«Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը։ «Շունչ ունեցող ամեն արարած թող օրհնի Տիրոջը»․ Սաղմոսներ 102–103, 110, 116–119, 127–128, 135–139, 146–150», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը։ «Շունչ ունեցող ամեն արարած թող օրհնի Տիրոջը»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
Ակնածալից վերադարձ, հեղինակներ՝ Կելսի և Ջեսի Լայթվիվներ
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը․ «Շունչ ունեցող ամեն արարած թող օրհնի Տիրոջը»
Սաղմոսներ 102–103, 110, 116–119, 127–128, 135–139, 146–150
Սաղմոսների գրքի հրեական ավանդական անվանումը Tehillim է, որը եբրայերեն նշանակում է «փառաբանություն»: Այդ բառը նաև կապված է ալելուիա բացականչության հետ (նշանակում է «փառաբանեք Եհովային» կամ «փառաբանեք Տիրոջը»): Եթե Սաղմոսների հիմնական ասելիքն ամփոփելու համար ընտրեինք մեկ բառ, փառաբանությունը լավ ընտրություն կլիներ: Որոշ սաղմոսներ պարունակում են «փառաբանեք Տիրոջը» անմիջական հրավեր (հատկապես տես Սաղմոսներ 146–50), և դրանք բոլորը կարող են ոգեշնչել երկրպագության և փառաբանության: Սաղմոսների գիրքը մեզ հրավիրում է ընդունել Տիրոջ զորությունը, Նրա ողորմածությունը և Նրա կատարած մեծ գործերը: Մենք երբեք չենք կարող փոխհատուցել Նրան այս ամենի համար, բայց կարող ենք փառաբանել Նրան: Այդ փառաբանությունը տարբեր մարդկանց համար կարող է տարբեր ձևեր ունենալ. այն կարող է ներառել երգ, աղոթք կամ վկայություն: Դա հաճախ հանգեցնում է Տիրոջ և Նրա ուսմունքներին հետևելու հանդեպ ավելի խոր նվիրվածության: Ինչ էլ որ ձեր կյանքում նշանակի «փառաբանեք Տիրոջը» արտահայտությունը, սաղմոսներն ընթերցելիս և խորհելիս կարող եք ոգեշնչում ստանալ դա անելու համար:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Սաղմոսներ 102–3, 116
Տերը կարող է սփոփել ինձ իմ տառապանքի ժամին
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Սաղմոս 102․1–11-ը նկարագրում անհանգստության և մեկուսացման զգացումները, որոնք հաճախ լինում են դժվարությունների ժամանակ: Գուցե դուք կամ ձեր ծանոթները ունեցել եք նման զգացումներ։ Երբ կարդաք Սաղմոսներ 102․12–28, 103, 116-ը, փնտրեք արտահայտություններ, որոնք ձեզ վստահություն են ներշնչում, որ ձեր փորձություններում կարող եք «կանչել Տիրոջ անունը» (Սաղմոս 116․13)։ Դուք կարող եք նշել, անգիր սովորել կամ ուրիշների հետ կիսվել այն արտահայտություններով, որոնք ձեզ հույս են տալիս Նրա հանդեպ:
Տես նաև Եսայի 25․8, Եբրայեցիներին 2․17–18, Ալմա 7․11–13, Քամիլ Ն. Ջոնսոն, «Քրիստոսը սփոփանք է», Լիահոնա, մայիս 2023, 81–83,«Where Can I Turn for Peace?» (Հիմներ, հմր. 129)։
Կարլ Հենրիխ Բլոխ (1834–1890), Քրիստոսը բուժում է հիվանդներին Բեթեզդայում, 1883, յուղաներկ կտավի վրա, 100 3/4 × 125 1/2 դյույմ: Բրիգամ Յանգ Համալսարանի Արվեստի թանգարան, գնվել է Ջեք Ռ. և Մարի Լուի Ուիթլիների ֆոնդերի հովանավորությամբ, 2001։
Սաղմոսներ 110, 118
Հիսուս Քրիստոսը կատարեց Սաղմոսների մարգարեությունները
Սաղմոսների գիրքը պարունակում է հատվածներ, որոնք մատնանշում են Հիսուս Քրիստոսի կյանքն ու ծառայությունը: Ահա մի քանի օրինակներ․
-
Սաղմոս 110․1–4 (տես Մատթեոս 22․41–45, Եբրայեցիս 5․4–10, 6․20)
-
Սաղմոս 118․22 (տես Մատթեոս 21․42, Գործք Առաքելոց 4․10–11, Ա Պետրոս 2․7)
-
Սաղմոս 118․25–26 (տես Մատթեոս 21․9)
Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին: Ինչո՞ւ է կարևոր իմանալ այս բաները Նրա մասին:
Սաղմոս 119
Աստծո խոսքն ինձ կպահի Նրա ճանապարհի վրա
Սաղմոս 119-ը պարունակում է բազմաթիվ արտահայտություններ, որոնք մեր կյանքը համեմատում են Երկնային Հոր մոտ վերադարձի հետ: Կարդալիս փնտրեք հետևյալ բառերը․ «քայլել», «արահետ», «ճանապարհ», «ոտքեր» և «թափառել»։ Խորհեք ձեր սեփական կյանքի անցած ճանապարհի մասին. որտեղ եք եղել, որտեղ եք հիմա և ուր եք գնում: Ի՞նչ եք սովորում այս սաղմոսից տուն դառնալու ձեր ճամփորդության մասին: Ի՞նչ սովորեցիք՝ տեսնելով ուրիշների ճանապարհները: Համաձայն այս սաղմոսի՝ ի՞նչ է տվել Աստված, որ օգնի ձեզ մնալ ճիշտ ճանապարհի վրա:
Հիշեք մի դեպք, երբ ճանապարհին կամ քարտեզին հետևելը օգնել է ձեզ հաջողությամբ ճամփորդել որևէ տեղ: Ի՞նչ է ձեզ ուսուցանում այդ փորձառությունը Աստծո ճանապարհով գնալու մասին:
Շատ այլ սուրբ գրություններում Տերը և Նրա մարգարեները խոսում են ճանապարհի մասին: Ահա որոշ օրինակներ: Կարող եք ուսումնասիրել այս հատվածները և գրել կամ կիսվել ուրիշների հետ ձեր սովորածով։
|
Սուրբ գրություն |
Ինչ եմ ես սովորում դեպի Աստված տանող ճանապարհի մասին |
|---|---|
Սուրբ գրություն Առակներ 4․11–19 | |
Սուրբ գրություն Մատթեոս 7․13–14 | |
Սուրբ գրություն | |
Սուրբ գրություն | |
Սուրբ գրություն | |
Սուրբ գրություն |
Ինչպե՞ս կարող են այս ճշմարտությունները օգնել ձեզ մնալ Աստծո ճանապարհի վրա:
Ի՞նչ լրացուցիչ գաղափարներ կարող եք սովորել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խորհրդից:
«Որպեսզի մեր ճամփորդությունը կյանքի միջով լինի հաջողակ, մենք պետք է հետևենք աստվածային ուղղորդմանը: Տերն ասել է. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք» [Վարդապետություն և Ուխտեր 6․36]: Իսկ Սաղմոսերգուն գրել է. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» [Սաղմոս 119.105]: …
«Կյանքի ճանապարհորդության ընթացքում դուք շատ խոչընդոտների եք հանդիպում և որոշ սխալներ թույլ տալիս: Սուրբգրային առաջնորդությունն օգնում է ձեզ ճանաչել սխալը և կատարել անհրաժեշտ ուղղումներ: Դուք դադարում եք սխալ ուղղությամբ գնալ: Դուք ուշադիր ուսումնասիրում եք սուրբ գրությունների ճանապարհային քարտեզը: Ապա դուք շարունակում եք ապաշխարությամբ և վնասի փոխհատուցումով, որը պահանջվում է՝ կանգնելու «նեղ և անձուկ արահետի վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք» [2 Նեփի 31.18]» («Ապրել սուրբգրային առաջնորդությամբ», Ensign, նոյ․ 2000, 17):
Տես նաև Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Անառակը և ճամփան, որ տուն է տանում», Լիահոնա, նոյ. 2023, 86–88։
Սաղմոսներ 134–36
Տերն ավելի հզոր է, քան ցանկացած կուռք
Ուշադրություն դարձրեք Սաղմոս 135․15–18 հատվածներում բերված պատճառներին, թե ինչու է կեղծ աստվածներին ապավինելը հիմարություն: Ինչի՞ն կարող եք գայթակղություն ունենալ վստահելու, որը նման է կուռքի: Կարող եք թվարկել այն զորեղ բաները, որոնք Տերը կարող է անել, ինչպես թվարկել են սաղմոսերգուները Սաղմոս 134–36-ում։ Ի՞նչ զորեղ բաներ է Նա արել ձեզ համար:
Սաղմոս 139
Տերը գիտի իմ սիրտը
Ի՞նչ եք գտնում Սաղմոս 139-ում, որն օգնում է ձեզ հասկանալ, որ Տերը գիտի ձեր մասին՝ ձեր մտքերի ու արարքների, ուժեղ և թույլ կողմերի մասին: Այս ճշմարտությունն ինչպե՞ս է ազդում ձեր կյանքի և ձեր ընտրությունների վրա:
Սաղմոսներ 146–50
«Օրհնեցե՜ք Տիրոջը»
Կարդալով փառաբանության այս վերջին սաղմոսները՝ մտածեք, թե ինչու պետք է փառաբանեք Տիրոջը: Ինչո՞ւ է կարևոր փառաբանել Նրան։ Ի՞նչ եղանակներով կարող եք փառաբանել Նրան։
Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Սաղմոս 102․1–2
Տերը մխիթարում է ինձ և հույս է տալիս
-
Դուք կամ ձեր երեխաներից մեկը կարող է կարդալ Սաղմոս 102.1–2 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես է Տերն օգնում մեզ մեր դժվարությունների ժամանակ: Մենք ինչպե՞ս կարող ենք ստանալ Նրա օգնությունը: Դուք կարող եք նաև կիսվել միմյանց հետ այն դեպքերով, երբ օգնության կարիք եք ունեցել և զգացել եք, որ Աստված լսեց ձեր աղոթքները:
Սաղմոս 119.105
Աստծո խոսքը նման է լույսի
-
Առաջարկեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչ են զգում մթության մեջ մնալով: Կամ նրանք կարող են քննարկել, թե ո՞ր գործողություններն են դժվար իրագործելի մթության մեջ: Առաջարկեք որևէ երեխայի փորձել որևէ բան անել փակ աչքերով, օրինակ՝ նկարել: Ի՞նչ ենք սովորում Սաղմոս 119․105 հատվածից լույսի և Աստծո խոսքի մասին։
-
Հետևյալ հատվածներում փնտրեք ինչ-որ բան, որը Երկնային Հայրը տվել է մեզ, որպեսզի օգնի մեզ մնալ Իր ճանապարհի վրա. Սաղմոսներ 119․47–48, 119․105, 1 Նեփի 11․25, 2 Նեփի 31․20։ Ի՞նչ կարող ենք անել Աստծո ճանապարհին մնալու համար:
-
Ձեր երեխաների համար կարող է հետաքրքիր լինել դիտել Սաղմոս 119․105 հատվածում նշված բաների նկարները։ Հատվածը կարդալիս նրանք կարող են նկարները դասավորել հերթականությամբ: Կարող եք նաև միասին երգել դրա հետ կապված մի երգ, օրինակ՝ «Teach Me to Walk in the Light» (Children’s Songbook, 177) կամ «I Will Walk with Jesus» (Ավետարանի գրադարան):
Սաղմոս 139․1–3, 23–24
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ճանաչում և սիրում են ինձ
-
Կազմեք կարճ ցուցակներ այն ամենի վերաբերյալ, ինչ գիտեք ձեր երեխաներից յուրաքանչյուրի մասին: Հերթով կարդացեք ցուցակները և խնդրեք երեխաներին գուշակել, թե ում եք նկարագրում: Այնուհետև, Սաղմոս 139.1–3 հատվածները միասին կարդալուց հետո կարող եք թվարկել այն բաները, որոնք Երկնային Հայրը և Հիսուսը գիտեն մեր մասին:
-
Թղթի կամ գրատախտակի վրա գրեք Սաղմոս 139.23–24-ի խոսքերը: Առաջարկեք ձեր երեխաներին ընդգծել այն բառերը, որոնք նկարագրում են, թե Աստված ինչ կարող է անել մեզ համար: Ինչո՞ւ կցանկանայինք, որ Աստված աներ այդ բաները:
Սաղմոս 146․1, 5–9
Ես կարող եմ փառաբանել Տիրոջը
-
Առաջարկեք երեխաներին կիսվել իրենց փորձառություններով, երբ որևէ մեկը գովել է իրենց կամ ասել է, որ իրենք լավ աշխատանք են կատարել: Կիսվեք Սաղմոս 146.6–9 հատվածներում թվարկված լավ բաներով, որ արել է Տերը (օգնեք ձեր երեխաներին հասկանալ անծանոթ բառերը): Առաջարկեք ձեր երեխաներին խոսել նաև այլ բաների մասին, որոնք Նա անում է մեզ համար: Ինչպե՞ս կարող ենք փառաբանել Նրան այդ բաների համար:
Սովորել տանը․ կիսվել ուրիշների հետ: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ տունը պետք է լինի «ավետարանի ուսումնասիրության կենտրոն» («Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Լիահոնա, նոյ․ 2018, 13): Ի՞նչ կարող եք անել այս շաբաթ՝ Սաղմոսների անձնական կամ ընտանեկան ուսումնասիրությունը խորացնելու համար: Ուսումնասիրությունից հետո կարող եք ուրիշների հետ կիսվել այն ամենով, ինչ սովորեցիք և զգացիք: Կարող եք դա անել զրույցի, տեքստային հաղորդագրության կամ սոցիալական ցանցերի միջոցով կամ եկեղեցում:
Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։