Ամենամյա հեռարձակումներ
Զորությունը նրանց մեջ է


24:7

Զորությունը նրանց մեջ է

Ս&Ի 2025 թ․ ամենամյա ուսուցման հեռարձակում

23 hունվար 2025 թ․, հինգշաբթի

Նախաբան

Ինչպիսի՜ հրաշալի ուղերձ եղբայր Վեբի կողմից։ Եվ ինչպիսի հուզումնալի ժամանակ է Սեմինարիաների և Ինստիտուտների համար։ Մենք ունենք Կյանքի նախապատրաստության նոր ուսումնական ծրագիր։ Մենք ունենք Ինստիտուտի վերափոխման նախաձեռնությունը։ Սեմինարիա ցուցակագրվողների թիվն աճում է, այն աճում է նաև ինստիտուտում։ Ես կարծում եմ, որ բոլոր այս բաները, որ մենք անում ենք, օգնում է կառուցել մեր դասերն ու ուսնողների փորձառությունները և նշանակալի դարձնել դրանք։ Բայց ես իսկապես համաձայն եմ եղբայր Վեբի հետ, որ առկա է լրացուցիչ չափով զորություն, որը գալիս է ուխտերի միջոցով։ Եվ երբ երիտասարդները, պատանիներն ու չափահաս երիտասարդները ուխտի մեջ են մտնում, թարմացնում իրենց ուխտերը, մեր աշխատանքում առկա է լինում զորություն, որն ուժեղացնում է այն ամենը, ինչ մենք անում ենք։

Այսօր ես կուզենայի մի քիչ խոսել մեր դասարաններում ուսուցումը խորացնելու մասին։ Որպես բարձրագույն իշխանություն, ես պարբերաբար անցկացնում եմ այն, ինչը կոչվում է միսիայի շրջայց, որտեղ մենք վերանայում ենք միսիայի առաջընթացը, հետևում ենք միսիայի ղեկավարներին և գնահատում միսիոներների մշակույթն ու ոգին:

Այդ այցերից մեկի ժամանակ ես հուզիչ պահ ունեցա միսիայի ղեկավարության խորհրդի ժամանակ, որը բաղկացած էր միսիոներներից, ովքեր ղեկավարելու հանձնարարություններ ունեին ողջ միսիայում։ Այդ երիտասարդ ղեկավարները բոլորը հավատարիմ էին, բայց դժվարանում էին որոշում կայացնել, թե արդյոք ներգրավեին ոչ փորձառու միսիոներներին այն պարտականություններում, որոնք միսիայի նախագահը տվել էր ամբողջ միսիային։ Միսիոներներից մեկը որոշակի մտահոգություն հայտնեց, որ մյուս միսիոներներին ուղղակի չէր կարելի վստահել այդպիսի բարձր ակնկալիքներ։ Նա համոզված չէր, որ մյուսները բավականաչափ ունակ էին կատարելու այդ հանձնարարությունը և որ նրանց պակասում էր արդյունավետ գործելու հոգևոր հասունություն։ Մյուսների համար, քիչ փորձառու միսիոներներին ներգրավելը չափազանց մեծ աշխատանք էր թվում, և նրանք մտածում էին, որ ավելի արդյունավետ կլիներ, որ ղեկավար խումբն ինքը ստանձներ պատասխանատվությունը:

Ես ստիպված էի ժպտալ՝ նայելով այդ երիտասարդ միսիոներներին, ովքեր Եկեղեցու փորձառության լայն տեսանկյունից տարիքով շատ ավելի մեծ չէին, քան իրենց հասակակիցները, ովքեր այդքան շատ էին մտահոգվում նրանց համար: Այնուհետև ես խնդրեցի ղեկավար խմբին խորհել այն հնարավորության մասին, որ մեր Երկնային Հայրը տալիս է Իր բոլոր զավակներին գործելու և աճելու և ավետարանում պատասխանատվություն ստանալու համար: Ես ընդունեցի, որ իրենց տեսանկյունից, հավանաբար, թվում էր, թե զգալի տարբերություն կա նրանց փորձի և կարողությունների միջև՝ համեմատած միսիայում ծառայող մնացածի հետ: Ապա խնդրեցի նրանց մտածել, թե ինչի նման է դա Աստծո տեսանկյունից, երբ Նա ներքև է նայում՝ բոլորիս վրա։

Միսիայի ղեկավարության և միսիայի մնացած անդամների միջև ճեղքը կարող է անտեսանելի թվալ, եթե համեմատենք Աստծո բարձր դիրքի հետ, որտեղից Նա նայում է մեզ վրա: Եվ այնուամենայնիվ, Նա անընդհատ լիազորում է նշանակալի պարտականություններ և ներգրավում մեզանից այնքան շատերին՝ որպես եպիսկոպոսներ, Սփոփող միության նախագահներ, երեցների քվորումի նախագահներ, ինչպես նաև տարածաշրջանի ղեկավարներ և քույրերի ուսուցման ղեկավարներ։

Վարդապետություն և Ուխտերում մենք կարդում ենք․ «Մարդիկ պետք է ջերմեռանդ ներգրավված լինեն բարի գործի մեջ, և շատ բաներ անեն իրենց իսկ ազատ կամքով, և շատ արդարություն գործեն. քանզի զորություն կա նրանց մեջ, որով նրանք գործակալն են իրենց կամքի: Եվ որքան որ մարդիկ բարիք գործեն, նրանք ոչ մի դեպքում չեն կորցնի իրենց վարձքը»:

Այսօր ես կցանկանայի խոսել վստահության մասին, որը պահանջվում է ուսուցիչներից՝ թույլ տալու իրենց ուսանողներին օգտագործել իրենց ազատ կամքը, խորացնելու ուսումնառությունը և անձնական դարձը։ Ես հիմնականում կհենվեմ Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկի «Ջանասիրաբար սովորելու կոչ արեք» բաժնի վրա։

Եթերի 3-րդ գլխում Հարեդի եղբայրը աղերսում է Տիրոջը․ «Դիպչի՛ր այս քարերին, ո՜վ Տեր, քո մատով, և պատրաստիր դրանք, որ դրանք կարողանան փայլել խավարում, որ մենք կարողանանք լույս ունենալ, մինչ մենք կանցնենք ծովը»: Ես բազմիցս կարդացել եմ այս պատմությունը և այս անձնական փոփոխությունը, որպես Հարեդի եղբոր կողմից ազատ կամքի և նախաձեռնութան դրսևորում, որը իսկապես այդպես էր։ Բայց մինչև վերջերս ես չէի հասկացել Տիրոջ կատարած դերը Հարեդի եղբորը հրավիրելիս՝ նախ և առաջ պատասխանատվություն ստանձնել։ Նախքան Մորմոնի Գրքի այս մարգարեն կընտրեր քարերը, որոնք պետք է լույս տային, Տերն էր, որ հրավիրեց նրան պատասխանատվություն ստանձնել ոչ միայն բեռնանավերի կառուցման համար, այլ նաև գտնել դրանք լուսավորելու հնարավոր լուծումը և բացահայտել դա։

Մինչև Հարեդի եղբոր կողմից առաջարկվող լուծումը ներկայացնելը, Տերն էր, որ հարցրեց նրան հետևյալը․ «Ի՞նչ կկամենաք դուք, որ ես պատրաստեմ ձեզ համար, որ դուք կարողանաք լույս ունենալ, երբ դուք կուլ գնացած կլինեք ծովի խորքերին»: Այդ միտքը կար այդտեղ՝ հենց իմ դիմաց։ Նախկինում ես չէի գիտակցում դա։ Բայց նախքան Հարեդի եղբայրը գործեց այնպես, որ մենք հիանում ենք այդ գործողությամբ, նա հրավիրվեց գործելու, պատասխանատվություն ստանձնելու լուծման համար։ Այո, Հարեդի եղբայրը ստանձնեց նախաձեռնությունը, բայց Վարպետ Ուսուցիչը մեծացրեց դրա հնարավորությունը ու հավանականությունը՝ հրավիրելով նրան մտածել, գործել և լուծում գտնել։

Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում կարդում ենք․ «Անշուշտ, ակնածանք էր ներշնչում, երբ հետևում էինք Փրկչին ջրի վրայով քայլելիս: Բայց դա բավարար չէր Պետրոսի համար: Նա ցանկանում էր անել այն, ինչ Փրկիչն արեց, լինել այնտեղ, որտեղ Նա էր, և ինքն էլ ունենար նույն փորձառությունը»: Այլ խոսքով ասած, Փրկիչը հրավիրեց Իր աշակերտներին սովորել ջանասիրաբար, ճիշտ ինչպես Նա հրավիրում է մեզ բոլորիս։

Այսօր ես կգծեմ երեք ուղի, որոնցով մենք կարող ենք ջանասիրաբար սովորելու կոչ անել, ինչպես ուրվագծված է Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Առաջինը, «հրավիրեք սովորողներին պատրաստվել դասին»: Երկրորդը, «խրախուսեք սովորողներին կիսվել իրենց սովորած ճշմարտություններով»: Եվ երրորդը, «հրավիրեք սովորողներին ապրել համաձայն նրա, ինչ իրենք սովորում են»:

Երբ ես քննարկում եմ այս ջանքերից յուրաքանչյուրը՝ ջանասիրաբար սովորելու կոչ անելը, հուսով եմ մենք կարող ենք անել երկու բան, առաջինը, հուսով եմ մենք կարող ենք տեսնել մեր ուսանողներին այնպես, ինչպես Աստված է տեսնում նրանց, ընդունելով, որ ուժը նրանցում է, և որ Աստծո տեսանկյունից մենք բոլորս ունակ ենք սովորելու, երբ տրվում են հավասար հնարավորություններ գործելու և օգտագործելու մեր ազատ կամքը։ Երկրորդը, հուսով եմ, որ կմտածեք ուղիներ, որոնցով կարող եք ջանասիրաբար սովորելու կոչ անել՝ կարծես կան ասպարեզներ, որոնք կարող եք բարելավել։ Ես աղոթում եմ, որ Հոգին օգնի դրանք լուսավորել ձեր իսկ ուսուցման ընթացքում։

Քարոզիր Իմ ավետարանը գրքում մենք կարդում ենք․ «Լավ ուսուցչից սովորելը կարևոր է, սակայն ձեզ համար կարևոր է նաև իմաստալից փորձառություններ ձեռք բերել սուրբ գրությունների ինքնուրույն ուսումնասիրությունից»։ Ուղիներից մեկը, որով կարող եք հրավիրել ուսանողներին նախապատրաստվել դասին, սուրբ գրություններն ուսումնասիրելու հրավերն է։ Մենք պետք է օգնենք մեր ուսանողներին ավելի քիչ կախված լինել դասարանից անձնական կատարելագործման համար, երբ նրանք սովորում են զարգացնել ուղիղ և անձնական կապ Տիրոջ հետ սուրբ գրությունների միջոցով։ Բացի սեմինարիա և ինստիտուտ հաճախելու մեր ընդհանուր հրավերից, մենք կոչ ենք անում մեր ուսանողներից յուրաքանչյուրին կարդալ սուրբ գրությունները և այլ մարգարեական ուղերձները։ Սա ամենաարդյունավետն է լինում, երբ դա տեղի է ունենում նախքան դասարանական քննարկումը, որովհետև նախապատրաստությունը խորացնում է ուսումնառությունը և խթանում առկա կամ առցանց քննարկումը։

Այնքան շատ ձևեր կան՝ օգնելու ուսանողներին դասին նախապատրաստվելու համար։ Այդ ձևերից մեկը, որը ես եմ անում, հետևյալն է․ յուրաքանչյուր դասը ավարտում եմ հաջորդ դասի համար կարդալու հիշեցումով։ Երբ ես դասասենյակում եմ, հաճախ դա անում եմ՝ գրատախտակի վերևի աջ անկյունում գրելով ընթերցանության առաջադրանքը և անդրադառնում դրան դասի վերջում: Իհարկե, առցանց միջավայրում դա պետք է արվի ծրագրային մակարդակով՝ հենց դասընթացի ձևավորման մեջ: Սուրբ գրությունների ուսումնասիրության հրավերի մեկ այլ եղանակ է՝ նախքան դասը ուսանողներին է-փոստի կամ տեքստային հիշեցումներ ուղարկելը, դասարանային քննարկումից առաջ: Դուք կարող եք նաև ամրապնդել սուրբ գրությունների հետագա ուսումնասիրությունը՝ հաշվի առնելով նախապատրաստությունը, որը ձեր ուսանողները արել են՝ հնարավորություն տալով որևէ մեկին կիսվելու որևէ բանով, որը նրանք սովորել են իրենց սուրբ գրությունների ընթերցանությունից կամ մի հարց, որի պատասխանը նրանք հույս ունեն գտնել, գալով դասի այդ երեկո։

Բացի սուրբ գրությունների ուսումնասիրությունից, կան այլ ուղիներ՝ հրավիրելու ուսանողներին նախապատրաստվել դասին։ Ես տեսել եմ արդյունավետ ուսուցիչների, ովքեր նախապես մտածում են հարցեր ուղարկել իրենց ուսանողներին դասարանական քննարկումից առաջ։ Մեկ այլ արդյունավետ նախապատրաստական միջոց է՝ ընտրել ուսանողների և հրավիրել նրանց պատրաստվել դասից առաջ, որ ուսուցանեն դասի սկզբունքներից մեկը կամ կիսվեն մի փորձառությամբ, որը կօգնի մյուսներին ավելի լավ հասկանալ դասը։ Այդ ջանքերը ավելի մեծ ներդրում են պահանջում ուսուցչի կողմից և դրանք հաճախ ձեզանից պահանջում են ավելի շատ բան իմանալ ձեր ուսանողների կարիքների և փորձառությունների մասին, բայց դրանք վիթխարի ազդեցություն են ունենում ամբողջ դասարանի ուսումնառության փորձառությունները խորացնելու վրա։

Ես միշտ կարողանում եմ զգալ, երբ ուսուցիչները հրավիրում են ուսանողներին ժամանակից շուտ պատրաստվել, որովհետև այդ հրավերները փոխհատուցվում են ուսանողների ջանքերով, քննարկումը ավելի խորն է, ավելի իմաստալից է և ունի Հոգու լիակատար չափը։ Խնդրում եմ մտածեք, թե ինչպես կարող եք առաջարկել ուսանողներին պատրաստվել սովորելու քննարկումից կամ դասարանական միջոցառումից առաջ։

Այսպիսով, խորը ուսումնառությունը պահանջում է ավելին, քան պասիվ լսելը։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր ուսանողները ձգտեն առաջխաղացման և ներգրավված սովորողներ լինեն։ Ուղիներից մեկը, որ սա տեղի է ունենում, այն ժամանակ է, երբ ուսանողներին թույլատրվում է կիսվել նրանով, ինչ իրենք սովորում են ուրիշների հետ։ Եթե դուք գիտեք, որ ակնկալվում է, որ կիսվեք ձեր սովորածով, դուք այլ ձևով եք պատրաստվում։ Այս ակնկալիքը օգնում է նաև լսել այլ ձևով և լինել ավելի ակտիվ ձեր լսելու ընթացքում։ Իհարկե, հենց այն փաստը, որ արտաբերում եք ձեր սովորածը, խորացնում է այդ մտքերը և հստակեցնում այն, ինչ ուսանողը սովորում է և զգում։

Վարդապետություն և Ուխտերում մեզ հորդորվում է․ «Ուսուցիչ նշանակեք ձեր մեջ, և թող բոլորը միանգամից խոսնակ չլինեն. այլ տվյալ պահին թող մեկը խոսի, և թող բոլորը լսեն նրա ասածները, որ բոլորի խոսելուց հետո, բոլորը կարողանան միմյանցով շենանալ, և որ ամեն մարդ ունենա հավասար արտոնություն»:

Նշանակված ուսուցիչը, բնականաբար, ավելի շատ փորձառություն կունենա և ամենայն հավանականությամբ նյութն ավելի խորապես ուսումնասիրած կլինի, քան ուսանողների մեծ մասը։ Բայց հիշեք այն փորձառությունը, որով ես կիսվեցի իմ ուղերձի սկզբում միսիոներների մասին, ովքեր չէին վստահում մյուսներին պատասխանատվություն ստանձնել իրենց սեփական զարգացման համար։ Երբ ուսուցիչը գերիշխում է ուսումնական գործընթացի վրա, նա գուցե այնպիսի զգացում ունենա, որ ինքն արդյունավետ ուսուցիչ է, որովհետև իր ուղերձը համոզիչ է թվում և արձագանքում է իր սեփական զգացումների հետ։ Սակայն ուսանողներին չներգրավելով, նա հավանաբար չգիտի, թե ուսուցումը իրականում ինչպես է ազդում նրանց ուսումնառության վրա։ Դեռ ավելին, ուսուցանող մեկ աղբյուրը հաճախ զրկում է մյուս սովորողներին իրենց սովորածով կիսվելու լավ հնարավորություններից։

Շատ ուղիներ կան՝ թույլ տալու ուսանողներին, որ կիսվեն իրենց սովորածով։ Այդ անելու ամենապարզ ուղիներից մեկն է՝ ժամանակ տալ՝ մտածելու։ Սա կարող է լինել որպես քննարկման մաս՝ ուսումնական օրագրում գրելու, կամ նույնիսկ խորհրդածելու վարժության միջոցով։ Սա կարելի է անել նաև ներկայացնելով որևէ առակ, կյանքի իրավիճակ, կամ անձնական կիրառում, այնուհետև թույլ տալ ուսանողներին խորհրդածել գրավոր դիտարկման միջոցով՝ նախքան ուրիշների հետ կիսվելը։

Մեկ այլ ձև է տալ բոլորին հավասար արտոնություն մասնակցելու սովորելու գործընթացին՝ վարելով քննարկում հարցերով, որոնք կհրավիրեն ուսանողներին մտածել և կիսվել իրենց պատկերացումներով։ Ես սովորաբար ասում էի, որ եթե ունենայի երեք համոզիչ հարց, ես կկարողանայի մեկ ժամ ուսուցանել դասարանին։ Իմ դասավանդման նախապատրաստման ընթացքում, ես առաջինը հարցեր եմ մշակում, հիմնվելով թեմայի և դասի նպատակների վրա։ Ես որոշում եմ, թե որ սուրբ գրության հատվածները, մարգարեական հայտարարությունները, կամ անձնական փորձառությունը կարող են լավագույնս մատնանշել այդ ուսումնական նպատակները, այնուհետև ես գրում եմ և արտագրում տասնյակ հարցերի տարբերակներ, որոնք ես զգում եմ, որ կօգնեն ուսանողներին բացահայտել ճշմարտությունները այդ ուսումնական նպատակների վերաբերյալ։ Հարցերից մի քանիսը, որոնք ես գրում եմ, ավելի համոզիչ են, քան մյուսները, բայց մյուսներն արդյունավետ են իմ հիմնական թեման կամ նյութը խորացնելու համար։

Կան նաև ուղիներ, որոնցով կարող եք դարձնել ձեր հարցերը և քննարկման միջավայրը ավելի արդյունավետ։ Քննարկման ընթացքում մեկ կամ երկու ուսանողների գերիշխումը չի տարբերվում ուսուցչի կողմից ուսուցման գերիշխումից։ Երբ ես հարցեր եմ տալիս խմբային միջավայրում, ես հաճախ թույլ եմ տալիս մի պահ անցնի հարց տալուց հետո, նախքան ուսանողներին կխնդրեմ պատասխանել։ Սա կարող է անհարմար լինել մի այնպիսի ուսուցչի համար, ով հաճախ կամենում է անմիջապես պատասխան ստանալ, բայց դադարի մի պահը նպաստում է առնվազն երկու բանի։ Առաջինը, այն տալիս է ուսանողներին մտածելու ժամանակ։ Երկրորդը, դա ուսուցչին լրացուցիչ ժամանակ է տալիս մեծացնել խումբը, որն արձագանքում է քննարկմանը։ Հիշեք, դուք չպետք է ձայն տաք առաջինը ձեռք բարձրացնողին։ Ես նաև պարզել եմ, որ ուսանողներին նախապես հարցնելը, ինչ պետք է հարցնեիք դասարանում, օգնում է նրանց նախապատրաստվել և կարող է հատկապես արդյունավետ լինել այն ուսանողների համար, ովքեր ամաչկոտ են կամ կարծում են, թե իրենց մեկնաբանություններն արժեքավոր չեն։ Հիշեք նաև, որ մասնակցության հրավերը պահանջում է, որ ուսումնական միջավայրը ապահովություն ներշնչի։ Ուսանողի մեկնաբանության վրա հիմնվելը կամ նույնիսկ հետո երկտող ուղարկելը, միջոցներ են՝ ամրապնդելու մասնակցությունը և օգնելու ուսանողներին զգալ, որ իրենց մասնակցությունը գնահատվում է։

Վերջապես, նույնիսկ լավագույն խմբային քննարկումները գուցե թույլ չտան բոլորին կամ նույնիսկ մեծամասնությանը մասնակից լինել ժամանակի սահմանափակ հատվածում։ Ես հաճախ վերցնում եմ իմ հիմնական հարցերից մեկը և խնդրում ուսանողներին կիսվել զույգերով կամ փոքրիկ խմբերով, այնպես որ ապահովեմ ամբողջ դասարանին, որ բոլորը ունենան առնվազն մեկ հարց։ Երբ մենք քաջալերում ենք ուսանողներին կիսվել իրենց սովորած ճշմարտություններով, մենք հրավիրում ենք նրանց ստանձնել սեփական ուսումնառության պատասխանատվությունը։

Նեփին ուսուցանում է, որ ազատ կամքի զորությունն այն է, որ թույլ է տալիս մեզ գործել ինքնուրույն և չներգործվել: Արդյոք մեր դասարանների միջավայրն այնպիսին է, որ թույլ է տալիս ուսանողերին գործել և վերցնել իրենց ուսումնառության պատասխանատվությունը։ Թե՞ դրանք պասիվ միջավայրեր են, որտեղ ուսանողները պարզապես ներգործվում են, մինչ լուռ լսում են։ Եթե որևէ մեկը այցելեր ձեր դասարան այս շաբաթ, արդյոք կտեսնե՞ր այնպիսի ուսանողների, ում հնարավորություն է տրվում ընդգրկվել ուսումնառության գործընթացում։ Դժվար է հրավիրել սովորել ջանասիրաբար, եթե թույլ չենք տալիս ուսանողներին կիսվել իրենց մտքերով, ոգեշնչումով և ապրել ըստ սովորած ճշմարտությունների։ Խնդրում եմ խրախուսեք ուսանողներին կիսվել իրենց սովորած ճշմարտություններով և դարձրեք դա ձեր դասարանական փորձառության մասը։

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն ուսուցանել է․ «Գործելու հրավերը կարևոր է, որովհետև հավատքը Փրկչի հանդեպ գործի և զորության սկզբունք է։ Որպես Տիրոջ ծառա, իմ դերը պարզապես տեղեկություններ տարածելը չէ։ Եթե մարդիկ պետք է մեծացնեն հավատքը առ Հիսուս Քրիստոս, ապա նրանք պետք է գործեն համաձայն Փրկչի ուսմունքների»։

Եկեղեցու կրթական համակարգում կրոնական կրթության նպատակն է «այնպես ուսուցանել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, որ օգնի ուսանողներին ողջ կյանքի ընթացքում դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտներ, ովքեր կապում են և պահում ուխտեր, ովքեր սիրում են Աստծուն և ուրիշներին և ովքեր ունակ են, պատրաստակամ և նվիրված Իսրայելի հավաքմանը վարագույրի երկու կողմերում»։ Այդպիսի աշակերտությունը չի կայանա՝ մինչև մեր ուսուցումը չներառի ավելին դառնալու և մեր սովորածով ապրելու հրավերներ։

Հետևյալ հատվածը գալիս է ուղիղ Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկից․ «Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի»: «Սիրե՛ք ձեր թշնամիներին»։ «Խնդրե՛ք, և կտրվի ձեզ»։ «Նեղ դռնո՛վ ներս մտեք»։ [Մատթեոս 5․16, 44, 7․7, 13]: Փրկչի ողջ երկրային ծառայության ընթացքում ամենավառ, հիշարժան հրավերներից մի քանիսը հնչեցին, երբ Նա ուսուցանեց Իր աշակերտներին Գալիլեայի ծովին նայող սարի լանջին: Ինչպես պարզ դարձավ Նրա ամփոփիչ հրավերից, Փրկչի նպատակն էր կյանքեր փոխել․ «ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա» [Մատթեոս 7.24], շեշտադրումն ավելացված է]: Խնդրում ենք հրավիրել ձեր դասարանի սովորողներին ապրել ըստ նրա, ինչ սովորում են։

Իմ այս ուղերձին նախապատրաստվելիս, ես խնդրել եմ ձեզանից յուրաքանչյուրին պատրաստվել, ուսումնասիրելով «Ջանասիրաբար սովորելու կոչ արեք» բաժինը՝ Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկից: Քանի որ մենք անձնապես միասին չենք և ձեզանից ոմանք գուցե դիտում են առանձին, ես խրախուսում եմ ձեզ հետևյալ հարցերի վերաբերյալ կիսվել մտքերով ուսուցումների ձեր խմբերի հետ հավաքված կամ առցանց միջավայրերում, որոնք կխնդրենք ուսուցումների խմբերի ղեկավարներին հարմարեցնել։ Այդ հարցերը ներառում են․

  • Ինչո՞ւ է ավետարանի ուսուցումն ավելի արդյունավետ, երբ այն ներառում է անձնական գործողություն, նախապատրաստություն, կիսվելու և անձնական հրավերներին արձագանքելու հնարավորությունը։

  • Ի՞նչ սուրբգրային և մարգարեական հայտարարություններ են հաստատում նախորդ հարցի վերաբերյալ ձեր դիտարկումները:

  • Եվ ի՞նչ կասեք այս հայտարարությունների մասին, թե ինչպես են դրանք արձագանք գտնում անձամբ ձեզանում։

Ի վերջո, խնդրում եմ մտածեք մեր վերանայած սկզբունքներից յուրաքանչյուրի մասին, թե ինչպես կարող են դրանք ձեր ուսանողներին հրավիրել, որ ջանասիրաբար սովորեն․ առաջինը, հրավիրեք ուսանողներին պատրաստվել դասին, երկրորդը, խրախուսեք նրանց կիսվել իրենց սովորած ճշմարտություններով և երրորդը, հրավիրեք ապրել համաձայն իրենց սովորածի։

Իմ եզրափակիչ հրավերն է՝ մտածել, թե ինչպես կարող եք զորացնել ձեր իսկ ուսուցումը այս երեք ասպարեզներից յուրաքանչյուրում։

  • Ինչպե՞ս կարող եմ ավելի հետևողական և ավելի արդյունավետ հրավիրել իմ ուսանողներին նախապատրաստվել մինչև սովորելու փորձառությունը։

  • Ինչպե՞ս կարող եմ խրախուսել իմ դասարանի ուսանողներին կիսվել իրենց սովորածով և լինել ակտիվ մասնակիցներ իմ դասարանում։

  • Ի վերջո, ի՞նչ հրավերներ կզորացնեն իմ ուսանողներին և կօգնեն նրանց ապրել համաձայն նրա, ինչ նրանք սովորում են:

Եղբայրներ և քույրեր, մենք այնքան շատ ենք սիրում ձեզ և մենք հնարավորություն ունենք հետևելու Փրկչի օրինակին՝ հրավիրելով ջանասիրաբար սովորել։ Խնդրում ենք, վստահեք ձեր ուսանողներին։ Սա է միակ ճանապարհը, որ նրանք դառնան այնպիսին, ինչպիսին Տերն է կամենում, որ նրանք դառնան։ Մենք չենք տարածում տեղեկատվություն, ոչ էլ պարզապես ոգեշնչում մեր ուսանողներին խանդավառ անհատականությամբ և գրավիչ դասերով։ Մենք պատրաստում ենք ուսանողներին հոգևորապես գոյատևել ահագնացող մարտահրավերների ժամանակաշրջանում։ Հոգևոր գոյատևումը կախված կլինի Սուրբ Հոգու ուղղորդումը ճանաչելու ունակությունից։

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը ուսուցանել է. «Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես սփոփող ազդեցության»:

Երբ մենք ուսուցանում ենք մեր ուսանողներին սովորել ջանասիրաբար՝ դառնալով ակտիվ մասնակիցներ, մենք նաև ուսուցանում ենք նրանց, թե ինչպես փնտրել և ստանալ ուղղորդում Սուրբ Հոգուց։ Այս հմտությունը կօրհնի նրանց երկար տարիներ, մեր դասարանն ավարտելուց հետո։ Երբ դուք հրավիրեք ջանասիրաբար սովորել, ես խոստանում եմ՝ դուք կտեսնեք, որ հրաշքներ են տեղի ունենում ձեր ուսանողների կյանքում։ Զորությունը նրանց մեջ է․ այս մասին եմ ես վկայում, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: