«Երեմիա 31. Նա պիտի գրի Իր օրենքը մեր սրտի վրա», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Երեմիա 31. Նա պիտի գրի Իր օրենքը մեր սրտի վրա», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Երեմիա 31–33, 36–38, Երեմիայի ողբերը 1, 3․ Դաս 134
Երեմիա 31
Նա պիտի գրի Իր օրենքը մեր սրտի վրա
Ինչպե՞ս կարող է մարդը վարվել, եթե գիտի Հիսուս Քրիստոսի ավետարանը իր մտքում, բայց չի զգում այն իր սրտում: Հնարավո՞ր է, որ նա գործի առանց Փրկչի սիրո զորությունը զգալու: Ինչպե՞ս են փոխվում մեր գործողությունները, երբ մենք զգում ենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը մեր սրտում: Երեմիա 31 հատվածը մեզ խոստանում է, որ եթե մենք դառնանք դեպի Տերը, Նա կգրի Իր օրենքը մեր սրտում (տես Երեմիա 31.18, 33): Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում Փրկչի ավետարանը գրված ունենալ իրենց սրտերում։
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին տալ հետևյալ հարցը. «Ո՞րն է տարբերությունը ձեր մտքում ավետարանի ճշմարտությունն իմանալու և այն ձեր սրտում զգալու միջև»: Նրանք կարող են պատրաստվել՝ կիսվելու իրենց քննարկածով։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Որևէ բան իմանալ մեր մտքում և այն զգալ մեր սրտում
Դասը սկսելով՝ առաջարկեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցին․
-
Ո՞ր իրավիճակներում մենք կարող ենք իմանալ, որ պետք է ինչ-որ բան անենք, բայց պայքարենք իրականում դա անելու համար։
Ուսանողները կարող են կիսվել հետևյալ օրինակներով․ ժամանակին քնելը, առողջ սնվելը կամ տնային աշխատանքը կատարելը անհրաժեշտ ժամկետում: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ նորմալ է դժվարություններ ունենալ այն դեպքում, երբ մեր գործողությունները պետք է համապատասխանեցնենք այն բանի հետ, ինչը մենք գիտենք, որ ճիշտ է: Նույնը կարող է լինել, երբ խոսքը վերաբերում է Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին մեր իմացությանը, այնուհետև դրա հիման վրա կատարվելիք մեր գործողություններին: Մենք կարող ենք իմանալ, թե ինչ է պահանջում Փրկչի ավետարանը, բայց միշտ չէ, որ մենք գործում ենք դրան համապատասխան: Այնուամենայնիվ, մենք կարող ենք ձգտել այն բանին, որ Փրկիչը և Նրա ավետարանը ազդեն այն ամենի վրա, ինչ մենք անում ենք:
Այն, ինչ մենք գիտենք Փրկչին հետևելու վերաբերյալ, միշտ չէ, որ արտացոլվում է մեր գործողություններում: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը մի հարց է տվել, որը մենք երբեմն կարող ենք ունենալ այդ իրավիճակներում.
Ինչպե՞ս կարող եք այնպես անել, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ոչ միայն ազդի ձեր կյանքի վրա, այլև վերահսկի այն և իրականում դառնա ձեր ով լինելու բուն էությունը։ («When Thou Art Converted», Լիահոնա, մայիս 2004, 11)
Երեմիա 31 գլուխն ուսումնասիրելիս հրավիրեք Սուրբ Հոգուն, որպեսզի օգնի ձեզ ուղիներ փնտրել, թե ինչպես կարող եք Փրկչի ավետարանը դարձնել «ձեր ով լինելու բուն էությունը»:
Երեմիան կանխատեսում է Փրկչի օրհնությունները Իսրայելին
Հետևյալ ուսումնական վարժության համար կարող եք ուսանողներին բաժանել երեք հոգանոց խմբերի: Խմբի յուրաքանչյուր անդամի առաջարկեք կարդալ հետևյալ հատվածներից մեկը և կիսվել հարցերի իրենց պատասխաններով խմբի մյուս անդամների հետ:
Երբ Երեմիան նախազգուշացրեց այն մասին, թե ինչ հետևանքներ են ամբարիշտները կրելու վերջին օրերում (տես Երեմիա 30.23–24), նա մարգարեացավ, որ Տերը նորից Իր մոտ կհավաքի Իր ուխտի ժողովրդին:
Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե Տերը ինչ կանի Իր ժողովրդի համար․
Երեմիա 31․1–3
Երեմիա 31․6–10
Երեմիա 31․17–20
-
Ի՞նչ խոստումներ գտաք:
-
Այս հրավերներն ի՞նչ են ուսուցանում մեզ Տիրոջ մասին:
Կարդացեք Երեմիա 31․31–33 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչպես կցուցադրի Իր սիրառատ բարությունը Իր ուխտի ժողովրդի հանդեպ։
-
Ինչպե՞ս կամփոփեիք այս ուսմունքը՝ որպես ճշմարտության դրույթ:
Օգնեք ուսանողներին բացահայտել, որ Տերը խոստանում է հավաքել մեզ Իր մոտ՝ որպես Իր ուխտի ժողովուրդ, և գրել Իր օրենքը մեր սրտերում:
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում Տիրոջ օրենքը գրված ունենալ մեր սրտերում:
Ուսանողները կարող են կիսվել տարբեր գաղափարներով: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մեր սրտերում գրված արտահայտությունը (տես հատված 33) կարող է նշանակել դարձի գալ, փոխվել և իրենց ամբողջ սրտով ցանկանալ իրականացնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կամքը։ Կարող եք նշել, որ Պողոսը նմանատիպ փոխաբերություն է օգտագործել, երբ նկարագրել է Կորնթոսի սրբերին՝ որպես «Քրիստոսի նամակ … գրված ոչ թե թանաքով … կամ քարե տախտակների վրա, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա» (Բ Կորնթացիներին 3.3)։
Արդյո՞ք Փրկչի ավետարանը գրված է քո սրտում
Ցուցադրեք ստորև բերված երկու հարցը։ Առաջարկեք ուսանողներին ընտրել դրանցից մեկը, որն իրենց կարծիքով կարող է մեծացնել իրենց հասկացողությունն առ այն, թե ինչ է նշանակում, որ Տերը պիտի գրի Իր օրենքը իրենց սրտերում:
-
Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ Փրկչի օրենքը գրված է իմ սրտում։
-
Ի՛նչ կարող եմ անել, որպեսզի հրավիրեմ Փրկչին գրել Իր օրենքը իմ սրտում:
Բաժանեք ուսանողներին փոքր խմբերի՝ միավորելով այն ուսանողներին, որոնք ընտրել են նույն հարցը: Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ մի ընկեր ունեն, որը տվել է իրենց ընտրած հարցը։ Առաջարկեք ուսանողներին պատրաստել պատասխան, որով կարող են կիսվել այդ ընկերոջ հետ:
Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստել պատասխանը, կարող եք յուրաքանչյուր ուսանողի տրամադրել «Փրկիչը պիտի գրի իր օրենքը ձեր սրտում» աշխատաթերթի մեկ օրինակ:
Ցուցադրեք հասկացողություն
Կարող եք ուսանողներին հնարավորություն տալ՝ վարժվելու պատասխանել իրենց ընտրած հարցին: Կարող եք ուսանողներին խմբերի մեջ ներառել նրանց հետ, ովքեր ուսումնասիրել են մյուս հարցը:
Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչպես կարող է իրենց սովորածն օգնել մարդուն ավելի հետևողականորեն անել այն, ինչ իրենք գիտեն, որ ճիշտ է: Որպեսզի օգնեք ուսանողներին ցույց տալ, թե ինչ են սովորել և զգացել, կարող եք ցուցադրել հետևյալ հրահանգները:
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.
-
Ի՞նչ ապացույց կարող եք փնտրել, որ Տերը գրում է Իր օրենքը ձեր սրտում:
-
Ի՞նչ անելու հուշում եք զգում, որպեսզի հրավիրեք Փրկչին գրել Իր ավետարանը ձեր սրտում:
Կարող եք նաև խնդրել պատրաստակամ ուսանողներին կիսվել փորձառություններով, որ նրանք ունեցել են, երբ գիտակցել են որ Փրկիչը գրել է Իր օրենքը իրենց սրտերում: Կարող եք կիսվել, թե ինչպես եք հասկացել, որ Տերը գրում է Իր օրենքը ձեր սրտում: Խրախուսեք ուսանողներին օգնություն խնդրել Տիրոջից և գործել ըստ իրենց ստացած տպավորությունների։