«Ինչպես փնտրել անձնական հայտնություն իմ հարցերի համար. Հասկանալ, թե ինչպես է Տերը խոսում ձեզ հետ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ինչպես փնտրել անձնական հայտնություն իմ հարցերի համար. Հասկանալ, թե ինչպես է Տերը խոսում ձեզ հետ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. ինչպես գտնեմ իմ հարցերի պատասխանները. Դաս 162
Ինչպես փնտրել անձնական հայտնություն իմ հարցերի համար
Հասկանալ, թե ինչպես է Տերը խոսում ձեզ հետ
Երկնային Հայրը ցանկանում է Իր միտքն ու կամքը հայտնել Իր զավակներին: Դրա մասին իմանալը կարող է օգնել մեզ, երբ մենք փնտրում ենք մեր հարցերի պատասխանները, կարևոր որոշումներ ենք կայացնում և ձգտում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտներ: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են Սուրբ Հոգու միջոցով առաջնորդություն և հայտնություն ստանալ Երկնային Հորից:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ճանաչել ձայները
Երբ ուսանողները մտնեն դասարան, նրանցից յուրաքանչյուրին մի համար տրամադրեք՝ տալով հետևյալ հրահանգները. «Երբ ես ասեմ ձեր համարը, խնդրում եմ, ասեք. «Տերը խոսում է մեզ հետ Սուրբ Հոգու միջոցով»»: Բացատրեք, որ երբ լսեն իրենց համարը, իրենք կարող են արտահայտությունն ասել շշուկով կամ սովորական ձայնով:
Դասի սկզբում ուսանողներին առաջարկեք փակել իրենց աչքերը: Բացատրեք, որ նրանք պետք է փորձեն ճանաչել իրենց դասընկերներին՝ լսելով նրանց ձայները: Հերթով ասեք տարբեր համարներ: Երբ յուրաքանչյուր ուսանող, որի համարը դուք ասում եք, կասի արտահայտությունը, դասարանի մնացած անդամներին առաջարկեք բարձրացնել իրենց ձեռքերը, եթե գիտեն, թե ով է խոսում:
Ապա տվեք հետևյալ հարցերը.
-
Հե՞շտ էր, թե դժվար էր հասկանալ, թե ով էր խոսում: Ինչո՞ւ։
-
Դասարան այցելած մարդու համար ինչո՞ւ կարող է դժվար լինել հասկանալ, թե ով է խոսում:
Ուսանողներին ցուցադրեք հետևյալ ինքնագնահատման տարբերակը և առաջարկեք նրանց մտածել իրենց պատասխանների մասին:
Խորհեք հետևյալ հարցերի պատասխանների շուրջ։ Կարող եք ձեր մտքերից մի քանիսը գրել ձեր ուսումնասիրության օրագրում։
-
Որքանո՞վ եմ վստահ, որ կարող եմ իմ կյանքում ճանաչել Տիրոջ ձայնը:
-
Ի՞նչ հարցեր կարող եմ ունենալ Երկնային Հորից հայտնություն ստանալու վերաբերյալ:
Կարող եք վկայել, որ Երկնային Հայրը ցանկանում է խոսել Իր զավակներից յուրաքանչյուրի հետ: Բացատրեք, որ երբ մենք հայտնություն փնտրենք, Նա կօգնի մեզ մեծացնել մեր վստահությունը՝ Իր ձայնը ճանաչելու և Իրենից պատասխաններ ու առաջնորդություն ստանալու համար:
Մեղմ, հանդարտ ձայն
Իրեն սպանել ցանկացող մարդկանցից փախչելիս Եղիա մարգարեն թաքնվեց քարայրում (տես Գ Թագավորների 19.1–10): Այնտեղ Տերը խոսեց նրա հետ։
Կարդացեք Գ Թագավորների 19․9–12 հատվածները՝ փնտրելով, թե ինչ իմացավ Եղիան այն մասին, թե ինչպես է Տերը հաղորդակցվում մեզ հետ:
-
Ի՞նչ սովորեցիք Տիրոջ մասին Եղիայի փորձառությունից:
Ուսանողներին օգնեք նշել, որ եղանակներից մեկը, որով Տերը հաղորդակցվում է մեզ հետ՝ Սուրբ Հոգու մեղմ, հանդարտ ձայնն է։
Որոշ ուսանողներ կարող են խորհել, թե արդյոք Աստված իսկապես կխոսի իրենց հետ և գուցե չգիտեն, թե ինչպես հասկանալ, որ Նա խոսում է իրենց հետ: 3 Նեփի 11 հատվածի արտահայտությունը և ուսումնական վարժությունն օգնում են լուծել այդ մտահոգությունները:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Մենք կարող ենք աղոթել մեր Երկնային Հորը և ստանալ առաջնորդություն և ուղղորդում…։ Եթե մենք իսկապես ընդունենք Սուրբ Հոգուն և սովորենք զանազանել ու հասկանալ Նրա հուշումները, մենք կառաջնորդվենք մեծ ու փոքր հարցերում:
… Մի՞թե Աստված իսկապես ցանկանում է խոսել ձեզ հետ: Այո: («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 94–95)
Հետևյալ հատվածները կարդալու համար ուսանողներին կարող եք բաժանել զույգերի։ Որպեսզի օգնեք ուսանողներին ուսումնասիրել, առաջարկեք նրանց յուրաքանչյուր հատված կարդալուց հետո դադար առնել և իրենց հետ ընթերցող զուգընկերոջ հետ քննարկել իրենց գտածը, որը կարող է օգնել մեզ լսել և ճանաչել Աստծո հայտնությունը:
Կարդացեք 3 Նեփի 11.1–7 հատվածները՝ փնտրելով, թե ինչ կարող ենք սովորել Աստծուց հայտնություն լսելու և ճանաչելու մասին:
-
Ի՞նչ սովորեցիք հայտնություն ստանալու մասին այս պատմությունից:
Ճանաչել Աստծո հայտնությունը
Բացատրեք, որ եղանակներից մեկը, որով մենք կարող ենք սովորել ճանաչել Տիրոջ ձայնը մեր կյանքում, հասկանալն է, թե Նա ինչպես կարող է հաղորդակցվել մեզ հետ: Որպեսզի օգնեք ուսանողներին սովորել, թե ինչպես կարող է Տերը շփվել մեզ հետ, ցուցադրեք նրանց սմարթֆոն կամ որևէ մեկի նկարը և գրատախտակին գրեք հետևյալ հարցը:
-
Ինչպիսի՞ եղանակներով է հնարավոր սմարթֆոնի միջոցով հաղորդագրություններ ստանալ:
Հնարավոր պատասխաններից են՝ հեռախոսազանգը, տեքստային հաղորդագրությունները, ներծրագրային հաղորդագրությունները և նույնիսկ այն պատկերները, որոնք մենք ընտրում ենք, որպեսզի ցուցադրենք մեր հեռախոսներում: Վերոնշյալ հարցի կարճ քննարկումից հետո ջնջեք «սմարթֆոն» արտահայտությունը և այն փոխարինեք «Սուրբ Հոգի» արտահայտությամբ:
-
Ինչպիսի՞ եղանակներով է հնարավոր Սուրբ Հոգու միջոցով հաղորդագրություններ ստանալ:
-
Ինչպե՞ս է Սուրբ Հոգուց հաղորդագրություններ ստանալը տարբերվում սմարթֆոնով հաղորդագրություններ ստանալուց:
Եթե կարծում եք, որ սուրբ գրությունների ուսումնասիրության համար հետևյալ ուսումնական վարժությունները կարող են դժվար լինել ձեր ուսանողների համար, կարող եք կարդալ առաջին հատվածը և հարցնել դասարանին, թե ինչ է ուսուցանում այդ հատվածն այն եղանակների մասին, որոնցով մենք կարող ենք հասկանալ, երբ Աստված խոսում է մեզ հետ Սուրբ Հոգու միջոցով: Կարդալով հատվածը, կարող եք օգնել ուսանողներին տեսնել այդ հատվածում այն, որ մենք կարող ենք իմանալ, որ Նա հաղորդակցվում է Սուրբ Հոգու միջոցով, երբ զգում ենք, որ մեր իմաստությունը, հասկացողությունը կամ գիտելիքները ավելանում են: Ապա ուսանողները կարող են ուսումնասիրել հետևյալ սուրբ գրություններից մի քանիսը զույգերով կամ փոքր խմբերով: Ուսանողները պարտավոր չեն ուսումնասիրել այդ բոլոր սուրբ գրությունները:
Ուսումնասիրեք սուրբ գրությունների հետևյալ հղումներից մի քանիսը։ Ձեր ուսումնասիրած յուրաքանչյուր հղման համար նշեք եղանակներ, որոնցով մենք կարող ենք ճանաչել, երբ Աստված խոսում է մեզ հետ Սուրբ Հոգու միջոցով: Ձեր ուսումնասիրած հղումները և այն, ինչ սովորեցիք, գրեք ձեր ուսումնասիրության օրագրում:
Ելք 31․3
Հովհաննես 14.26–27
Հովհաննես 16.13
Գաղատացիներին 5.22–23
Վարդապետություն և Ուխտեր 6․21–23
Վարդապետություն և Ուխտեր 8․2–3
Վարդապետություն և Ուխտեր 11.12–13
Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․11–12
Նախորդ վարժությունը կատարելու համար կարող եք տպել ուղեկցող աշխատաթերթի մի քանի օրինակ և առանձին-առանձին կտրել սմարթֆոնների նկարները: Յուրաքանչյուր սմարթֆոնի նկարի վրա գրեք սուրբ գրությունների տարբեր հղումներ և տեղադրեք դրանք ամբողջ դասասենյակում: Ոուսանողներին առաջարկեք շրջել սենյակով և ուսումնասիրել դրանցից մի քանիսը:
Կարող եք նաև սմարթֆոնների որոշ նկարների վրա գրել կարճ արտահայտություններ այն մասին, թե ինչպես է Երկնային Հայրը հաղորդակցվում մեզ հետ: Հնարավոր արտահայտությունները կարելի է գտնել այս դասի Օժանդակ նյութեր բաժնում Gospel Library հավելվածում։
Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և առաջարկեք նրանց կիսվել, թե իրենց ուսումնասիրած սուրբ գրությունների որ հղումներն են հատկապես կարևոր իրենց համար։ Նրանք կարող են նաև կիսվել ցանկացած փորձառությամբ, որ ունեցել են՝ լսելով Տիրոջ ձայնը Սուրբ Հոգու միջոցով: Այն կարող է ներառել նրանց հարցերի պատասխանները կամ մխիթարիչ կամ ուղղորդող այլ ուղերձներ: Հիշեցրեք նրանց, որ չկիսվեն իրենց սրբազան, խիստ անձնական փորձառությունների վերաբերյալ մանրամասերով:
Եթե օգտակար կլինի, կարող եք դիտել «Receiving Revelation» տեսանյութը (4:17)՝ 0:00–2:18, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Այդ տեսանյութում մի քանի մարդ պատասխանում է «Ինչպե՞ս է Հոգին ձեզ հայտնություն ուղարկում» հարցին։
-
Հասկացողությունն այն մասին, թե ինչպես է Երկնային Հայրը Սուրբ Հոգու միջոցով շփվում մեզ հետ, ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ճանաչել Նրանից ստացված հայտնությունը:
Աստված խոսում է ձեզ հետ
Որպեսզի օգնենք ուսանողներին կիսվել հետևյալ սցենարի վերաբերյալ իրենց պատասխաններով, առաջարկեք նրանց պատասխանել ստորև նշված հարցին զուգընկերոջ հետ: Դա յուրաքանչյուր ուսանողին հնարավորություն կտա կիսվել իր սովորածով:
Որպես այլընտրանք, կարող եք երկու ուսանողի առաջարկել դասարանի առջև դերախաղով ներկայացնել սցենարը: Ուսանողներից մեկը կարող է կիսվել իր պատասխանով: Ապա այդ երկու ուսանողը կարող են ընտրել մեկ այլ երկու նոր ուսանողի՝ սցենարը դերախաղով ներկայացնելու համար: Կարող եք կրկնել դա մի քանի անգամ:
Պատկերացրեք, որ այս կիրակի կիրականանա հետևյալ սցենարը.
Հաղորդության ժողովի ժամանակ մի խոսնակ մեջբերեց նախագահ Ռասսել Մ. Նելսոնին, երբ ասաց. «Մի՞թե Աստված իսկապես ցանկանում է խոսել ձեզ հետ: Այո»։ («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 95)։ Երբ ժողովից հետո հեռանում եք ժողովատնից, ձեր ընկերն ասում է. «Կցանկանայի, որ կարողանայի Աստծո առաջնորդությունն ու հայտնությունը ճանաչել իմ կյանքում, բայց ես չգիտեմ, թե ինչպես անել դա»:
-
Ելնելով այն ամենից, ինչ սովորել եք այսօր Սուրբ Հոգուց և Սուրբ Հոգու մասին, ի՞նչ կասեք ձեր ընկերոջը:
Կարող եք կիսվել ձեր վկայությամբ Տիրոջ ցանկության մասին՝ խոսելու մեզ հետ Սուրբ Հոգու մեղմ, հանդարտ ձայնի միջոցով: