Մաս 32. Օր 3
Մորոնի 10.1–7, 27–29
Նախաբան
Մորոնին հորդորում էր Լամանացիներին և բոլոր նրանց, ովքեր կկարդային իր վկայությունը, որ նրանք իրենք իմանան իր խոսքերի ճշմարտացիությունը հարցնելով Աստծուն: Նա ուսուցանել է, որ Մորմոնի Գրքի և Հիսուս Քրիստոսի վկայությունը կգա Սուրբ Հոգու զորությամբ: Մորոնին համարձակորեն հայտարարել է, որ կհանդիպի իր ընթերցողներին Աստծո ատյանի առաջ, որտեղ Աստված կհաստատի իր խոսքերի ճշմարտացիությունը:
Մորոնի 10.1–7
Մորոնին հորդորում է մեզ ստանալ Մորմոնի Գրքի և Հիսուս Քրիստոսի վկայությունը
Վերանայեք Մորմոնի Գրքի ներածական դասերը այս ձեռնարկի առաջին մասում: Կարո՞ղ եք հիշել կամարի մեջ պորտաքարի նշանակությունը և ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը առնչվում պորտաքարի հետ: Բացեք Մորմոնի Գրքի նախաբանը (այն գտնվում է գրքի սկզբնամասում) և կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի հայտարարությունը վեցերորդ պարբերությունում:
Մարգարե Ջոզեֆ Սմիթը նկարագրել է Մորմոնի Գիրքը, որպես մեր կրոնի «պորտաքար», որը նշանակում է, որ Մորմոնի Գրքի մեր վկայությունը պահպանում և զորացնում է վերականգնված ավետարանի բոլոր ճշմարտությունների մասին մեր վկայությունը: Կարդացեք Մորմոնի Գրքի ներածության վերջին պարբերությունը և գտեք այն ճշմարտությունները, որոնք մարդը կարող է իմանալ ընդունելով Մորմոնի Գրքի վկայությունը: Ինչպես որ պորտաքարն է պահում կամարը միասին, ինչպե՞ս է ձեր վկայությունը պահվել և զորացել Մորմոնի Գրքի միջոցով:
Ջոզեֆ Սմիթի կողմից ոսկյա թիթեղները ստանալուց 1400 տարի առաջ, Մորոնին եզրափակել է իր հոր գրառումները գրելով իր եզրափակիչ հորդորները նրանց, ովքեր կստանային Մորմոնի Գիրքը վերջին օրերին (տես Մորոնի 10.1–2): Հորդոր բառը նշանակում է թախանձագին խրախուսել ինչ-որ մեկին: Մորոնին ութ անգամ օգտագործել է այդ բառը Մորմոնի Գրքի եզրափակիչ գլխում: Նա հորդորում էր բոլոր նրանց, ովքեր կստանային Մորմոնի Գիրքը, վկայություն փնտրել դրա ճշմարտացիության և աստվածային բնույթի մասին:
Կարդացեք Մորոնի 10.3–4-ը և գտեք, թե ինչ է Մորոնին հորդորում մեզ անեք Մորմոնի Գրքի մասին վկայություն ստանալու համար: Կարող եք նշել այդ ամենը ձեր սուրբ գրություններում: Ուսումնասիրեք հետևյալ տեղեկությունը այն ամենի վերաբերյալ, ինչը Մորոնին ասել է, որ մենք պետք է անենք:
«Կարդացեք այս բաները»
Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին վկայություն ձեռք բերելու համար նախևառաջ պետք է կարդալ այն: Յոթանասունի Նախագահությունից Երեց Թադ Ռ. Քալլիսթերը կիսվել է, թե ինչպես է մի երիտասարդ կին շահել Մորմոնի Գիրքը ամբողջովին կարդալուց.
«Մի 14-ամյա աղջիկ … ասաց, որ զրուցել էր կրոնի մասին իր դպրոցական ընկերներից մեկի հետ: Նրա ընկերուհին հարցրել էր. «Ի՞նչ կրոնի ես դու պատկանում»:
Նա պատասխանել էր. «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն կամ Մորմոններին»:
Ընկերուհին ասել էր. «Ես գիտեմ այդ եկեղեցին, և ես գիտեմ, որ այն ճշմարիտ չէ»:
«Որտեղի՞ց գիտես»,- հնչել էր հարցը:
«Որովհետև, - ասաց ընկերուհին, - ես ուսումնասիրել եմ այն»:
«Դու կարդացե՞լ ես Մորմոնի Գիրքը»:
«Ոչ,- եղավ պատասխանը,- չեմ կարդացել»:
Ապա, այս հրաշալի երիտասարդ աղջիկը պատասխանել էր. «Ուրեմն դու չես ուսումնասիրել իմ եկեղեցին, որովհետև ես կարդացել եմ Մորմոնի Գրքի յուրաքանչյուր էջը և գիտեմ, որ այն ճշմարիտ է» (“The Book of Mormon—a Book from God,” Ensign or Liahona, Nov. 2011, 76):
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Մորմոնի Գիրքը կարդալն անհրաժեշտ նրա ճշմարտացիության մասին վկայություն ստանալու համար:
«Հիշեք, թե որքան ողորմած է եղել Տերը»
Հաջորդ քայլը այս գործընթացում` պետք է «հիշել, թե որքան ողորմած է եղել Տերը»: Տիրոջ ողորմածությունները հիշելը մեր կյանքում կարող է փափկացնել մեր սրտերը և նախապատրաստել մեզ Սուրբ Հոգին ստանալուն: Խորհեք այն պահերի մասին, երբ դուք զգացել եք Տիրոջ ողորմածությունը ձեր կյանքում:
Մորմոնի Գրքի սկզբում Նեփին հայտարարել է, որ իր գրվածքների միջոցով նա մեզ ցույց կտա Տիրոջ գորովագութ ողորմությունների օրինակներ (տես 1 Նեփի 1.20): Մորմոնի Գրքի վերջում, Մորոնին մեզ խնդրում է հիշել Տիրոջ ողորմությունները մեր հանդեպ (տես Մորոնի 10.3): Կարող եք 1 Նեփի 1.20 խաչաձև վկայակոչումը գրել Մորոնի 10.3–ի կողքին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կյանքում Տիրոջ ողորմության ի՞նչ ապացույցներ եք տեսել:
-
Ձեր կարծիքով, Տիրոջ ողորմության մասին հիշելը ինչպե՞ս է օգնում ստանալ վկայությունՄորմոնի Գրքի մասին:
-
Մեր և ուրիշների հանդեպ Տիրոջ ողորմության մասին հիշելը կարող է մեզ նախապատրաստել խորհելու մեզ ուղղված Մորմոնի Գրքի ուղերձի մասին:
«Խորհեք այն ձեր սրտերում»
Մորոնիի ուսուցանած հաջորդ քայլն է «խորհեք այն ձեր սրտերում»: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մերվին Ջ. Էշթոնը բացատրել է, թե ինչպես կարող է խորհելը օգնել մեզ ստանալ Սուրբ Հոգին մեր կյանքում.
«Սուրբ գրություններն ուսումնասիրելիս ես պարտավորվել և ազդվել եմ խորհել բառից, որն այնքան հաճախ է կրկնվում Մորմոնի Գրքում: Բառարաններն ասում են, որ խորհել նշանակում է մտքում ծանրութեթև անել, խորապես քննել, կշռադատել, խորհրդածել: … Մորոնին օգտագործեց այս տերմինը իր հիշատակարանը փակելիս [տես Մորոնի 10.3]:
Խորհելով մենք Հոգուն հնարավորություն ենք տալիս տպավորություն գործել և ուղղորդել: Խորհելը զորեղ կապ է սրտի և մտքի միջև: Ընթերցելիս սուրբ գրություններն ազդեցություն են թողնում մեր սրտի և մտքի վրա: Օգտագործելով խորհելու պարգևը, մենք կարող ենք վերցնել այդ հավերժական ճշմարտությունները և հասկանալ՝ ինչպես կարող ենք դրանք մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասը դարձնել: …
Խորհելը մտավոր հետևողական գործ է: Դա մեծ պարգև է նրանց համար, ովքեր սովորել են՝ ինչպես օգտագործել այն: Օգտագործելով խորհելու պարգևը մենք ձեռք կբերենք հասկացողություն, ներըմբռնում և գործնական կիրառում» (“There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 20):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից որևէ մեկին կամ երկուսին.
-
Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս խորհելն ինչպե՞ս է օգնել ձեզ զգալ Սուրբ Հոգին:
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի սուրբ գրություններն ուսումնասիրելիս առավել հետևողականորեն և արդյունավետորեն խորհեք:
-
«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս»
Երբ մարդիկ «աղոթում են մաքուր սրտով և անկեղծ միտումով», դա նշանակում է նրանք «մտադիր են գործել ըստ Աստծուց ստացած պատասխանի» (Preach My Gospel [2004], 111):
Ռոդոլֆո Արմանդո Պերես Բոնիլյա անունով մի մարդ հասկացավ անկեղծ միտումով աղոթելու կարևորությունը: Նա մկրտվել էր ինը տարեկանում, սակայն նրա ընտանիքը ակտիվ չէր եղել եկեղեցում: Երբ նա դարձավ պատանի, սկսեց մտածել ավետարանի մասին և ունեցավ հետևյալ փորձառությունը.
«Երբեմն, ես աղոթում էի, որպեսզի իմանայի, թե որն էր ճիշտը, սակայն դա ավելի շուտ հիշեցնում էր անցողիկ միտք, քան՝ անկեղծ հարց: Ապա, մի երեկո, ես որոշեցի աղոթել «անկեղծ միտումով»:
Ես ասացի Երկնային Հորը, որ ցանկանում եմ իմանալ Նրա մասին և լինել Նրա ճշմարիտ Եկեղեցու մասը: Ես խոստացա. «Եթե Դու ինձ ասես, թե արդյոք Ջոզեֆ Սմիթը իրական մարգարե է, և թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, ես կանեմ այն ամենը, ինչ Դու կցանկանաս ինձանից: Եթե Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է, ես կհետևեմ դրան և երբեք չեմ հեռանա»:
Ես չունեցա վառ տպավորիչ հայտնություն, սակայն խաղաղություն զգացի և գնացի քնելու: Մի քանի ժամ անց, ես արթնացա մի հստակ մտքով. «Ջոզեֆ Սմիթը իրական մարգարե է, և Մորմոնի Գիրքը ճշմարիտ է»: Այդ միտքը ուղեկցվեց աննկարագրելի խաղաղությամբ: Ես կրկին քնեցի, որպեսզի հետո կրկին արթնանայի՝ ճիշտ նույն մտքով և զգացումով:
Այդ ժամանակից ի վեր, ես երբեք չեմ կասկածել, որ Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե է: Ես գիտեմ, որ սա Փրկչի աշխատանքն է և որ Երկնային Հայրը կպատասխանի մեր անկեղծ խնդրանքներին» (“How I Know,” Ensign, Oct. 2011, 64):
-
Մտածեք, թե ինչքան շատ եք դուք ուզում ունենալ ուժեղ վկայություն Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք որոշ բաներ, որոնք դուք արդեն արել եք Մորմոնի Գրքի վկայությունը ստանալու համար: Այնուհետև գրեք ինչ կարող էիք դուք անել Մորմոնի Գրքի մասին ավելի ամուր վկայություն ստանալու համար:
Բացեք Մորոնի 10.4-ը և պարզեք, թե ըստ Մորոնիի վկայության ինչ կանի Աստված նրանց համար, ովքեր հետևում են կարդալու, հիշելու, խորհելու և հարցնելու այս գործընթացին: Կարող եք այդ խոստումը նշել ձեր սուրբ գրություններում: (Մորոնի 10.4–5-ը սուրբ գրության սերտման հատված է:)
Կարդացեք Մորոնի 10.5–7, և գտեք, Մորոնին էլ ինչ խոստացավ, որ մենք կարող ենք իմանալ Սուրբ Հոգու միջոցով:
Մի սկզբունք, որ մենք կարող ենք սովորել Մորոնի 10.3–7– ից հետևյալն է. Եթե մենք հավատքով փնտրենք, կարող ենք Սուրբ Հոգու միջոցով Մորմոնի Գրքի և Հիսուս Քրիստոսի վերաբերյալ վկայություն ստանալ: Դուք կարող եք գրել սա ձեր սուրբ գրություններում՝ այդ հատվածների կողքին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալը.
-
Գրի առեք, թե ինչպե՞ս է այս տարվա ընթացքում կարդալը, հիշելը, խորհելը և աղոթելը ամրացրել ձեր վկայությունը Մորմոնի Գրքի և դրանում ուսուցանվող ճշմարտությունների մասին կամ օգնել ձեզ ձեռք բերել վկայություն:
-
Մտածեք այն մասին, երբ եք զգացել Սուրբ Հոգու վկայությունը Մորմոնի Գրքի ճշմարտացիության կամ մեկ այլ ավետարանական ճշմարտության մասին: Կարևոր է հիշել, որ մեծամասամբ հայտնությունը չի գալիս տպավորիչ ձևով: Մարդկանց մեծամասնությունը կզգան դա որպես խաղաղ զգացում և նուրբ հուշումներ Սուրբ Հոգուց, որոնք են՝ ջերմ, խաղաղ զգացումներ կամ ճշմարտության հավաստիացում: Հոգին կարող է նաև ավետարանի ճշմարտությունները վկայել տող առ տող, օգնելով մեզ ճշմարտությունը սովորել աստիճանաբար ժամանակի ընթացքում: Գրեք այն պահի մասին, երբ զգացել եք Սուրբ Հոգու հաստատող վկայությունը:
-
Մորոնի 10.27–29
Մորոնին վկայել է, որ նա մեզ կհանդիպի Աստծո ատյանի առաջ
Կարդացեք Մորոնի 10.27–29, և դիտարկեք, թե ինչպես են այդ հատվածները սովորեցնում հետևյալ սկզբունքները. Ովքեր ստացել են Մորմոնի Գիրքը, իրենց արձագանքի համար հաշվետու կլինեն Աստծուն: Պատկերացրեք դուք ունեք հնարավորություն հանդիպելու Մորոնիին Աստծո ատյանում: Խորհեք, թե ինչ կասեիք նրան Մորմոնի Գրքի վերաբերյալ և թե ինչպես է այն ազդել ձեր կյանքի վրա:
Սուրբ գրությունների սերտում— Մորոնի 10.4–5
Մորոնի 10.4–5 անգիր սովորելը կարող է ձեր համար մեծ օգնություն լինել Մորմոնի Գրքի ուղերձով ուրիշների հետ կիսվելիս: Որոշ ժամանակ տրամադրեք այն բառ առ բառ անգիր սովորելու համար: Կարող եք հատվածը մի քանի անգամ բարձրաձայն կարդալ: Այնուհետև այն երեք անգամ բառ առ բառ գրեք թղթի մի կտորի վրա կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Երբ վերջացնեք, փորձեք հիշելով արտասանել այդ հատվածները:
-
Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Մորոնի 10.1–7, 27–29 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.