«Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը։ «Մխիթարե՛ք իմ ժողովրդին». Եսայի 40–49», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը։ «Մխիթարե՛ք իմ ժողովրդին»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
Կույր մարդու բժշկումը, հեղինակ՝ Կարլ Հեյնրիխ Բլոխ, տրամադրել է Ֆրեդերիկսբորգի Ազգային պատմության թանգարանը
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը․ «Մխիթարե՛ք իմ ժողովրդին»
Եսայի 40–49
Եսայի գլուխ 40-ը սկսվում է «Մխիթարե՛ք» բառով։ Այն մարգարեի ուղերձում մեկ այլ երանգի, այլ շեշտադրման սկիզբ է դնում։ Եսային իր ավելի վաղ գրվածքներում Իսրայելին և Հուդային նախազգուշացրել էր նրանց կործանման և գերության մասին, ինչը նրանց գործած մեղքերի հետևանքն էր լինելու։ Բայց ավելի ուշ արված մարգարեությունները մխիթարեցին հրեա ժողովրդին ավելի քան 150 տարի անց՝ Երուսաղեմի և տաճարի ավերումից և Բաբելոնի կողմից ժողովրդին գերեվարելուց հետո: Սակայն այս մարգարեությունները ոչ այնքան պարտված, հուսալքված իսրայելացիներին են ուղղված, որքան ավելի հեռու՝ դեպի ապագա։ Դրանք խոսում են մեզ հետ, քանի որ մենք նույնպես, երբեմն պարտված, հուսալքված և նույնիսկ մոլորված ենք զգում:
Եսայու ուղերձն իր ժողովրդին և մեզ պարզ է. «Մի՛ վախեցիր» (Եսայի 43․1)։ Ամեն ինչ կորած չէ: Տերը չի մոռացել ձեզ, և Նա իշխանություն ունի իրավիճակների վրա, որոնք ձեր վերահսկողությունից դուրս են թվում: Մի՞թե Տերը, ով «արարեց երկինքը» (Եսայի 42․5), ավելի զորեղ չէ, քան Բաբելոնը, քան մեղքը, քան այն ամենը, ինչ ձեզ գերության մեջ է պահում: Նա խնդրում է․ «վերադարձի՛ր ինձ, որովհետև ես փրկել եմ քեզ» (Եսայի 44․22)։ Նա կարող է բժշկել, վերականգնել, գոտեպնդել, ներել և մխիթարել՝ անել այն ամենը, ինչ հարկավոր է, որ դուք փրկագնվեք։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Եսայի 40–49
Հիսուս Քրիստոսը կարող է մխիթարել ինձ և հույս տալ
Երբ իսրայելացիները գերության մեջ էին Բաբելոնում, նրանցից շատերը գուցե մտածում էին, թե արդյո՞ք ընդմիշտ կորցրել էին իրենց տեղը՝ որպես Աստծո ուխտի ընտրյալ ժողովուրդ: Եսայի 40–49 գլուխները կարդալիս փնտրեք հատվածներ, որոնք մխիթարություն և հույս են տալիս։ Ձեր գտած յուրաքանչյուր հատվածի շուրջ խորհեք և գրեք, թե Տերն անձամբ ձեզ ինչ է ասում այս հատվածներում։ Ահա մի քանի հատված, որոնցից կարող եք սկսել․
-
40․11, 29–31․
-
41․10–13, 17–18․
-
42․6–7․
-
43․1–7, 25․
-
44․1–4, 21–24․
-
46․3–4․
-
49․7–16․
Ըստ ձեզ, ի՞նչ է Տերը ցանկանում, որ դուք իմանաք Իր մասին:
Կարող եք նշել, որ «Աստծո Սրբեր» օրհներգը (Հիմներ և մանկական երգեր, էջ. 6) հիմնված է Եսայի 41․10, 43․2–5, 46․4 հատվածներում գրված Եսայու խոսքերի վրա։ Կարող եք երգել կամ լսել այդ օրհներգը՝ զուգահեռներ փնտրելով Եսայու խոսքերի և այդ հատվածների միջև: Ինչպե՞ս է Տերը իրականացրել այս հատվածների խոստումները ձեր կյանքում:
Տես նաև Պատրիկ Քիրոնի՝ «Նա հարություն առավ՝ բժշկությունը Իր թևերի վրա. Մենք առավել ևս հաղթում ենք» ուղերձը, Լիահոնա, մայիս 2022, 37–40։
Օգտագործեք օժանդակ սուրբ գրություններ: Երբեմն մենք կարող ենք ավելի լավ հասկանալ Հին Կտակարանը, եթե օգտագործենք օժանդակ սուրբ գրություններ՝ ուսումնասիրելով հատվածներ Մորմոնի Գրքից: Օրինակ՝ Մորմոնի Գրքում ներկայացված Նեփի և Հակոբ մարգարեները հնարավորություն են ունեցել ծանոթանալու արույրե թիթեղների վրա փորագրված Եսայու գրվածքներին (տես 1 Նեփի 19․22–23) և օգտագործել են այդ մարգարեությունները՝ Փրկչի մասին ուսուցանելու համար: Որպեսզի իմանաք, թե ինչպես էին Նեփին և Հակոբը նմանեցնում Եսայի 48–49 գլուխներն իրենց ժողովրդին, տես 1 Նեփի 22 գլուխը։ Դա կարող է օգնել ձեզ նմանեցնել այդ գլուխները ձեր անձնական կյանքին:
Հնազանդվելով Տիրոջը՝ մենք կարող ենք ունենալ «խաղաղություն … գետի նման» (Եսայի 48․18)։
Եսայի 40–49
«Դու իմ ծառան ես»
Եսայի 40–49 գլուխներում Տերը խոսում է Իր «ծառայի» և Իր «վկաների» մասին։ Այդ խոսքերը կարծես վերաբերում են Հիսուս Քրիստոսին (տես Եսայի 42․1–7), մի քանիսը վերաբերում են Իսրայելի տանը (տես Եսայի 45․4), իսկ մյուսները՝ Կյուրոս թագավորին, որը թույլ տվեց հրեաներին վերադառնալ Երուսաղեմ և վերակառուցել տաճարը (տես Եսայի 44․26–28, 45․1–4)։ Կարող եք նաև մտածել, թե ինչպես են այդ հատվածները վերաբերում ձեզ՝ որպես Տիրոջ ծառայի և վկայի: Օրինակ՝ մտածեք այսպիսի հարցերի շուրջ․
Եսայի 40․1–3, 9–11, 43․9–12։ Ի՞նչ առումով եք դուք Հիսուս Քրիստոսի վկան։ Ի՞նչ «ավետաբերներով» կարող եք կիսվել՝ որպես Նրա վկա: Պատկերացրեք, որ ձեզ կանչել են որպես վկա՝ դատավարության ժամանակ։ Այդ դատավարության ընթացքում Հիսուս Քրիստոսին մեղադրանք է առաջադրվել՝ Եսայի 43․11 հատվածում արձանագրված պնդումը ներկայացնելու համար: Ի՞նչ վկայություն կարող եք տալ՝ աջակցելու Հիսուսի պնդմանը: Ի՞նչ ապացույցներ կարող եք ներկայացնել ձեր կյանքից:
Եսայի 41․8–13, 42․6, 44․21։ Ի՞նչ գործի համար է Տերը ձեզ կանչել: Մտածեք Եկեղեցու կոչումների, ինչպես նաև Նրան ծառայելու այլ հնարավորությունների մասին: Ինչպե՞ս է Նա «ստեղծել» կամ պատրաստել ձեզ՝ դառնալու Իր ծառան: Ինչպե՞ս է Նա աջակցում ձեզ ձեր ծառայության ընթացքում:
Եսայի 49.1–9 Ի՞նչ ուղերձներ եք գտնում այս հատվածներում, որոնք կարող են օգնել ձեզ, երբ ձեր ջանքերն ու ծառայությունը «զուր և ունայն» են թվում (հատված 4)։
Եսայի 40․3–8, 15–23, 42․15–16, 47․7–11
Աստծո զորությունն ավելի մեծ է, քան աշխարհի զորությունը
Եսային պարբերաբար հիշեցրել է իր ժողովրդին Աստծո անզուգական զորության մասին, նույնիսկ՝ համեմատելով այն աշխարհիկ ճնշող զորության հետ, որը շրջապատում է նրանց: Փնտրեք այդ ուղերձը՝ կարդալով Եսայի 40․3–8, 15–23, 42․15–16 և 47․7–11 հատվածները (նշեք, որ գլուխ 47-ը հասցեագրված է Բաբելոնի կողմից գերևարված Իսրայելին)։ Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ աշխարհիկ բաների մասին։ Ի՞նչ են դրանք ուսուցանում Աստծո մասին։ Խորհեք, թե այս ուղերձն ինչո՞ւ կարող էր արժեքավոր լինել գերության մեջ գտնվող հրեա ժողովրդի համար: Ինչո՞վ է դա արժեքավոր ձեզ համար։
Եսայի 48․10, 49․13–16
Տերը կարող է մաքրագործել ինձ իմ տառապանքների միջոցով
Եսայի 48․10 հատվածը կարդալիս խորհեք ձեր անձնական «նեղությա՛ն հալոցի» մասին։ Տերը ինչպե՞ս է «զտում» ձեզ: Ինչպե՞ս են Եսայի 49․13–16 հատվածներն օգնում ձեզ, երբ տառապում եք։
Տես նաև «Մաքրագործողի կրակը» (տեսանյութ), Ավետարանի գրադարան։
The Refiner's Fire
Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Եսայի 40.3–5
Ես կարող եմ օգնել նախապատրաստել «Տիրոջ ճանապարհը»
-
Մտածեք, թե ինչպես կարող եք ցույց տալ, թե ինչ կարող է նշանակել «պատրաստել … Տիրոջ ճանապարհը» արտահայտությունը, որը նկարագրված է Եսայի 40․3–5 հատվածներում։ Օրինակ՝ դուք և ձեր երեխաները կարող եք ուղղել որևէ ծուռ իր, մաքրել թափթփված հատակը կամ քարքարոտ հողը մաքուր արահետի վերածել: Կարող եք նաև ցույց տալ Հովհաննես Մկրտչի և Ջոզեֆ Սմիթի նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, հմր․ 35, 87)։ Ինչպե՞ս են նրանք պատրաստել Տիրոջ գալուստի ճանապարհը (տես Ղուկաս 3․2–18, Վարդապետություն և Ուխտեր 135․3)։ Ինչպե՞ս կարող ենք մենք օգնել։ Սա հնարավորություն է տալիս խոսելու այն մասին, թե ինչպես են Ահարոնյան քահանայություն կրողներն օգնում նախապատրաստել Տիրոջ ճանապարհը (տես Վարդապետություն և Ուխտեր 84.26–28)։
Եսայի 43․10
Ես կարող եմ լինել Տիրոջ վկան
-
Եսայի 43․10 հատվածը միասին կարդալուց հետո կարող եք խոսել այն մասին, թե ինչ է նշանակում լինել վկա։ Կիսվեք միմյանց հետ ձեր փորձառությամբ, երբ զգացել եք, որ կարող եք որևէ բանի «վկա» լինել, օրինակ՝ ձեր ճաշակած ուտեստի, ձեր այցելած վայրի կամ ձեզ ծանոթ մարդու մասին: Ի՞նչ է նշանակում լինել Տիրոջ վկան։ Ի՞նչ կարող ենք ասել այլ մարդկանց Նրա մասին:
Եսայի 44․3–4, 45․8
Տերը «կթափի» Իր օրհնություններն ինձ վրա
-
Այս հատվածները կարդալուց հետո ձեր երեխաները կարող են ջրել որևէ բույս և խոսել այն օրհնությունների մասին, որոնք Տերը հեղել է իրենց վրա: Ի՞նչ է տեղի ունենում բույսի հետ, երբ ջրում ենք այն։ Ինչպե՞ս են Տիրոջ օրհնություններն օգնել մեզ աճել:
Մեր «արդարությունը՝ ծովի ալիքների նման» [կարող է լինել] (Եսայի 48․18)։
Եսայի 48․17–18
Աստծո պատվիրանները պահելը խաղաղություն է բերում
-
Գետերի և օվկիանոսի ալիքների նկարները կամ տեսանյութերը կարող են օգնել ձեր երեխաներին պատկերացնել Եսայի 48․18 հատվածը (օրինակ՝ այս նյութի նկարները)։ Ձեր երեխաների համար կարող է հետաքրքիր լինել շարժել իրենց ձեռքերը գետի և ծովի ալիքների նման: Ինչո՞վ է խաղաղությունը նման գետին։ Արդարությունն ինչո՞վ է նման ալիքների։ Խոսեք այն մասին, թե պահելով Աստծո պատվիրանները, ինչպես եք ձեզ զգացել գետի պես խաղաղ կամ ալիքի պես ուժեղ։
-
Միասին երգեք պատվիրանների մասին մի երգ, օրինակ՝ «Keep the Commandments» (Children’s Songbook, 146–47)։ Այս երգն ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե մենք ինչու պետք է պահենք Աստծո պատվիրանները։
Եսայի 49.14–16
Տերը երբեք ինձ չի մոռանա
-
Եսայի 49․14–16 հատվածները կարող են եկար տարիներ մեծ մխիթարություն լինել ձեր երեխաների համար: Հատված 14-ը կարդալիս կարող եք խոսել այն մասին, թե ինչը կարող է ստիպել մարդկանց իրենց մոռացված կամ լքված զգալ: Մենք ինչպե՞ս ենք իմանում, որ Աստված մեզ չի մոռացել։
-
Հատվածներ 15–16-ը ներկայացնելու համար կարող եք հարցնել ձեր երեխաներին այն մարդու մասին, որին նրանք երբեք չեն մոռանա, օրինակ՝ ընտանիքի անդամին կամ ընկերոջը: Ըստ Եսայի 49․15–16 հատվածների՝ Տերը ինչո՞ւ երբեք չի մոռանա մեզ: Ապա կարող եք կիսվել միմյանց հետ Հիսուս Քրիստոսի մասին ձեր զգացմունքներով:
Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։