«Սեպտեմբերի 21–27-ը։ «Զարմանահրաշ ու զարմանալի բաներ». Եսայի 13–14, 22, 24–30, 35», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Սեպտեմբերի 21–27-ը։ «Զարմանահրաշ ու զարմանալի բաներ»», Եկ, հետևիր ինձ․ 2026
Սրբազան պուրակը, հեղինակ՝ Բրենթ Բորուպ
Սեպտեմբերի 21–27-ը․ «Զարմանահրաշ ու զարմանալի բաներ»
Եսայի 13–14, 22, 24–30, 35
Տերը խնդրում է մարգարեներին նախազգուշացնել մեղքի հետևանքների մասին։ Հին Կտակարանի մարգարեների համար դա հաճախ նշանակում էր՝ ասել հզոր թագավորությունների տիրակալներին, որ նրանք պետք է ապաշխարեն: Դա վտանգավոր առաջադրանք էր, բայց Եսային անվախ էր, և նրա նախազգուշացումներն իր ժամանակի թագավորություններին՝ Իսրայելին, Հուդային և մերձավոր ազգերին, բավական համարձակ էին (տես Եսայի 13–23)։
Այնուամենայնիվ, Եսային նաև հույսի ուղերձ ուներ: Թեև մարգարեացված ավերածություններն իսկապես կատարվեցին այդ թագավորություններում, Եսային վերականգնման և նորոգման հնարավորություն էր կանխատեսել: Տերը կհրավիրի Իր ժողովրդին վերադառնալ Իր մոտ: Նա այնպես կանի, որ «խորշակահար երկիրը … լճի կփոխվի, և ծարաված հողը՝ ջրերի աղբյուրների» (Եսայի 35․7)։ Նա կանի «զարմանահրաշ ու զարմանալի բաներ» (Եսայի 29․14)՝ վերականգնելով Իսրայելին Իր խոստացած օրհնությունները: Ո՛չ Եսային, ո՛չ էլ այն ժամանակ ապրող մարդկանցից որևէ մեկն այդքան չապրեց, որ տեսներ այդ զարմանահրաշ բաները: Բայց մենք այսօր տեսնում ենք դա: Փաստորեն, մենք մասնակից ենք այդ գործին։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Եսայի 13․1–11, 19–22, 14․1–20
Հպարտությունն ու աշխարհիկությունը կտապալվեն
Եսայու ժամանակներում Բաբելոնը հզոր թագավորություն էր՝ հզոր տիրակալով։ Այժմ Բաբելոնը հին պատմություն է։ Ուրեմն, ինչո՞ւ է այսօր մեզ համար կարևոր Եսայի 13–14 գլուխներում Բաբելոնին ուղղված ուղերձը: Քանի որ Բաբելոնը խորհրդանշում է հպարտություն, ագահություն և մեղք՝ բաներ, որոնք դեռևս շրջապատում են մեզ այսօր։ Մտածեք այդ խորհրդանիշների մասին Եսայի 13․1–11, 19–22, 14․1–20՝ հատվածները կարդալիս։ Կարող եք մտածել նմանատիպ հարցերի շուրջ․
-
Ի՞նչ նմանություններ եք տեսնում Բաբելոնի թագավորի հպարտության և սատանայի հպարտության միջև (տես Եսայի 14․4–20, Մովսես 4․1–4)։ Ձեզ համար ի՞նչ նախազգուշացումներ եք գտնում այս հատվածներում:
-
Ինչպե՞ս է Փրկիչը «քեզ հանգստացնում քո ցավից, քո տաժանքից և այն ծանր ծառայությունից»: (Եսայի 14․3)
«Նա պիտի կլանի մահն առհավետ» (Եսայի 25․8)։
Եսայի 22․22–23, 24․21–23, 25․6–8, 26․19, 28․16
Հիսուս Քրիստոսը խոստացված Մեսիան է
Եսայու ուսմունքները հիմնականում Փրկչի առաքելության մասին են, այդ թվում՝ Նրա քավիչ զոհաբերության, հարության և Երկրորդ Գալուստի: Նրա առաքելության ո՞ր ոլորտներն եք հիշում, երբ կարդում եք այս հատվածները՝ Եսայի 22․22–23, 24․21–23, 25․6–8, 26․19, 28․16։ Ուրիշ ի՞նչ հատվածներ կարող եք գտնել, որոնք կհիշեցնեն ձեզ Փրկչի մասին:
Ուսանողներին հնարավորություն տվեք վկայություն բերել Հիսուս Քրիստոսի մասին: «Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսուցիչ լինելը նշանակում է օգնել ուրիշներին հասկանալ և ապավինել Նրա ուսմունքներին, փրկագնող զորությանը և կատարյալ սիրուն» (Ուսուցանել Փրկչի ձևով, 8)։ Դա անելու պարզ եղանակներից մեկն է՝ ամեն անգամ ուսուցանելիս տալ հետևյալ հարցը․ «Ի՞նչ գտաք սուրբ գրություններում այս շաբաթ, որը ձեզ ինչ-որ բան ուսուցանեց Փրկչի մասին»: Ապա ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու իրենց փորձառությամբ և ամրապնդելու միմյանց հավատքը:
Եսայի 24․1–12, 28․1–8, 29․7–13, 30․8–14
Տիրոջից հեռանալը հոգևոր վտանգ է ներկայացնում
Իր ողորմածությամբ Տերը ուղարկեց Եսայուն՝ զգուշացնելու ուխի ժողովրդին, որ նրանք հեռանում են Իրենից: Տեսեք, թե արդյոք կարող եք գտնել դրա հոգևոր նախազգուշացնող նշանները Եսայի 24․5, 29․13, 30․8–12 հատվածներում։ Ինչո՞ւ են այդ մոտեցումներն ու գործողությունները հոգևորապես վտանգավոր:
Տիրոջից հեռանալու հետևանքների մասին զգուշացնելու համար Եսային որոշ ուշագրավ համեմատություններ է օգտագործել: Դրանք ուսումնասիրելիս հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչպես է հնարավոր հեռանալ Տիրոջից.
-
Թախծոտ, ամայի երկիր (Եսայի 24․1–12)։
-
Օղիով մոլորված (Եսայի 28․7–8)։
-
Քաղց և ծարավ (Եսայի 29․7–10)։
-
Ուռած և ճաքած պարիսպ (Եսայի 30․13–14)։
Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր Տիրոջը մոտ մնալը:
Եսայի 29, 30․18–26, 35
Տերը կարող է վերականգնել այն, ինչ կորսված կամ կոտրված է
Երբևէ կորցրե՞լ եք մի բան, որն ըստ ձեզ, այլևս չեք կարող գտնել: Կամ, գուցե կոտրվել է որևէ բան, և դուք անհանգստացել եք, որ այն այլևս չի կարող վերանորոգվել: Երբ մենք հեռանում ենք Տիրոջից, սատանան ցանկանում է, որ մտածենք, որ մենք այլևս չենք կարող վերադառնալ Նրա մոտ կամ բժշկվել Նրանով: Սակայն, Եսային նկարագրել է այն զարմանահրաշ բաները, որոնք Տերը կանի, որպեսզի օգնի մեզ վերադառնալ Իր մոտ: Ի՞նչ եք սովորում Եսայի 29․13–24, 30․18–26, 35 հատվածներից Տիրոջ մասին, Նրա սիրո և զորության մասին։ Թերևս կարող եք այս հատվածներում գտնել մի արտահայտություն, որը ձեզ հույս է տալիս, երբ բժշկվելու կարիք ունեք: Կարող եք նաև ուսումնասիրել քույր Էմի Ա. Ռայթի «Քրիստոսը բժշկում է այն, ինչ կոտրված է» ուղերձը (Լիահոնա, մայիս 2022, 81–84)։
Տիրոջ զորության և ողորմածության դրսևորման եղանակներից մեկը Իր ավետարանի վերականգնումն է: Եսայի 29 գլխում կա մի քանի հատված, որոնք զուգահեռներ են պարունակում վերականգնման իրադարձությունների հետ։ Օրինակ՝
-
Համեմատեք Եսայի 29․11–12 հատվածները հետևյալ հատվածների հետ՝ 2 Նեփի 27․6–26 և Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․63–65։
-
Համեմատեք Եսայի 29․13–14 հատվածները Վարդապետություն և Ուխտեր 4 բաժնի և Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․17–19 հատվածների հետ։
-
Համեմատեք Եսայի 29․18–24 հատվածները Մորմոնի Գրքի տիտղոսաթերթի հետ։
Ըստ ձեզ, ինչո՞ւ են «զարմանահրաշ» և «զարմանալի» բառերը (Եսայի 29․14) լավ նկարագրում Տիրոջ կողմից Իր ավետարանի վերականգնումը: Ինչպե՞ս կարող եք օգնել իրականացնել Վերականգնման մասին մարգարեությունները: Գաղափարների համար տես երեց Գերիթ Վ. Գոնգի «Բոլոր ազգերը, ցեղերը և լեզուները» ուղերձը (Լիահոնա, նոյ. 2020, 38–41)։
Տես նաև «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության Վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին» (Ավետարանի գրադարան), «The Morning Breaks» օրհներգը Հիմներ, հմր․ 1։
Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Եսայի 14․3, 25․8–9, 28․16
Հիսուս Քրիստոսը կարող է փրկել ինձ մեղքից և մահից
-
Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին տեսնել Փրկչին Եսայու գրվածքներում: Օգնեք նրանց Եսայի 14․3, 25․8 կամ 28․16 հատվածներում գտնել արտահայտություններ, որոնք հիշեցնում են Նրա մասին։ Նրանք կարող են նաև համապատասխանեցնել Եսայու այս հատվածները Փրկչի մասին ուսուցանող այլ հատվածների հետ, օրինակ՝ Մատթեոս 11․28–30, Ա Կորնթացիներին 15․53–57, Հելեման 5․12։ Ի՞նչ մեծ բաներ է Տերն արել մեզ համար։
-
Եսայի 25․8–9 հատվածները միասին կարդալուց հետո կարող եք դիտել Փրկչի նկարները Գեթսեմանիում, խաչի վրա և Նրա Հարությունից հետո: Ձեր երեխաներին հնարավորություն տվեք խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունենում նկարներում, և ինչու են իրենք սիրում Հիսուսին և «ուրախանում նրա փրկությամբ» (հատված 9)։
-
Կարող եք ձեր երեխաներին պատմել այն տխրության մասին, որը զգացել եք ձեր սիրելի մարդու մահվան պատճառով: Վկայեք այն մխիթարության մասին, որը ստանում եք Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Գուցե ձեր երեխաները նկարեն լացող մարդու դեմք, ապա ջնջեն արցունքները՝ Եսայի 25․8 հատվածները միասին կարդալիս։
Հայր, քո կամքը կատարվի, հեղինակ՝ Կեն Սպենսեր
Եսայի 25․4–6
Հիսուսն ինձ տալիս է «ապավեն՝ փոթորկի դեմ»
-
Դուք և ձեր երեխաները երբևէ ունեցե՞լ եք փոթորիկի ժամանակ ապահով ապաստանի կամ ամռան շոգ օրերին հովանու օրհնություն։ Կամ կերե՞լ եք համեղ կերակուր քաղցած ժամանակ: Խոսեք այդ փորձառությունների մասին՝ Եսայի 25․4–6 հատվածները կարդալիս։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը նման այս բաներին։
Եսայի 29․11–18, 24
Ավետարանի Վերականգնումը «զարմանահրաշ բան» է
-
Երբ դուք և ձեր երեխաները կարդում եք Եսայի 29․14 հատվածը, կիսվեք նրանց հետ այլ բառերով, որոնք ունեն նույն նշանակությունը, ինչ «զարմանահրաշ» և «զարմանալի» բառերը։ Հնարավորություն տվեք նրանց օգնելու ձեզ գտնել առարկաներ կամ նկարներ, որոնք ներկայացնում են վերջին օրերում կատարած Տիրոջ որոշ զարմանահրաշ գործեր: Դրանք կարող են լինել՝ Մորմոնի Գրքի օրինակը, տաճարի նկարը կամ Առաջին Տեսիլքի նկարը (դրանցից մեկը ներկայացված է այս նյութի սկզբում): Ապա ձեր երեխաները կարող են ընտրել որևէ առարկա և կիսվել, թե ինչու է այն զարմանահրաշ իրենց համար:
-
Եսայի 29 գլխի հետ կարող է ներդաշնակ լինել Ավետարանի Վերականգնման մասին «On a Golden Springtime» երգը (Children’s Songbook, 88)։ Գուցե անձնական փորձառությունը կարող է օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում վերականգնում բառը։ Օրինակ՝ դուք և ձեր երեխաները կարող եք խոսել որևէ կորցրած իրի մասին և ինչպես եք այն գտել: Օգնեք ձեր երեխաներին համեմատել դա ավետարանի Վերականգման հետ։ Ըստ Եսայի 29․13–15 հատվածների, ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ Վերականգնումը։ Ի՞նչ զարմանահրաշ բաներ է անում Տերը՝ Իր ավետարանը վերականգնելու համար (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը):
Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։