«Սուրբ գրությունների նոթագրում. Բարելավենք մեր ուսումնասիրությունը՝ նշելու, նշումներ ավելացնելու և մեր սուրբ գրություններին հղումներ կատարելու միջոցով», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Սուրբ գրությունների նոթագրում. Բարելավենք մեր ուսումնասիրությունը՝ նշելու, նշումներ ավելացնելու և մեր սուրբ գրություններին հղումներ կատարելու միջոցով», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ․ Դաս 168
Սուրբ գրությունների նոթագրում
Բարելավենք մեր ուսումնասիրությունը՝ նշելու, նշումներ ավելացնելու և մեր սուրբ գրություններին հղումներ կատարելու միջոցով
Սուրբ գրությունների անձնական ուսումնասիրությունը կարող է օգնել մեզ ավելի ամուր հարաբերություններ զարգացնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Մեր սուրբ գրությունների նոթագրումը (նշելը, նշումներ ավելացնելը և հղումներ կատարելը) կարող է օգնել մեզ ավելի շատ ուշադրություն դարձնել այն բառերին, որոնք ուսումնասիրում ենք և արդյունքում ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այս դասի ընթացքում ուսանողները կսովորեն նոթագրել իրենց սուրբ գրություններն այնպես, որ դա օգնի իրենց ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք իրենց ընտանիքի, ծխի կամ ճյուղի մի քանի անդամի հարցնել, թե ինչ օգտակար բաներ են գտել՝ սուրբ գրությունները նշելիս: Ուսանողները պետք է պատրաստ լինեն՝ կիսվելու իրենց սովորածով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Օգտվեք սուրբ գրություններից
Դասի սկզբում կարող եք ցուցադրել կամ նկարել Հին Կտակարանի ժամանակներից մի երիտասարդի հետևյալ նկարը: Ասացեք ուսանողներին, որ սա Հակոբ անունով իսրայելացի դեռահաս է, որն ապրել է մ.թ.ա. 600 թվականին: Ուսանողներին առաջարկեք պատկերացնել, որ նրանք հարցազրույց են վերցնում Հակոբից: Ուսանողներին առաջարկեք զուգընկերոջ կամ փոքր խմբի հետ քննարկել, թե, ըստ իրենց, Հակոբն ինչպես կարող է պատասխանել հետևյալ երեք հարցին:
-
Ինչպե՞ս են ձեր ժամանակներում ստեղծվում սուրբ գրությունները:
-
Ի՞նչ պետք է անեք, որպեսզի սովորեք սուրբ գրություններից։
-
Ինչպիսի՞ն են ձեր փոխհարաբերությունները սուրբ գրությունների հետ:
Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք կիսվել, որ մ.թ.ա. 600 թվականին սուրբ գրությունները փորագրվել են մետաղական թիթեղների և փայտե տախտակների կամ, գուցե՝ մագաղաթի վրա: Հավանական է, որ Հակոբը ստիպված կլիներ ճամփորդել այնտեղ, որտեղ հասանելի էին սուրբ գրությունները և լսեր այն մարդուն, որը կարդում էր դրանք: Նա կարող էր նաև լսել, թե ինչպես են մարդիկ հիշողությամբ կիսվում իրենց իմացածով:
-
Եթե Հակոբը ձեզանից հարցազրույց վերցներ, ինչպե՞ս կպատասխանեիք այդ հարցերին:
-
Ի՞նչ կարող է նա մտածել ձեր պատասխանների մասին:
Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել սուրբ գրություններից օգտվելու իրենց բացառիկ հնարավորության մասին, կիսվեք հետևյալ խոսքերով։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.
Մտածեք մեր օրհնության մեծության մասին՝ ունենալով Սուրբ Աստվածաշունչը և մոտ 900 էջ հավելյալ սուրբ գրություն, ներառյալ Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկարժեք Մարգարիտը: Այնուհետև հաշվի առեք, որ ի լրումն դրա, մարգարեների խոսքերը, որոնք ասվում են Սուրբ Հոգուց մղված՝ այնպիսի իրավիճակներում, ինչպիսին սա է, որոնք Տերը կոչում է սուրբ գրություններ (տես Վ&Ու 68․2–4), գրեթե անընդհատ հոսում են դեպի մեզ … Կարծում եմ, որ պատմության մեջ երբեք չի եղել մի ժողովուրդ, որն օրհնված լիներ սուրբ գրվածքների այսպիսի քանակությամբ: Եվ բացի այդ, ամեն տղամարդ, կին և երեխա կարող է ունենալ և ուսումնասիրել այս սրբազան տեքստերի իր անձնական օրինակը, մեծ մասամբ` իրենց լեզվով: Որքա՜ն անհավանական կթվար այս ամենը … նախկին տնտեսությունների սրբերին: Անշուշտ, այս օրհնությամբ Տերը ասում է մեզ, որ սուրբ գրությունների օգնությանը դիմելու մեր անհրաժեշտությունն ավելի մեծ է, քան երբևէ նախկինում: («Սուրբ գրության օրհնությունը», Լիահոնա, նոյ․ 2010, 35)
-
Ի՞նչը տպավորեց ձեզ երեց Քրիստոֆերսոնի խոսքերում:
-
Ի՞նչ առավելություններ կարող եք ստանալ՝ ունենալով սուրբ գրությունների ձեր անձնական հավաքածուն:
Կարող եք ցուցադրել սուրբ գրությունների ձեր անձնական հավաքածուն: (Եթե ունեք դրանք, կարող եք բերել ձեզ պատկանող սուրբ գրությունների առաջին հավաքածուն:) Կարող եք կիսվել ուսանողների հետ, թե ինչ է նշանակում ձեզ համար ձեր կյանքում ունենալ սուրբ գրությունների անձնական օրինակը:
Ուսանողների հետ կիսվեք, որ անձնական սուրբ գրություններ ունենալու օրհնություններից մեկը դրանք նոթագրելու կարողությունն է (նշել, նշումներ կատարել և կապել հատվածները):
-
Ի՞նչ առավելություններ կարող եք ստանալ՝ նոթագրելով ձեր անձնական սուրբ գրությունները:
Ուսանողներին առաջարկեք փնտրել եղանակներ, որոնց միջոցով կարող են ավելի լավ օգտագործել իրենց անձնական սուրբ գրություններն այսօր՝ օգտագործելով նոթագրելու հմտությունը:
Գուցե դուք ժամանակ չունենաք՝ նոթագրման երեք հմտությունն էլ ուսուցանելու համար: Ընտրեք դրանցից այն հմտություն(ներ)ը, որն, ըստ ձեզ, ամենաշատը կօրհնի ձեր ուսանողներին: Եթե ուսուցանում եք մի քանի հմտություն, կարող եք նախ ուսուցանել յուրաքանչյուր հմտության «Սահմանեք» և «Մոդելավորեք» բաժինները, ապա ուսանողներին խնդրեք միաժամանակ «Կիրառել» այդ հմտությունները:
Նախքան հմտությունները ներկայացնելը՝ կարող եք ցուցադրել կամ գրատախտակին գրել Մովսես 7.18 ամբողջ հատվածը (կամ ձեր ընտրած մեկ այլ հատված), որպեսզի այն դասի ընթացքում հնարավոր լինի նշել տարբեր եղանակներով:
Հմտություն․ նշումներ կատարեք սուրբ գրություններում
Սահմանեք
Սուրբ գրություններում նշումներ կատարելը եղանակ է, որի միջոցով կարող եք ընդգծել այն բառը, արտահայտությունը կամ հատվածը, որն, ըստ ձեզ, կարևոր է կամ նշանակալից: Դա կարող է օգնել ձեզ հիշել, թե ինչ է ուսուցանում այդ հատվածը: Սուրբ գրություններում նշումներ կատարելը կարող է նաև օգնել ձեզ առանձնահատուկ ուշադրություն դարձնել ձեր կարդացածին, ինչը կարող է բացել ձեր միտքն ու սիրտը՝ Հիսուս Քրիստոսի, Նրա ուսմունքների և Նրա ծառաների խոսքերն ավելի խորը հասկանալու համար:
Մոդել
Մի քանի ուսանողի առաջարկեք գալ գրատախտակի մոտ և ցույց տալ, թե ինչպես կարող են տարբեր եղանակներով նշել գրատախտակին ցուցադրված Մովսես 7.18 հատվածը:
-
Ինչպիսի՞ եղանակներով մարդիկ կարող են նշումներ կատարել իրենց սուրբ գրություններում։
Պատասխանները կարող են ներառել՝ հատվածն ընդգծելը, արտահայտությունն ընդգծելը կամ բառը շրջանակի մեջ վերցնելը:
Կարող եք ցուցադրել «A Marking System That Works for You» (1:56) տեսանյութը, որում Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը քննարկում է սուրբ գրություններում նշումներ կատարելը: Տեսանյութը դիտելուց հետո խնդրեք ուսանողներին ավելացնել լրացուցիչ եղանակներ՝ նախկինում չնշված սուրբ գրություններում նշումներ կատարելու համար:
1:58Թվային տարբերակով սուրբ գրություններում նշումներ կատարելու համար ուսանողներին ցուցադրեք, թե ինչպես նշեն իրենց սուրբ գրությունները տարբեր գույներով՝ օգտագործելով դրանք նշելու և ընդգծելու գործառույթները: Այդ գործառույթները կարող են ավելի շատ տարբերակներ առաջարկել, թե ինչպես ուսանողները կարող են անհատականացնել իրենց նոթագրությունները: Այդ հարցի վերաբերյալ օգնության համար սեղմեք Gospel Library հավելվածի վերևի աջ անկյունում գտնվող երեք կետը, ապա սեղմեք «Օգնություն» կոճակը: Այնտեղ կարող եք գտնել «Ընգծել հատվածը» վերնագրով մի տեսանյութ։
-
Ի՞նչ պատճառներով եք որոշում որևէ բան նշել ձեր սուրբ գրություններում:
Կիրառեք
Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել նշումներ կատարելը, նրանցից յուրաքանչյուրին տվեք «Կիրառեք սուրբ գրությունները նոթագրելու հմտությունը» վերնագրով աշխատաթերթը։ Եթե ձեր ուսանողներն օգտագործում են թղթային սուրբ գրություններ, տրամադրված աշխատաթերթի փոխարեն կարող եք պատճենել մի էջ սուրբ գրություններից, որտեղ ներառված կլինեն Սաղմոս 116.1–9 հատվածները, որպեսզի ուսանողները կարողանան կիրառել նշումներ կատարելը: Այդ տարբերակներից որևէ մեկը ուսանողներին տրամադրելը հնարավորություն կտա նշումներ կատարելու տարբեր մեթոդներ փորձել՝ տեսնելու, թե նրանք ինչպես են կարողանում կամ չեն կարողանում նշումներ կատարել իրենց անձնական սուրբ գրություններում: Ուսանողները կարող են կարդալ աշխատաթերթում ներառված առաջին չորս հատվածը (Սաղմոս 116.1–4)՝ օգտագործելով մեկ մեթոդ, իսկ վերջին հինգ հատվածը (Սաղմոս 116.5–9)՝ օգտագործելով նշումներ կատարելու մեկ այլ մեթոդ: Եթե ուսանողներն օգտագործում են սուրբ գրությունների թվային տարբերակը, նրանք կարող են կարդալ և նշել նույն հատվածները Gospel Library հավելվածում՝ օգտագործելով տարբեր մեթոդներ: Կարող եք ցուցադրել, թե նրանք ինչպես կարող են ջնջել իրենց կատարած թվային նշումները, եթե ցանկանան դա անել կիրառելուց հետո:
Հմտություն․ նշումներ կատարել
Սահմանեք
Նոթագրելու մեկ այլ տեսակ է՝ նշումներ կատարելը:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ա. Բեդնարն ուսուցանել է, թե ինչպես և ինչու ենք մենք նշումներ կատարում.
Գրի առնել այն, ինչ մենք սովորում, մտածում և զգում ենք սուրբ գրություններն ուսումնասիրելիս. սա խորհելու ևս մեկ ձև է և մի հզոր հրավեր Սուրբ Հոգուն՝ շարունակելու ցուցումները: («Because We Have Them before Our Eyes», New Era, ապրիլ 2006, 6–7)
Մոդել
-
Ինչպե՞ս կարող ենք գրել այն, ինչ սովորում, մտածում կամ զգում ենք սուրբ գրությունների մեր ուսումնասիրության ընթացքում:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ նրանք կարող են գրել իրենց սուրբ գրությունների լուսանցքներում, ուսումնասիրության օրագրում կամ կատարել դրա էլեկտրոնային նշումը:
Օգտագործելով գրատախտակին գրված հատվածը, ցույց տվեք, թե ինչպես կարող են ուսանողները նշումներ կատարել իրենց սուրբ գրությունների լուսանցքում: Կարող եք ցուցադրել օրինակ, թե ինչպես եք նշումներ կատարել ձեր անձնական սուրբ գրություններում կամ ուսումնասիրության օրագրում: Կարող եք նաև ցուցադրել, թե ինչպես կարելի է էլեկտրոնային նշում կատարել՝ օգտագործելով Gospel Library հավելվածի նշումներ կատարելու գործառույթը (տես «Գրեք ձեր մտքերը» ենթաբաժինը «Օգնություն» բաժնում):
Կիրառեք
Եթե արդեն օգտագործել եք աշխատաթերթը, ուսանողներին առաջարկեք ընտրել ինչ-որ բան, որը նշել են Սաղմոս 116 գլխում։ Ապա ուսանողներին առաջարկեք լուսանցքներում գրել մի բան, որը սովորել են, ինչի մասին մտածել են կամ զգացել են սովորելու ընթացքում: Եթե ուսանողներն օգտագործում են սուրբ գրությունների թվային տարբերակը, նրանք կարող են նշում ավելացնել նույն հատվածներում իրենց կատարած նշումներից մեկին:
Եթե ժամանակը թույլ տա, ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գրածով դասարանի հետ կամ փոքր խմբերով:
Հմտություն․ կապել հատվածները
Սահմանեք
Քանի որ սուրբ գրությունները կարող են լրացնել կամ աջակցել այլ սուրբ գրություններին, օգտակար կլինի խաչաձև հղում կատարել կամ կապել իրար այդ սուրբ գրությունները: Դա անելու եղանակներից մեկը՝ մի սուրբ գրություն մեկ այլ սուրբ գրության լուսանցքում գրելն է: Կարող եք նաև օգտագործել «Հղում» գործառույթը Gospel Library հավելվածում:
Մոդել
Անդրադարձեք գրատախտակին գրված սուրբ գրությանը։ Ուսանողներին առաջարկեք կարդալ հետևյալ սուրբ գրությունը՝ որպես խաչաձև հղում: Եթե որոշել եք գրատախտակին գրել այլ հատված, գտեք համապատասխան հատվածը, որպեսզի կապեք դրան:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 97.21 հատվածը և փնտրեք, թե ինչպես է այն կապված Մովսես 7.18 հատվածի հետ։
-
Ինչո՞ւ է օգտակար այդ երկու հատվածները միմյանց հետ կապելը:
Գրատախտակին գրված հատվածի կողքին գրեք Վարդապետություն և Ուխտեր 97.21 հատվածն այնպես, կարծես այն գրված լինի հատվածի լուսանցքում: Թվային տարբերակով սուրբ գրությունների համար ուսանողներին ցույց տվեք, թե ինչպես կապել հատվածները՝ օգտագործելով «Հղում» գործառույթը Gospel Library հավելվածում (տես «Կապել առնչվող բովանդակությունը» ենթաբաժինը «Օգնություն» բաժնում):
Կիրառեք
Ուսանողներին առաջարկեք կրկին անդրադառնալ աշխատաթերթին: Այս վարժության համար ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և առաջարկեք նրանց մտածել այլ սուրբ գրությունների մասին, որոնք վերաբերում են այն ամենին, ինչ նշել են իրենց թղթերի վրա: Օրինակներ գտնելիս ուսանողները կարող են դրանցով կիսվել իրենց խմբերի հետ և միասին կարդալ դրանք: Ապա ուսանողները կարող են թղթի լուսանցքներում խաչաձև հղումներ ավելացնել կամ ավելացնել հղումներ՝ օգտագործելով կապելու գործառույթն իրենց թվային սուրբ գրություններում:
Եզրափակում
Պատրաստակամ ուսանողներից մի քանիսին առաջարկեք կիսվել, թե ինչ սովորեցին նոթագրության այս հմտությունները կիրառելուց: Ուսանողներին կարող եք տալ հետևյալ երկու հարցը. Գոհունակություն հայտնեք ուսանողներին իրենց պատասխանների համար:
-
Ինչպե՞ս է ձեր սուրբ գրությունները նոթագրելն օգնել ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին ձեր անձնական ուսումնասիրության ժամանակ:
-
Ի՞նչ գաղափար կամ հմտություն եք ձեռք բերել այսօր, որը կարող է օգնել ձեզ ավելի իմաստալից յուրացնել սուրբ գրությունները:
Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն մասին, թե ձեր անձնական սուրբ գրությունները նոթագրելն ինչպես է օրհնություն եղել ձեր կյանքում: Ուսանողներին առաջարկեք ձգտել ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ իրենց սուրբ գրությունները նոթագրելու հմտությունը կիրառելու միջոցով:
Ուսանողներին առաջարկեք մտածել այն մասին, թե որքան լավ են իրենք օգտագործում նոթագրելու հմտությունը, ընտրել իրենց սովորած հմտությունը և փորձել այն կիրառել իրենց անձնական սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ: