«Փետրվարի 16–22։ «Լինել արդարության ավելի մեծ հետևորդ»․ Ծնունդ 12–17, Աբրահամ 1–2», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Փետրվարի 16–22։ «Լինել արդարության ավելի մեծ հետևորդ»», Եկ, հետևիր ինձ․ 2026
Մելքիսեդեկն օրհնում է Աբրահամին, հեղինակ՝ Վոլթեր Ռեյն (հատված)
Փետրվարի 16–22․ «Լինել արդարության ավելի մեծ հետևորդ»
Ծնունդ 12–17, Աբրահամ 1–2
Աստծո հետ կապած նրա ուխտի շնորհիվ Աբրահամը կոչվեց «հավատարիմների հայր» (Վարդապետություն և Ուխտեր 138.41) և «Աստուծոյ բարեկամ» (Հակոբոս 2.23): Այսօր միլիոնավոր մարդիկ պատվում են նրան որպես իրենց ուղղակի նախահայր, իսկ մյուսները որդեգրվել են նրա ընտանիքում` դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը դարձի միջոցով: Սակայն Աբրահամն ինքը սերում էր մի անկայուն ընտանիքից` նրա հայրը, որը հեռացել էր Աստծո ճշմարիտ պաշտամունքից, փորձում էր Աբրահամին զոհաբերել կեղծ աստվածներին: Չնայած դրան, Աբրահամի ցանկությունն էր՝ «լինել արդարության ավելի մեծ հետևորդ» (Աբրահամ 1.2), և նրա կյանքի պատմությունը ցույց է տալիս, որ Աստված կատարեց նրա ցանկությունը: Աբրահամի կյանքը հանդիսանում է որպես վկայություն, որ անկախ նրանից, թե ինչ է եղել մարդու ընտանեկան պատմությունը, ապագան կարող է հույսով լցվել:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Աստված կօրհնի ինձ իմ հավատքի և արդար ցանկությունների համար
«Մենք բոլորս կրում ենք մեր ընտանիքների [և] մեր մշակույթի ազդեցությունը»,- ուսուցանել է երեց Նիլ Լ. Անդերսենը,- «և, այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ մեր ներսում կա մի տեղ, որը մենք յուրովի և անհատապես ենք կառավարում և ստեղծում: … Վերջ ի վերջո, մեր ներքին ցանկությունները կյանք են ստանում, և դրանք արտահայտվում են մեր ընտրություններում և մեր գործողություններում» («Educate Your Desires, Elder Andersen Counsels», ChurchofJesusChrist.org)։ Մտածեք, թե ինչպես են Աբրահամ 1․1–19 հատվածները ցույց տալիս այն, ինչ ուսուցանել է երեց Անդերսենը: Կարող են օգտակար լինել նմանատիպ հարցերը.
-
Ի՞նչ էր ցանկանում Աբրահամը: Ինչպե՞ս էին նրա ցանկությունները դրսևորվում նրա գործողություններում: Ինչպե՞ս Աստված օգնեց նրա ցանկությունների իրականացմանը։
-
Որո՞նք են ձեր ցանկությունները։ Ինչպե՞ս են դրանք դրսևորվում ձեր գործողություններում: Ինչպե՞ս է Աստված օգնում ձեր ցանկությունների իրականացմանը։
-
Ի՞նչ ուղերձներ են այս հատվածները պարունակում այն մարդկանց համար, որոնց ընտանիքի անդամները չեն ձգտում արդարության:
Աբրահամի և Սարայի ամենամեծ ցանկություններից մեկը՝ երեխա ունենալը, երկար տարիներ անկատար մնաց (տես Ծնունդ 15.1–6): Ի՞նչ եք իմանում Եբրայեցիներին 11․8–13 հատվածներից այն մասին, թե ինչպես են Աբրահամն ու Սարան դիմակայել այս փորձությանը: Ինչպե՞ս է Փրկիչն օգնում ձեզ «ընդունել» Իր խոստումները, նույնիսկ եթե դրանք «հեռու» են:
Տես նաև «The Law of Consecration» (տեսանյութը), Gospel Library։
Deliverance of Abraham
Ծնունդ 12.1–3, 13.15–16, 15.1–6, 17.1–8, 15–22, Աբրահամ 2.6–11
Աստված հրավիրում է ինձ ուխտեր կապել Իր հետ և պահել այդ ուխտերը
Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ Աբրահամի հետ Աստծո կապած ուխտի մասին: Որովհետև Աստված ցանկանում է նման ուխտ կապել ձեզ հետ: Նա խոստացել է, որ այդ ուխտը կշարունակվի Աբրահամի հետնորդների մեջ կամ «սերնդում», և որ «բոլոր նրանք, ովքեր կընդունեն այս Ավետարանը … կհամարվեն քո սերունդը» (Աբրահամ 2.10–11)։ Այլ կերպ ասած, ուխտը շարունակվում է ձեր մեջ, երբ դուք մկրտվում եք և ավելի ամբողջական է դառնում, երբ ուխտեր եք կապում տաճարում (տես Գաղատացիներին 3․26–29, Վարդապետություն և Ուխտեր 132․30–32)։
Այդ պատճառով, դուք կարող եք ուսումնասիրել Աբրահամ 2․6–11 հատվածները և դուրս գրել, թե Աստված հատկապես ինչ է խոստացել Աբրահամին և Սարային (տես նաև Ծնունդ 12․1–3, 13․15–16, 15․1–6, 17․1–8, 15–22)։ Այս օրհնությունները որքանո՞վ են կիրառելի ձեր կյանքում:
Այս խոստումներից մի քանիսն ունեն հավերժական զուգահեռներ։ Ժառանգության հողի կամ մեծ սերունդների խոստումների նման խոստումներն ինչո՞ւ են հավերժ կատարվում (տես Վարդապետություն և Ուխտեր 131․1–4, 132․20–24, 28–32):
Բացի օրհնություններ խոստանալուց, Աստված ասաց Աբրահամին, որ նա «օրհնյալ կլինի» (Ծնունդ 12․2 շեշտադրումն ավելացված է): Ձեր կարծիքով, դա ի՞նչ է նշանակում: Ինչպե՞ս դուք օրհնված կլինեք (տես Աբրահամ 2․11)։
Ուխտերի մասին ուսուցանելու համար երեց Դեյլ Գ. Ռենլանդը խոսել է Ամազոն գետի մակընթացային ալիքների մասին, իսկ նախագահ Էմիլի Բել Ֆրիմանը պատմել է կոտրված սրունքով քարքարոտ արահետով քայլելու մասին (տես «Աստծո զորության հասանելիությունը ուխտերի միջոցով», Լիահոնա, մայիս 2023, 35–37, «Քայլել Քրիստոսի հետ ուխտի հարաբերությունների մեջ», Լիահոնա, նոյ․ 2023, 76–79): Այս ուղերձներից մեկում կամ երկուսում փնտրեք նախադասություններ, որոնք օգնում են պատասխանել «Ինչո՞ւ է Աստված ուզում, որ ես ուխտեր կապեմ Իր հետ» հարցին:
Առաջարկեք մարդկանց ուսուցանել միմյանց։ Եթե ուխտերի մասին ուսուցանում եք ձեր ընտանիքի անդամներին կամ Եկեղեցու դասարանին, կարող եք յուրաքանչյուր սովորողի ուսումնասիրելու համար տալ երեց Ռենլանդի կամ նախագահ Ֆրիմանի ուղերձից մի հատված: Ապա նրանք կարող են ընտանիքի կամ դասարանի մյուս անդամների հետ կիսվել իրենց սովորածով: Դա հնարավորություն է տալիս մարդկանց վկայել միմյանց և սովորել միմյանցից, և դա հրավիրում է Հոգուն: (Տես Ուսուցանել Փրկչի ձևով, 26:)
Տես նաև Թեմաներ և հարցեր, «Աբրահամի ուխտը», Gospel Library, «Մտքեր հիշելու համար. ուխտը»՝ այս աղբյուրում:
Աբրահամի ուխտը, հեղինակ՝ Դիլին Մարշ (հատված)
Ծնունդ 14․18–19, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծնունդ 14․25–40
«Մելքիսեդեկը հավատքի մարդ էր»
Պատկերացրեք, որ դուք Մելքիսեդեկին ներկայացնում եք մեկին, ով նրան չի ճանաչում: Ի՞նչ կասեիք դուք նրան: Գաղափարների համար տես Ջոզեֆ Սմիթի թարգմանություն, Ծնունդ 14․26–27, 33–38 (Աստվածաշնչի հավելվածում), Ալմա 13․13–19 և Վարդապետություն և Ուխտեր 107․1–4։ Քրիստոսանման ի՞նչ հատկություններ եք գտնում Մելքիսեդեկի այս նկարագրություններում: Ինչպե՞ս է Մելքիսեդեկի կյանքի ձեր ուսումնասիրությունն ազդում Մելքիսեդեկյան քահանայության հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:
Ծնունդ 14․18–24, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծնունդ 14․36–40
Աբրահամը վճարել է տասանորդը
Ի՞նչ եք իմանում հարստության նկատմամբ Աբրահամի վերաբերմունքի մասին Ծնունդ 14.18–24 և Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծնունդ 14.36–40 (Աստվածաշնչի հավելվածում) հատվածներից: Օրինակ՝ Ծնունդ 14․23 հատվածում ուշադրություն դարձրեք նրա պատասխանին Սոդոմի թագավորին։ Տասանորդի օրենքին հնազանդվելն ինչպե՞ս է ազդել փողի վերաբերյալ ձեր տեսանկյունի վրա:
Ծնունդ 16
Աստված լսում է ինձ
Ծնունդ 16 գլուխը կարդալիս կարող եք հիշել մի դեպք, երբ մտածել եք, որ ձեր հանդեպ անարդար են վարվում, ինչպես որ Հագարն էր մտածում: Նկատի ունեցեք, որ «Իսմայել» նշանակում է «Աստված լսում է»: Ինչպե՞ս է Աստված ձեզ ցույց տվել, որ լսում է ձեզ:
Տես նաև «Secret Prayer», Հիմներ, հմր. 144։
Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Հիսուս Քրիստոսը կառաջնորդի ինձ Իր ձեռքով
-
Երբ ձեր երեխաները և դուք կարդաք Աբրահամ 1.18 և 2.8 հատվածները, առաջարկեք երեխաներին ուշադրություն դարձնել մարմնի այն մասին, որը նշված է այս երկու հատվածներում: Կարող եք խաղալ մի խաղ, որտեղ երեխան փակում է իր աչքերը, իսկ դուք երեխային տանում եք ինչ-որ տեղ՝ ձեռքից բռնած: Այնուհետև կարող եք խոսել այն մասին, թե ինչ զգացողություն է լինում, երբ Հիսուս Քրիստոսը մեզ ձեռքով առաջնորդում է կամ պաշտպանում է մեզ:
Ծնունդ 13․5–12
Ես կարող եմ խաղաղարար լինել
-
Ձեր երեխաները կարող են բեմադրել Ծնունդ 13․5–12 հատվածների պատմությունը՝ հանդես գալով Աբրահամի, Ղովտի և հովիվների դերերում: Ինչպե՞ս կարող ենք հետևել Աբրահամի օրինակին՝ խաղաղարար լինել մեր ընտանիքի կամ ընկերների համար: Փորձեք դերախաղով ներկայացնել նրանց պատասխանները:
Ղովտի ընտրությունը հեղինակ՝ Ուիլյամ Ֆրեդերիկս © Providence Collection/արտոնագրված է goodsalt.com կայքից
Ծնունդ 13.16, Ծնունդ 15.1–6, 17․1–8, Աբրահամ 2.9–11
Աստված ցանկանում է, որ ես ուխտեր կապեմ Իր հետ
-
Կարող եք ձեր երեխաներին ցույց տալ ավազով տարա, գիշերային երկնքի աստղերը կամ այս նյութի վերջում տեղադրված նկարը: Դա կարող է օգնել նրանց հասկանալ Աստծո խոստումները Ծնունդ 13․16, 15․1–6 հատվածներում։ Խոսեք այն մասին, թե ինչպես եք սովորել վստահել Աստծո խոստումներին, նույնիսկ երբ դրանք անհնարին էին թվում:
-
Ուխտերի մասին ձեր երեխաներին ուսուցանելու համար խնդրեք նրանց պատմել ձեզ մի դեպք, երբ իրենք որևէ բան են խոստացել կամ որևէ մեկը իրենց բան է խոստացել: Եթե օգտակար կլինի, կիսվեք ձեր սեփական օրինակներով, այդ թվում՝ ուխտերի օրինակներով, որ դուք կապել եք Աստծո հետ մկրտության ժամանակ կամ տաճարում: Ինչպե՞ս են ձեր ուխտերը ազդել Աստծո հետ ձեր հարաբերությունների վրա: Ընտրեք մի քանի խոստում Ծնունդ 15.1–6, 17.1–8, Աբրահամ 2.9–11 հատվածներից՝ կիսվելու համար այն օրհնություններով, որ Աստված խոստացավ Աբրահամին և Սարային:
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին պատրաստվել ուխտ կապել Աստծո հետ իրենց մկրտության ժամանակ, կարող եք օգտագործել վարժության որոշ գաղափարներ, որոնք առաջարկվում են հավելված Ա-ում կամ հավելված Բ-ում:
Աբրահամ 1․12–17, Ծնունդ 16․7–11
Աստված լսում է ինձ
-
Երբ Աբրահամի կյանքը վտանգի մեջ էր, նա աղոթեց Աստծուն։ Երբ Հագարը մենակ մնաց անապատում, նա իմացավ, որ Աստված լսել է իրեն: Կարող եք ձեր երեխաների հետ կիսվել այս երկու պատմություններով՝ «Աբրահամ և Սարա» և «Հագար» Հին Կտակարանի պատմություններում, 28–31, 32–33: Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում Աստծո մասին: Այնուհետև միմյանց հետ կարող եք կիսվել այնպիսի փորձառություններով, երբ դուք զգացել եք, որ Աստված լսել է ձեզ: «A Child’s Prayer» (Children’s Songbook 12–13) երգը կարող է ամրապնդել այս սկզբունքը:
Abraham and Sarah
Hagar
Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։