Եկ, հետևիր ինձ
Մտքեր հիշելու համար. Մարգարեներ և մարգարեություններ


«Մտքեր հիշելու համար. Մարգարեներ և մարգարեություններ», Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Մարգարեներ և մարգարեություններ», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

ուսուցման պատկերակ

Մտքեր հիշելու համար

Մարգարեներ և մարգարեություններ

Հին Կտակարանի ավանդական քրիստոնեական մասի վերջին հատվածը (Եսայուց մինչև Մաղաքիա) կոչվում է Մարգարեներ: Այս հատվածը, որը Հին Կտակարանի գրեթե մեկ քառորդն է, պարունակում է Աստծո լիազորված ծառաների խոսքերը, որոնք խոսել են Տիրոջ հետ և հետո խոսել են Նրա համար՝ մարդկանց հաղորդելով Նրա ուղերձը մ․թ․ա մոտ 900–500 թվականները։

Մարգարեները հայտնում են Աստծո կամքը

Մարգարեներն ու մարգարեությունները մեծ դեր ունեն ամբողջ Հին Կտակարանում: Աբրահամը, Իսահակը և Հակոբը տեսիլքներ են տեսել և խոսել են երկնային սուրհանդակների հետ: Մովսեսը դեմ առ դեմ խոսել է Աստծո հետ և Նրա կամքը հաղորդել Իսրայելի զավակներին: «Թագավորների» առաջին և երկրորդ գրքերը պատմում են Եղիա և Եղիսե մարգարեների ուշագրավ գործերի և ուղերձների մասին։ Հին Կտակարանում խոսվում է նաև Մարիամ և Դեբորա մարգարեուհիների մասին, ինչպես նաև մարգարեության ոգով օրհնված այլ կանանց մասին, ինչպիսիք են Ռեբեկան և Աննան։ Եվ չնայած Սաղմոսները չեն գրվել պաշտոնական մարգարեների կողմից, դրանք նույնպես լցված են մարգարեության ոգով, հատկապես, երբ նշում են Մեսիայի գալուստի սպասումը:

Դրանցից ոչ մեկն անակնկալ չէ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների համար: Իրականում, Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը մեզ ուսուցանում է, որ մարգարեները ոչ միայն պատմության ուշագրավ անձինք են, այլև՝ Աստծո ծրագրի կարևոր մասը: Ոմանք գուցե մտածում են, որ մարգարեները հատուկ են միայն Հին Կտակարանի ժամանակներին, սակայն մենք նրանց դիտում ենք որպես ընդհանրություն Հին Կտակարանի ժամանակների հետ։

Այդուհանդերձ, Եսայու կամ Եզեկիելի գրքերից որևէ գլուխ կարդալիս և գերագույն համաժողովից Եկեղեցու ներկայիս նախագահի ուղերձն ընթերցելիս տարբերություն կզգանք: Երբեմն դժվար է պատկերացնել, որ հնօրյա մարգարեները մեզ ասելու բան են ունեցել։ Ի վերջո, աշխարհը, որտեղ մենք այսօր ապրում ենք, շատ է տարբերվում այն աշխարհից, որտեղ նրանք են քարոզել և մարգարեացել։ Եվ այն փաստը, որ մենք իրոք ապրող մարգարե ունենք, կարող է հարց առաջացնել․ ինչո՞ւ արժե ջանք գործադրել (իսկ դրա համար ջանք է հարկավոր) և կարդալ հին մարգարեների խոսքերը:

հնագույն մարգարեի գրվածք

Ժամանակների լրությունը, հեղինակ՝ Գրեգ Օլսեն

Հին մարգարեները մեզ ասելիք ունեն

Մեծ հաշվով, մարդիկ այսօր Հին Կտակարանի մարգարեների հիմնական ունկնդիրները չեն: Այդ մարգարեներն իրենց օրերի մտահոգություններն ունեին, որոնք դիտարկում էին իրենց ժամանակի և վայրի համար, ինչպես մեր վերջին օրերի մարգարեներն են դիտարկում մեր արդի մտահոգությունները:

Միևնույն ժամանակ, մարգարեները կարող են նաև արդի մտահոգությունների շրջանակից դուրս բաներ տեսնել: Նրանք ուսուցանում են հավերժական ճշմարտություններ, որոնք վերաբերում են ցանկացած ժամանակի և վայրի: Օրհնված լինելով հայտնությամբ, նրանք տեսնում են Աստծո աշխատանքի ավելի լայն հեռանկար: Օրինակ՝ Եսային իր ժամանակներում մարդկանց զգուշացրել է իրենց մեղքերի մասին։ Նա նաև գրել է իսրայելացիների ազատագրման մասին, որոնք ապրելու են իրենից 200 տարի հետո ապագայում։ Միևնույն ժամանակ, նա ուսուցանել է այն ազատագրման մասին, որին ձգտում են Աստծո բոլոր մարդիկ։ Եվ նա գրել է մարգարեություններ, որոնք նույնիսկ այսօր դեռ սպասում են իրագործման, օրինակ՝ «նոր երկրի» խոստումները (Եսայի 65․17), որը «լի է լինելու Տիրոջ գիտությամբ» (Եսայի 11․9), որտեղ հավաքվելու են Իսրայելի կորած ցեղերը, և «ազգերն» «այլևս չպիտի սովորեն պատերազմել» (Եսայի 2․4)։ Ուրախության և ոգեշնչման մի մասը, որն ունենում ենք Հին Կտակարանի մարգարեների խոսքերը կարդալուց, օրինակ՝ Եսայու խոսքերը, գիտակցելն է, որ մենք դերակատարում ունենք իրենց կանխատեսած փառահեղ օրվա մեջ:

Այսպիսով, երբ դուք կարդում եք հնագույն մարգարեությունները, օգտակար կլինի իմանալ այն համատեքստը, որում դրանք գրվել են, բայց դուք պետք է նաև ձեզ տեսնեք դրանց մեջ, կամ «համադրեք դրանք [ձեզ] հետ» (1 Նեփի 19.24, տես նաև հատված 23)։ Երբեմն դա նշանակում է` Բաբելոնը ճանաչել որպես մեղքի և հպարտության խորհրդանիշ, բացի հնագույն քաղաք լինելուց: Դա կարող է նշանակել ընկալել Իսրայելը որպես Աստծո ժողովուրդ` ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում: Կամ դա կարող է նշանակել դիտարկել Սիոնը որպես վերջին օրերի գործ, որն ընդունել է Աստծո ժողովուրդը, այլ ոչ թե որպես Երուսաղեմի մեկ այլ անվանում:

Մենք կարող ենք մեր կյանքի հետ համադրել սուրբ գրությունները, քանի որ հասկանում ենք, որ մարգարեությունը կարող է կատարվել բազմաթիվ եղանակներով։ Լավ օրինակ է Եսայի 40․3 հատվածի մարգարեությունը․ «Մի ձայն կանչում է. Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը անապատում»։ Բաբելոնում գերի ընկած հրեաների համար այս խոսքերը կարող էին նշանակել, որ Տերը գերությունից ելք է ապահովում և վերադարձ` Երուսաղեմ: Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի համար այս մարգարեությունը վերաբերում էր Հովհաննես Մկրտիչի անձին, ով ճանապարհ պատրաստեց Փրկչի մահկանացու ծառայության համար: Ջոզեֆ Սմիթը ևս հայտնություն ստացավ, որ այս մարգարեությունը դեռ կատարվում է այսօր՝ Քրիստոսի հազարամյա ծառայության նախապատրաստությամբ։ Ինչպես հասկանում ենք, հին մարգարեները խոսել են մեզ հետ: Եվ նրանք ուսուցանել են շատ արժեքավոր, հավերժական ճշմարտություններ, որոնք նույնքան կարևոր են մեզ համար, որքան՝ հին Իսրայելի:

Հնագույն մարգարեները վկայել են Հիսուս Քրիստոսի մասին

Հին Կտակարանի մարգարեություններում ինքներս մեզ տեսնելուց բացի, թերևս ավելի կարևոր է դրանցում տեսնել Հիսուս Քրիստոսին: Եթե փնտրեք Նրան՝ կգտնեք, նույնիսկ, եթե Նրա անունը չի հիշատակվում: Օգտակար կլինի հիշել, որ Հին Կտակարանի Աստվածը՝ Տեր Եհովան, Հիսուս Քրիստոսն է: Ամեն անգամ, երբ մարգարեները նկարագրում են, թե ինչ է անում Տերը, կամ ինչ է անելու, նրանք խոսում են Փրկչի մասին:

հարություն առած Հիսուսը ձեռքը մեկնել է մի տղամարդու

Տերը հայտնվում է Աբրահամին, հեղինակ՝ Քեյթ Լարսոն

Կարող եք նաև հղումներ գտնել Օծյալի, Քավիչի և ապագա Թագավորի մասին Դավթի տոհմից: Այդ բոլորը մարգարեություններ են Հիսուս Քրիստոսի մասին։ Ընդհանուր առմամբ, դուք կկարդաք՝ ազատման, ներման, փրկագման և վերականգնման մասին: Եթե Փրկիչը ձեր մտքում և սրտում է, այս մարգարեությունները բնական կերպով կուղղեն ձեզ դեպի Աստծո Որդին: Ի վերջո, մարգարությունը հասկանալու լավագույն միջոցը «մարգարեութեան հոգին» ունենալն է, որի մասին Հովհաննեսն ասել է, որ այն «Հիսուսի վկայությունն» է (Հայտնություն 19.10

Հղումներ

  1. Եսայուն, Երեմիային, Եզեկիելին և Դանիելին հաճախ անվանում են Մեծ մարգարեներ՝ նրանց գրքերի երկարության պատճառով։ Մյուս մարգարեները (Ովսե, Հովել, Ամովս, Աբդիա, Հովնան, Միքիա, Նաում, Ամբակում, Սոփոնիա, Անգե, Զաքարիա և Մաղաքիա) կոչվում են Փոքր մարգարեներ, քանի որ նրանց գրքերը շատ ավելի կարճ են: Ողբերի գիրքը համարվում է ոչ թե Մարգարեների, այլ Գրությունների մասը:

  2. Մենք չգիտենք, թե ինչպես են կազմվել մարգարեական գրքերը: Որոշ դեպքերում մարգարեն, հնարավոր է, ղեկավարել է իր գրությունների և մարգարեությունների հավաքագրումը: Այլ դեպքերում, հնարավոր է, որ նրա ուսմունքները գրվել և կազմվել են նրա մահից հետո:

  3. Տես Ելք 15․20, Դատավորների 4

  4. Տես Ծնունդ 25․21–23; Ա Թագավորների 1․20–28, 2․1–10։

  5. «Պարզապես մտածեք թե որքան ոգևորիչ ու հրատապ է այդ ամենը. յուրաքանչյուր մարգարե, Ադամից սկսած, կանխատեսել է մեր օրերը: Եվ յուրաքանչյուր մարգարե խոսել է մեր օրերի մասին, երբ Իսրայելը կհավաքվի և աշխարհը կպատրաստվի Փրկչի Երկրորդ Գալուստին։ Մտածե՛ք այդ մասին։ Երկիր մոլորակի վրա երբևէ ապրած բոլոր մարդկանցից մենք ենք այն մարդիկ, ովքեր մասնակցում են այս վերջին, մեծ հավաքման իրադարձությանը: Որքա՜ն ոգևորիչ է սա» (Ռասել Մ. Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018], Ավետարանի գրադարան): Տես նաև Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Մարգարեության իրականացում», Լիահոնա, մայիս 2020, 75–78:

  6. Եսայու մասին խոսելիս Փրկիչն ասել է․ «Եվ բոլոր բաները, որ նա խոսել է, եղել են և կլինեն հենց այն խոսքերի համաձայն, որոնք նա խոսել է» (3 Նեփի 23․3, շեշտադրումն ավելացված է)։

  7. Տես Մատթեոս 3․1–3, Մարկոս 1․2–4, Ղուկաս 3․2–6։

  8. Տես Վարդապետություն և Ուխտեր 33․10, 65․3, 88․66։

  9. Տես Եսայի 9․6–7, 61․1, Ովսեա 13․14, Զաքարիա 9․9։