ երկրորդ տողը զուգահեռ է առաջինին, հեշտացնում է հատվածի ըմբռնումը.
Ես էլ ձեզ ատամների մաքրություն տվեցի ձեր բոլոր քաղաքներում
և հացի կարոտություն՝ ձեր բոլոր տեղերում։ (Ամովս 4․6)
Այս օրինակներում բանաստեղծը նույն միտքը կրկնում է՝ չնչին տարբերությամբ։ Այս մեթոդը, տարբերություններն օգտագործելով, կարող է ընդգծել կրկնվող միտքը՝ այն ավելի լիարժեք նկարագրելու կամ զարգացնելու համար:
Մյուս դեպքերում, երկու զուգահեռ նախադասություններում օգտագործվում են նման բառեր՝ հակադիր գաղափարներ փոխանցելու համար, ինչպես այս օրինակում.
Մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է․
իսկ նախատական խոսքը գրգռում է բարկությունը։ (Առակներ 15․1)։
Այսպիսի զուգահեռականությունը պատահական չէ: Հեղինակները դա հատուկ են արել: Դա օգնեց նրանց արտահայտել հոգևոր զգացմունքները կամ ճշմարտությունները զորությամբ և գեղեցկությամբ: Այսպիսով, երբ Հին Կտակարանում զուգահեռականություն եք նկատում, հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչպես է դա օգնում ձեզ հասկանալ հեղինակի ուղերձը: Օրինակ՝ ի՞նչ էր Եսային փորձում ասել՝ համեմատելով «զորությունը» «շքեղ հանդերձի», իսկ «Սիոնը»՝ «Երուսաղեմի» հետ։ (Եսայի 52․1)։ Ի՞նչ կարող ենք եզրակացնել «մեղմ պատասխան» արտահայտության մասին, եթե գիտենք, որ «վիրավորիչ խոսքը» դրա հակառակն է։ (Առակներ 15․1)։
Նա վերականգնում է իմ հոգին, հեղինակ՝ Վոլտեր Ռեյն
Հրեական բանաստեղծությունը՝ որպես նոր ընկեր
Որոշ մարդիկ բանաստեղծություն կարդալը համեմատում են նոր մարդու հետ հանդիպելու հետ: Այդպես պատկերացնելով՝ Հին Կտակարանի բանաստեղծություն կարդալը կարող է նման լինել հեռավոր երկրից և օտար մշակույթից եկած մեկին հանդիպելուն, որը խոսում է ոչ մեր լեզվով և որը, տարօրինակ կերպով, ավելի քան երկու հազար տարեկան է: Այդ մարդը, հավանաբար, կասի բաներ, որոնք սկզբում չենք հասկանա, բայց դա չի նշանակում, որ նա արժեքավոր բան չունի ասելու: Մենք պարզապես պետք է որոշ ժամանակ անցկացնենք նրա հետ՝ փորձելով իրերը տեսնել նրա տեսանկյունից: Մենք կարող ենք բացահայտել, որ մեր սրտերում մենք իրոք բավականին լավ ենք հասկանում իրար: Իսկ եթե ցուցաբերենք համբերություն և կարեկցանք, մեր նոր ծանոթը, ի վերջո, կարող է դառնալ սիրելի ընկեր:
Այսպիսով, երբ կարդում եք Եսայու գրքից մի հատված, համարեք դա նոր ծանոթի հետ ձեր առաջին ծանոթությունը: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ո՞րն է իմ ընդհանուր տպավորությունը»: Այդ հատվածն ի՞նչ է ստիպում ձեզ զգալ, նույնիսկ, եթե բոլոր բառերը չեք հասկանում: Դրանից հետո նորից կարդացեք, հնարավորության դեպքում՝ մի քանի անգամ: Կարող եք այն բարձրաձայն կարդալ, որոշ մարդիկ այդ ձևով ավելի շատ իմաստներ են գտնում: Ուշադրություն դարձրեք Եսայու ընտրած հատուկ բառերին, հատկապես այն բառերին, որոնք ձեր մտքում տեսարաններ են պատկերում: Այդ տեսարաններն ինչպիսի՞ զգացումներ են առաջացնում։ Ի՞նչ են դրանք հուշում Եսայու զգացմունքների մասին։ Որքան շատ ուսումնասիրեք Հին Կտակարանի այս գրողների խոսքերը, այնքան ավելի շատ կտեսնեք, որ նրանք միտումնավոր ընտրել են իրենց բառերը և մեթոդը՝ խոր հոգևոր ուղերձ արտահայտելու համար:
Բանաստեղծությունները կարող են հիանալի ընկերներ լինել, քանի որ դրանք օգնում են մեզ հասկանալ մեր զգացմունքներն ու փորձառությունները: Հին Կտակարանի բանաստեղծությունները շատ արժեքավոր են, քանի որ դրանք օգնում են մեզ հասկանալ մեր ամենակարևոր զգացմունքներն ու փորձառությունները, որոնք կապված են Աստծո հետ մեր հարաբերությունների հետ:
Հին Կտակարանում բանաստեղծություններն ուսումնասիրելիս հիշեք, որ սուրբ գրությունների ուսումնասիրությունն ամենաարժեքավորն է, երբ այն առաջնորդում է մեզ դեպի Հիսուս Քրիստոսը: Փնտրեք խորհրդանիշներ, տեսարաններ և ճշմարտություններ, որոնք կառուցում են ձեր հավատը Նրա հանդեպ: Ուսումնասիրելիս լսեք Սուրբ Հոգուց ստացած ոգեշնչումը:
Իմաստուն գրականություն
Հին Կտակարանի բանաստեղծությունների անվանակարգերից մեկը գիտնականներն անվանում են «իմաստուն գրականություն»: Հոբի, Առակներ ու Ժողովողի գրքերն այս անվանակարգի մեջ են մտնում: Մինչ սաղմոսներն արտահայտում են գովեստի, տրտմության և երկրպագության զգացմունքներ, իմաստուն գրականությունը կենտրոնանում է հավերժական խորհուրդների կամ խոր, փիլիսոփայական հարցերի վրա: Օրինակ՝ Հոբի գիրքն ուսումնասիրում է Աստծո արդարությունն ու մարդկային տառապանքի պատճառները: Առակների գիրքն առաջարկում է խորհուրդներ, թե ինչպես լավ ապրել, այդ թվում՝ իմաստուն ասացվածքներ, որոնք հավաքվել և փոխանցվել են նախորդ սերունդներից: Իսկ Ժողովողը կասկածի տակ է դնում կյանքի բուն նպատակը. երբ ամեն ինչ թվում է անցողիկ և պատահական, որտե՞ղ ենք մենք գտնում իրական իմաստը: Իմաստուն գրականությունը կարող եք համարել խոհուն զրույցներ՝ ոգեշնչված ուսուցիչների հետ, որոնք ցանկանում են կիսվել դիտարկումներով Աստծո և նրա ստեղծած աշխարհի վերաբերյալ, և գուցե ցանկանում են օգնել ձեզ հասկանալ այս բաները մի փոքր ավելի լավ, քան նախկինում: