«Դանիել 3. «Մեր Աստվածը … կարող է մեզ ազատել: … Իսկ եթե ոչ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Դանիել 3. «Մեր Աստվածը … կարող է մեզ ազատել: … Իսկ եթե ոչ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դանիել 1–7․ Դաս 144
Դանիել 3
«Մեր Աստվածը … կարող է մեզ ազատել: … Իսկ եթե ոչ»
Երբեմն Տերը կարող է հրաշքով մեզ ազատել մեր փորձություններից: Այլ դեպքերում Նա կարող է չազատել մեզ ոչ այն պահին կամ ոչ այնպես, ինչպես ցանկանում ենք: Ամեն դեպքում, մենք կարող ենք ձգտել նմանվել Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին և ապավինել Տիրոջը, անկախ նրանից, թե ինչպես և երբ Նա կցանկանա մեզ օրհնել: Այս դասը կօգնի ուսանողներին Հիսուս Քրիստոսին ապավինելու ցանկություն զգալ՝ անկախ արդյունքից:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել Քրիստոսի հավատարիմ աշակերտների մասին, որոնք հրաշքով ազատվել են իրենց փորձություններից: Ապա նրանց հնարավորություն տվեք մտածելու այլ հավատարիմ աշակերտների մասին, որոնք չեն ազատվել: Նրանք կարող են խորհել, թե ինչ են ուսուցանում իրենց այդ պատմությունները Տիրոջը վստահելու մասին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հավատք գործադրեք առ Հիսուս Քրիստոս
Կարող եք սկսել դասը՝ կիսվելով երեց Բոուենի որդու՝ Թայսոնի մասին հետևյալ պատմությամբ։
Նշում․ ելույթը՝ տեսանյութի տարբերակով ներառում է լրացուցիչ տեղեկություն, որը ներառված չէ գրավոր տարբերակում:
Յոթանասունից երեց Շայնե Մ. Բոուենը կիսվել է հետևյալ անձնական փորձառությամբ.
Երբ [որդիս]՝ Թայսոնն ութ ամսական էր, նա կուլ տվեց [կամ ծամեց] մի կտոր կավիճ, որը գտել էր գորգի վրա: Կավիճը խրվել էր Թայսոնի կոկորդում և նա դադարեց շնչել: Նրա ավագ եղբայրը բերեց Թայսոնին աստիճաններով վեր՝ խելահեղորեն բացականչելով. «Երեխան չի շնչում։ Երեխան չի շնչում»: Մենք սկսեցինք սրտաթոքային վերակենդանացում կատարել և կանչեցինք 911:
Շտապ օգնության անձնակազմը եկավ և արագ հիվանդանոց հասցրեց Թայսոնին: Սպասասրահում մենք շարունակում էինք ջերմեռանդորեն աղոթել՝ աղերսելով Աստծուն հրաշք կատարել: («Որովհետև ես կենդանի եմ, և դուք կենդանի կլինեք» Լիահոնա, նոյ. 2012, 16)
-
Ինչպե՞ս կարող են այս իրավիճակի այլ հնարավոր արդյունքներն ազդել առ Աստված ընտանիքի հավատքի վրա:
Երեց Բոուենը շարունակում է.
Կյանքի չափ թվացող որոշ ժամանակ անց, բժիշկը սենյակ մտավ և ասաց. «Շա՜տ ցավում եմ: Այլևս ոչինչ չենք կարող անել։ Կարող եք մնալ այնքան, որքան ձեզ անհրաժեշտ է»: Ապա նա հեռացավ:
Երբ մենք սենյակ մտանք, որտեղ Թայսոնն էր պառկած, մենք տեսանք անկենդան դարձած մեր ուրախության փոքրիկ փաթեթը: …
Այդ պահին այնպիսի զգացում առաջացավ, որ կարծես աշխարհը մեզ համար ավարտվեց: («Որովհետևւ ես կենդանի եմ, և դուք կենդանի կլինեք» Լիահոնա, նոյ. 2012, 16)
Դուք էլ կարող եք Բոուենների նման փորձառություններ ունենալ, երբ Աստված չօրհնի ձեզ այնպես, ինչպես ցանկանում եք: Խորհեք ձեր կամ ձեր ընտանիքի ունեցած փորձառությունների մասին, երբ զգացել եք, որ Տերը օրհնել է, կամ չի օրհնել ձեզ այնպես, ինչպես ցանկանում էիք:
Օգտակար կլինի ցուցադրել հետևյալ հարցերը:
Տվեք ձեզ հետևյալ հարցերը․
-
Ինչպե՞ս են ձեր փորձառություններն ազդել ձեր հավատքի վրա առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:
-
Զգո՞ւմ եք արդյոք, որ կարող եք ապավինել Նրանց՝ անկախ այն օրհնություններից, որոնք ստանում եք կամ չեք ստանում: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
Այսօր Դանիել 3 գլուխն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու ցանկացած տպավորությանը, որը կարող է օգնել ամրացնել ձեր հավատքն առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը՝ անկախ արդյունքից:
Դժվար որոշում
Կարող եք գրատախտակին գրել հետևյալ անունները․ Սեդրաք, Միսաք, Աբեդնագով։ Ցուցադրեք ոսկե կուռքի նկարը և ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ գիտեն այդ պատմության մասին: Կարող եք ստորև բերված համատեքստն ամփոփել ձեր բառերով:
Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը մի մեծ ոսկե արձան պատրաստեց։ Այն ուներ մոտավորապես 90 ֆուտ (27,4 մետր) բարձրություն և 9 ֆուտ (2,74 մետր) լայնություն (տես Դանիել 3.1): Երբ հնչեց հատուկ երաժշտությունը, թագավորը պատվիրեց բոլորին ծնկի իջնել և երկրպագել արձանին (տես Դանիել 3.4–5): Մարդիկ, որոնք չերկրպագեին ոսկյա արձանին, կնետվեին «կրակով բորբոքված հնոցի մեջ» (Դանիել 3.6):
Հաշվի առնելով այդ արձանին չերկրպագելու հետևանքները, մտածեք, թե ըստ ձեզ, ինչ կանեիք, եթե այնտեղ լինեիք:
Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովն ընտրեցին պատվել Աստծուն՝ չերկրպագելով արձանին (տես Դանիել 3.12):
Որպեսզի օգնեք ուսանողներին ուսումնասիրել հետևյալ հատվածները, կարող եք առաջարկել հինգ պատրաստակամ ուսանողի կարդալ Նաբուգոդոնոսորի, Սեդրաքի, Միսաքի, Աբեդնագովի և պատմողի դերերը: Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի դերերը կարդացող յուրաքանչյուր ուսանող կարող է Դանիել 3.16–18 հատվածներից մեկական հատված կարդալ:
Կարդացեք Դանիել 3.13–18 հատվածները՝ փնտրելով, թե ինչ եք սովորում այդ մարդկանցից առ Հիսուս Քրիստոս հավատքի մասին:
-
Ի՞նչ դասեր եք քաղում առ Հիսուս Քրիստոս հավատքի մասին:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մենք կարող ենք ցույց տալ մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս՝ ապավինելով Նրան՝ անկախ արդյունքից։
Ուսանողներին առաջարկեք նշել «կարող է մեզ ազատել» արտահայտությունը (հատված 17): Նշեք, որ իմացությունն այն մասին, որ Աստված կարող է օրհնել մեզ նրանով, ինչին սպասում ենք, ցույց է տալիս հավատքը Նրա հանդեպ:
Ապա ուսանողներին առաջարկեք նշել «իսկ եթե ոչ» արտահայտությունը (հատված 18): Հարցրեք ուսանողներին, թե ինչ են իրենք սովորում առ Աստված հավատքի մասին այս մարդկանց պատրաստակամությունից՝ ընդունելու այն, որ Աստված կարող է չցանկանալ օրհնել իրենց այն բաներով, որ իրենք ցանկանում են:
-
Ո՞րն է Հիսուս Քրիստոսի հանդեպ և արդյունքի հանդեպ հավատք ունենալու միջև տարբերությունը:
-
Որո՞նք են այն ժամանակակից իրավիճակները, երբ մարդուն անհրաժեշտ կլինի արդյունքի հանդեպ հավատքի փոխարեն հավատք դրսևորել առ Հիսուս Քրիստոս:
Հավատք արդյունքի հանդեպ
Դասի սկզբում կարող եք ցուցադրել կրակի հնոցի նկարը: Ուսանողները կարող են զույգերով կամ փոքր խմբերով ուսումնասիրել հետևյալ հատվածները և քննարկել ստորև ներկայացված հարցերը:
Կարդացեք Դանիել 3.19–28 հատվածները՝ նշելով այն բառերը կամ արտահայտությունները, որոնք տպավորել են ձեզ Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի փորձառությունից:
Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել այդ հատվածները, կարող եք ցուցադրել «Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը» (1:39) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
-
Ի՞նչը տպավորեց ձեզ այդ պատմությունից:
-
Ի՞նչ սովորեցիք Աստծո մասին այդ պատմությունից:
Օգտակար կլինի բացատրել, որ թեև Աստված ազատեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին, նա միշտ չէ, որ կարող է մեզ ազատել բացասական հետևանքներից: Դա ցուցադրելու համար ուսանողները կարող են կատարել հետևյալ վարժությունը։
Հիշեք սուրբ գրությունների պատմությունները, որտեղ մարդիկ հավատք դրսևորեցին առ Հիսուս Քրիստոս, սակայն բախվեցին բացասական հետևանքների:
Կարող եք գրատախտակին գրել Իսկ եթե ոչ … արտահայտությունը։ Ապա ուսանողները կարող են այդ արտահայտության տակ գրել իրենց հիշած մարդկանց անունները: Եթե ժամանակը թույլ տա, նրանք կարող են գտնել այդ մարդկանց պատմությունները սուրբ գրություններում՝ փնտրելով ապացույցներ, որ այդ մարդիկ ապավինում էին Աստծուն: Ստորև բերված են օրինակներ, որոնց կարող եք անհրաժեշտության դեպքում ուղղորդել ուսանողներին. Նեփի (տես 1 Նեփի 18.10–16), Աբինադի (տես Մոսիա 17.9–20), Ջոզեֆ և Հայրում Սմիթ (տես Վարդապետություն և Ուխտեր 135.1) կամ այլ արդար մարդիկ (տես Եբրայեցիներին 11.36–40):
-
Ինչպե՞ս են այդ պատմություններն օգնում ձեզ ապավինել Տիրոջը՝ անկախ արդյունքից:
-
Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որն օգնում է ձեզ ապավինել Նրանց՝ անկախ արդյունքից:
Կախված լինել Քրիստոսից
Ուսանողներին հիշեցրեք երեց Բոուենի փորձառությունը: Հետևյալ խոսքերը կարող են օգնել նրանց տեսնել, թե ինչպես է նա ապավինել Տիրոջը՝ անկախ արդյունքից:
Երեց Բոուենը շարունակեց կիսվել իր փորձառությամբ.
Երբ զգացի, որ մեղավորություն զգացումը, բարկությունը և ինքնախղճահարությունը փորձում էին ոչնչացնել ինձ, ես սկսեցի աղոթել, որ սիրտս փոխվի: Ենթարկվելով շատ անձնական, սրբազան փորձությունների, Տերը ինձ տվեց մի նոր սիրտ, և չնայած այն դեռևս միայնակ էր և ցավոտ, իմ ողջ տեսակետը փոխվեց: Ինձ տրված էր իմանալ, որ ես չէի կողոպտվել, այլ ավելի շուտ ինձ սպասում էր մի մեծ օրհնություն, եթե ապացուցեի, որ հավատարիմ եմ:
Կյանքս սկսեց փոխվել, և ես ավելի շուտ կարողացա առաջ նայել հույսով, քան հետ նայել հուսահատությամբ: …
Ես վկայում եմ, որ Նրա շնորհիվ, այսինքն՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհիվ, վշտի, միայնակության և հուսահատության այդ զգացումները մի օր կուլ կգնան ուրախության լիության մեջ: Ես վկայում եմ, որ մենք կարող ենք վստահել Նրան։ («Որովհետև ես կենդանի եմ, և դուք կենդանի կլինեք» Լիահոնա, նոյ. 2012, 17)
-
Ինչպե՞ս կարող է երեց Բոուենի փորձառությունն օգնել ձեզ:
-
Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը հավատք դրսևորել առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը՝ ապավինելով Նրանց՝ անկախ արդյունքից:
Ձեր օրագրում գրեք, թե ինչն է օգնում ձեզ ապավինել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ անկախ արդյունքից: Կարող եք գրել, թե Դանիել 3 գլխի ուսումնասիրության ժամանակ ձեր քաղած դասերն ինչպես կարող են օգնել ձեզ այն փորձությունների ժամանակ, որոնց բախվում եք կամ այն, ինչ ցանկանում եք հիշել ապագայում:
Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել: Կարող եք ավարտել դասը Տիրոջը ապավինելու մասին ձեր անձնական վկայությամբ կամ զգացմունքներով: