«Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա սուրբ գրություններում. Փնտրեք Փրկչի խորհրդանիշներն ու հատկանիշները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա սուրբ գրություններում. Փնտրեք Փրկչի խորհրդանիշներն ու հատկանիշները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ․ Դաս 166
Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա սուրբ գրություններում
Փնտրեք Փրկչի խորհրդանիշներն ու հատկանիշները
Սուրբ գրությունների հիմնական նպատակներից մեկն է՝ օգնել մեզ սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Հիսուս Քրիստոսի մասին սովորելը Երկնային Հոր մասին սովորելու կարևոր եղանակ է: Որքան շատ իմանանք Նրանց մասին, այնքան ավելի շատ կարող է աճել մեր հավատքը Նրանց հանդեպ: Այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին կենտրոնանալ Փրկչի վրա՝ սուրբ գրություններն ուսումնասիրելիս։
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք փնտրել գաղափարներ, որոնք սովորել են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին՝ սուրբ գրությունների իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում: Առաջարկեք ուսանողներին պատրաստ լինել՝ կիսվելու իրենց գտածով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Սուրբ գրությունների նպատակը
Գրատախտակին նկարեք մի թիրախ։
Մեկ կամ երկու ուսանողի առաջարկեք փափուկ առարկա նետել դեպի թիրախը: Դա փորձելուց հետո ջնջեք թիրախը: Ցանկության դեպքում կարող եք խնդրել ուսանողին կրկին հարվածել թիրախին, թեև այն այլևս չկա: (Արդյունքում դա կարող է հանգեցնել որոշակի շփոթության:) Կարող եք հարցնել, թե ինչ են նրանք մտածում մի գործողության մասին, երբ չեն ունենում թիրախը:
-
Ինչո՞ւ է օգտակար թիրախ կամ նպատակ սահմանել որևէ գործողություն կատարելու համար:
-
Ո՞րն է սուրբ գրությունների ուսումնասիրության թիրախը կամ նպատակը:
Ուսանողները կարող են տալ տարբեր պատասխաններ: Ցանկության դեպքում կարող եք նորից նկարել թիրախը և նկարած թիրախի ներսում կամ դրա կողքին գրել որոշ պատասխաններ, որոնցով ուսանողները կիսվում են սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակի մասին:
Բացատրեք, որ եթե մենք հասկանանք սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակը, դա կարող է օգնել մեզ՝ դրանք ուսումնասիրելիս:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը՝ փնտրելով սուրբ գրությունների հիմնական նպատակը:
Ի վերջո, բոլոր սուրբ գրությունների հիմնական նպատակն է՝ լցնել մեր հոգիները հավատքով առ Հայր Աստված և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսը. հավատք, որ Նրանք գոյություն ունեն, հավատք մեր անմահության և հավերժական կյանքի համար Հոր ծրագրի հանդեպ, հավատք Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության հանդեպ, որը կենդանացնում է երջանկության այս ծրագիրը, հավատք՝ դարձնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր կյանքի ուղին և հավատք՝ ճանաչելու Նրան, որպես «միակ ճշմարիտ Աստծու և նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին» (Հովհաննես 17.3): («The Blessing of Scripture», Լիահոնա, մայիս 2010, 34)
-
Ինչպե՞ս կամփոփեք սուրբ գրությունների նպատակը:
Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. սուրբ գրության հիմնական նպատակն է՝ կառուցել մեր հավատքն առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը։ Կարող եք նկարել սլաք, որն ուղղված կլինի այդ ճշմարտությունից դեպի թիրախի կենտրոնը:
-
Ինչպե՞ս կարող է այդ նպատակի իմացությունն ազդել սուրբ գրություններն ուսումնասիրելու մեր եղանակի վրա:
-
Ինչո՞ւ է կարևոր շարունակաբար ձգտել հավատք կառուցել առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:
Խորհեք, թե ինչի վրա եք կենտրոնանում՝ սուրբ գրություններն ուսումնասիրելիս: Որքանո՞վ եք վստահ, որ սուրբ գրություններն ուսումնասիրելիս կենտրոնանում եք առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ձեր հավատքը կառուցելու վրա:
Այս դասի ընթացքում սուրբ գրությունների ուսումնասիրության հմտությունները սովորելիս խնդրեք Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի իմանաք, թե ինչպես օգտագործել այդ հմտությունները՝ առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ձեր հավատքը կառուցելու համար:
Այս դասի ընթացքում կքննարկվեն սուրբ գրությունների ուսումնասիրության երկու հմտություն, որոնք կարող են օգնել ուսանողներին կենտրոնանալ Փրկչի վրա: Օգտակար կլինի բացատրել, որ քանի որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կատարելապես միասնական են, ապա, ինչ մենք գիտենք Փրկչի մասին, նույն հատկանիշները վերաբերում են նաև Հորը (տես Հովհաննես 6.38, 10.30, 14.7–9): Այս դասի ընթացքում ձեռք բերված հմտությունները կօգնեն մեզ կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա: Այդ կենտրոնացումը նաև օգնում է մեզ սովորել Երկնային Հոր մասին:
Յուրաքանչյուր հմտություն ձեռք բերելու համար ձեզ անհրաժեշտ է՝ սահմանել հմտությունը, մոդելավորել այն, ապա ուսանողներին հնարավորություն տալ կիրառել դա:
Հմտություն. փնտրեք Փրկչի խորհրդանիշները և խորհեք դրանց նշանակության շուրջ
Սահմանեք
Սուրբ գրությունները լի են Փրկչի խորհրդանիշներով: Փրկչի խորհրդանիշն այն իրը կամ առարկան է, որը կարող է հիշեցնել մեզ Փրկչի դերի մասին մեր կյանքում: Այս հմտության համար կատարեք հետևյալը.
Գրատախտակին գրեք հետևյալ քայլերը.
-
Փնտրեք խորհրդանիշներ, որոնք ձեզ հիշեցնում են Փրկչի մասին:
-
Տվեք ձեզ հետևյալ հարցերը․
-
Ինչո՞վ է Փրկիչը նման այս խորհրդանիշին:
-
Փրկչին այս խորհրդանիշի հետ համեմատելն ինչպե՞ս է օգնում ինձ հասկանալ, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել ինձ իմ կյանքում:
-
Մոդել
Մոդելավորեք այս հմտությունն ամբողջ դասարանով։ Դա կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ է դա և ինչպես այն անել:
Երեմիա մարգարեի միջոցով Տերը օգտագործել է հզոր խորհրդանիշ՝ ուսուցանելու մեզ Իր մասին: Կարդացեք Երեմիա 2․13, 17․13 հատվածները՝ փնտրելով Փրկչի խորհրդանիշը:
-
Ինչո՞վ է Փրկիչը նման այս խորհրդանիշին (կենդանի ջրերի աղբյուր)։
Եթե ուսանողները դժվարանան պատասխանել, կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը.
-
Որո՞նք են ջրի որոշ կիրառությունները: (Հագեցնել ծարավը, օգնել մեզ ապրել, մաքրել և թարմանալ։) Այդ իմաստով ինչո՞վ է Փրկիչը նման ջրին:
-
Ինչո՞ւ է Փրկիչը ջրի նման անհրաժեշտ: Ինչո՞ւ կարող ենք Նրա կարիքն ունենալ այնքան հաճախ, որքան ջրի կարիքն ունենք:
-
Ինչո՞ւ կարող էր Տերը իրեն համեմատել ջրի շատրվանի (կամ աղբյուրի) հետ՝ լճակի կամ այլ աղբյուրի փոխարեն:
-
Փրկչին այս խորհրդանիշի հետ համեմատելն ինչպե՞ս է օգնում ձեզ հասկանալ, թե Փրկիչը ինչպես կարող է օգնել ձեզ ձեր կյանքում:
-
Կիրառեք
Ուսանողներին հնարավորություն տվեք ինքնուրույն կամ փոքր խմբերով կիրառել այս հմտությունը, եթե, ըստ ձեզ, դա օգտակար կլինի նրանց համար: Ուսանողներին առաջարկեք ընտրել ստորև նշված սուրբ գրություններից մեկը կամ այլ սուրբ գրություն, որը կարող եք տրամադրել դուք:
Կարդացեք հետևյալ սուրբ գրություններից մեկը։ Փնտրեք Փրկչի խորհրդանիշը և ինքներդ ձեզ տվեք գրատախտակին գրված երկու հարցը:
Բ Թագավորների 22․2–4
Եսայի 25.4 (Նշում. դու բառը վերաբերում է Տիրոջը։)
Մաղաքիա 3․2–3
Ուսանողներից մի քանիսին առաջարկեք կիսվել իրենց գտածով: Փնտրեք եղանակներ, որոնցով շնորհակալություն կհայտնեք ուսանողներին և կգովեք նրանց իրենց գործադրած ջանքերի համար: Եթե ուսանողները դժվարանան, վստահեցրեք նրանց, որ դա նորմալ է, այդ հմտություններն ուսուցում են պահանջում:
Հմտություն. փնտրեք, թե ինչ կարող ենք սովորել Փրկչի մասին Նրա գործողություններից և խոսքերից
Սահմանեք
Մենք կարող ենք նաև կենտրոնանալ Փրկչի վրա, երբ ուսումնասիրում ենք սուրբ գրությունները՝ դրանցում փնտրելով Նրա գործողություններն ու խոսքերը: Ապա կարող ենք խորհել, թե ինչ կարող ենք սովորել Նրա մասին Նրա գործողություններից և խոսքերից, և ինչպես կարող է Նրա մասին սովորածն օգնել մեզ մեր կյանքում:
Ցուցադրեք հետևյալ քայլերը գրատախտակին, որպեսզի ուսանողները կարողանան կատարել դրանք:
-
Փնտրեք Փրկչի խոսքերն ու գործողությունները:
-
Տվեք ձեզ հետևյալ հարցերը․
-
Ի՞նչ են ինձ ուսուցանում Փրկչի մասին այս խոսքերը կամ գործողությունները:
-
Ինչպե՞ս են այս խոսքերը կամ գործողություններն օգնում ինձ հասկանալ, թե ինչպես կարող է Փրկիչը օգնել ինձ իմ կյանքում:
-
Մոդել
Մենք կարող ենք սովորել Փրկչի մասին՝ ուսումնասիրելով Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի պատմությունը: Այդ երեք արդար մարդկանց նետել էին կրակե հնոցի մեջ, քանի որ նրանք հրաժարվել էին երկրպագել Նաբուգոդոնոսոր թագավորի ստեղծած ոսկե արձանին (տես Դանիել 3.13–22):
Ուսանողներին բացատրեք, որ կարդալիս նրանք երբեմն պետք է ուշադիր լինեն՝ հատկապես փնտրելով այն, թե ինչ է Տերը ասել կամ արել: Ստորև բերված են հատվածների օրինակներ։
Կարդացեք Դանիել 3.23–25 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է արել Փրկիչը այս հատվածներում:
Կարող եք ցուցադրել «Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը կրակի հնոցի մեջ» նկարը։
Անհրաժեշտության դեպքում կարող եք բացատրել, որ հնոցում Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի կողքին կանգնած էր կա՛մ Փրկիչը, կա՛մ Նրա ուղարկած երկնային սուրհանդակը:
-
Ի՞նչ է ձեզ ուսուցանում այդ գործողությունը Փրկչի մասին:
-
Ինչպե՞ս է այդ գործողությունն օգնում ինձ հասկանալ, թե ինչպես կարող է Փրկիչը օգնել ինձ իմ կյանքում:
Այս փորձառությունից մենք սովորում ենք, որ Տերը կաջակցի մեզ մեր փորձությունների ժամանակ (տես նաև Ալմա 36.3, 27, Վարդապետություն և Ուխտեր 3.8, 24.8):
Կիրառեք
Այս հմտությունը կիրառելու համար կարդացեք հատվածների հետևյալ խմբերից մեկը՝ փնտրելով, թե ինչ է ասել կամ արել Տերը, ապա ինքներդ ձեզ տվեք այս հմտությանն ուղեկցող երկու հարց:
Ելք 14․21–22, 30։ Իսրայելի որդիներն արգելափակվել էին եգիպտական բանակի և Կարմիր ծովի միջև։
Ա Թագավորների 16․6–7։ Սամուելը փորձում էր բացահայտել Իսրայելի հաջորդ թագավորին։
Եսայի 1․16–18։ Իսրայելի ժողովուրդը մեղքի մեջ էր ընկել։
Եսայի 53․3–5։ Մարգարեություն Փրկչի Քավության մասին։
Ուսանողներից մի քանիսին առաջարկեք կիսվել իրենց գտածով: Եթե օգտակար կլինի, հարցրեք. «Փրկչի այս հատկանիշի մասին իմանալն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հավատք դրսևորել Նրա հանդեպ»:
Եզրափակում
-
Ինչպե՞ս կարող են այս հմտություններն օգնել ձեզ սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության ընթացքում:
Եզրափակեք՝ կիսվելով ձեր անձնական մտքերով Փրկչի և այդ հմտությունների մասին: Ուսանողներին առաջարկեք փնտրել եղանակներ՝ կիրառելու այդ հմտություններն իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության մեջ: Օրինակ՝ նրանք կարող են ուսումնասիրության օրագիր պահել, գրելով այնտեղ այն, ինչ սովորում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: