Ծանոթություն Մորոնի
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Մորոնիի գիրքը ուսումնասիրելիս կարող եք ուժ ստանալ Մորոնիի ազդեցիկ օրինակից և վկայությունից: Ինչպես նաև Մորոնիի և նրա հոր՝ Մորմոնի ուսմունքներից, կսովորեք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հիմնական ծեսերի և գործելակերպի, անկեղծ միտումով արդար գործեր կատարելու կարևորության, բարին և չարը զանազանելու, հավատքի, հույսի և գթության միջև կապի մասին: Նաև կկարդաք աղոթքի վերաբերյալ Մորոնիի հորդորը, որ ինքներդ իմանաք Մորմոնի Գրքի ճշմարտացի լինելու մասին և «գաք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում» (Մորոնի 10.32):
Ո՞վ է գրել այս գիրքը:
Մորոնին գրեց այս գիրքը, որը ներառում է իր խոսքերը, Իր աշակերտներին ուղղված Հիսուս Քրիստոսի խոսքերը (տես Մորոնի 2), և իր հոր՝ Մորմոնի խոսքերը (տես Մորոնի 7–9): Մինչև Նեփիացիների կործանումը, Մորոնին նրանց մեջ ծառայում էր որպես զորաբանակի և Եկեղեցու ղեկավար (տես Մորմոն 6.12; Մորոնի 8.1): Մորմոնի Գրքի մյուս հիմնական գրողների և կազմողների պես Մորոնին Փրկչի վկան էր: Նա վկայեց. «Ես տեսել եմ Հիսուսին, և … նա խոսել է ինձ հետ՝ երես առ երես» (Եթեր 12.39): Մորոնին հավատարիմ էր իր վկայությանը և ընդգծել է իր պատրաստակամությունը՝ մեռնել, քան ուրանալ Քրիստոսին (տես Մորոնի 1.1–3):
1823 թվականին՝ Մորմոնի Գրքի հիշատակարանը կազմելուց 1400 տարի անց, Մորոնին հայտնվեց Ջոզեֆ Սմիթին, որպես հարություն առած էակ և նրան տեղեկացրեց, որ այդ հիշատակարանը պահվում է Ջոզեֆ Սմիթի տան մոտ գտնվող բլուրում: Այդ ժամանակ և հաջորդող տարիների ընթացքում Մորոնին նաև Ջոզեֆ Սմիթին հրահանգնեց «այն մասին, թե ինչ էր պատրաստվում անել Տերը, և թե ինչպես ու ինչ ձևով էր նրա թագավորությունը կառավարվելու վերջին օրերին» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.54):
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Հավանաբար, Մորոնին գրել և ավարտին է հասցրել այս գիրքը մ.թ. 401 և մ.թ. 421 թվականների միջև (տես Մորմոն 8.4–6; Մորոնի 10.1), երբ նա թափառում էր իր կյանքի համար անվտանգ վայր փնտրելով (տես Մորմոն 1.1–3):