«Փետրվարի 9–15: «Նոյը շնորհ գտավ Տիրոջ առաջ»․ Ծնունդ 6–11, Մովսես 8», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Փետրվարի 9–15: «Նոյը շնորհ գտավ Տիրոջ առաջ»», Եկ, հետևիր ինձ. 2026
Եհովան կատարում է խոստումը, հեղինակ՝ Սեմ Լոլոր
Փետրվարի 9–15․ «Նոյը շնորհ գտավ Տիրոջ առաջ»
Ծնունդ 6–11, Մովսես 8
Ապրելով վերջին օրերում՝ մենք հատուկ պատճառ ունենք ուշադիր ուսումնասիրելու Ջրհեղեղի պատմությունը: Երբ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց, թե մենք ինչպես պետք է հետևենք Նրա Երկրորդ Գալուստին, Նա ասաց. «Ինչպես որ Նոյի օրերում էր, այդպես էլ պիտի լինի Մարդու Որդու գալստյան ժամանակ» (Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.41): Բացի այդ, այն բառերը, որոնք նկարագրում են Նոյի ժամանակները` «անբարոյական» և «բռնությամբ լցված», նույն հեշտությամբ կարող են նկարագրել մեր ժամանակը (Ծնունդ 6.12–13, Մովսես 8.28): Բաբելոնի աշտարակի պատմությունը նույնպես կիրառելի է թվում մեր օրերի համար՝ դրա հպարտության նկարագրությամբ, որին հաջորդում է խառնաշփոթությունը, այնուհետև բաժանումը։
Այս հնադարյան պատմությունները արժեքավոր են ոչ միայն այն պատճառով, որ դրանք ցույց են տալիս մեզ, որ ամբարշտությունը կրկնվում է ողջ պատմության ընթացքում: Ավելի կարևոր է, որ դրանք ուսուցանում են մեզ, թե ինչ անել դրա հետ: Նոյը «շնորհ գտավ Տիրոջ առաջ» (Մովսես 8․27)։ Իսկ Հարեդի և նրա եղբոր ընտանիքները դարձան դեպի Տերը և պաշտպանվեցին Բաբելոնի խառնաշփոթությունից և բաժանումից (տես Եթեր 1.33–43): Եթե մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպես պետք է մեզ և մեր ընտանիքներին ապահով պահենք ապականությունից և բռնությունից, ապա այս գլուխների պատմությունները մեզ շատ բան կարող են սովորեցնել:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Ծնունդ 6, Մովսես 8
Հոգևոր ապահովություն ենք գտնում՝ Տիրոջ մարգարեին հետևելով
Նոյի ժամանակների նկարագրության մեջ տեսնո՞ւմ եք որևէ բան, որը նման է մեր օրերի իրավիճակներին։ Մասնավորապես, նայեք Մովսես 8․15–24, 28 հատվածները: Ի՞նչ նմանություն եք տեսնում:
Կարևոր նմանություններից մեկը, որը դուք կտեսնեք, այն է, որ Աստված Նոյին կանչեց լինելու մարգարե, և Նա մարգարեներ է կանչել նաև մեր օրերում: Կարող եք կազմել մարգարեների մասին ճշմարտությունների ցանկ, որոնք դուք սովորում եք Մովսես 8.13–30 հատվածներից։ Ինչո՞վ է մեր օրերի ապրող մարգարեն նման Նոյին: Իհարկե, Տիրոջ մարգարեն այսօր չի նախազգուշացնում Ջրհեղեղի մասին կամ չի առաջարկում մեզ օգնել տապան կառուցել: Բայց ինչի՞ մասին է նա զգուշացնում մեզ։ Ի՞նչ է նա առաջարկում մեզ անել: Այս հարցերին պատասխանելու համար կարող եք վերանայել Եկեղեցու նախագահների ուսմունքները Gospel Library հավելվածում, հատկապես «Հրավերներ և խոստացված օրհնություններ» բաժինը: Կարող եք ընտրել մեկ զգուշացում և մեկ հրավեր, որոնք հատկապես կարևոր եք համարում ձեզ համար:
Երեց Ալեն Դ. Հեյնին ուսուցանել է. «Կատարյալ և սիրող Երկնային Հայրը ընտրել է մարգարեի միջոցով Իր զավակներին ճշմարտությունը հայտնելու ձևը» («Ապրող մարգարե վերջին օրերի համար», Լիահոնա, մայիս 2023, 25): Ուսումնասիրեք երեց Հեյնիի ուղերձը՝ փնտրելով այն պատճառները, որոնցով մարգարե ունենալը Երկնային Հոր սիրո նշան է: Տիրոջ մարգարեին հետևելն ինչպե՞ս է օգնել ձեզ ապահով զգալ՝ ապրելով վերջին օրերում:
Տես նաև Թեմաներ և հարցեր, «Մարգարեներ», Gospel Library, «Ինչո՞ւ մենք ունենք մարգարեներ» (տեսանյութ), Gospel Library։
Ինչո՞ւ մենք ունենք մարգարեներ:
Ծնունդ 6․5–13
Ջրհեղեղը Աստծո ողորմածության դրսևորում էր
Որոշ մարդիկ կասկածի տակ են առնում Աստծո արդարությունը, քանի որ ջրհեղեղ ուղարկեց «վերացնելու մարդուն» (Ծնունդ 6․7)։ Երեց Նիլ Ա. Մաքսվելր բացատրել է, որ Ջրհեղեղի ժամանակ «անբարոյականությունը հասել էր այնպիսի մի կետի, որը ոչնչացնում էր կամքի ազատությունը, և որի հետևանքով հոգիները չէին կարող արդարությամբ ուղարկվել այստեղ» (We Will Prove Them Herewith [1982], 58)։ Կարող եք նաև մտածել, թե ինչո՞ւ էր Ջրհեղեղը ողորմածության դրսևորում։ Ի՞նչ եք գտնում Ծնունդ 6.5–13 հատվածներում, որը ցույց է տալիս Տիրոջ ողորմածությունը և սերը մարդկանց հանդեպ:
Ծնունդ 9․8–17
Նշաններն ու խորհրդանիշներն օգնում են ինձ հիշել իմ ուխտերը Տիրոջ հետ
Համաձայն Ծնունդ 9.8–17-ի՝ ծիածանը ի՞նչ կարող է հիշեցնել ձեզ: Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծնունդ 9.21–25 հատվածներն (Սուրբ գրքերի ուղեցույցում) ի՞նչ են ավելացնում ձեր հասկացողությանը: Կարող եք նաև այլ բաների ցանկ կազմել (օրինակ՝ խորհրդանիշների, առարկաների կամ այլ բաների), որոնք Աստված տվել է ձեզ՝ հիշեցնելու ձեր ուխտերի մասին: Ի՞նչ են ձեզ սովորեցնում այդ բաները: Ինչպե՞ս են դրանք ձեզ օգնում հիշել:
Տես նաև Գերիթ Վ. Գոնգ, «Միշտ հիշեք Նրան», Լիահոնա մայիս 2016, 108–11, «Reverently and Meekly Now», Hymns, no. 185։
Բաբելոնի աշտարակը, հեղինակ՝ Դեյվիդ Գրին
Ծնունդ 11․1–9
Հիսուս Քրիստոսին հետևելը միակ ճանապարհն է դեպի Երկնային Հայրը
Բաբելոնի ժողովրդի աշտարակաշինության պատմությունը հետաքրքիր հակադրություն է Ենովքի և իր ժողովրդի Սիոն կառուցելու պատմությանը, որը դուք ուսումնասիրել եք անցած շաբաթ։ Մարդկանց երկու խմբերն էլ փորձում էին հասնել երկինք, սակայն տարբեր եղանակներով։ Ինչպե՞ս Սիոնի ժողովուրդը հասավ երկինք (տես Մովսես 7․18–19, 53, 62–63, 69)։ Ի՞նչ եք սովորում Ծնունդ 11.1–9 և Հելաման 6․26–28 հատվածներից Բաբելոնի ժողովրդի մասին: Ի՞նչ է սա ուսուցանում մեզ Աստծո ներկայություն վերադառնալու համար գործադրվող մեր անձնական ջանքերի մասին։ Աստված ի՞նչ է պատրաստել՝ օգնելու մեզ հասնել «մինչև երկինք»։ (Ծնունդ 11․4, տես նաև Հովհաննես 3․16)։
Սովորեք ակտիվ կերպով։ Սովորելը կարող է ներառել ավելին, քան պարզապես կարդալը կամ լսելը: Օրինակ՝ երբ սովորում եք Բաբելոնի աշտարակի մասին, դուք և ձեր ընտանիքը կամ դասարանը կարող եք թղթի կտորների վրա գրել բաներ, որոնք մեզ հեռացնում են Աստծուց: Այնուհետև թղթի այլ կտորների վրա կարող եք գրել բաներ, որոնք մեզ ավելի են մոտեցնում Աստծուն: Առաջին խմբի թերթիկներից մի աշտարակ կառուցեք, իսկ երկրորդ խմբի թերթիկներից՝ տաճար։
Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ծնունդ 6.14–22, 7–8, Մովսես 8.16–24
Ես և իմ ընտանիքը կօրհնվենք՝ հետևելով Տիրոջ մարգարեին
-
Երեխաների մեծ մասը սիրում է Նոյի և տապանի պատմությունը: Կարող եք ձեր երեխաներին հնարավորություններ տալ կիսվելու, թե ինչ գիտեն այդ մասին: Նրանց օգնելու համար կարող եք օգտագործել այս նյութի նկարները, «Նոյը և նրա ընտանիքը» նյութը Հին Կտակարանի պատմություններից (22–25) «Follow the Prophet» երգի երրորդ տունը (Children’s Songbook, 110–11)։ Երեխաներին հետաքրքիր կլինի բեմականացնել պատմության մասերը, օրինակ՝ դերախաղով ներկայացնել, թե ինչպես են օգտագործում որևէ գործիք՝ տապանը կառուցելիս, կամ քայլել՝ նմանակելով, թե ինչպես են կենդանիները մտնում տապան:
-
Երբ միասին խոսեք Նոյի մասին, օգնեք ձեր երեխաներին հասկանալ, թե որքան օրհնված ենք մենք այսօր, քանի որ ունենք Աստծո մարգարե։ Օգնեք երեխաներին Մովսես 8․16–24 հատվածներում գտնել Նոյի ուսուցանածը, որը մեր Տիրոջ մարգարեները ուսուցանում են նաև մեր օրերում: Մենք ինչպե՞ս ենք օրհնվում, երբ հնազանդվում ենք այս ուսմունքներին:
Ծնունդ 9.15–16
Աստված կկատարի ինձ տված Իր խոստումները
-
Ձեր երեխաները կարող են նկարել կամ գունավորել ծիածանը, մինչ դուք կխոսեք այն մասին, թե ինչ է այն խորհրդանշում (տես Ջոզեֆ Սմիթի թարգմանություն, Ծնունդ 9.21–25 [Աստվածաշնչի հավելված]): Ինչի՞ մասին էր Աստված ուզում, որ Նոյն ու նրա ընտանիքը մտածեն, երբ տեսան ծիածանը։
-
Երեխաներին կարող եք ցույց տալ մի իր, որը ձեզ հիշեցնում է կարևոր իրադարձություն ձեր կյանքում, օրինակ՝ ամուսնական մատանի, որևէ նկար կամ օրագիր: Հնարավորություն տվեք երեխաներին կիսվել իրենց օրինակներով: Կարող եք նաև խոսել այնպիսի բաների մասին, որոնք օգնում են մեզ հիշել մեր ուխտերը, օրինակ՝ հաղորդության մասին, որն օգնում է մեզ հիշել Հիսուս Քրիստոսին հետևելու մեր մկրտության ուխտը (տես Վարդապետություն և Ուխտեր 20.75–79):
Աստված Նոյի ընտանիքին ասաց, որ ծիածանը կլինի «այն ուխտի նշանը, որ ես դնում եմ իմ ու ձեր միջև» (Ծնունդ 9.12):
Ծնունդ 11․1–9
Հիսուս Քրիստոսին հետևելը միակ ճանապարհն է դեպի երկինք
-
Կարող է հետաքրքիր լինել ձեր երեխաների հետ խորանարդներից կամ այլ առարկաներից աշտարակ կառուցելը: Երբ դա անեք, բացատրեք, որ Բաբելոնի ժողովուրդը կարծում էին, որ կարող են հասնել երկինք՝ կառուցելով բարձր աշտարակ: Այնուհետև կարող եք միասին նայել Փրկչի նկարին և հարցնել ձեր երեխաներին, թե ինչպես է Նա օգնում մեզ հասնել երկինք: Այնուհետև կարող եք խոսել միմյանց հետ այն բաների մասին, որոնք կարող եք անել Փրկչին հետևելու համար:
-
Ի լրումն Ծնունդ 11․1–9 հատվածներում Բաբելոնի աշտարակի պատմությունը կարդալու, դուք և ձեր երեխաները կարող եք կարդալ նաև Հելաման 6.28 հատվածը։ Համաձայն այդ հատվածի, Բաբելոնի ժողովուրդն ինչո՞ւ էր աշտարակ կառուցում: Աշտարակի կառուցումն ինչո՞ւ էր սխալ ուղի երկինք հասնելու համար: Այնուհետև կարող եք ուսումնասիրել 2 Նեփի 31.20–21 և Հելաման 3.28 հատվածները, որպեսզի գտնեք երկինք հասնելու ճիշտ ուղին: Մենք ի՞նչ խորհուրդ կտայինք Բաբելոնի ժողովրդին:
Լրացուցիչ գաղափարների համար տես Friend ամսագրի այս ամսվա համարը։