«Ա Թագավորների 3. «Խոսիր, Տեր, որովհետև քո ծառան լսում է»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ա Թագավորների 3. «Խոսիր, Տեր, որովհետև քո ծառան լսում է»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Հռութ, Ա Թագավորների 1–7․ Դաս 70
Ա Թագավորների 3
«Խոսիր, Տեր, որովհետև քո ծառան լսում է»
Ըստ ձեզ, որքա՞ն լավ կարող եք ճանաչել Տիրոջ ձայնը ձեր կյանքում: Մի գիշեր Տերը խոսեց փոքրիկ Սամուելի հետ։ Հեղիի օգնությամբ Սամուելն ի վերջո ճանաչեց Տիրոջ ձայնը: Նա պատասխանեց. «Խոսիր, Տեր, որովհետև քո ծառան լսում է» (Ա Թագավորների 3․9)։ Տերը խոսում է նաև մեզ հետ, և Սամուելի նման, մենք պետք է սովորենք ճանաչել Նրա ձայնը: Այս դասը կօգնի ուսանողներին փնտրել և ճանաչել անձնական հայտնությունը:
Ուսանողի նախապատրաստում․ Տվեք ուսանողներին հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս եք լսում Տիրոջ ձայնը ձեր կյանքում» Առաջարկեք նրանց մտածել, թե իրենք ինչպես կպատասխանեն այդ հարցին։ Նրանք կարող են նաև հարցնել ընկերներին կամ ընտանիքի անդամներին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Լսեք Տիրոջ ձայնը
Մի պատրաստակամ ուսանողի, որը պատրաստ է թույլ տալ, որ կապեն իր աչքերը, առաջարկեք կանգնել դասարանի առջև։ Կապեք այդ ուսանողի աչքերը: Ուսանողներից մի քանիսին առաջարկեք առանձին-առանձին կոչել աչքերը կապած ուսանողին անունով: Աչքերը կապած ուսանողին խնդրեք որոշել, թե ով կոչեց իրեն անունով:
-
Ինչո՞ւ էին ձայներից մի քանիսը ավելի հեշտ ճանաչելի:
-
Ի՞նչ հոգևոր դասեր կարող են առնչվել այդ վարժության հետ:
Ուսանողները կարող են կիսվել կամ չկիսվել այս դասում ներկայացված ճշմարտությունների նման սկզբունքներով: Եթե ուսանողները կիսվում են այդ սկզբունքներով, առաջարկեք նրանց Ա Թագավորների 3 գլուխն ուսումնասիրելիս վկայություն կամ հասկացողություն փնտրել այդ ճշմարտությունների վերաբերյալ։ Եթե ոչ, ապա դա նորմալ է: Շնորհակալություն հայտնեք բոլոր ուսանողներին կիսվելու համար։
Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Աստված խոսում է մեզ հետ և ցանկանում է, որ մենք ճանաչենք Իր ձայնը։ Բացատրեք, որ Տերը խոսում է մեզ հետ Սուրբ Հոգու միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 8.2): Դա հայտնի է որպես անձնական հայտնություն: Ուսանողները դասի ընթացքում կբացահայտեն անձնական հայտնության լրացուցիչ սկզբունքներ:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Հոգին անընդհատ տպավորել է իմ մտքում …, թե Տերը որքան է կամենում հայտնել Իր միտքը և կամքը: Հայտնություն ստանալու արտոնությունն Իր զավակներին Աստծո տված մեծագույն պարգևներից մեկն է: …
Մի՞թե Աստված իսկապես ցանկանում է խոսել ձեզ հետ: Այո: («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 94–95)
Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցերի շուրջ.
-
Դուք հավատո՞ւմ եք, որ Աստված իսկապես ցանկանում է խոսել ձեզ հետ: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
-
Որքանո՞վ եք վստահ, որ կարող եք ճանաչել հայտնությունը:
-
Ի՞նչն է հեշտացնում կամ դժվարություն ստեղծում ձեզ համար՝ ճանաչելու Աստծո ձայնը (կամ անձնական հայտնությունը) ձեր կյանքում:
Վստահություն հայտնեք, որ Աստված ցանկանում է խոսել ձեր ուսանողների հետ:
Դասի ողջ ընթացքում փորձեք փնտրել և ճանաչել Տիրոջ ուղերձները: Փորձեք հասկանալ, թե ինչպես է Նա խոսում ձեզ հետ:
Հայտնության սկզբունքները
Սամուելը ծնվել է Աննայից՝ ի պատասխան Աննայի աղոթքների։ Երբ Սամուելը փոքր երեխա էր, Աննան նրան բերեց խորան, որտեղ Հեղին կարող էր հոգ տանել նրա մասին։ Մի գիշեր փոքրիկ Սամուելը Տիրոջ ձայնը լսելու փորձառություն ունեցավ:
Նախքան հետևյալ հրահանգները տալը, կարող եք բացատրել, որ սուրբ գրություններում որոշ սկզբունքներ ենթադրվում են: Դա նշանակում է, որ դրանք ուղղակիորեն նշված չեն հատվածներում: Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ բացահայտել ենթադրյալ սկզբունքները, երբ մենք ինքներս մեզ տանք հետևյալ հարցերը․ «Ի՞նչ կցանկանար այս հատվածների հեղինակը, որ ես սովորեի» կամ «Որո՞նք են այն կարևոր դասերը, որոնք ուսուցանում են այս հատվածները»:
Ուսումնասիրեք Ա Թագավորների 3․1–10, 19 հատվածները՝ փնտրելով Աստծուց հայտնություն ստանալու մասին գաղափարներ և ճշմարտություններ:
Երբ ուսանողներն ուսումնասիրեն, առաջարկեք նրանց գրատախտակին գրել իրենց բացահայտած սկզբունքները: Ուսանողներն իրենց բառերով կարող են նշել հետևյալ սկզբունքները: Եթե նրանք կդժվարանան նշել այդ սկզբունքները, կարող եք թվարկել հետևյալը և առաջարկել նրանց նշել արտահայտություններ կամ հատվածներ, որոնք ուսուցանում են իրենց:
-
Տերը համբերությամբ դիմում է մեզ, նույնիսկ երբ մենք սկզբում չենք ճանաչում Նրա ձայնը (տես հատվածներ 4, 6, 8, 10)։
-
Տերը խոսում է երեխաների հետ (տես հատվածներ 4, 6, 8, 10)։
-
Հաճախ ժամանակ և փորձ է պահանջվում՝ Տիրոջ ձայնին սովորելու համար (տես հատվածներ 7, 10, 19)։
-
Այլ մարդիկ կարող են օգնել մեզ ճանաչել Տիրոջ ձայնը (տես հատվածներ 8–9)։
-
Երբ մենք լսելու և գործելու պատրաստակամություն դրսևորենք, Տերը ավելին կբացահայտի մեզ: (տես հատվածներ 10, 19)
-
Այդ սկզբունքներն ինչո՞ւ կարող են օգտակար լինել, երբ մենք փորձում ենք ճանաչել Տիրոջ ձայնը մեր կյանքում:
-
Ինչպե՞ս են դրանք ցուցադրում մեր հանդեպ Նրա սերը:
Ճանաչենք Տիրոջ ձայնը
Տերը մեզ հետ խոսում է բազմաթիվ եղանակներով՝ Սուրբ Հոգու միջոցով: Իմացությունն այն մասին, թե Նա ինչպես կարող է խոսել ձեզ հետ, կօգնի ձեզ ավելի լավ ճանաչել Նրա ձայնը ձեր կյանքում:
Ուսանողներին տրամադրեք «Ինչպե՞ս կարող եմ ճանաչել Տիրոջ ձայնը» վերնագրով աշխատաթերթը։ Կարող եք աղյուսակի առաջին տողը լրացնել ամբողջ դասարանով, ապա ուսանողներին առաջարկեք լրացնել մնացած տողերը: Օգտակար կլինի ուսանողներին առաջարկել ինքնուրույն լրացնել դա, որպեսզի նրանք անհատապես մտորելու հնարավորություն ունենան: Եթե կարծում եք, որ գուցե բավարար ժամանակ չունենաք այդ վարժությունը կատարելու համար, առաջարկեք ուսանողներին լրացնել ընդամենը մի քանի տող, կամ կարող եք դասը շարունակել մեկ այլ օր:
Երբ ուսանողներն ավարտեն ուսումնասիրությունը, ժամանակ տրամադրեք, որպեսզի նրանք քննարկեն իրենց բացահայտածը և հարցեր տան: Օգտագործեք այդ ժամանակը, որպեսզի հնարավորություն տաք ուսանողներին կիսվելու, թե ինչպես են լսում Տիրոջ ձայնն իրենց կյանքում: Կարող եք նաև կիսվել անձնական փորձառությամբ և բացատրել, թե ինչպես եք լսում Նրան:
Շնորհակալություն հայտնեք ուսանողներին այն ամենի համար, ինչով նրանք կիսվում են: Ասեք նրանց, որ իրենց ակտիվ մասնակցությունը դասին շատ կարևոր է։
Սովորեք Տիրոջ ձայնին
Սամուելի նման, մեզանից նունպես կարող է ժամանակ և փորձ պահանջվել՝ Տիրոջ ձայնին սովորելու և անձնական հայտնությունը ճանաչելու համար (տես Ա Թագավորների 3․7, 10, 19)։
-
Մենք ինչպե՞ս կարող ենք Սամուելի նման փորձել ճանաչել Տիրոջ ձայնը:
Գաղափարներից մեկը կարող է լինել ծնողի կամ վստահելի ղեկավարի հետ խոսելն այն մասին, թե ինչպես ստանալ հայտնություն Սամուելի նման, երբ նա խոսեց Հեղիի հետ: Սամուելն ասաց. «Խոսիր, Տեր, որովհետև քո ծառան լսում է» (Ա Թագավորների 3.10)։ Գուցե մենք կարող ենք նաև ցույց տալ Տիրոջը, որ պատրաստ ենք լսելու Նրա ուղերձները, երբ աղոթքից հետո կամ օրվա ընթացքում մտածենք և լսենք: Կամ կարող ենք գրել օրագրում այն եղանակները, որոնցով մենք կարող ենք ուղերձներ ստանալ Երկնային Հորից, օրինակ՝ աշխատաթերթում ներկայացված եղանակները:
Ձեր օրագրում գրեք մի ծրագիր, որը կցանկանայիք իրագործել՝ ձեր կյանքում Աստծո հայտնությունը փնտրելու և ճանաչելու համար:
Վկայեք, որ երբ ուսանողները ժամանակի ընթացքում կենտրոնացված ջանք գործադրեն, անձնական հայտնությունը ճանաչելու նրանց կարողությունը կմեծանա: Հայտնեք ուսանողներին, որ իրենք հնարավորություն կունենան անդրադառնալու անձնական հայտնությունը ճանաչելու իրենց ջանքերին Դաս 80․ «Գնահատեք ձեր գիտելիքները 5» ուսումնասիրելու ժամանակ։