«Եսայի 61. Հիսուսի՝ Մեսիայի առաքելությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Եսայի 61. Հիսուսի՝ Մեսիայի առաքելությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եսայի 58–66․ Դաս 128
Եսայի 61
Հիսուսի՝ Մեսիայի առաքելությունը
Եսայի 61 գլխում Եսային ուսուցանել է Երկնային Հոր ծրագրում Հիսուս Քրիստոսի՝ մեզ բժշկելու, ազատելու, մխիթարելու և փրկելու առաքելության մասին: Որոշ մարդիկ երբեմն վստահ չեն լինում, թե արդյոք Հիսուս Քրիստոսը տալիս է այդ օգնությունն ու մխիթարությունը մեր կյանքում: Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել իրենց վստահությունը Փրկչի` մեզ բժշկելու, ազատելու և մխիթարելու կարողության հանդեպ:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել այն ապացույցների մասին, որոնք տեսել են իրենց կամ ուրիշների կյանքում, որ Հիսուս Քրիստոսը բժշկում, մխիթարում և բարձրացնում է մարդկանց այսօր: Խնդրեք նրանց պատրաստված գալ՝ իրենց մտքերով կիսվելու համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մենք ունենք Մեսիայի կարիքը
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ մենք ունենք Հիսուս Քրիստոսի կարիքը, դասի սկզբում ցուցադրեք Նոր Կտակարանում պատկերված արյունահոսող կնոջ նկարը (տես Մարկոս 5․24–34)։
Ուսանողներին խնդրեք կիսվել, թե ինչ գիտեն այդ իրավիճակի մասին: Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ նա առողջական խնդիր ուներ՝ «տասներկու տարի արյունահոսություն ուներ» (Մարկոս 5․25)։ Նա «իր ամբողջ ունեցվածքը վատնել էր»՝ փորձելով բժշկվել բժիշկների մոտ, բայց նրա հիվանդությունը միայն վատթարացել էր (Մարկոս 5․26): Մովսեսի օրենքի համաձայն, արյունահոսող անձը համարվում էր անմաքուր (տես Ղևտական 15․19–33), ուստի այդ կինը, հավանաբար, այդ 12 տարիների ընթացքում ինչ-որ կերպ հեռացված էր հասարակությունից:
Նկարը ցուցադրելիս տվեք հետևյալ հարցերը։
-
Ձեր պատկերացմամբ, նա ի՞նչ կարող էր մտածել կամ զգալ:
-
Ինչպե՞ս կարող է դեռահասը նման մտքեր կամ զգացմունքներ ունենալ այսօր:
Ուսանողները կարող են իրենց ուսումնասիրության ընթացքում անձնական հայտնություն փնտրել՝ մտածելով իրենց կյանքի և հանգամանքների մասին: Նրանց օգնելու եղանակներից մեկն է՝ ցուցադրել հետևյալ հրահանգները.
Մտածեք այն դժվարությունների մասին, որոնց բախվում եք դուք կամ ձեզ ծանոթ մարդն այս պահին, և, թե որքանով ունեք Փրկչի օգնության կարիքը: Եսային մարգարեացել է, թե Փրկիչը ինչպես կարող է օգնել մեզ և այդ կնոջը: Այսօր Եսայի 61 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք Հոգու առաջնորդությունը՝ օգնելու ձեզ տեսնել, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես են գործում ձեր կյանքում:
Մեսիայի առաքելությունը
Որպեսզի պատրաստեք ուսանողներին Եսայի 61 գլխի ուսումնասիրությանը, գրատախտակի վերևում գրեք հետևյալ արտահայտությունը. Երկնային Հայրը ուղարկեց Հիսուս Քրիստոսին …
Եսայի 61 գլխում Եսային մարգարեացել է Փրկչի և Նրա առաքելության մասին: Այդ հատվածներում Եսային խոսում է Մեսիայի նման՝ կարծես Փրկիչն է ասում այդ խոսքերը:
Կարդացեք Եսայի 61․1–3 հատվածները և ավարտեք գրատախտակին գրված Երկնային Հայրը ուղարկեց Հիսուս Քրիստոսին … արտահայտությունը։
Կարող եք բացատրել, որ օծված բառը հատված 1-ում նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը առանձնացվել կամ ուղարկվել է որոշակի նպատակով: «Քրիստոս (հունարեն բառ) և Մեսիա (եբրայերեն բառ) նշանակում են «օծյալ»» («Հիսուս Քրիստոս», Սուրբ գրքերի ուղեցույց)։
Կարող եք նաև բացատրել, որ հեզ բառը հատված 1-ի համատեքստում կարող է նշանակել աղքատ, տառապյալ կամ խոնարհ:
-
Ի՞նչ գտաք, որը կօգնի ձեզ հասկանալ, թե Փրկիչը ինչպես կարող է օգնել մարդուն այսօր:
Կարող եք գրատախտակին գրել այն, ինչով կիսվում են ուսանողները կամ առաջարկել նրանց անել դա: Երբ ուսանողները կիսվեն, նրանք կարող են ավարտել հետևյալ արտահայտությունը. Երկնային Հայրը ուղարկեց Հիսուս Քրիստոսին …
-
Քարոզել ավետարանն աղքատներին, տառապյալներին և խոնարհներին (տես հատված 1)։
-
Բժշկել կոտրված սրտերը (տես հատված 1)։
-
Ազատել գերիներին (տես հատված 1)։
-
Մխիթարել բոլոր սգավորներին (տես հատված 2)։
-
Գեղեցկություն և ուրախություն նվիրել հուսահատվածներին (տես հատված 3)։
Լրացուցիչ հարցեր տալն արդյունավետ հմտություն է, որն օգնում է ուսանողներին վերլուծել այն, ինչ իրենք հենց նոր ուսումնասիրել են սուրբ գրություններում կամ այն, ինչ լսել են որևէ մեկի կիսվելուց: Կարող եք տալ հետևյալ լրացուցիչ հարցերը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ տեքստի իմաստը. «Ինչպե՞ս մարդը կարող է գերի լինել» կամ «Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում, որ նա մեզ «դափնեպսակ կտա մոխրի փոխարեն»»։
Հասկանալ, թե ինչպես է Փրկիչը կատարում Իր առաքելությունը
Կարող եք ուսանողներին ամփոփ ներկայացնել Ղուկաս 4․16–21 հատվածները։
Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոսը իր հայրենի Նազարեթ քաղաքի ժողովարանում կարդաց Եսայի 61 գլուխը։ Եսայու խոսքերի միջոցով Հիսուս Քրիստոսը վկայեց, որ Նա է խոստացված Մեսիան, որն ուղարկվել է Երկնային Հոր կողմից` բժշկելու, ազատելու, մխիթարելու և փրկելու առաքելությամբ (տես Ղուկաս 4․16–21)։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե Փրկիչը ինչպես կարող է իրականացնել Իր առաքելությունն իրենց կյանքում, կարող եք առաջարկել ուսանողներին խմբերով ուսումնասիրել օրինակներ սուրբ գրություններից:
Ընտրեք գրատախտակին գրված արտահայտություններից մեկը: Ուսումնասիրեք մի օրինակ սուրբ գրություններից, որտեղ Փրկիչը իրականացնում է Իր առաքելությունը՝ օգնելով մարդուն հաղթահարել իր եզակի դժվարությունները: Կարող եք օգտագործել արդեն ներկայացված սուրբգրային օրինակը կամ գտնել ձերը: Կարող եք նաև մտաբերել որևէ ժամանակակից օրինակ:
-
Չարչարված․ անդամալույծ մարդ (Մարկոս 2․1–12)
-
Կոտրված սրտով. արյունահոսող կին (Մարկոս 5․24–34)
-
Գերի․ Ալմա կրտսեր (Ալմա 36․16–21)
-
Վշտացած․ Մարիամ և Մարթա (Հովհաննես 11.20–36)
-
Հուսահատված․ Ալման և նրա ժողովուրդը (Մոսիա 24․8–21)
Ուսումնասիրելիս փնտրեք հետևյալ հարցերի պատասխանները.
-
Ի՞նչ է ձեզ ուսուցանում այս պատմությունն այն մասին, թե Հիսուս Քրիստոսը ինչպես կարող է իրականացնել ձեզ համար ունեցած Իր առաքելությունը ձեր կյանքում:
-
Ի՞նչ է ձեզ ուսուցանում այս պատմությունն այն մասին, թե ինչպես կարող եք ձեր կյանք հրավիրել Նրա զորությունը:
Ուսումնասիրության ժամանակ պատրաստ եղեք պատասխանել ուսանողների ցանկացած հարցի:
Երբ ուսանողներն ավարտեն ուսումնասիրությունը, առաջարկեք նրանց կիսվել իրենց սովորածով, որը կարող է օգնել այն մարդուն, որը բախվել է դժվարությունների:
Ուսանողներին տալով հետևյալ հարցերը, որոնք կմղեն նրանց մտածել անձնական փորձառությունների մասին, կարող եք օգնել նրանց ճանաչել Հիսուս Քրիստոսի սերը, զորությունը և ողորմածությունն իրենց կյանքում: (Լրացուցիչ ուսուցում ստանալու համար, թե ինչպես առաջարկել ուսանողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունը և ողորմածությունն իրենց կյանքում, տես «Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունը և ողորմությունը իրենց կյանքում» բաժինը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում։)
Եթե ուսանողների համար օգտակար կլինի իրենց փորձառություններով կիսվելուց առաջ ժամանակակից օրինակ տեսնել, կարող եք դիտել Դարլինի փորձառության մասին պատմող «Feeling the Lord’s Love and Goodness in Trials» (4:18) տեսանյութը։
4:17 -
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը իրականացրել Իր առաքելությունը ձեր կամ ձեզ ծանոթ մարդու կյանքում:
Կիսվեք նրանով, թե Նրա վերաբերյալ ինչին եք հավատում
Ուսանողներին ժամանակ տրամադրեք մտածելու, թե իրենց սովորած բաներն ինչպես կարող են ազդել իրենց կյանքի վրա դասից դուրս: Հետևյալ վարժությունը կապված է այն դժվարությունների հետ, որի մասին նրանք մտածում էին դասի սկզբում:
Հաղորդագրություն գրեք այն մարդուն, որի մասին այսօր մտածում էիք, և որն այս պահին դժվարություններ ունի իր կյանքում (այդ մարդը կարող եք լինել դուք): Խնդրեք Հոգու օգնությունը, որպեսզի առաջնորդի ձեզ հաղորդագրություն գրելու ընթացքում: Հաղորդագրության մեջ կիսվեք Փրկչի մասին այսօր ձեր լսած կամ սովորած ճշմարտություններով կամ փորձառություններով, որոնք, ըստ ձեզ, կարող են քաջալերել կամ հույս տալ այդ մարդուն:
Կարող եք ավարտել հաղորդագրությունը Հիսուս Քրիստոսի և Նրա զորության մասին ձեր վկայությամբ: