Ամենամյա հեռարձակումներ
Ինչպես պատրաստվել և ուսուցանել «Կյանքին նախապատրաստվելու դասերը». ներածություն


4:41

Ինչպես պատրաստվել և ուսուցանել «Կյանքին նախապատրաստվելու դասերը». ներածություն

Ս&Ի 2025 թ․ ամենամյա ուսուցման հեռարձակում

23 hունվար 2025 թ․, հինգշաբթի

Եղբայր Ջեյսոն Վիլլարդ․ Ողջույն, իմ անունը Ջեյսոն Վիլլարդ է։ Ինչպես դուք, ես սիրում եմ Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, իմ ամբողջ սրտով: Ես սիրում եմ երիտասարդներին և չափահաս երիտասարդներին ողջ աշխարհում: Ինչպես դուք, ես նույնպես ցանկանում եմ օգնել նրանց խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը, արժանի լինել տաճարային օրհնություններին, պատրաստվել և պատրաստել իրենց ընտանիքների անդամներին և ուրիշներին հավերժական կյանքին՝ իրենց Երկնային Հոր հետ:

Այդ նպատակով ես կցանկանայի կիսվել որոշ մտքերով, որոնք կհեշտացնեն Կյանքի նախապատրաստման դասերին պատրաստվելու և ուսուցանելու գործընթացը: 2024 թվականի հունվարին եղբայր Չադ Վեբը ներկայացրեց այս թեմատիկ դասերը, որոնք կուսուցանվեն յուրաքանչյուր շաբաթ մեկից երկու անգամ։ Դասընթացն ընգրկում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են միսիան, տաճարային և կրթական պատրաստությունը, սուրբ գրությունների ուսումնասիրության հմտությունները, էմոցիոնալ ճկունությունը, կյանքի հմտությունները և վերջին օրերի մարգարեների ուսմունքները:

Նա նաև մեզ հետ կիսվեց Կյանքի նախապատրաստման այս դասերի գաղափարով և նպատակով, երբ ասաց.

Եղբայր Չադ Հ Վեբ․ Մենք հուսով ենք, որ կկարողանանք պատրաստել երիտասարդների մի սերունդ, որը կիմանա, թե ինչպես ուսումնասիրել սուրբ գրությունները և կիրառել կենդանի մարգարեների ուսմունքները: Էմոցիոնալ առումով կայուն մի սերունդ, որն ունի դպրոցում հաջողության հասնելու հմտություններ և կարողություն, երիտասարդներ, որ կարող են դառնալ արդարակյաց հայրեր ու մայրեր, որոնք առաջնորդելու են Եկեղեցում և իրենց համայնքներում: Մենք հուսով ենք, որ կօգնենք պատրաստել մի սերունդ, որը կհասկանա տաճարային ուխտերը և խոր նվիրվածությամբ կպահի դրանք, միսիոներների մի սերունդ, որն արժանի է, որակավորված, հոգևոր եռանդով լի և պատրաստ ներկայացնելու Փրկչին՝ հրավիրելով բոլոր մարդկանց գալ Նրա մոտ։

Մենք հուսով ենք, որ կպատրաստենք Հիսուս Քրիստոսի աշակերտների մի սերունդ, որոնք իրենց կյանքի ընթացքում խորապես դարձի կգան դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը»:

Եղբայր Ջեյսոն Վիլլարդ․ Երբ անցած տարի այցելեցինք այս թեմատիկ դասերն ուսուցանող ուսուցիչներին, մենք պարզեցինք, որ այդ հույսն իրականություն է դառնում: Ուսուցիչները, ովքեր մտքում պահում են այն նպատակը, թե ինչ են ցանկանում, որ աճող սերունդը դառնա, տեսնում են այն հրաշքները, որոնք նկարագրել էր եղբայր Վեբը: Կյանքի նախապատրաստման դասերի նպատակը հստակորեն հիշելով՝ եկեք խոսենք այն մասին, թե ինչպե՞ս պատրաստել և ուսուցանել այս թեմատիկ դասերը: Վերջերս ես ուսուցանեցի կյանքի նախապատրաստման այս դասերից մեկը սեմինարիայում: Քանի որ ես ձեռնադրվել էի որպես իմ ցցի հայրապետ, ես կարծեցի, որ ավելի հեշտ կլիներ ուսուցանել հայրապետական օրհնությունների մասին։ Այսպիսով, ես գնացի լսարան՝ ուսուցանելու հայրապետական օրհնությունների մասին։

Դա լավ փորձառություն էր։ Դասը ուսուցանելուց հետո ես հանդիպեցի մեր ուսումնական ծրագրերի հեղինակներից մեկի հետ և իմացա, որ այս դասը, կյանքի նախապատրաստման մյուս դասերի հետ միասին, գրված էին այնպես, որ օգնեին ուսուցչին անել ավելին, քան պարզապես սովորեցնել որոշակի թեմա։ Ես հասկացա, որ յուրաքանչյուր դաս ուներ երեք հիմնական տարր՝ հատուկ նպատակ, ընդգծված ճշմարտություն, որը գտնվում է Աստծո խոսքում, և կիրառում, որտեղ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն կունենա ցուցադրելու իր սովորածը:

Այս երեք հիմնական բաները նկատի ունենալով, ես պատրաստվեցի մի քանի շաբաթ անց նույն դասը ուսուցանել սեմինարիայի մեկ այլ խմբում: Ուսուցման փորձի տարբերությունը ապշեցուցիչ էր: Հայրապետական օրհնություն ստացած ուսանողներն անկեղծ ցանկություն հայտնեցին ավելի ուշադրությամբ ուսումնասիրելու իրենց օրհնությունը: Մի երիտասարդ, որին ես երբեք չեմ մոռանա, կիսվեց դասարանի հետ, որ ցանկանում էր ավելի ջանասիրաբար պատրաստվել միսիայի, որի մասին նշված էր իր հայրապետական օրհնության մեջ:

Հայրապետական օրհնություն չստացած ուսանողների մեջ կար մի երիտասարդ կին, որն արտասվելով կիսվեց այդ օրհնությունը շտապ ստանալու իր զգացումով։ Այլևս ես չէի այն մասնագետը՝ հայրապետը, որը սովորեցնում էր հայրապետական օրհնության մասին։ Ես անում էի այն, ինչ կարող էր անել ցանկացած ուսուցիչ աշխարհի ցանկացած վայրում այս երեք հիմնական հմտությունների շնորհիվ: Որպեսզի օգնենք ձեզ և ձեր ուսանողներին ունենալ կյանքը փոխող Կյանքի նախապատրաստման դասեր, եկեք տեսնենք, թե ինչպես է դա հնարավոր ուսուցիչներին ուսուցանելիս․ ուսուցչի՝ դասին նախապատրասվելիս և վերջապես ուսանողների հետ լսարանում: