«Եսայի 58.1–12. Ծոմապահության և աղոթքի զորությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Եսայի 58.1–12. Ծոմապահության և աղոթքի զորությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եսայի 58–66․ Դաս 126
Եսայի 58․1–12
Ծոմապահության և աղոթքի զորությունը
Տերը պատվիրել է մեզ ծոմ պահել: Ինչպե՞ս եք վերաբերվում այս պատվիրանին: Հրեաները կարծում էին, որ Տերը չի ընդունում իրենց ծոմապահությունը: Եսայու միջոցով Տերը մարդկանց ուսուցանել է պատշաճ կերպով ծոմ պահելու մասին: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Տիրոջ ձևով ծոմ պահելու ցանկությունը:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչպես են իրենք վերաբերվում ծոմապահությանը և ինչու: Նրանք կարող են նաև խնդրել ծնողներին կամ վստահելի ընկերոջը՝ կիսվել իրենց մտքերով և զգացմունքներով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ծոմապահություն
Որպեսզի օգնեք ուսանողներին սովորել ծոմապահության մասին, կարող եք կատարել հետևյալը։ Այս թեման քննարկելիս փորձեք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ ուսանողները կարող են ազատ կիսվել՝ առանց արտաքին ճնշումների կամ դատողությունների:
Պատկերացրեք, որ մի կիրակի առավոտյան պատրաստվում եք նախաճաշել և հիշում եք, որ ծոմի կիրակի է:
-
Առաջինն ի՞նչ կանցնի ձեր մտքով:
Անհրաժեշտության դեպքում Ընդհանուր ձեռնարկից կիսվեք ծոմապահության վերաբերյալ հետևյալ բացատրությամբ.
Տերը հաստատել է ծոմապահության և ծոմի նվիրատվության օրենքը, որպեսզի օրհնի Իր ժողովրդին և հնարավորություն տա ծառայելու նրանց, ովքեր կարիքի մեջ են: …
Ծոմապահությունը կարող է կատարվել ցանկացած ժամանակ։ Սակայն, անդամները սովորաբար ամսվա առաջին Հանգստության օրն են նշում որպես ծոմապահության օր: Ծոմապահության օրը սովորաբար ներառում է հետևյալը.
Աղոթք
Սննդից և ըմպելիքից հրաժարում 24 ժամվա ընթացքում (եթե առողջությունը թույլ է տալիս)
Ծոմի առատաձեռն նվիրատվության մատուցում
Ծոմի նվիրատվությունը կատարվում է կարիքի մեջ գտնվողներին օգնելու համար: Երբ անդամները ծոմ են պահում, նրանք նվիրաբերում են այն, ինչն առնվազն հավասար է չկերած կերակուրների արժեքին: Անդամներին խրախուսվում է լինել առատաձեռն և, եթե կարող են, տալ ավելի շատ, քան այս կերակուրների արժեքն է: (Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 22.2.2, Gospel Library)
Մի քանի րոպե տրամադրեք՝ խորհելու, թե ինչպես եք վերաբերվում ծոմապահությանը` հետևյալ հարցերի պատասխանների շուրջ մտածելիս.
-
Ինչպե՞ս եք վերաբերվում ծոմապահությանը: Ինչո՞ւ։
-
Եթե նախկինում ծոմ եք պահել, ի՞նչ եք սովորել Տիրոջ մասին և ծոմապահության վերաբերյալ ձեր փորձառությունից:
-
Ի՞նչ մտահոգություններ կամ հարցեր ունեք ծոմապահության վերաբերյալ:
Այսօրվա ուսումնասիրության ընթացքում խնդրեք Տիրոջ առաջնորդությունը՝ ձեր ունեցած ցանկացած մտահոգություն լուծելու և ծոմապահության ցանկություն զգալու համար:
Տիրոջ ուսմունքները ծոմապահության մասին
Տերը պատվիրել է Եսայուն համարձակորեն հայտարարել Իսրայելի տան մեղքերի մասին: Օրինակ՝ նրանք արտաքուստ, սխալ մտադրությամբ կատարում էին կրոնական սովորույթները, այդ թվում՝ ծոմապահությունը։
Կարող եք բացատրել կամ ցուցադրել հետևյալ տեղեկություններից մեկը, որը կօգնի ուսանողներին ստորև բերված հատվածները կարդալիս.
-
«Կնույնը» (հատված 5) բարձր, բարակ խոտ է, որը ծռված է ներքև:
-
«Քուրձը» (հատված 5) կոպիտ կտոր է, որից պատրաստված հագուստը մարդիկ հնում հագնում էին իրենց խոնարհությունը կամ վիշտը խորհրդանշելու համար: Նրանք նաև իրենց վրա մոխիր էին շաղ տալիս։
Կարդացեք Եսայի 58․3–5 հատվածները՝ փնտրելով հետևյալ երկու հարցերի պատասխանները․
-
Ի՞նչ էին ակնկալում մարդիկ Տիրոջից իրենց ծոմապահության վերաբերյալ:
-
Ի՞նչ է ասել Տերը այն մարդկանց, որոնք սխալ էին թույլ տալիս իրենց ծոմապահության ժամանակ:
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց պատասխաններով և, թե ինչն է առանձնահատուկ իրենց համար: Անհրաժեշտության դեպքում նշեք, որ Իսրայելը ծոմ էր պահում իր հաճույքի համար (հատված 3), ծոմապահությունը դիտում էր որպես տառապանք (հատվածներ 3, 5) և վատ էր վերաբերվում ուրիշներին (հատվածներ 3–4)։
-
Հնարավո՞ր է արդյոք, որ մենք էլ նմանատիպ սխալներ անենք ծոմապահության ժամանակ:
Բացատրեք, որ Տերը ցանկանում է, որ մենք ծոմ պահենք այլ կերպ, քան այդ մարդիկ: Նա ցանկանում է, որ մենք ծոմ պահենք խոնարհ կեցվածքով, նպատակով և անկեղծ միտումով (տես Սաղմոս 35․13, Հովել 2․12, Հովնան 3․4–10, Մատթեոս 6․16–18, Ալմա 5․46, 6․6, 17․3, 9)։
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք խոնարհաբար ծոմ պահենք՝ որոշակի արդար նպատակով և անկեղծ միտումով:
Տիրոջ խոստումները
Կարող եք գրատախտակին գրել հետևյալը. Եթե մենք ծոմ պահենք այնպես, ինչպես Տերն է ցանկանում, ապա…
Կարդացեք Եսայի 58․6–12 հատվածները՝ փնտրելով այն նպատակներն ու օրհնությունները, որոնք Տերը խոստանում է նրանց, ովքեր ծոմ են պահում՝ համաձայն Տիրոջ ցանկության: Կարող եք նշել դրանք:
Եսայի 58․6–7 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:
Ուսանողներին խնդրեք ավարտել նախադասությունը՝ հիմնվելով իրենց ուսումնասիրության վրա: Նրանք կարող են իրենց պատասխանները գրել գրատախտակին: Ստորև տրվում է մի քանի օրինակ.
-
Նա կարձակի մեզ վրա եղած ամբարշտության կամ մեղքի կապանքները (տես Եսայի 58․6)։
-
Նա կկոտրի ամեն տեսակ լուծը (տես Եսայի 58․6)։
-
Մենք հոգ կտանենք աղքատների և կարիքավորների մասին (տես Եսայի 58․7)։
-
Նա կօրհնի մեզ լույսով և առողջությամբ (տես Եսայի 58․8)։
-
Նա կպատասխանի մեր աղոթքներին (տես Եսայի 58․9)։
Ծոմապահության օրհնությունները
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ իրենց նշած օրհնությունները, առաջարկեք նրանց ընտրել հետևյալ իրավիճակներից մեկը կամ երկուսը.
-
Երիտասարդը ճնշվածություն է զգում իր դպրոցական աշխատանքի և իր ապագայի համար:
-
Երիտասարդ կինը կարծում է, որ այլևս չի կարող մաքուր լինել իր մեղքերի պատճառով:
-
Մի երիտասարդ աղոթում է, որպեսզի իմանա, թե արդյոք Եկեղեցին ճշմարիտ է, բայց նրա համար դժվար է պատասխան ստանալ:
-
Մի երիտասարդ կին ցանկանում է օգնել աղքատներին:
-
Երիտասարդը բախվել է դժվարությունների և չգիտի, թե արդյոք կարող է հաղթահարել դրանք:
Եսայի 58․6–12 հատվածներից գտեք մի արտահայտություն, որը կարող է մոտիվացնել տվյալ իրավիճակում հայտնված մարդուն ծոմ պահել և աղոթել Աստծո օգնության համար: (Որոշ իրավիճակների համար կարող են կիրառելի լինել մեկից ավելի արտահայտություններ։)
Ուսանողներին առաջարկեք փոքր խմբերում կամ ամբողջ դասարանով կիսվել իրենց ընտրած իրավիճակներով և արտահայտություններով, որոնք կարող են օգնել և ինչու կարող են օգնել:
Կարող եք նաև առաջարկել նրանց կիսվել այլ իրավիճակներով, որոնց դեպքում այդ հատվածներում Տիրոջ խոստացած օրհնությունները կարող են օգտակար լինել, կամ հարցնել՝ արդյոք այդ օրհնություններից որևէ մեկն առավել կարևոր է իրենց համար և ինչու:
-
Ինչպե՞ս կարող է այդ օրհնությունները ստանալը կամ ծոմ պահելը ձեզ ավելի մոտեցնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Ծոմապահության և ծոմի նվիրատվությունների վճարման օրինակներ
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Փրկչի օրինակը, բացատրեք, որ Նա ծոմ էր պահում և ուսուցանում էր ծոմապահության մասին՝ միաժամանակ ապրելով այդ սկզբունքով: Նա ծոմ էր պահում իր երկրային ծառայությունից առաջ (տես Մատթեոս 4.1–2 և նշեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4․1 թարգմանության մեջ «գայթակղվել դևի կողմից» արտահայտությունը փոխարինված է «լինել Աստծո հետ» արտահայտությամբ): Նա նաև ուսուցանել է, որ որոշ չար ազդեցություններ հեռանում են միայն «աղոթքի և ծոմապահության» շնորհիվ (Մատթ. 17․19, 21)։
Կարող եք ցույց տալ ծոմապահության հետևյալ ժամանակակից օրինակը և հարցնել ուսանողներին, թե ինչն իրենց դուր եկավ կամ ինչ սովորեցին դրանից.
-
«Fast Offerings: A Simple Commandment with a Marvelous Promise» (3:01) տեսանյութում նախագահ Հենրի Բ. Այրինգը պատմում է պատերազմի ժամանակ Սիերա Լեոնեում մի կնոջ ծոմապահության փորձառության մասին:
Ուսանողներին առաջարկեք մի պահ խորհել ծոմապահության հետ կապված իրենց անձնական փորձառությունների, ինչպես նաև հետևյալ հարցերի շուրջ.
-
Ի՞նչ օրհնություններ է Տերը տվել ձեզ կամ ձեզ ծանոթ մարդկանց ծոմապահության շնորհիվ:
-
Ինչպե՞ս եք ձեր ծոմապահությունն ավելի իմաստալից դարձնում կամ ինչպես կարող եք դա անել:
Կարող եք կիսվել նաև ձեր անձնական փորձառություններով:
Ծոմապահության մասին ձեր զգացմունքները
Մտածեք այս դասի ընթացքում Սուրբ Հոգու միջոցով ստացած ցանկացած տպավորության մասին՝ ձեր օրագրում ծոմապահության վերաբերյալ ձեր զգացողությունների մասին գրելիս։ Կարող եք ներառել Տիրոջ օրհնությունները, որոնք ցանկանում եք ստանալ ձեր կյանքում և բացատրել, թե ինչու:
Մտապահել
Օգնեք ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: «Եսայի 58․6–7» հատվածների սուրբգրային հիմնական արտահայտություն է՝ «պատշաճ ծոմապահության օրհնությունները»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: