Սեմինարիա
Գտնել ավետարանի ճշմարտությունները սուրբ գրություններում. Սովորենք բացահայտել վարդապետությունն ու սկզբունքները


«Գտնել ավետարանի ճշմարտությունները սուրբ գրություններում. Սովորենք բացահայտել վարդապետությունն ու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Գտնել ավետարանի ճշմարտությունները սուրբ գրություններում. Սովորենք բացահայտել վարդապետությունն ու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ․ Դաս 167

Գտնել ավետարանի ճշմարտությունները սուրբ գրություններում

Սովորենք բացահայտել վարդապետությունն ու սկզբունքները

Seminary student studying in Ecuador

Սուրբ գրությունների ուսումնասիրությունը կարող է շատ ավելի զորեղ լինել, եթե մենք ակտիվորեն փնտրենք ավետարանի ճշմարտությունները, որոնք մեզ ավելի կմոտեցնեն Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել սուրբ գրություններում ավետարանի ճշմարտությունները գտնելու իրենց կարողությունը, որը կoգնի նրանց ավելի մոտենալ Տիրոջը:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք իրենց սուրբ գրություններում նշել կամ գրել որևէ բան, որը սովորել են սուրբ գրությունների իրենց անհատական ուսումնասիրության ընթացքում: Ապա նրանք կարող են խնդրել իրենց ընկերոջը կամ ընտանիքի անդամին կարդալ սուրբգրային նույն հատվածը, կիսվել, թե ինչ են սովորել դրանից և համեմատել գաղափարները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սուրբ գրությունները պահպանում են ավետարանի ճշմարտությունները

Որպեսզի օգնենք ուսանողներին հասկանալ սուրբ գրություններում ավետարանի ճշմարտությունները գտնելու կարևորությունը, դիտարկեք հետևյալ փոխաբերությունը, որը կարող է օգտակար գաղափարներ տալ այն մասին, թե ինչպես են սուրբգրային պատմությունները պահպանում ավետարանի ճշմարտությունները: Կարող եք դասարան բերել բանան կամ այլ միրգ, որն ունի կեղև, և այդ կեղևը ձեր մշակույթի մարդիկ սովորաբար չեն ուտում: Պատրաստակամ ուսանողներից մեկին խնդրեք ուտել միրգը։ Երբ ուսանողը կմաքրի այն և կուտի առաջին կտորը, կարող եք զարմացած հարցնել, թե նա ինչու չկծեց կեղևը: Այնուհետև տվեք հետևյալ հարցը։

(Եթե միրգը հասանելի չէ, կարող եք հարմարեցնել այս բաժինը՝ ցուցադրելով մրգի նկարը կամ նկարելով այն գրատախտակին, որպեսզի կարողանաք նմանատիպ քննարկում անկացնել:)

  • Ինչո՞ւ է բանանի կեղևը կարևոր, նույնիսկ եթե այն չենք ուտում:

    Կարող եք օգնել ուսանողներին հասկանալ, որ կեղևը պաշտպանում, պահպանում և մաքուր է պահում մրգի այն մասը, որը մենք ուտում ենք:

    Ապա ուսանողներին առաջարկեք դասարանի կամ զուգընկերոջ հետ կիսվել հետևյալի վերաբերյալ իրենց մտքերով:

  • Եթե ​​սուրբգրային պատմությունները համեմատենք բանանի կեղևի հետ, ի՞նչ կարող է ներկայացնել այն մասը, որն ուտում ենք: (Այլ կերպ ասած, ի՞նչ են մեզ համար պաշտպանում, պահպանում և մաքուր պահում այդ պատմությունները։)

Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ սուրբ գրություններից ավելին սովորելու համար մենք պետք է դուրս գանք պատմությունների շրջանակից, որպեսզի բացահայտենք ճշմարտությունները, որոնք Աստված կամենում է, որ իմանանք: Պատմություններն իրենք կարող են նմանվել կեղևի, որը պահում և պահպանում է ավետարանի ճշմարտությունները, որոնք այնուհետև օգնում են մեզ ճանաչել և հետևել Քրիստոսին:

Կիսվեք հետևյալ խոսքերով և առաջարկեք ուսանողներին փնտրել, թե ինչու է կարևոր ուսումնասիրել ավետարանի ճշմարտությունները:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունն ու սկզբունքները մեր կյանքի առաջնորդության, ինչպես նաև մահկանացու կյանքի ու հավերժության հարատև ուրախության հիմնական աղբյուրն են։ … Ես ուրախությամբ վկայում եմ, որ մեր կենդանի Փրկիչը այն աղբյուրն է, որից հոսում են այս ճշմարտությունները: («Իմ ավետարանի սկզբունքները», Լիահոնա, մայիս 2021, 126)

  • Ինչպե՞ս կամփոփեք երեց Բեդնարի խոսքերից ձեր սովորածը։

Կարող եք օգնել ուսանողներին երեց Բեդնարի խոսքերից նշել հետևյալ ճշմարտությունը. Ավետարանի վարդապետությունն ու սկզբունքները գալիս են Հիսուս Քրիստոսից և առաջնորդության ու հարատև ուրախության աղբյուրներ են:

(Նշում․ վարդապետության ու սկզբունքների միջև տարբերությունները չեն քննարկվի այս դասի ընթացքում: Այս դասի նպատակների համար և՛ վարդապետությունը, և՛ սկզբունքները կքննարկվեն ավելի ընդհանուր եզրույթով՝ որպես «ավետարանի ճշմարտություններ»: Եթե կարծում եք, որ ձեր ուսանողների համար օգտակար կլինի միմյանցից տարբերելվարդապետությունն ու սկզբունքները, կարող եք օգտագործել այս դասի «Օժանդակ նյութեր» բաժնում ներառված պնդումները:)

Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել սուրբ գրություններում ավետարանի ճշմարտությունները գտնելու իրենց կարողությունը, առաջարկեք նրանց լուռ խորհել հետևյալ պնդումների շուրջ:

1–5 միավոր սանդղակով (1 = հազվադեպ է ճիշտ, 5 = գրեթե միշտ ճիշտ է) գնահատեք, թե հետևյալ պնդումները որքանով են ճիշտ ձեզ համար:

  • Ես վստահ եմ սուրբ գրություններում ավետարանի ճշմարտությունները գտնելու իմ կարողության մեջ:

  • Ես պարբերաբար փնտրում եմ ճշմարտություններ սուրբ գրություններում, որոնք ինձ ավելի են մոտեցնում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Ուսանողներին խրախուսեք խնդրել Սուրբ Հոգուն, որ օգնի իրենց ավելի լավ ճանաչել ճշմարտությունները սուրբ գրություններում, որոնք Երկնային Հայրը պահպանել է մեզ համար:

Հետևյալ վարժությունների համար կարող եք նախ աշխատել յուրաքանչյուր հմտության «Սահմանեք» և «Մոդելավորեք» բաժինների վրա, ապա առաջարկել ուսանողներին միաժամանակ կիրառել այդ երկու հմտությունը: Օգտագործեք սուրբ գրությունների գաղափարներից մեկը, որը ներառված է հմտությունների «Կիրառեք» բաժնում:

Հմտություն. նշեք հստակ ձևակերպված ճշմարտությունները

Սահմանեք

Ավետարանի ճշմարտության տեսակներից մեկը, որը կարող եք նշել ձեր ուսումնասիրության ընթացքում, հստակ ձևակերպված ճշմարտությունն է: Նման ճշմարտությունները ձևակերպված են սուրբգրային պարզ նախադասությամբ կամ արտահայտությամբ:

Մոդել

Ուսանողներին ցուցադրեք հստակ ձևակերպված ճշմարտության օրինակ՝ կարդալով հետևյալ սուրբ գրությունը կամ ձեր սիրելի հատվածներից մեկը, որում հստակ ձևակերպված է ճշմարտությունը:

Կարդացեք Առակներ 3.5–6 հատվածները՝ փնտրելով և նշելով հստակ ձևակերպված ճշմարտությունը:

  • Ի՞նչ նշեցիք:

    Ուսանողները կարող են նշել հետևյալ ճշմարտությունը․ «Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը … և նա կուղղի քո ճանապարհները»:

  • Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր ձեր նշած ճշմարտությունը:

Կիրառեք

Եղանակներից մեկը, որով կարող եք օգնել ուսանողներին կիրառել, առաջարկելն է նրանց բացահայտել վարդապետության սերտման սուրբգրային հատվածները և սուրբգրային հիմնական արտահայտությունները Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023): Ապա ուսանողները կարող են բացել մի քանի հատված՝ փնտրելով հստակ ձևակերպված ճշմարտությունները:

Վարժությունը կատարելու համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո նրանց հնարավորություն տվեք զուգընկերոջ կամ փոքր խմբերի հետ կիսվել իրենց բացահայտած ճշմարտությամբ (ճշմարտություններով):

Հմտություն. բացահայտեք ենթադրյալ ճշմարտությունները

Սահմանեք

Ավետարանի ճշմարտության տեսակներից մեկը, որը կարող եք բացահայտել ձեր ուսումնասիրության ընթացքում՝ ենթադրյալ ճշմարտությունն է: Այդ ճշմարտությունները ենթադրվում են ավելի մեծ հատվածներում կամ պատմություններում, որոնք պահանջում են մեզանից խորհել, թե ինչ է Երկնային Հայրը ցանկանում, որ մենք սովորենք դրանցից: Կարող ենք գտնել այդ ճշմարտությունները՝ նմանատիպ հարցեր տալով։

Այդ հարցերը կարող եք ցուցադրել կամ գրել գրատախտակին։

  • Կա՞ն կարևոր գաղափարներ, արտահայտություններ կամ խորհրդանիշներ, որոնք ձեզ ինչ-որ բան են ուսուցանում Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի մասին:

  • Այդ պատմության մեջ կա՞ն պատճառահետևանքային (եթե/հետո) կապեր:

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ է հեղինակը ոգեշնչվել Աստծուց՝ ներառելու այդ իրադարձությունները կամ հատվածները:

Մոդել

Պատրաստակամ ուսանողներից մեկին առաջարկեք դասարանի համար բարձրաձայն կարդալ Թվեր 21․5–9 հատվածները։ Դա այն պատմությունն է, որտեղ նկարագրված է, թե ինչպես է Աստված ուսուցանում և բժշկում իսրայելացիներին, որոնց խայթել էին թունավոր օձերը: Լսելու ընթացքում ուսանողներին խրախուսեք, որ պատմության մեջ փնտրեն ենթադրյալ ճշմարտությունները` իրենց տալով վերը նշված հարցերը:

Կարդալուց հետո պատրաստակամ ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտած ցանկացած ենթադրյալ ճշմարտությամբ: Կարող եք խրախուսել ուսանողներին իրենց սուրբ գրություններում այդ հատվածների կողքին գրել այդ ճշմարտությունը:

Այդ պատմության մեջ առկա հնարավոր ենթադրյալ ճշմարտություններն են.

  • Աստծո և Նրա մարգարեների դեմ խոսելն ի վերջո կհանգեցնի վշտի:

  • Մարգարեն մեզ մատնացույց է անում Հիսուս Քրիստոսին։

  • Աստված ողորմած է, և մեզ բժշկվելու հնարավորություն է տալիս:

Կարող եք նշել, որ Հիսուս Քրիստոսը օգտագործել է այդ պատմությունը, որպեսզի ուսուցանի, որ նրանք, ովքեր հավատում և հետևում են Իրեն, կունենան հավերժական կյանք (Հովհաննես 3.14–16):

Կիրառեք

Այս վարժությունը սկսելու համար կարող եք գրատախտակին մասամբ կեղևազրկված բանան նկարել:

Showing different banana's

Կարող եք ցուցադրել հետևյալ հրահանգները և սուրբ գրությունների հղումները և առաջարկեք ուսանողներին կատարել վարժությունն անհատապես կամ զուգընկերոջ հետ: Ուսումնասիրության ընթացքում ուսանողներին առաջարկեք ամեն անգամ ճշմարտություն բացահայտելիս գալ գրատախտակի մոտ և գրել այն բանանի նկարի կողքին:

Ուսումնասիրելու համար ընտրեք հետևյալ սուրբգրային պատմություններից մեկը կամ ձեր ընտրած մեկ այլ պատմություն:

  1. Կարդալիս նշեք ցանկացած ճշմարտություն, որն արդեն հստակ ձևակերպված է սուրբ գրություններում:

  2. Երբ ավարտեք կարդալը, ձեր բառերով գրեք այդ պատմությունից սովորած առնվազն մեկ ենթադրյալ ճշմարտություն:

  3. Խորհեք, թե ինչու են ձեր գտած ճշմարտությունները կարևոր ձեզ համար և, ըստ ձեզ, Երկնային Հայրը ինչպես է ցանկանում, որ օգտագործեք դրանք:

Ա Թագավորների 17.44–49 (Դավիթը բախվում է հսկային՝ Գողիաթին)

Դ Թագավորների 6.14–18 (սիրիական բանակը շրջապատում է քաղաքը՝ Եղիսեին գերևարելու համար)

Դատավորներ 6.11–16 (Գեդեոնի կոչը՝ փրկելու իր ժողովրդին զավթիչ բանակից)

Ավարտելուց հետո ուսանողներին առաջարկեք նշել իրենց համար կարևոր ճշմարտությունները, որոնք մյուս ուսանողները գրել են գրատախտակին: Ուսանողները կարող են կիսվել, թե ինչու է այդ ճշմարտությունը կարևոր իրենց համար և ինչպես կարող են կիրառել այն իրենց կյանքում: Կարող եք նաև հարցնել, թե արդյոք որևէ մեկն ունեցել է փորձառություն, որն օգնել է իրեն իմանալ, որ գրատախտակի վրա գրվածը ճիշտ է:

Եզրափակում

Ուսանողներին հիշեցրեք սուրբ գրությունների ուսումնասիրության անձնական նպատակի մասին, որը սահմանել են այս կիսամյակի համար: Եթե նրանք դեռ նպատակ չեն սահմանել, խրախուսեք նրանց անել դա:

Ուսանողներին առաջարկեք հիշել իրենց նպատակի մասին՝ իրենց ուսումնական օրագրերում հետևյալ հարցերին պատասխանելու ընթացքում: Առաջարկեք նրանց անհրաժեշտության դեպքում կարողանալ հարմարեցնել իրենց նպատակը:

  • Ո՞ր հմտություններն են առավել կարևոր ձեզ համար, որոնք կարող են օգնել ձեզ սուրբ գրությունների անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում:

  • Ինչպե՞ս կարող է սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության ընթացքում ավետարանի ճշմարտությունները գտնելն ու դրանց շուրջ խորհելը օգնել ձեզ ավելի մոտենալ Փրկչին:

Հաջորդ մի քանի դասի ընթացքում օրական մեկ կամ մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել սուրբ գրությունների մեկ ճշմարտությամբ, որը նրանք գտել են սուրբ գրությունների իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում: Հետագա դասերի ընթացքում փնտրեք այլ հնարավորություններ, որպեսզի ուսանողները շարունակեն կիրառել այս կարևոր հմտությունը: