«Դ Թագավորների 2–4. Տերը Եղիսեին տալիս է զորություն և իշխանություն», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Դ Թագավորների 2–4. Տերը Եղիսեին տալիս է զորություն և իշխանություն», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դ Թագավորների 2–7․ Դաս 83
Դ Թագավորների 2–4
Տերը Եղիսեին տալիս է զորություն և իշխանություն
Երբ մենք ընդունում ենք կոչումները Տիրոջ Եկեղեցում, մենք ստանում ենք ծառայելու Նրա իշխանությունը: Երբ մենք ձգտենք ջանասիրաբար ծառայել և ավելի նմանվել Նրան, Նա կօրհնի մեզ Իր զորությամբ: Պատմությունն այն մասին, որ Տերը Եղիային երկինք վերցնելուց հետո օրհնում է Եղիսե մարգարեին զորությամբ և իշխանությունով, ցուցադրում այս ճշմարտությունը: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ Տերը իշխանություն է տալիս այն մարդկանց, որոնց Նա կանչում է, և զորություն է տալիս նրանց, ովքեր ծառայում են արդարորեն:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել այն ժամանակի մասին, երբ իրենք կամ իրենց ծանոթը ծառայել է Եկեղեցու կոչումներում: Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցի շուրջ. «Ե՞րբ եմ ես տեսել Տիրոջ զորությունը և իշխանությունը՝ Եկեղեցու կոչումները կատարելիս»:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Զորության և իշխանության աղբյուրը
Կարող եք սկսել դասը՝ քննարկելով, թե որտեղից է գալիս որոշակի բաներ անելու իշխանությունը: Կարող եք դա անել՝ ցուցադրելով մի բժշկի նկար, որը կրում է բժշկական խալաթ կամ գտնվում է բժշկական հաստատությունում (կամ մեկ այլ մասնագետի նկար, որն իշխանություն ունի գործել ի պաշտոնե) և տալով հետևյալ հարցերը:
-
Որո՞նք են այդ մարդու պարտականությունները:
-
Ո՞վ է նրան իշխանություն տվել՝ կատարելու իր դերը:
-
Ինչո՞ւ եք համոզված, որ կարող եք վստահել նրան։
Կարող եք ցուցադրել ժամանակակից մարգարեի նկարը և կրկին տալ արդեն մարգարեին ուղղված նախորդ հարցերը:
Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել, թե ինչ են իրենք հասկանում Տիրոջ զորությամբ և իշխանությունով կոչումներում ծառայելու մասին, առաջարկեք նրանց անել հետևյալը։
Ձեր օրագրում կամ Gospel Library հավելվածի Նշումներ բաժնում պատասխանեք հետևյալ հարցերին։ Ձեր պատասխանների շուրջ մտածելիս լսեք Սուրբ Հոգու տպավորություններն այն մասին, թե ինչ է Տերը ցանկանում, որ դուք հասկանաք Իր զորությամբ և իշխանությունով կոչումներում ծառայելու վերաբերյալ:
-
Ի՞նչ եմ ես հասկանում կոչումներում ծառայելու համար Տիրոջ զորությունն ու իշխանությունը ստանալու մասին:
-
Ինչպե՞ս կարող է այդ հասկացողությունն ազդել այն բանի վրա, թե ինչպես եմ ես արձագանքում, երբ ես կամ մեկ ուրիշը կոչում է ստանում Տիրոջից:
Եղիսեն ստանում է Աստծո զորությունն ու իշխանությունը
Կարող եք բացատրել, որ Տերը հայտնել է Եղիային, որ Եղիսեն մարգարե է դառնալու (տես Գ Թագավորների 19․16, 19)։
-
Ի՞նչ մտահոգություններ կարող էր ունենալ Եղիսեն, երբ պատրաստվում էր ստանալ իր կոչումը Տիրոջից:
Եղիսեն գիտեր, որ Տերը շուտով կվերցնի Եղիային (Դ Թագավորների 2․1–3)։ Եղիայի կյանքի վերջին օրը Եղիսեն քաղաքից քաղաք հետևեց Եղիային, մինչև որ նրանք հասան Հորդանան գետի մոտ։
Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել, թե ինչ է տեղի ունեցել Հորդանան գետի մոտ, կարող եք դասարանը բաժանել փոքր խմբերի: Գրատախտակին կարող եք նկարել ստորև ներկայացված չորս նկարը կամ մի քանի բառով ամփոփ ներկայացնել դրանցից յուրաքանչյուրը պատահական հերթականությամբ: Յուրաքանչյուր խմբի առաջարկեք կարդալ Դ Թագավորների 2․8–15 հատվածները և դասավորել նկարները կամ իրադարձությունների ամփոփ նկարագրությունը ժամանակագրական հերթականությամբ: Կարող եք բացատրել, որ փարաջան թիկնոց է:
-
Ինչպե՞ս Տերը ցույց տվեց Եղիսեին և ուրիշներին, որ Ինքը Եղիսեին զորություն և իշխանություն է տվել նրա կոչման մեջ:
Կարող եք բացատրել, որ թիկնոցը, որն օգտագործում էին Եղիան և Եղիսեն, նրանց զորություն և իշխանություն չէր տալիս, այլ ներկայացնում էր Աստծո զորությունն ու իշխանությունը։ Այսօր Եկեղեցում մենք երբեմն մարդու կոչումը կամ իշխանությունն անվանում ենք «թիկնոց»: Օրինակ՝ երբ նոր մարգարեն հաստատվում է որպես Եկեղեցու նախագահ, նա ստանում է իշխանության թիկնոց:
Նաև օգտակար կլինի նշել, որ կոչումներում ծառայելու իշխանությունը գալիս է Տիրոջից՝ քահանայության բանալիները կրող տղամարդկանց միջոցով:
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Եղիսեի փորձառությունից այն մասին, թե ինչ է Տերը անում այն մարդկանց համար, որոնց կանչում է ծառայելու Իրեն:
Ի հավելումն ուսանողների առաջարկած ճշմարտությունների կարող եք նշել, որ Տերը իշխանություն և զորություն է տալիս այն մարդկանց, որոնց Նա կանչում է։
Ծառայենք Աստծո զորությամբ և իշխանությունով
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում ծառայել կոչումներում Տիրոջ զորությամբ և իշխանությունով, կարող եք գրատախտակին գրել Քահանայության իշխանություն և Քահանայության զորություն արտահայտությունները։ Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույցից կիսվեք հետևյալ արտահայտություններով։ Թեև այս արտահայտություններն ուղղակիորեն վերաբերում են միսիոներական կոչումներին, հիշեցրեք ուսանողներին, որ Տերը իշխանություն է տալիս այն մարդկանց, որոնց նա կանչում է ծառայելու ցանկացած կոչումով, և զորություն է տալիս նրանց, ովքեր արդարորեն ծառայում են Իրեն:
Քրիստոսի ղեկավարությամբ ավետարանը քարոզելու իշխանությունը վերականգնվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Դուք ստանում եք այս իշխանությունը, երբ ի սպաս եք դրվում որպես միսիոներ: Դրա հետ տրվում է Տիրոջը ներկայացնելու և Նրա ավետարանն ուսուցանելու իրավունքը, արտոնությունը և պատասխանատվությունը: …
Բացի իշխանությունից, ձեր կոչումը կատարելու համար ձեզ անհրաժեշտ է նաև հոգևոր զորություն: Աստված տալիս է հոգևոր զորություն, երբ դուք մշտապես աշխատում եք ամրացնել ձեր վկայությունն Աստծո, Հիսուս Քրիստոսի և ավետարանի ճշմարտությունների մասին, որոնք դուք ուսուցանում եք: Նա հոգևոր զորություն է շնորհում, երբ դուք աղոթում եք, ուսումնասիրում եք սուրբ գրությունները և ձգտում եք իրականացնել ձեր միսիոներական նպատակը: Նա հոգևոր զորություն է տալիս, երբ ձգտում եք պահել Նրա պատվիրանները և ուխտերը, որոնք կապել եք փրկության արարողությունները ստանալիս (տես Վարդապետություն և Ուխտեր 35.24): (Քարոզիր Իմ Ավետարանը. Հիսուս Քրիստոսի Ավետարանով կիսվելու ուղեցույց, [2023], 3)
-
Ի՞նչ եք սովորում Տիրոջ զորության և իշխանության մասին այս արտահայտություններից:
-
Ինչո՞ւ է դա օգտակար հիշել, երբ կոչում եք ստանում Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից:
-
Ինչո՞ւ է դա օգտակար հիշել, երբ աջակցում եք այն մարդկանց, որոնք կոչումներ են ստանում:
Երբ ուսանողները քննարկեն քահանայության իշխանության և զորության մասին իրենց սովորածը, կարող եք գրատախտակին յուրաքանչյուր վերնագրի տակ գրել այն, ինչով նրանք կիսվում են: Այս քննարկման ընթացքում կարող եք նշել, որ Աստված մարդուն քահանայության իշխանություն է տալիս, երբ նա ձեռնադրվում է կոչման մեջ: Քահանայության զորությունը գալիս է Աստծուց, երբ մարդը ձգտում է պահել պատվիրանները և գործել արդար սկզբունքներին համաձայն (տես Վարդապետություն և Ուխտեր 121.34–46)։
Կարող եք ցուցադրել «Jesus Calls Twelve Apostles to Preach and Bless Others» (1։38) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Տեսանյութը դիտելուց հետո ուսանողները կարող են մտածել, թե ինչպես են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը դրսևորում իրենց սերը՝ տալով Իրենց իշխանությունն ու զորությունը երկրի վրա ապրող Իրենց ծառաներին:
Տեսանյութը դիտելուց հետո առաջարկեք մի քանի ուսանողի կիսվել իրենց մտքերով:
Հասկացողություն ցուցաբերեք
Որպեսզի օգնեք ուսանողներին ամփոփ ներկայացնել իրենց սովորածը, դասարանը բաժանեք զույգերի՝ հետևյալ վարժությունը կատարելու համար:
Ընտրեք հետևյալ իրավիճակներից մեկը կամ մի քանիսը և քննարկեք, թե ինչ սովորեցիք այսօր, որը կարող է օգնել մարդուն հաղթահարել կոչման վերաբերյալ իր մտահոգությունները: Յուրաքանչյուր պատասխանում ներառեք սուրբ գրություններ, Եկեղեցու ղեկավարների խոսքեր կամ գաղափարներ, որոնք ստացել եք Հոգուց, երբ ուսումնասիրել եք Եղիսեի ծառայության կանչի պատմությունը:
-
Կանչվում և հաստատվում է նոր եպիսկոպոս։ Նրա որդին գիտի, որ նա կատարյալ չէ։
-
Երիտասարդ կանանց նոր նախագահ է կանչվել ծառայելու: Երիտասարդ կինը հիանալի հարաբերություններ ուներ նախորդ նախագահի հետ և ընդհանրապես չի ճանաչում նոր նախագահին։
-
Երիտասարդ տղամարդը կամ երիտասարդ կինը կանչվում է ծառայելու որպես իրենց քվորումի կամ դասարանի նախագահ: Նրանք համարում են, որ բավականաչափ գիտելիք չունեն՝ այդ կոչումը լավ կատարելու համար:
-
Միսիոները կանչվում է ծառայելու մի երկրում, որտեղ մարդիկ խոսում են այլ լեզվով: Նա մտահոգված է, թե իրականում որքան արդյունավետ կարող է կիսվել ավետարանով:
Մտածեք, թե ուսանողներն ինչպես կարող են կիսվել իրենց պատասխաններով միմյանց հետ: Եղանակներից մեկն այն է, որ յուրաքանչյուր զույգ կիսվի մեկ այլ խմբի հետ: Երբ բոլորը կիսվելու հնարավորություն ունենան, կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել այն ամենով, ինչն իրենց իսկապես դուր է եկել մյուս խմբի պատասխանում:
Եզրափակելով, վկայեք այն ճշմարտությունների մասին, որոնք քննարկեցիք այսօր: