«Հոկտեմբերի 12–18-ը։ «Մի Փրկարար է գալու Սիոն»․ Եսայի 58–66», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Հոկտեմբերի 12–18-ը։ «Մի Փրկարար է գալու Սիոն»», Եկ, հետևիր ինձ. Հին Կտակարան 2026
Հիսուսը Նազարեթի ժողովարանում, հեղինակ՝ Գրեգ Օլսեն
Հոկտեմբերի 12–18-ը․ «Մի Փրկարար է գալու Սիոն»
Եսայի 58–66
Իր ծառայության սկզբում Հիսուս Քրիստոսը այցելեց Նազարեթի ժողովարան, որտեղ Նա մեծացել էր: Նա կանգ առավ այնտեղ՝ կարդալու սուրբ գրությունները, բացեց Եսայու գիրքը և կարդաց հատվածներ, որոնք այժմ հայտնի են մեզ որպես Եսայի 61․1–2 հատվածներ։ Ապա Նա հայտարարեց՝ «Այսօր այս գրվածքը կատարվեց, որ ձեր ականջներով լսեք»: Սա Փրկչի ուղիղ հայտարարություններից մեկն էր այն մասին, որ Ինքն է այն Օծյալը, ով եկել է «սրտով բեկյալներին բժշկելու» և «գերիներին ազատություն քարոզելու» (տես Ղուկաս 4․16–21)։ Այդ սուրբ գրությունն իրոք իրականացել էր այդ օրը։ Եսայու մյուս մարգարեություններից շատերի նման այն շարունակում է իրականանալ մեր օրերում: Փրկիչը շարունակում է բժշկել սրտով կոտրվածներին, որոնք գալիս են Իր մոտ։ Գերության մեջ դեռ շատերը կան, որոնք ազատագրման կարիք ունեն։ Եվ կա փառավոր ապագա, որին պետք է պատրաստվել՝ մի ժամանակաշրջան, երբ Տերը «նոր երկինք և նոր երկիր» կստեղծի (Եսայի 65․17) և «արդարություն ու գովաբանություն է բուսցնելու բոլոր ազգերի առաջ» (Եսայի 61․11)։ Եսայու գիրքը կարդալով, մեր աչքերը բացվում են՝ տեսնելու այն, ինչ Տերը արդեն արել է, ինչ անում է և դեռ կանի Իր ժողովրդի համար:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Եսայի 58.3–12
Ծոմապահությունն ամրացնում է հոգևոր ուժը և օրհնում է կարիքի մեջ գտնվող մարդկանց
Ինչո՞ւ մարդը կարող է ինքնակամ մնալ առանց սննդի, երբ սնունդը հասանելի է: Եսայի 58․3–12 հատվածներն ուսումնասիրելիս կարող եք մտածել ծոմ պահելու ձեր պատճառների մասին, ինչպես նաև այն պատճառների մասին, որոնցով Տերը տվել է այս օրենքը: Ահա որոշ այլ հարցեր, որոնց շուրջ կարող եք խորհել․
-
Ինչո՞ւ է երբեմն ծոմապահությունն ավելի շատ ընկալվում որպես բեռ, քան օրհնություն (տես Եսայի 58․3–5)։ Ինչպե՞ս են այս գլխում ներկայացված Տիրոջ ուսմունքները փոխում այդ ընկալումը ձեզ համար:
-
Ի՞նչ կարող են նշանակել՝ «լուծի՛ր ամբարշտության կապանքները» և «կոտրի՛ր ամեն տեսակ լուծ» արտահայտությունները: (Եսայի 58․6)։ Ինչպե՞ս կարող է ծոմապահությունն օրհնել ուրիշներին (տես հատված 7)։
-
Ծոմապահությունն ինչպե՞ս է պարգևում ձեզ այն օրհնությունները, որոնք նկարագրված են Եսայի 58․8–12 հատվածներում։
Իր ուղերձում՝ ««Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ»» (Լիահոնա, մայիս 2015, 22–25), նախագահ Հենրի Բ. Այրինգը կիսվել է մի քանի օրինակով, թե ինչպես են մարդիկ օրհնվել ծոմի և ծոմապահության նվիրատվությունների շնորհիվ: Արդյոք տեսե՞լ եք նման օրհնություններ ձեր կյանքում:
Տես նաև «Bless Our Fast, We Pray» օրհներգը, Հիմներ, հմր. 138, «Ծոմապահություն և ծոմի նվիրատվություններ» նյութը Թեմաներ և հարցեր բաժնում Ավետարանի գրադարան։
Ճանաչեք այն մարդկանց, որոնց ուսուցանում եք։ «Քրիստոսանման ուսուցիչը պետք է ծանոթանա այն մարդկանց հետ, որոնց ուսուցանում է, և ձգտի հասկանալ, թե ինչ կա նրանց սրտում: … Կարող եք պարզել, թե ինչպես են նրանք լավագույնս սովորում: Կարող եք հարցեր տալ, ուշադիր լսել և դիտարկել: Բացի այդ ամենից, կարող եք աղոթել հասկացողության համար, որը միայն Հոգին կարող է տալ: Որքան լավ եք ճանաչում մարդուն, այնքան ավելի լավ կարող եք օգնել նրան անձնական իմաստ և զորություն գտնել Հիսուս Քրիստոսի ավետարանում: Երբ դուք հասկանաք այդ մարդու ծարավը, Հոգին կուսուցանի ձեզ, թե ինչպես հագեցնել այն Փրկչի կենդանի ջրով» (Ուսուցանել Փրկչի ձևով, 13)։
Եսայի 58.13–14
Հանգստության օրը Տիրոջը պատվելը ուրախություն է բերում
Արդյո՞ք Հանգստության օրը «բերկրանք է» ձեզ համար: Եսայի 58․13–14 հատվածներն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես կարող եք ավելի շատ բերկրանք ստանալ Տիրոջ օրը: Օրինակ՝ ի՞նչ կարող է նշանակել «[Նրա] սուրբ օրը քո ոտքը հետ պահես քո ցանկությունը կատարելուց» արտահայտությունը։ Ի՞նչ տարբերություն կա «[կհրճվես] Տիրոջով» և «չհետևելով քո ճանապարհներին» արտահայտությունների միջև:
Տես նաև Ռասսել Մ. Նելսոնի «Կիրակին բերկրանք է» ուղերձը, Լիահոնա, մայիս 2015, 129–32։
Եսայի 59․9–21, 61․1–3, 63․7–9
Հիսուս Քրիստոսը Իմ Փրկիչն ու Քավիչն է
Եսայի 58–66 գլուխներում բազմաթիվ հղումներ կան Հիսուս Քրիստոսի քավիչ առաքելության մասին։ Ուսումնասիրելիս փնտրեք դրանք: Մասնավորապես, նշեք տիտղոսներն ու բառերը, որոնք օգտագործվում են Փրկչին նկարագրելու համար: Օրինակ՝
-
Ի՞նչն է ձեզ տպավորում «միջամտողի» նկարագրության մեջ Եսայի 59․16–21 հատվածներում: Ինչպե՞ս է Փրկիչը հաղթահարում հատվածներ 9–15-ում նկարագրված պայմանները:
-
Երբ Հիսուս Քրիստոսը հայտարարեց Նազարեթի ժողովրդին, որ ինքը Մեսիան է, Նա մեջբերեց Եսայի 61․1–3 հատվածներից (տես Ղուկաս 4․16–21, տես նաև «Jesus Declares He Is the Messiah» տեսանյութը, Ավետարանի գրադարան)։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը օրհնել ձեզ և ուրիշներին՝ այս հատվածներում նկարագրված եղանակներով։ Ինչպե՞ս է Նա մոխրի փոխարեն դափնեպսակ տվել ձեզ:
3:24Jesus Declares He Is the Messiah
-
«Տիրոջ ողորմություններից» որո՞նք կարող եք «նշել» (տես Եսայի 63․7–9)։
-
Փրկչի վերաբերյալ ուրիշ ի՞նչ հղումներ եք գտնում Եսայի 58–66 գլուխներում։
Տես նաև Մոսիա 3․7, Վարդապետություն և Ուխտեր 133․46–53 հատվածները։
Լույսի պարգևը, հեղինակ՝ Էվա Թիմոթի
Եսայի 60, 62
«Տերը կլինի հավիտենական լույսը»
Եսայի 60 և 62 գլուխները պատմում են լույսի և խավարի մասին, աչքերի և տեսնելու մասին, ուսուցանելով, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի ավետարանն օրհնելու աշխարհը վերջին օրերում: Փնտրեք այս հասկացությունները Եսայի 60․1–5, 19–20, 62․1–2 հատվածներում։ Այս գլուխները կարդալիս մտածեք, թե Աստված ինչպես է հավաքում իր զավակներին խավարից դեպի Իր լույսը: Ո՞րն է ձեր դերն այս աշխատանքում։
Տես նաև 1 Նեփի 22․3–12, 3 Նեփի 18․24, Վարդապետություն և Ուխտեր 14.9 հատվածները, Բոննի Հ․ Քորդոնի «Որ նրանք կարողանան տեսնել» ուղերձը, Լիահոնա, մայիս 2020, 78–80։
Եսայի 64․1–5, 65․17–25, 66
Քրիստոսը կթագավորի երկրի վրա Հազարամյակի ընթացքում
Եսային խոսել է այն օրվա մասին, երբ «առաջվա նեղությունները մոռացված» կլինեն (Եսայի 65․16)։ Թեև այս մարգարեությունն իր ամբողջական իմաստով մի քանի անգամ կատարվել է, այդ օրը դեռ պետք է գա՝ երբ Հիսուս Քրիստոսը կվերադառնա: Եսային նկարագրել է ապագայի այդ օրը Եսայի 64․1–5, 65․17–25, 66 հատվածներում։ Ուշադրություն դարձրեք, թե որքան հաճախ է նա օգտագործել «ուրախ» և «ուրախանալ» բառերը։ Փրկչի վերադարձն ինչո՞ւ կարող է ուրախ օր լինել ձեզ համար: Դուք ի՞նչ կարող եք անել՝ Նրա գալուստին նախապատրաստվելու համար։
Տես նաև Հավատո Հանգանակը 1․10, Ռասսել Մ. Նելսոնի «Եկեղեցու ապագան. Նախապատրաստել աշխարհը Երկրորդ Գալուստին» ուղերձը, Ensign, ապրիլ 2020, 13–17։
Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Եսայի 58. 6–11
Ծոմապահությունն օրհնում է ինձ և կարիքի մեջ գտնվողներին
-
Ձեր երեխաներին ծոմապահության համար խրախուսելու լավագույն միջոցն է, երբ նրանք պատրաստ լինեն, օգնել նրանց հասկանալ այս օրենքի վերաբերյալ Տիրոջ նպատակները: Կարող եք միասին կարդալ Եսայի 58․6–11 հատվածները՝ գտնելու հետևյալ հարցերի պատասխանները. Ինչո՞ւ ենք մենք ծոմ պահում: Ինչպե՞ս ենք մենք ծոմ պահում: Կարող եք նաև ուսումնասիրել «Ծոմ, Ծոմապահություն» նյութը Սուրբ գրքերի ուղեցույցում:
-
Եթե ունեցել եք ծոմապահության իմաստալից փորձառություն, կիսվեք դրանով ձեր երեխաների հետ: Կարող եք նաև նրանց հարցնել, թե ինչպես կբացատրեն իրենց ընկերոջը, թե ինչու է Տերը տվել մեզ այս օրենքը:
Եսայի 58.13–14
Հանգստության օրը կարող է «հաճելի» լինել ինձ համար
-
Եսայի 58․13–14 հատվածները կարդալուց հետո կարող եք ցույց տալ շաբաթվա օրերն օրացույցում և առաջարկել ձեր երեխաներին ձեզ հետ ասել դրանք: Երբ հասնեք Հանգստության օրվան, խնդրեք նրանց այդ օրն անվանել «հաճելի»: Ասացեք նրանց, թե ինչու է Հանգստության օրը հաճելի ձեզ համար։
-
Կիսվեք միմյանց հետ, թե ինչպես կարող եք «ուրախանալ Տիրոջով» Հանգստության օրը: Գուցե ձեր երեխաները կարողանան նկարել իրենց գաղափարները և դրանք դնել «Հանգստության օրվա բերկրանքների տուփի մեջ»: Ապա, երբ նրանց անհրաժեշտ լինեն գաղափարներ Հանգստության օրվա անելիքների համար, նրանք կարող են այդ գաղափարներից մեկը հանել տուփից:
Մեր լույսը, հեղինակ՝ Դեն Վիլսոն
Եսայի 60.1–3
Փրկիչը ինձ համար լույսի նման է
-
Երեխաներին առաջարկեք փակել իրենց աչքերը, երբ կարդում եք Եսայի 60.1–3 հատվածները։ Խնդրեք նրանց բացել իրենց աչքերը, երբ լսեն «լույս» բառը և կրկին փակել, երբ լսեն «խավար» բառը։ Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը նման են լույսի, որն օգնում է մեզ տեսնել մեր վերադարձի ճամփան դեպի Երկնային Հայրը։
Եսայի 65.17–25
Երբ Հիսուսը նորից գա, Նա կբերի խաղաղություն և ուրախություն
-
Եսայի 65․17–25 հատվածներում նկարագրվում է, թե ինչպիսին կլինի երկիրը, երբ Փրկիչը կրկին գա։ Երբ կարդաք այս հատվածները ձեր երեխաների հետ, օգնեք նրանց փնտրել, թե ինչպես է կյանքը տարբերվելու «նոր երկրում», որը նկարագրել է Եսային: Ինչո՞ւ է դա լինելու մի ժամանակ, երբ պետք է «հավիտյան ուրախանալ ու բերկրե՛լ» (հատված 18)։
-
Կարող եք նաև միասին երգել մի երգ Երկրորդ Գալուստի մասին, օրինակ՝ «When the Savior Comes Again» (Ավետարանի գրադարան)։ Կիսվեք միմյանց հետ, թե ինչին եք անհամբեր սպասում Փրկչի վերադարձի վերաբերյալ: Ի՞նչ կարող ենք անել՝ այդ օրվան պատրաստվելու համար:
Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։