«Դ Թագավորների 6. «Մեզ հետ եղողները»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Դ Թագավորների 6. «Մեզ հետ եղողները»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դ Թագավորների 2–7․ Դաս 85
Դ Թագավորների 6
«Մեզ հետ եղողները»
Երբ սիրիական բանակը շրջապատեց Եղիսե մարգարեի ծառային, նա վախից բղավեց. «Ի՞նչ պետք է անենք»։ (Դ Թագավորների 6.15) Եղիսեն մխիթարեց իր ծառային՝ օգնելով նրան ճանաչել Տիրոջ օգնությունը: Մենք նույնպես կարող ենք մխիթարվել, երբ սովորենք ճանաչել Տիրոջ օգնությունը: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ վստահություն զգալ Տիրոջ մշտական և զգոն հոգատարության հանդեպ:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել կիսվելու փորձառությամբ, երբ Տերը օրհնել կամ պաշտպանել է իրենց կամ իրենց ծանոթին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ճանաչել Փրկչի հոգատարությունը
Դասի սկզբին կարող եք գրատախտակի կենտրոնում մարդուկի նկար նկարել:
Սուրբ գրությունները լի են Փրկչի խոստումներով՝ ուղղված Իր ժողովրդին, որը ձգտում է ծառայել Նրան: Այս խոստումներից մեկը պատկերացնելու համար ձեր օրագրի որևէ էջի կենտրոնում մարդուկի նկար նկարեք և անվանեք այն Ես։
Ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.88 հատվածը և ձեր նկարած գծապատկերի շուրջը նկարեք, թե ինչպես եք պատկերացնում Տիրոջ խոստումները:
Ուսանողներից մեկին առաջարկեք ավելացնել գրատախտակի նկարին այն, ինչ նա նկարել է իր օրագրում՝ բացատրելով, թե ինչու է այդպես նկարել: Մյուս ուսանողներին առաջարկեք իրենց նկարածից որևէ այլ բան ավելացնել գրատախտակին: Որպես այլընտրանք, ուսանողները կարող են կիսվել իրենց նկարներրով և բացատրել դրանց իմաստն իրենց դասընկերներին:
-
Ըստ ձեզ, ինչպե՞ս դա կարող է ազդել մարդու վրա, եթե նա կարողանա ճանաչել այն խոստումները, որոնք տրվում են իր կյանքում:
-
Ինչո՞ւ է դժվար լինում տեսնել կամ ճանաչել Տիրոջ օրհնություններն ու պաշտպանությունը մեր կյանքում:
Օգտակար կլինի վկայել, որ Երկնային Հայրը և Փրկիչը ակտիվորեն ներգրավված են յուրաքանչյուր ուսանողի կյանքում:
Խորհեք, թե որքան լավ եք զգում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ներգրավվածությունը ձեր կյանքում: Ապա ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Կարո՞ղ եք նշել գեթ մեկ եղանակ, որով Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը օրհնում կամ պաշտպանում են ձեզ: Եթե այո, ապա ինչպե՞ս են Նրանք դա անում:
-
Ինչպիսի՞ իրավիճակ է եղել ձեր կյանքում, երբ դա կարող էր օգնել ձեզ ավելի լավ ճանաչել Նրանց օրհնություններն ու պաշտպանությունը:
Դ Թագավորների 6 գլուխն ուսումնասիրելիս հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ հասկանալ, թե ինչպես են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը օրհնում և պաշտպանում ձեզ:
Աստվածային օգնություն
Բացատրեք հետևյալ տեղեկությունները, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Դ Թագավորների 6 գլխի համատեքստը։
Իսրայելի և Սիրիայի միջև պատերազմի ժամանակ, Սիրիայի թագավորն անհատապես քննարկում էր իր մարտական ծրագրերն իր ծառաների հետ։ Այնուամենայնիվ, Տերը բազմիցս հայտնել է Սիրիայի ծրագրերի մասին Եղիսե մարգարեին, որն էլ զգուշացնում էր Իսրայելի թագավորին: Երբ Սիրիայի թագավորը բացահայտեց դա, նա բանակ ուղարկեց՝ Եղիսեին գերևարելու համար (տես Դ Թագավորների 6․8–13)։
Արդյունավետ եղանակ ընտրեք ուսանողների համար՝ ուսումնասիրելու հետևյալ հատվածները, որպեսզի օգնեք նրանց բացահայտել դարձի բերող սկզբունքները: Օրինակ՝ ուսանողների համար օգտակար կլինի ուսումնասիրել այդ հատվածները Եղիսեի ծառայի տեսանկյունից: Նրանք ժամանակ առ ժամանակ կարող են դադար առնել և մտածել, թե ինչ կզգային, եթե լինեին նրա փոխարեն: Ուսանողները կարող են հատվածները կարդալ նաև ամբողջ դասարանով կամ փոքր խմբերով, որտեղ ուսանողներից մի քանիսը կարող են կարդալ Եղիսեին, մյուս խումբը՝ Եղիսեի ծառային, իսկ մնացածը՝ Իսրայելի թագավորին վերաբերող մասերը:
Օգտակար կլինի բացատրել, որ Սամարիան Իսրայելի թագավորության մայրաքաղաքն էր։
Կարդացեք Դ Թագավորների 6․14–23 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես է Տերը օրհնել և պաշտպանել Եղիսեին և նրա ծառային:
-
Ի՞նչը տպավորեց ձեզ այս պատմությունից:
-
Այս պատմությունից ո՞ր ճշմարտությունները կարող են վերաբերել մեզ այսօր:
Եթե ուսանողներն իրենց խոսքերով դեռ չեն կիսվել նմանատիպ ճշմարտությամբ, կարող եք կիսվել հետևյալ ճշմարտությամբ. Տերը կարող է օգնել մեզ ճանաչել Իր օրհնություններն ու պաշտպանությունը մեր կյանքում:
-
Ըստ ձեզ, Տիրոջ օրհնություններն ու պաշտպանությունը ճանաչելն ինչպե՞ս ազդեց Եղիսեի և նրա ծառայի վրա:
Ճանաչենք Տիրոջ օրհնություններն ու պաշտպանությունը
Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել այն եղանակները, որոնցով Տերը կարող է օրհնել և պաշտպանել իրենց, կարող եք ուսանողներին բաժանել զույգերի կամ փոքր խմբերի՝ հետևյալ վարժությունը կատարելու համար:
Նշում. ուսանողներին հնարավորություն կտրվի խորհել այս վարժության ընթացքում իրենց գրածի շուրջ դաս 96․ «Գնահատեք ձեր գիտելիքները 6» ուսումնասիրելու ժամանակ։
Գրեք, թե Տերը ինչպես կարող է հետևել մեզ և հոգ տանել մեր մասին: Երկու րոպեի ընթացքում թվեք հնարավորինս շատ տարբերակներ:
Երկու րոպեից հետո առաջարկեք նրանց փնտրել լրացուցիչ գաղափարներ, որոնք կարող են լինել Մոսիա 24․13–15, Վարդապետություն և Ուխտեր 8.2–3, 38․7 հատվածներում կամ ձեր առաջարկած սուրբ գրությունների այլ հատվածներում: Կարող եք նաև կիսվել նախագահ Այրինգի հետևյալ խոսքերով:
Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է հետևյալը Տիրոջ օգնության մասին.
Եղիսեի այդ ծառայի նման ավելի շատերը կան ձեզ հետ, քան նրանք, որ հակառակ են ձեզ։ Նրանք, ովքեր ձեզ հետ են, անտեսանելի կլինեն ձեր մահկանացու աչքերի համար: Տերը կբարձրացնի ձեզ և երբեմն դա կանի՝ կանչելով մյուսներին՝ կանգնելու ձեր կողքին։ («O Ye That Embark», Լիահոնա, նոյ. 2008, 58)
Խմբերին առաջարկեք հերթով կիսվել իրենց գրած օրինակներով, երբ դուք կամ պատրաստակամ ուսանողները գրում եք դրանք գրատախտակին: Խմբերին հնարավորություն տվեք շարունակել կիսվել այնքան ժամանակ, քանի դեռ չեն հնչել իրենց բոլոր եզակի գաղափարները:
Ուսանողներին առաջարկեք կիսվել այն օրինակներով, որոնք կարող են հիշել սուրբ գրություններից, երբ Տերը հետևում կամ հոգ էր տանում որևէ մեկի մասին գրատախտակին նշված եղանակներով:
Հետևյալ հարցերը քննարկելիս կարող եք կիսվել այն մասին, թե երբ եք ճանաչել Աստծո օրհնությունները կամ օգնությունը ձեր կյանքում:
-
Ինչո՞ւ է ավելի դժվար ճանաչել Տիրոջ որոշ օրհնությունները:
-
Ե՞րբ է Տերը օրհնել կամ պաշտպանել ձեզ կամ ձեզ ծանոթ մարդուն այս եղանակներից որևէ մեկով:
-
Այս փորձառությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Տիրոջ մասին:
Բացենք մեր աչքերը
Կարող եք ավարտել դասը՝ ցուցադրելով հետևյալ մեջբերումը և հրահանգները։
Նախկինում Երիտասարդ կանանց գերագույն նախագահությունից քույր Միշել Դ. Քրեյգը բացատրել է, թե ինչ կարող ենք անել, եթե դժվարանում ենք տեսնել, թե ինչպես է Աստված գործում մեր կյանքում.
Կարող են լինել պահեր, երբ դուք՝ այդ ծառայի նման, դժվարանում եք տեսնել, թե ինչպես է Աստված գործում ձեր կյանքում, ժամանակներ, երբ ձեզ շրջափակման մեջ եք զգում, երբ մահկանացու կյանքի փորձությունները ձեզ ծնկի են բերում։ Սպասեք և ապավինեք Աստծուն և Նրա ժամանակին, քանի որ դուք կարող եք վստահել Նրա սրտին ձեր ողջ սրտով։ Բայց այս պատմությունից մի բան էլ ենք սովորում։ Իմ թանկագին քույրեր և եղբայրներ, դուք նույնպես կարող եք աղոթել Տիրոջը, որպեսզի Նա բացի ձեր աչքերը, որ տեսնեք այն, ինչը սովորաբար չեք տեսնում։ («Աչքեր՝ որ տեսնեք», Լիահոնա, նոյ․ 2020, 15)
Կարող եք ձեր օրագրում պատասխանել հետևյալ հարցին.
-
Ի՞նչ սովորեցիք այսօր, որը կօգնի ձեզ վստահ լինել, որ Տերը հետևում է ձեզ և հոգ է տանում ձեր մասին:
Վկայեք Տիրոջ սիրո և Նրա կարողության մասին՝ օգնելու ուսանողներին տեսնել Նրա օգնությունն իրենց կյանքում: