«Դանիել 6. Գտնել ավետարանական ճշմարտություններ սուրբ գրություններում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Դանիել 6. Գտնել ավետարանական ճշմարտություններ սուրբ գրություններում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դանիել 1–7․ Դաս 145
Դանիել 6
Գտնել ավետարանական ճշմարտություններ սուրբ գրություններում
Հին Կտակարանից ո՞ր պատմությունն է ձեզ ուսուցանել ավետարանի առավել կարևոր սկզբունքը: Հիսուս Քրիստոսը ինքն է օգտագործել Հին Կտակարանը՝ օգնելու Իր աշակերտներին հասկանալ Իր ուսմունքները (օրինակ՝ տես Ղուկաս 4.24–27): Զորեղ պատմություններից մեկը, որը ցույց է տալիս ավետարանի բազմաթիվ ճշմարտությունները, Դանիելի` առ Տերը հավատքի և Նրան ապավինելու մասին պատմությունն է, նույնիսկ, երբ նա հայտվեց առյուծների գուբում: Այս դասը կօգնի ուսանողներին բացահայտել Դանիել 6 գլխի ավետարանի ճշմարտությունները և կիսվել դրանցով։
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել սուրբգրային պատմությունների շուրջ, որոնք սովորել են Հին Կտակարանից այս տարվա իրենց ուսումնասիրության ընթացքում: Նրանք կարող են ընտրել մի պատմություն, որն առավել կարևոր էր իրենց համար և պատրաստվել կիսվել ավետարանի ճշմարտությամբ, որն օգնել է իրենց հասկանալ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Այդ պատմության բարոյախրատական իմաստը
Որպեսզի օգնեք ուսանողներին սովորել բացահայտել պատմության բարոյախրատական իմաստը, ընտրեք ձեր ժողովրդի առակներից կամ հայտնի ժողովրդական հեքիաթներից որևէ մեկը: Օրինակ՝ կարող եք օգտագործել «Անճոռնի ճուտիկը» պատմությունը։ Որպես այլընտրանք, կարող եք ցուցադրել «Things That Matter Most» տեսանյութը՝ 0:00-0:22, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Ապա տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ ուղերձ կարող է ուսուցանել այս պատմությունը:
-
Ինչպե՞ս կարող է այդ ուղերձը ցույց տալ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի կամ Նրա ավետարանի մասին:
Ինչպես որ կարող ենք ճշմարտություններ գտնել սովորական առակներում և պատմություններում, այնպես էլ կարող ենք սովորել գտնել ավետարանի կարևոր ճշմարտությունները ոգեշնչված սուրբգրային պատմություններում, որոնք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը պահպանել են մեզ համար:
Որպեսզի օգնի մեզ հասկանալ, թե ինչպես են սուրբգրային պատմություններն ուսուցանում ավետարանի ճշմարտությունները, Յոթանասունից երեց Ջեյ Ի. Ջենսենն ուսուցանել է.
[Սուրբգրային] պատմությունները կարդալիս և ուսումնասիրելիս ձեզ կարող է հանդիպել որևէ բառ, արտահայտություն կամ սկզբունք, որն այսօր նույնքան կիրառելի է թվում, որքան անցյալում: Երբ շարունակեք ձեր ուսումնասիրությունն աղոթքով, ակնհայտ կդառնան նաև այլ սկզբունքներ: Սկզբունքները միավորելով՝ դուք կսկսեք կամուրջներ կառուցել մարգարեների և մարդկանց միջև, որոնք ապրել են անցյալում՝ նրանք-այնտեղ-այն ժամանակ և մարգարեների և մեր միջև մեր օրերում՝ ես-այստեղ-հիմա։ («Scripture Stories as Patterns for Our Lives», Ensign, հուլիս 2009, 21)
-
Ի՞նչն առավել շատ տպավորեց ձեզ երեց Ջենսենի ուղերձում։
-
Հին Կտակարանի ո՞ր պատմությունն օգնեց ձեզ ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսին կամ Նրա ավետարանը:
Հետևյալ ինքնագնահատումը կարող է օգնել ուսանողներին ընտրել սուրբգրային պատմությունների ճշմարտությունները բացահայտելու այն մասը, որը նրանք կարող են կիրառել այսօր:
1-5 միավոր սանդղակով գնահատեք ձեր վստահությունը սուրբ գրությունների ուսումնասիրության հետևյալ հմտություններն օգտագործելիս.
-
Ես կարող եմ բացահայտել ավետարանի ճշմարտությունները սուրբգրային պատմություններում:
-
Ես հեշտությամբ կարող եմ հասկանալ, թե ինչպես է սուրբգրային պատմությունն ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին:
-
Ես կարող եմ սուրբգրային պատմությունները կիրառել իմ կյանքում:
-
Ես կարող եմ արդյունավետորեն կիսվել ուրիշների հետ նրանով, ինչ սովորում եմ սուրբգրային պատմություններից:
Այսօր դուք կուսումնասիրեք մի պատմություն Դանիել գրքից և կբացատրեք, թե ինչ սովորեցիք դրանից: Կարող եք ձեր ջանքերը կենտրոնացնել այն հմտության վրա, որում ամենաքիչն եք վստահ: Հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու մեծացնել սուրբգրային պատմություններում ճշմարտությունները բացահայտելու և ուրիշներին Հիսուս Քրիստոսի, Նրա կյանքի և Նրա ավետարանի մասին սովորածն ուսուցանելու ձեր կարողությունը:
Դանիելին նետել են առյուծների գուբը
Դանիելին և նրա ընկերներին Բաբելոն գերեվարելուց շատ տարիներ անց ազգը գրավվեց մարերի և պարսիկների կողմից։ Դարեհը մար էր, որը դարձավ Բաբելոնի թագավոր (տես Դանիել 5.30–31):
Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին սովորել բացահայտել ավետարանի ճշմարտությունները սուրբգրային պատմություններում՝ ուսումնասիրելով Դանիելին առյուծների գուբը նետելու պատմությունը (տես Դանիել 6): Ուսանողների համար օգտակար կլինի ծանոթանալ պատմության համառոտ ակնարկին՝ նախքան դրանում ավետարանի ճշմարտությունները որոնելը: Ստորև ներկայացված է մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք ամփոփ ներկայացնել պատմությունը.
-
Ուսանողներին առաջարկեք կիսվել պատմությամբ՝ բաժանելով նրանց խմբերի՝ պատմության մի հատված կարդալու համար: Ապա յուրաքանչյուր խումբ կարող է դասարանին ամփոփ ներկայացնել պատմության իր մասը: Ընթերցանությունը բաժանելու եղանակներից մեկը կարող է լինել.
Դանիել 6․1–5
Դանիել 6․6–11
Դանիել 6.12–17
Դանիել 6․18–23
Դանիել 6․24–28
-
Կարող եք դասարանին ամփոփ ներկայացնել ամբողջ պատմությունը: Հնարավորության դեպքում կարող եք օգտագործել «Daniel and the Lions» հոդվածում ներկայացված նկարը (Ընկեր, նոյ. 2018, FJ4–FJ6) կամ «Դանիելը առյուծների գուբի մեջ» տեսանյութը (1:46), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, որպեսզի օգնեք ձեզ ամփոփ ներկայացնել պատմությունը։
Որպեսզի օգնեք ուսանողներին սովորել բացահայտել ավետարանի սկզբունքները սուրբգրային պատմություններում, օգտագործեք «Սուրբգրային պատմություններն ուսուցանում են ավետարանի ճշմարտությունները» վերնագրով աշխատաթերթը։ Քանի որ ուսանողները պետք է ներկայացնեն իրենց սովորածը դասարանին, օգտակար կլինի, որ նրանք աշխատեն զուգընկերոջ հետ կամ փոքր խմբերով: Ուսանողների զույգերը կազմեք այնպես, որ մեկ զույգում լինի և՛ այն ուսանողը, որն ավելի շատ է հուզվում ելույթի ժամանակ, և՛ այն ուսանողը, որն իրեն ավելի վստահ է զգում:
Երբ ուսանողներն օգտագործում են աշխատաթերթը՝ իրենց դասերը պատրաստելու համար, կարող եք շրջել դասասենյակով՝ տեսնելու, թե ավետարանի ինչ ճշմարտություններ են նրանք գտնում: Եթե նրանք դժվարանան, մտածեք, թե ինչպես կարող եք օգնել նրանց սովորել բացահայտել այս պատմության ճշմարտությունները: Ճշմարտությունների օրինակներ, որոնք կարող են բացահայտել.
-
Մենք՝ որպես Քրիստոսի աշակերտներ, հակառակության կբախվենք մեր համոզմունքների պատճառով (Դանիել 6.1–5):
-
Տերը կօրհնի մեր ջանքերը, եթե մենք դիմադրենք աշխարհիկ ճնշմանը: (Դանիել 6․6–16)
-
Երբ մենք գործում ենք շիտակ և ապավինում ենք Տիրոջը, մեր արդար օրինակը կարող է ազդել ուրիշների վրա (Դանիել 6.16–28):
Կիսվեք ձեր սովորածով
Երբ ուսանողները կատարեն աշխատաթերթի առաջադրանքները, առաջարկեք նրանց կիսվել իրենց պատրաստած դասով մեկ այլ խմբի կամ դասարանի հետ: Եթե ուսանողները չկիսվեն պատմության հատվածներով, որոնք հիշեցնում են իրենց Հիսուս Քրիստոսի մասին, կարող եք նշել որոշ համեմատություններ, օրինակ՝
-
Ե՛վ Դանիելը, և Հիսուսը կատարեցին Երկնային Հոր կամքը, նույնիսկ այն ժամանակ, երբ կանգնած էին մահվան վտանգի առաջ (տես Դանիել 6.7, 10, Հովհաննես 6.38):
-
Ե՛վ Դանիելը, և՛ Հիսուսը հրաշքով կենդանի դուրս եկան մի փոսից, որը ծածկված էր քարով (տես Դանիել 6.17, 23, Մարկոս 15.46, 16.4–6):
Կարող եք խրախուսել ուսանողներին իրենց պատրաստած դասերով կիսվել իրենց ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ:
Դասի ավարտին կարող եք կիսվել, թե ինչպես եք օրհնվել սուրբգրային պատմություններում առկա Հիսուս Քրիստոսի ուղերձներով կամ Նրա ավետարանով: Ուսանողներին առաջարկեք շարունակել փնտրել Սուրբ Հոգու տպավորությունները, որոնք կօգնեն իրենց տեսնել ավետարանի ճշմարտությունները՝ սուրբ գրություններն անհատապես ուսումնասիրելիս: