«Օգոստոսի 3–9-ը։ «Գուցե … մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել»․ Եսթեր», Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Օգոստոսի 3–9-ը։ «Գուցե … մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
Եսթեր թագուհին փրկում է Եհովայի ժողովրդին, հեղինակ՝ Սեմ Լոլոր
Օգոստոսի 3–9-ը «Գուցե … մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել»
Եսթեր
Եսթերի գրքում շատ իրադարձություններ կարող են բախտ կամ պատահականություն թվալ: Ուրիշ ինչպե՞ս կբացատրեք, թե ինչպես մի որբ հրեա աղջիկ ճիշտ ժամանակին դարձավ Պարսկաստանի թագուհին, որպեսզի փրկի իր ժողովրդին կոտորածից: Արդյո՞ք դա պատահականություն էր, որ Եսթերի զարմիկը՝ Մուրթքեն, պարզապես լսում է թագավորին սպանելու դավադրության մասին: Արդյո՞ք դրանք զուգադիպություններ են եղել, թե՞ դրանք աստվածային ծրագրի մաս են կազմել: Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը նշել է․ «Իրականում, ինչը թվում է զուտ պատահականություն, վերահսկվում է սիրող Երկնային Հոր կողմից։ … Տերը վերահսկում է մեր կյանքի յուրաքանչյուր մանրուք» («Աստվածային ծրագրի համաձայն», Լիահոնա, նոյ. 2017, 56)։ Գուցե միշտ չէ, որ մենք ընդունում ենք Տիրոջ ազդեցությունը այս «յուրաքանչյուր մանրուքի» մեջ: Բայց Եսթերի փորձից մենք սովորում ենք, որ Նա կարող է առաջնորդել մեր ուղին և պատրաստել մեզ «մի այսպիսի ժամանակի համար» (Եսթեր 4․14), երբ մենք կարող ենք գործիքներ լինել Նրա ձեռքում՝ Իր նպատակները կատարելու համար:
Եսթերի գրքի ակնարկի համար տես «Եսթերի, գիրք» Սուրբ գրքերի ուղեցույց:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Եսթեր
Տերը մեզ դնում է այնպիսի իրավիճակների մեջ, որտեղ մենք կարող ենք օրհնել ուրիշներին
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է, որ մեզանից յուրաքանչյուրը «կանգնած է եզակի տեղում և ունի կարևոր հանձնարարություն, որը միայն [ինքը] կարող է կատարել: … Տերը ձեզ պարտականություններ է տվել որոշակի պատճառով: Կարող են լինել մարդիկ և սրտեր, որոնց միայն դուք կարող եք հասնել և հուզել: Թերևս ուրիշ ոչ-ոք չէր կարող դա անել նույն ձևով» («Lift Where You Stand», Լիահոնա, նոյ. 2008, 56):
Կարդալով Եսթերի պատմությունը՝ խորհեք, թե ինչպես են այս տողերը վերաբերում նրան: Փնտրեք, թե ինչպես Տերը հնարավորություն տվեց նրան փրկել հրեաներին (օրինակ՝ տես Եսթեր 2․21–23, 3․10–14, 4․14–16)։ Այնուհետև խորհեք, թե ինչպես է Նա ձեզ հնարավորություններ տվել օրհնելու ուրիշներին: Որո՞նք են այն հանգամանքները կամ փոխհարաբերությունները, որոնցով Նա առաջնորդել է ձեզ «մի այսպիսի ժամանակի համար» (Եսթեր 4.14): Եթե դուք ունեք հայրապետական օրհնություն, կարող եք կարդալ այն՝ ավելի շատ բան իմանալու այն աշխատանքի մասին, որը Տերը պատրաստել է ձեզ համար: Ի՞նչ կարող եք անել՝ այդ աշխատանքը կատարելու համար:
Տես նաև «Մի այսպիսի ժամանակի համար» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org։
For Such a Time as This
Մենք ավելի շատ բան ենք սովորում գործելով, քան լսելով: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը խորհուրդ է տվել ուսուցիչներին. «Մեր նպատակը ոչ թե պետք է լինի, թե «ի՞նչ պետք է ասեմ նրանց»։ Այլ, պետք է մեզ հարց տանք, թե «գործելու ի՞նչ հրավեր կարող եմ հղել նրանց: Ի՞նչ ոգեշնչող հարց կարող եմ տալ, որը, եթե կամենան պատասխանել, կհրավիրի Սուրբ Հոգուն այդ մարդու կյանք»» (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում, 25)։ Եթե դուք ձեր ընտանիքին կամ դասարանին ուսուցանում եք Եսթերի մասին, ի՞նչ կարող եք առաջարկել նրանց անել, որը կօգնի նրանց սովորել:
«Երբ Համանը տեսավ, որ Մուրթքեն չի խոնարհվում … այն ժամանակ Համանը շատ բարկացավ» (Եսթեր 3․5)։
Եսթեր 3, 5․9–14, 7
Հպարտությունն ու զայրույթը կարող են հանգեցնել կործանման
Եսթերի գրքում մենք դասեր ենք քաղում Եսթերի և Մուրթքեի հավատարմությունից, ինչպես նաև Համանի հպարտությունից և զայրույթից: Երբ կարդաք Եսթեր 3, 5․9–14 հատվածները, ուշադրություն դարձրեք Համանի զգացմունքներին, խոսքերին և գործողություններին: Ի՞նչ են դրանք բացահայտում նրա և նրա դրդապատճառների մասին: Ի՞նչ հետևանքների հանգեցրեց դա (տես Եսթեր 7)։ Կարդալով Համանի մասին՝ դուք կարող եք գնահատել, թե ինչն է նպաստում ձեր զգացմունքներին և գործողություններին: Դուք ոգեշնչվա՞ծ եք որևէ փոփոխություն կատարելու համար: Ինչպե՞ս կարող եք դիմել Երկնային Հորը օգնության համար:
Տես նաև Առակներ 16․32, Ալմա 5․28։
Եսթեր 3–4, 5․2–3, 8․11–12
Ծոմապահությունը ցույց է տալիս, որ ես վստահում և ապավինում եմ Տիրոջը
Ուշադրություն դարձրեք, թե ինչու Եսթերը և մնացած հրեաները որոշեցին ծոմ պահել (տես Եսթեր 3․13, 4․1–3, 10–17)։ Ծոմապահությունն ինչպե՞ս օրհնեց նրանց (տես Եսթեր 5․2–3, 8․11–12)։ Ինչո՞ւ է Տերը խնդրում մեզ ծոմ պահել (տես Թեմաներ և հարցեր «Ծոմ, Ծոմապահություն», Ավետարանի գրադարան)։ Մտածեք, թե ինչպես կարող եք ծոմապահությունը դարձնել ավելի մեծ օրհնություն ձեր կյանքում:
Տես նաև Եսայի 58․6–12, «Fasting: Young Single Adult Ward, Amanda» (video), ChurchofJesusChrist.org։
Fasting: Young Single Adult Ward, Amanda
Եսթեր 3․1–11, 4․10–17, 5․1–4, 9․17–19
Ճիշտը գործելը հաճախ մեծ խիզախություն է պահանջում
Երբ Մուրթքեն ու Եսթերը պաշտպանեցին իրենց համոզմունքները և իրենց ժողովրդին, նրանք վտանգի տակ դրեցին իրենց կյանքը: Մեր ընտրությունները կարող են ոչ այդքան ծանր հետևանքներ ունենալ, բայց ճիշտը գործելու համար, միևնուն է, խիզախություն է պահանջվում: Ի՞նչ եք սովորում Եսթեր 3․1–4, 4․10–17 հատվածներից՝ ճիշտը գործելու խիզախություն ունենալու մասին: Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի տարբեր հետևանքներ զգացին Մուրթքեն և Եսթերը խիզախություն ցուցաբերելուց հետո (տես Եսթեր 3․5–11, 5․1–4)։ Ի՞նչ պետք է իմանային Եսթերն ու Մուրթքեն Աստծո մասին, որպեսզի կատարեին իրենց ընտրությունները:
Մտածեք այն իրավիճակների մասին, երբ ձեզ անհրաժեշտ է խիզախություն՝ պաշտպանելու ճիշտը: Ի՞նչ եք սովորում Եսթերից և Մուրթքեից, որը կարող է օգնել ձեզ խիզախություն գտնել Տիրոջ մեջ։
Եսթերի խիզախությունը հանգեցրեց «ուրախության օրվա» (տես Եսթեր 9.17–19): Ինչպե՞ս է քրիստոսանման խիզախությունը ձեզ «ուրախության օր» պարգևել:
Տես նաև «Խիզախություն», «Խիզախություն ունեցիր կանգնելու միայնակ» (տեսանյութեր), Ավետարանի գրադարան, «True to the Faith», Հիմներ, հմր. 254։
Courage
Dare to Stand Alone
Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Եսթեր 2.5–7
Ես կարող եմ ծառայել իմ ընտանիքին
-
Դուք կարող եք ոգեշնչված զգալ՝ օգտագործելու Եսթեր 2.7 հատվածը, որպեսզի ուսուցանեք ձեր երեխաներին օգնել ընտանիքի անդամներին, որոնք ունեն օգնության կարիք, ինչպես որ Մուրթքեն օգնեց Եսթերին: Կարող եք միասին կարդալ այդ հատվածը կամ ամփոփ ներկայացնել այն ձեր բառերով: Այնուհետև, դուք և երեխաները կարող եք մտածել ընտանիքի այն անդամների մասին, որոնք կարող են ձեր օգնության կարիքը ունենալ: Ծրագիր կազմեք նրանց օգնելու համար:
Եսթեր 3.1–11, 4.10–17
Տերը կարող է օգնել ինձ խիզախ լինել
-
Եսթերի և Մուրթքեի օրինակները կարող են օգնել ձեր երեխաներին հասկանալ, որ խիզախություն նշանակում է անել այն, ինչ ճիշտ է, նույնիսկ երբ վախենում ես։ Կարող եք գրել հետևյալ արտահայտությունները․ Մուրթքեն խիզախ էր, երբ նա … և Եսթերը քաջ էր, երբ նա … ։ Եսթերի պատմությունը միասին ուսումնասիրելիս ձեր երեխաները կարող են առաջարկել արտահայտություններն ավարտելու տարբերակներ: Կարող եք կարդալ Եսթեր 3․1–11, 4․10–17 հատվածները կամ «Եսթեր թագուհին» նյութը (Հին Կտակարանի պատմություններում,, 166–70) կամ նայեք այդ նյութի նկարները: Ապա գրեք Ես խիզախություն կդրսևորեմ … և խնդրեք երեխաներին թվարկել, թե Երկնային Հայրն ինչ է ուզում, որ իրենք անեն, որը խիզախություն է պահանջում: Կարող է օգտակար լինել մի երգ երգել խիզախության մասին, օրինակ՝ «Dare to Do Right» (Children’s Songbook, 158)։
2:45Queen Esther
-
Ուսուցանեք նաև այն դեպքերի մասին, երբ Հիսուս Քրիստոսը խիզախություն է դրսևորել, օրինակ՝ երբ Նա տառապեց մեր մեղքերի համար Գեթսեմանիում և խաչի վրա (տես Մատթեոս 26.36–39, 27.33–35): Խնդրեք ձեր երեխաներին կիսվել մի դեպքով, երբ նրանք խիզախ են եղել, կիսվեք նաև ձեր սեփական փորձառությամբ:
Եսթեր 4.1–3, 10–17
Ծոմապահությունը բերում է Տիրոջ օրհնությունները
-
Կարդացեք Եսթեր 4․1–3, 10–17 հատվածները․ դա կօգնի ուսուցանել երեխաներին ծոմապահության մասին։ Ինչո՞ւ Եսթերն ու հրեաները ծոմ պահեցին։ Ասացեք ձեր երեխաներին, թե ինչու եք դուք ծոմ պահում: Կարող եք նաև հարցնել նրանց, թե ինչպես կբացատրեն ծոմ պահելն իրենց ընկերոջը, որը նախկինում երբեք ծոմ չի պահել: Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր ընկերներին հասկանալ այն օրհնությունները, որոնք գալիս են ծոմից:
-
Խրախուսեք ձեր երեխաներին մտածել մի բանի մասին, երբ իրենք կարող են Տիրոջ օգնության կարիքը ունենալ: Առաջարկեք նրանց ծոմի այդ մասը պահել ծոմապահության հաջորդ կիրակի:
Քանի որ Եսթերը խիզախ էր, նա կարողացավ փրկել Տիրոջ ժողովրդին։
Եսթեր 4.14
Ես կարող եմ գործիք լինել Աստծո ձեռքերում
-
Օգնեք ձեր երեխաներին հասկանալ, որ երբ Եսթերը վախեցավ, Մուրթքեն քաջալերեց նրան՝ բացատրելով, որ Տերն օգնել է իրեն թագուհի դառնալ «այսպիսի ժամանակի համար» (Եսթեր 4․14)։ Ի՞նչ նկատի ուներ Մուրթքեն սրանով։ Խոսեք միմյանց հետ այն մասին, թե ինչպես էր Եսթերը գործիք Տիրոջ համար: Մենք ինչպե՞ս կարող ենք գործիքներ լինել Տիրոջ համար:
-
Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ է գործիքը: Կարող եք առաջարկել որևէ մեկին երաժշտական գործիքի վրա երգ նվագել կամ որևէ գործիք օգտագործող մարդու նկար ցուցադրել։ Այնուհետև խոսեք այն մասին, թե ի՞նչ է նշանակում գործիք լինել Աստծո ձեռքերում:
Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։