Եկ, հետևիր ինձ
Մտքեր հիշելու համար. ուխտը


«Մտքեր հիշելու համար. ուխտը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Ուխտ», Եկ, հետևիր ինձ. 2026

ուսուցման պատկերակ

Մտքեր հիշելու համար

Ուխտը

Հին Կտակարանի ողջ ընթացքում դուք հաճախ կկարդաք ուխտ բառը: Այսօր մենք սովորաբար ուխտերի մասին մտածում ենք որպես Աստծո հետ կապած սուրբ խոստումների, բայց հնագույն աշխարհում ուխտերը նաև միմյանց հետ մարդկանց փոխհարաբերությունների կարևոր մասն էին հանդիսանում: Իրենց ապահովության և գոյատևման համար մարդիկ պետք է կարողանային վստահել միմյանց, և ուխտերը մի ուղի էին՝ ապահովելու այդ վստահությունը:

Ուստի, երբ Աստված խոսում էր Նոյի, Մովսեսի կամ այլոց հետ ուխտերի մասին, Նա հրավիրում էր նրանց վստահության փոխհարաբերության մեջ մտնել Իր հետ: Մենք այս ուխտն անվանում ենք նոր և հավիտենական ուխտը կամ Աբրահամի ուխտը՝ հղում կատարելով Աստծո ուխտին Աբրահամի ու Սարայի հետ, որն այնուհետև նորոգվեց նրանց ժառանգների՝ Իսահակի և Հակոբի հետ (նաև կոչվում է Իսրայել): Հին Կտակարանում այն հայտնի էր պարզապես որպես «ուխտը»։ Դուք կտեսնեք, որ Հին Կտակարանը հիմնականում այն մարդկանց պատմությունն է, որոնք իրենց տեսնում էին որպես այդ ուխտի ժառանգներ՝ ուխտի ժողովուրդը:

Աբրահամի ուխտը շարունակում է կարևոր լինել այսօր, հատկապես Վերջին Օրերի Սրբերի համար: Ինչո՞ւ: Որովհետև մենք նույնպես ուխտի ժողովուրդն ենք, անկախ նրանից՝ մենք Աբրահամի, Իսահակի և Հակոբի ուղիղ հետնորդներն ենք, թե՝ ոչ։ Այդ պատճառով կարևոր է հասկանալ, թե ինչ է Աբրահամի ուխտը, և ինչպես է այն վերաբերում մեզ այսօր:

Ի՞նչ է Աբրահամի ուխտը

Աբրահամը կամեցավ «լինել արդարության ավելի մեծ հետևորդ» (Աբրահամ 1.2), այսպիսով Աստված հրավիրեց նրան ուխտի հարաբերության մեջ մտնել: Աբրահամը առաջինը չէր, որ ուներ այդ ցանկությունը, և նա առաջինը չէր, որ ուխտ էր ստանալու։ Եվ, ի վերջո, դա հավիտենական ուխտ էր: Նա ձգտում էր ստանալ «հայրերի օրհնությունները» (Աբրահամ 1.2)՝ օրհնություններ, որոնք առաջարկվել էին Ադամին ու Եվային ուխտի միջոցով, իսկ դրանից հետո նրանց, ովքեր ջանասիրաբար ձգտում էին այդ օրհնություններին:

Աստծո ուխտը Աբրահամի հետ խոստանում էր սքանչելի օրհնություններ, հողի ժառանգություն, մեծ սերունդ, հասանելիություն քահանայության արարողություններին և մի անուն, որը հարգվելու էր գալիք սերունդների կողմից: Բայց այս ուխտի կիզակետը միայն այն օրհնությունների վրա չէր, որոնք ստանալու էին Աբրահամն ու իր ընտանիքը, այլ նաև այն օրհնության վրա, որն իրենք էին լինելու Աստծո մնացած զավակների համար: «Դու օրհնյալ կլինես»,- հայտարարեց Աստված, «և երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնուին» (Ծնունդ 12.2–3):

Արդյո՞ք այս ուխտը Աբրահամին, Սարրային և նրանց հետնորդներին արտոնյալ վիճակ տվեց Աստծո զավակների մեջ: Միայն այն իմաստով, որ դա արտոնություն է՝ օրհնելու մյուսներին: Աբրահամի ընտանիքը պետք է «տանեն այս ծառայությունն ու Քահանայությունը բոլոր ազգերին», կիսվելով «Ավետարանի օրհնություններով, որոնք փրկության, այսինքն հավերժական կյանքի օրհնություններն են» (Աբրահամ 2.9, 11): Աստծո ուխտի ժողովուրդ լինելը չէր նշանակում այն, որ նրանք ավելի լավն էին, քան ուրիշները. դա նշանակում էր, որ նրանք պետք է օգնեին ուրիշներին ավելի լավը լինել:

Այս ուխտն այն օրհնությունն էր, որին Աբրահամն էր ձգտում: Այն ստանալուց հետո Աբրահամն ասաց իր սրտում. «Քո ծառան լրջորեն փնտրում էր քեզ, այժմ ես գտել եմ քեզ» (Աբրահամ 2.12):

Դա հազարավոր տարիներ առաջ էր, բայց այդ ուխտը վերականգնվել է մեր օրերում։ Եվ այն ներկայումս կատարվում է Աստծո ժողովրդի կյանքում: Ուխտի կատարումը վերջին օրերին թափ է հավաքում, քանի որ Աստծո գործն առաջ է ընթանում՝ օրհնելով ընտանիքներին ամբողջ աշխարհում: Եվ յուրաքանչյուր մեկը, ով Աբրահամի նման կամենում է լինել արդարության ավելի մեծ հետևորդ, յուրաքանչյուր մեկը, ով ջանասիրաբար փնտրում է Տիրոջը, կարող է մասնակից լինել դրան:

տաճարի առջև կանգնած ընտանիք

Ի՞նչ նշանակություն ունի ինձ համար Աբրահամի ուխտը

Դուք ուխտի զավակ եք: Դուք ուխտ եք կապում Աստծո հետ, երբ մկրտվում եք և հաղորդություն եք ընդունում: Եվ դուք ստանում եք ուխտի լրիվությունը տաճարի սուրբ արարողությունների միջոցով:

Այս ուխտերի և արարողությունների միջոցով մենք դառնում ենք Աստծո ժողովուրդը: Մենք կապված ենք Նրա հետ «հավիտենական կապերով»: «Երբ մենք ուխտ ենք կապում Աստծո հետ»,- ուսուցանել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը,- «մենք ընդմիշտ հեռանում ենք չեզոք գոտուց: Աստված չի խզի Իր հարաբերությունները նրանց հետ, ովքեր նման կապ են հաստատել Իր հետ: Իրականում բոլորը, ովքեր ուխտ են կապել Աստծո հետ, ստանում հատուկ սեր և ողորմություն: … Աստծո հետ ունեցած մեր ուխտի շնորհիվ Նա չի դադարի օգնել մեզ, և մենք երբեք չենք սպառի Նրա ողորմած համբերատարությունը մեր հանդեպ»։ Դուք դա կտեսնեք Աստծո ուխտի ժողովրդի պատմության մեջ Հին Կտակարանում, և դուք դա կտեսնեք ձեր կյանքում՝ որպես Նրա ուխտի զավակներից մեկը:

Հիսուսը կանգնած է ջրի վրա՝ ձեռքը մեկնած

Մի վախեցիր, հեղինակ՝ Դեն Ուիլսոն

Սա է այն թանկագին հասկացողությունը, որը մեզ տրվել է մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով՝ Աբրահամի ուխտի վերականգնման շնորհիվ: Այսպիսով, երբ կարդում եք Հին Կտակարանի ուխտերի մասին, մի մտածեք միայն Աստծո փոխհարաբերության մասին Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ: Մտածեք նաև ձեզ հետ Նրա փոխհարաբերության մասին: Երբ կարդում եք անթիվ սերնդի խոստման մասին, մի մտածեք միայն միլիոնավոր մարդկանց մասին, որոնք այսօր Աբրահամին կոչում են իրենց հայրը: Մտածեք նաև հավերժական ընտանիքների և հավերժական աճի մասին Աստծո խոստման մասին: Երբ դուք կարդում եք ժառանգության երկրի խոստումի մասին, մի մտածեք միայն Աբրահամին խոստացված երկրի մասին: Մտածեք նաև բուն երկրի երկնային ճակատագրի մասին. ժառանգություն, որը խոստացված է «հեզերին», որոնք «Տիրոջն են սպասում» (Մատթեոս 5․5, Սաղմոս 37․9, 11 Եվ երբ կարդում եք Աստծո խոստման մասին, որ ուխտի մարդիկ կօրհնեն «երկրի բոլոր ընտանիքները» (Աբրահամ 2․11), մի մտածեք միայն Աբրահամի ծառայության կամ նրանից սերված մարգարեների մասին: Մտածեք նաև այն մասին, թե ինչ կարող եք անել, որպես Հիսուս Քրիստոսի ուխտի հետևորդ, որ օրհնություն դառնաք ձեր շրջապատի ընտանիքների համար: