«Երեմիա 36․ Աստծո Խոսքը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Երեմիա 36. Աստծո Խոսքը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Երեմիա 31–33, 36–38, Երեմիայի ողբերը 1, 3․ Դաս 135
Երեմիա 36
Աստծո Խոսքը
Սուրբ գրությունները Հիսուս Քրիստոսի հետ մեր կապի կարևոր մասն են: Սուրբ գրություններից սովորելն ուղղորդում է մեր մտքերն ու սրտերը դեպի Նա, ինչը Նրա զորությունը հրավիրում է մեր կյանք: Ուրացության ժամանակ Տերը պատվիրեց Երեմիա մարգարեին գրել և ուղարկել Տիրոջ խոսքերը Հուդայի ժողովրդին, որպեսզի նրանք դառնան դեպի Իրեն և ներվեն: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես են սուրբ գրությունները իրենց ուղղորդում դեպի Հիսուս Քրիստոսը, որպեսզի մեղքերի ներում ստանան:
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին վերանայել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց անձնական նպատակները և իրենց առաջընթացը՝ տարվա համար անհրաժեշտ ընթերցանության մեջ: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես է սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունն օգնում իրենց դառնալ դեպի Տերը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Բարձրաձայնել
Մտածեք մի եղանակ, որը կօգնի ուսանողներին նախապատրաստվել սովորելու, թե ինչպես է Տերն օգտագործում սուրբ գրությունները՝ սիրով մեզ ուղղելու և Իր մոտ բերելու համար: Դա անելու եղանակներից մեկն այն է, որ ուսանողները մտածեն այն իրավիճակների մասին, երբ բարձրաձայնելը կարող է անհարմար լինել: Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտագործել հետևյալ իրավիճակները։
-
Ինչպե՞ս կարող է ձեր մասին հոգ տանող մարդը արձագանքել հետևյալ իրավիճակներում:
-
Ձեր ընկերը նկատում է, որ ճաշ ուտելուց հետո ձեր ատամներում ուտելիք կա:
-
Ձեզ հրավիրում են մի երեկույթի, որտեղ լինելու են ոչ պատշաճ գործողություններ։ Ձեր ընկերը տեղյակ է այդ գործողությունների մասին, բայց գիտի, որ դուք սպասում եք այնտեղ գնալուն:
-
-
Ի՞նչը կարող է մղել այդ մարդուն բարձրաձայնել խնդիրները այս իրավիճակներում:
-
Ի՞նչը կարող է լինել որևէ բան ասելու կամ լռելու արդյունքը:
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեն և տեսնում են այն, ինչ մենք չգիտենք և չենք տեսնում: Նրանք ցանկանում են ամենաբարին մեզ համար և նրանք խոսում են մեզ հետ սուրբ գրությունների միջոցով (տես 2 Նեփի 32․3, Վարդապետություն և Ուխտեր 1․37–38)։ Այսօր սովորելիս խորհեք, թե սուրբ գրությունները ինչպես կարող են օրհնել ձեր կյանքը: Մտածեք, թե ինչպես կարող են այդ գաղափարները ազդել ձեր անձնական ուսումնասիրության վրա։
Սուրբ գրությունների նպատակը
Կարդացեք Երեմիա 36․1–3 հատվածները՝ փնտրելով, թե ինչու Տերը պատվիրեց Երեմիային գրել Իր խոսքերը Հուդայի ժողովրդի համար:
-
Ի՞նչ էր Տերը ցանկանում Հուդայի ժողովրդի համար:
-
Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում մեզ սուրբ գրությունների նպատակների մասին։
Ուսանողները կարող են բացահայտել հետևյալ ճշմարտությունը․ սուրբ գրություններն օգնում են մեզ դառնալ դեպի Տերը և ստանալ Նրա ներումը։
Կարող եք առաջարկել ուսանողներին նշել հետևյալ արտահայտությունները․ «որ ամեն մարդ հետ դառնա իր չար ճանապարհից» և «որ ես ներեմ նրանց անօրինությունն ու նրանց մեղքը» արտահայտությունները (հատված 3): Իրենց բացահայտած ճշմարտությունը նրանք կարող են գրել այս արտահայտությունների կողքին՝ իրենց սուրբ գրություններում:
-
Ինչպե՞ս են սուրբ գրություններն օգնում մեզ դառնալ դեպի Տերը և ստանալ Նրա ներումը։
Կարող եք գրատախտակին գրել ուսանողների պատասխանները: Կիսվելիս նրանք կարող են անդրադառնալ հետևյալ սուրբ գրություններում գտած գաղափարներին: Կարող եք ծանոթանալ այս սուրբ գրություններին, որպեսզի կարողանաք անդրադառնալ դրանց, երբ ուսանողները կիսվեն: Որպես այլընտրանք, երբ ուսանողները կիսվեն նախորդ հարցի մի քանի պատասխանով, կարող եք տալ հետևյալ ցուցումները և խնդրել, որ նրանք լրացնեն գրատախտակին գրված գաղափարները:
Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները՝ փնտրելով լրացուցիչ եղանակներ, որոնցով սուրբ գրություններն օգնում են մեզ դառնալ դեպի Տերը և ներում ստանալ մեր մեղքերի համար:
Բ Տիմոթեոս 3.16
Այն հարցերը, որոնք օգնում են ուսանողներին գնահատել իրենց սովորածը, կարող են օգնել ձեզ հասկանալ՝ արդյոք ուսանողները պատրաստ են անցնել դասի հաջորդ մասին: Օրինակ՝ դուք կարող եք տալ այսպիսի հարցեր.
-
Ի՞նչ եք սովորում։
-
Ի՞նչ հարցեր ունեք կարդացածի վերաբերյալ:
Ուսանողների պատասխանները կարող են հրավիրել Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ հասկանալ, թե ինչպես արձագանքել նրանց կարիքներին:
Լրացուցիչ ուսուցում ստանալու համար այն հարցերի վերաբերյալ, որոնք գնահատում են գիտելիքները, տես «Միշտ պատրաստ եղեք արձագանքելու սովորողների կարիքների վերաբերյալ հոգևոր հուշումներին» վերնագրով դասընթացը, որը հասանելի է Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ուսուցողական նյութում։
Թագավորը և մագաղաթը
Դուք կարող եք ամփոփ ներկայացնել կամ կարդալ հետևյալ պարբերությունը:
Երեմիան արեց այն, ինչ Տերը պատվիրեց, և Բարուք անունով մի մարդու խնդրեց գրել Տիրոջ խոսքերը մագաղաթի վրա: Քանի որ Երեմիան բանտարկված էր, նա խնդրեց Բարուքին կարդալ Տիրոջ խոսքերը Հուդայի ժողովրդի, այդ թվում՝ մի քանի իշխանների համար։ Դա անելուց հետո Բարուքը մագաղաթը տվեց իշխաններին, որպեսզի կարդան այն Հովակիմի՝ Հուդայի թագավորի համար (տես Երեմիա 36․4–10, 14–15, 20–21)։
Կարդացեք Երեմիա 36․20–24 հատվածները՝ փնտրելով, թե Հովակիմ թագավորն ինչպես արձագանքեց մագաղաթին գրված խոսքերը լսելուց հետո: Հատված 23-ում «նա» բառը վերաբերում է Հովակիմ թագավորին։
-
Ձեր կարծիքով ինչո՞ւ թագավորն այդպես արձագանքեց։
Կարդացեք Երեմիա 36․25 հատվածը՝ փնտրելով, թե ինչպես էին որոշ իշխաններ փորձում ազդել թագավորի վրա:
Առաջարկեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք հատված 25-ում նկարագրված իշխաններն են։ Առաջարկեք ուսանողներին օգտագործելով այն, ինչ իրենք սովորել են այսօր դասարանում, պատասխան պատրաստել՝ թագավորին ասելու համար, որը կօգնի նրան հասկանալ, թե սուրբ գրություններն ինչպես կարող են օրհնել նրա կյանքը:
Այս վարժությունը կատարելու եղանակներից մեկը դասարանը երեք հոգանոց խմբերի բաժանելն է: Յուրաքանչյուր ուսանող կարող է ներկայացնել իշխաններից մեկին, և յուրաքանչյուր խումբ միասին պատրաստում է իր պատասխանը: Այնուհետև կարող եք առաջարկել մի խմբի, որ գա դասարանի առջև և դերախաղով ներկայացնի թագավորի հետ խոսակցությունը: Կարող եք առաջարկել մեկ այլ ուսանողի հանդես գալ թագավորի դերում կամ դուք կարող եք դա անել, քանի որ ուսուցիչը կարող է խաղալ այդ դերը: Կարող եք առաջարկել ուսանողներին դերախաղով ներկայացնել այդ պատմության այլընտրանքային մի ավարտ, որտեղ թագավորին համոզում են չայրել մագաղաթը:
-
Ո՞ր ժամանակակից իրավիճակում ձեր պատասխանի ուսմունքները կարող են օգնել երիտասարդներին:
Խորհեք ձեր սովորածի շուրջ
Կարող եք կիսվել հետևյալ խոսքերով՝ օգնելու ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ են սովորել Երեմիա 36 հատվածի իրենց ուսումնասիրությունից։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է.
Սուրբ գրությունների միջոցով Աստված իսկապես «ցույց է տալիս իր զորությունը» [տես Ալմա 37․14]՝ փրկելու և վեհացնելու Իր զավակներին: Իր խոսքի միջոցով … Նա ընդլայնում է մեր հիշողությունը, լույս է սփռում կեղծիքի և սխալմունքի վրա և մղում է մեզ ապաշխարելու և ցնծալու Հիսուս Քրիստոսով՝ մեր Քավիչով: («Սուրբ գրության օրհնությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 33)
Օգտակար կլինի ուսանողներին ժամանակ տրամադրել՝ խորհելու կամ գրելու իրենց պատասխանը հետևյալ հարցին՝ նախքան դասարանի հետ կիսվելը:
-
Ինչպե՞ս կարող է ձեր անձնական ուսումնասիրության վրա ազդել այն բանի իմացությունը, որ սուրբ գրությունները կարող են օգնել ձեզ դառնալ դեպի Տերը և ստանալ Նրա ներումն ու առաջնորդությունը:
Դա կարող է լավ հնարավորություն լինել ուսանողների համար՝ մտածելու իրենց անձնական ուսումնասիրության նպատակների և սեմինարիայի ստուգարքի համար անհրաժեշտ ընթերցանության մասին: Կարող եք առաջարկել ուսանողներին վերանայել իրենց նպատակները և մտածել, թե ինչպես կարող են ավելի շատ կենտրոնանալ դեպի Հիսուս Քրիստոսը դառնալու վրա՝ սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ: