Գրադարան
Մաքրաբարոյություն


«Մաքրաբարոյություն», Թեմաներ և հարցեր (2023)

բլրի վրա կանգնած երիտասարդ կինը նայում է հեռվում երևացող տաճարին

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Մաքրաբարոյություն

Սեռական մաքրության մասին Աստծո օրենքը

Մաքրաբարոյությունն Աստծո օրենքն է՝ սեռական մտերմությունը սուրբ պահելու համար։ Մեր մտքերում, խոսքերում և գործերում մաքրաբարո լինելու ձգտումը բազում հոգևոր, էմոցիոնալ և ֆիզիկական օրհնություններ է բերում։ Սեռապես մաքուր մնալու, ապաշխարելու և Տիրոջ ներումը փնտրելու մեր ջանքերը, եթե մենք անբարո ենք եղել, մեզ խաղաղություն և ուրախություն կբերի այս կյանքում և կնախապատրաստի մեզ նորից ապրել Աստծո հետ մահից հետո:

Աշխարհի շատ երկրներում մաքրաբարոյությունը թերագնահատված է, և ամուսնությունից առաջ կամ դրանից դուրս սեռական հարաբերություններ ունենալը սովորական երևույթ է։ Բայց Աստված մեզ տվեց մաքրաբարոյության օրենքն այն նույն պատճառով, որ Նա տվել է մեզ բոլոր պատվիրանները. Նա սիրում է մեզ, և Նա գիտի, որ պատվիրաններով ապրելը օգնում է մեզ ապահով լինել և տանում է դեպի ճշմարիտ և հարատև երջանկություն:

Ի՞նչ է մաքրաբարոյությունը:

Մաքրաբարոյությունը սեռապես մաքուր լինելն է մեր մտքերով, խոսքերով և գործերով: Մաքրաբարոյությունը ներառում է չունենալ որևէ սեռական հարաբերություն նախքան ամուսնությունը: Դա նաև նշանակում է լիովին հավատարիմ լինել ամուսնուն կամ կնոջը ամուսնության ընթացքում՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ էմոցիոնալ առումով։ Մաքրաբարո լինելը ներառում է խուսափել պոռնոգրաֆիայից կամ այլ սեռական բովանդակություն պարունակող նյութերից, որոնք նախատեսված են սեռական զգացմունքներ արթնացնելու համար։ Մաքրաբարոյությունը պատվիրան է Աստծուց, և այդ օրենքին հնազանդվելը կարևոր է Տիրոջ տուն մտնելուն պատրաստվելու համար: Տաճարում մենք հրավիրված ենք ավելի լիարժեք պարտավորվել ուխտի միջոցով ապրել մաքրաբարոյության օրենքով։

Թեմայի ակնարկ․ Մաքրաբարոյություն

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Կամքի ազատություն, Մահկանացու կյանք, Պոռնոգրաֆիա, Ապաշխարություն

հեռախոսին նայող տղամարդ

Բաժին 1

Մաքրաբարոյությունն Աստծո ծրագրի կարևոր մասն է

Մաքրաբարոյության օրենքը մեր փրկության և վեհացման համար Աստծո ծրագրի կենսական մասն է: Սեռական մտերմության միջոցով մենք կարող ենք արարիչներ դառնալ Աստծո հետ միասին՝ Նրա զավակներին բերելով աշխարհ: Մաքրաբարո լինելը ցույց է տալիս, որ մենք հարգում ենք Աստծու արարչագործության զորությունը, որը Նա թույլ է տալիս մեզ գործադրել։ Այն նաև ցույց է տալիս մեր երախտագիտությունն այն մարմինների համար, որոնք Աստված տվել է մեզ։

Ընտանեկան հարաբերությունները, որոնք ձևավորվում են, երբ տղամարդն ու կինը ամուսնանում են, և երբ ծնվում են նրանց երեխաները, հավերժական նշանակություն ունեն մեր Երկնային Հոր համար: Սա պատճառներից մեկն է, որ Նա հրամայել է, որ սեռական հարաբերությունները ձևավորվեն միայն ամուսնացած տղամարդու և կնոջ միջև: Բացի այդ, ամուսնու և կնոջ միջև համագործակցությունը կարող է նպաստել երեխաների դաստիարակության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և ամուր հիմք ստեղծել հավերժական ընտանիքի համար:

Մտորելու հարցեր

  • Մտածեք, թե ինչու է մաքրաբարոյությունն Աստծո փրկության ծրագրի կարևոր մասը կազմում: Նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է․ «Մահկանացու կյանք ստեղծելու զորությունն ամենավեհ զորությունն է, որ Աստված տվել է Իր զավակներին»: Այնուհետև մտածեք, թե տարբեր իրավիճակներում ձեր մտքերը սեռապես մաքուր պահելն ինչպես կարող է օգնել ձեզ վերահսկել այս զորությունը և հոգևորապես ամուր մնալ։ Ինչպե՞ս է մաքրաբարո լինելու ձգտումն ազդել ուրիշների մասին ձեր մտքերի վրա։ Ինչպե՞ս այն կազդեր այն զվարճանքի և մեդիայի վրա, որոնք դուք նախընտրում եք օգտագործել։ Ինչպե՞ս կարող է այն ազդել ձեր ընտանեկան հարաբերությունների վրա: Կարող եք ընտրել սիրված օրհներգ, եկեղեցու երգ կամ սուրբ գրություն, որը կարող եք երգել կամ կրկնել ձեր մտքում, երբ գայթակղվում եք անառողջ սեռական մտքերով կամ զգացմունքներով: Դուք կարող եք նպատակ դնել անգիր անել այդ երգը կամ հատվածը և հաճախ վերհիշել այն։

  • Մտածեք, թե ինչու է կարևոր մաքրաբարոյության օրենքը ձեզ համար կամ ինչու կարող է լինել։ Գրեք «Ես նախընտրում եմ հնազանդվել մաքրաբարոյության օրենքին, որովհետև …» նախադասությունը։ Այնուհետև փնտրեք, թե ինչպես կարող եք լրացնել այս նախադասությունը՝ կարդալով «Ձեր մարմինը սուրբ է» բաժինը Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկից: Այնուհետև կարող եք մտածել, թե ինչպես կարձագանքեք մեկին, ով ձեզ հարցնում է, թե ինչու է կարևոր մաքրաբարոյությունը ձեզ համար։

  • Մաքրաբարոյությունը սուրբ գրություններում երբեմն կոչվում է «առաքինություն»: Տերն ասել է, որ առաքինությունը պետք է «զարդարի [մեր] մտքերն անդադար», իսկ հետո մեր «վստահությունը [կարող է] ամրանալ Աստծո ներկայության մեջ» և «քահանայության վարդապետությունը կիջնի [մեր հոգիների վրա և] Սուրբ Հոգին կլինի [մեր] մշտական ընկերը» (Վարդապետություն և Ուխտեր 121.45-46): Ի՞նչ է նշանակում զարդարել բառն այստեղ: Գուցե տեսել եք, որ մաքրաբարոյությունն ու առաքինությունը մարդկանց վստահություն և ուժ են հաղորդել իրենց կյանքում: Ինչպե՞ս է մաքրաբարոյության օրենքը մեծացրել ավետարանի մասին ձեր վկայությունը:

Միասին սովորելու միջոցառումներ

  • Կարող եք միասին վերհիշել հավատո տասներեքերորդ հանգանակը: Այս հատվածն ասում է, որ մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն և հրավիրում է մեզ փնտրել առաքինի և գեղեցիկ բաներ։ Ինչպե՞ս կարող ենք որոշել, որ ինչ-որ բան առաքինի է և գեղեցիկ։ Մտքերով կիսվելուց հետո կարող եք խոսել այն բաների մասին, որոնք համապատասխանում են այդ նկարագրությանը, և թե ինչպես են դրանք օգնում ձեզ մաքրաբարո լինել։ Ապա դուք կարող եք միասին նպատակ դնել, որը կօգնի ձեզ մասնակցել միայն այն զրույցներին, իրավիճակներին, մեդիային ու ժամանցին, որոնք առաքինի են և գեղեցիկ: Խոսեք այն մասին, թե ինչպես կարող եք օգնել միմյանց հասնել ձեր նպատակին։ Հետագայում կարող եք քննարկել, թե ինչ սովորեցիք այդ փորձառությունից։

  • Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկը սովորեցնում է․ «Քանի որ սեռական զգացմունքներն այնքան սուրբ են և այնքան զորեղ, Աստված ձեզ տվել է մաքրաբարոյության օրենքը, որպեսզի պատրաստի ձեզ օգտագործել այդ զգացմունքները, ինչպես Ինքն է ցանկանում: … Աշխարհում շատերն անտեսում կամ նույնիսկ ծաղրում են Աստծո օրենքը, բայց Տերը հրավիրում է մեզ լինել Իր աշակերտները և ապրել աշխարհի չափանիշներից բարձր չափանիշներով»: Որո՞նք են այն ուղերձները, որ Տերը տալիս է մեզ սեռական հարաբերությունների և մաքրաբարոյության մասին: (Դուք կարող եք որոնել «Մաքրաբարոյություն» Սուրբ գրքերի ուղեցույցում կամ «Մաքրաբարոյություն» ակնարկը Թեմաներ և հարցերում)։ Ի՞նչ ուղերձներ է մեզ հաճախ տալիս աշխարհն այս թեմաներով: Քննարկեք, թե ինչ կարող եք անել, երբ բախվեք մաքրաբարոյության կամ անբարո լինելու գայթակղության մասին կեղծ ուղերձների։

Իմացեք ավելին

զույգը քայլում է գետի մոտով

Բաժին 2

Մաքրաբարո լինելու ձգտումը կարող է անհավատալի օրհնություններ բերել

Մենք օրհնվում ենք շատ առումներով, երբ ձգտում ենք ապրել մաքրաբարոյության օրենքով, այդ թվում նաև խուսափել պոռնոգրաֆիայի դիտումից։ Երբ մենք պահում ենք Աստծո մաքրաբարո լինելու պատվիրանը, մենք հրավիրում ենք Սուրբ Հոգու ընկերակցությունը և մեր կյանք բերում ավելի մեծ հոգևոր զորություն և ուժ: Մաքրաբարո լինելն օգնում է մեզ սուրբ դառնալ և հոգևորապես ուժեղ, ինչպես Հիսուս Քրիստոսը։ Այս հոգևոր նախապատրաստությունը մեզ հնարավորություն է տալիս ավելի նմանվել մեր Երկնային Հորը և առաջադիմել դեպի Իրեն վերադառնալու ճանապարհին։ Մաքրաբարո կյանքով ապրելը նաև թույլ է տալիս մեզ օրինակ լինել ուրիշների համար և արժանիորեն կանգնել Տիրոջ առաջ։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Մաքրաբարոյությունն ու առաքինությունը միշտ եղել են և միշտ կլինեն «ամենաթանկն ու արժեքավորը՝ բոլոր բաներից առավել» (Մորոնի 9.9)»: Խաղաղությունն ու ուրախությունը մաքրաբարոյությունը թանկարժեք են դարձնում մեզ համար՝ որպես անհատներ և ընտանիքներ: Այս օրենքը կարող է օգնել մեզ ավելի մեծ սեր, վստահություն և միասնություն ունենալ մեր ամուսնության մեջ։ Բացի այդ, մենք կարող ենք խուսափել աշխարհի ցավերի մեծ մասից՝ նախքան ամուսնանալը մաքրաբարո մնալով և ամուսնության ընթացքում լիովին հավատարիմ մնալով մեր կողակցին։ Մենք նաև կարող ենք խուսափել մաքրաբարոյության օրենքը խախտելու բազմաթիվ այլ հոգևոր, էմոցիոնալ և ֆիզիկական հնարավոր հետևանքներից, մինչ մենք հնազանդվում ենք այս պատվիրանին մեր ողջ կյանքի ընթացքում:

Սեռական մեղքը ծանր բեռ է, սակայն Տիրոջ ներողամտությունը հասանելի է բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն ապաշխարում են:

Մտորելու հարցեր

  • Կարդացեք Հովսեփի և Պետափրեսի կնոջ պատմությունը Ծնունդ 39.7-23 հատվածներում: Ի՞նչ եք սովորում Հովսեփի մասին այս պատմությունից: Ի՞նչ եք սովորում հոգևորապես պատրաստված լինելու նրա օրինակից, որպեսզի նա մաքրաբարո մնար նույնիսկ գայթակղության հանդիպելիս։ Ինչպե՞ս նա ի վերջո օրհնվեց մաքրաբարոյության օրենքին հնազանդվելու իր որոշման շնորհիվ։ (Տես օրինակ՝ Ծնունդ 41․37-45, 45․1-28)։ Մտածեք, թե ինչպես կարող է նրա օրինակն օգնել ձեզ քաջություն դրսևորել, երբ գայթակղվում եք անել մի բան, որն անբարո է։

  • Կարող եք կարդալ երիտասարդի պատմությունը նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդի «Let Virtue Garnish Thy Thoughts Unceasingly» ուղերձում: Երիտասարդ տղամարդն ի՞նչ սովորեց իր փորձառությունից: Ինչպե՞ս դա փոխեց նրա կյանքը։ Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի քաջություն ունենաք արժանի մնալու, երբ գայթակղվում եք անմաքուր կամ անսուրբ բան անել։ Ինչպե՞ս կարող եք օրհնվել՝ արժանի մնալով։ Գրի առեք ձեր ստացած տպավորությունները:

  • Սատանան ուզում է, որ մենք հավատանք, որ երբ խախտում ենք մաքրաբարոյության օրենքը՝ սեռական մեղք գործելով կամ պոռնոգրաֆիա դիտելով, այլևս արժանի չենք Աստծո սիրուն։ Բայց դա պարզապես ճիշտ չէ։ Կարդացեք Ղուկաս 15.11-32 հատվածները կամ դիտեք «The Prodigal Son» (5․36) տեսանյութը: Ինչպե՞ս է այս պատմությունը ցույց տալիս, թե ինչպիսի սեր ունի Աստված մեր հանդեպ, նույնիսկ երբ լուրջ մեղքեր ենք գործում։ Այնուհետև կարդացեք Եսայի 43․25 հատվածը և մտածեք, թե ինչ հույս է տալիս այն։ Եթե կա բարոյական մեղք, որի համար պետք է ապաշխարեք, պայմանավորվեք խոսել ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ և սկսել ապաշխարության գործընթացը, կամ աղոթեք դա անելու ցանկության համար: Ապաշխարելով և ապավինելով Փրկչին և Նրա քավիչ զորությանը՝ դուք կստանաք բուժում և հույս, որը կօգնի ձեզ ավելի մոտենալ Նրան։

Միասին սովորելու միջոցառումներ

  • Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հիշեցրել է եկեղեցու անդամներին, որ մեծ օրհնություններ են գալիս, երբ մենք ընտրում ենք «ունենալ սելեստիալ մտածելակերպ», ներառյալ, երբ հարցը վերաբերում է մաքրաբարո մնալուն: Նա ասել է․ «Սելեստիալ մտածելակերպը … կօգնի ձեզ հնազանդվել մաքրաբարոյության օրենքին։ Քիչ բաներ կան, որ կարող են ավելի արագ բարդացնել ձեր կյանքը, քան այս աստվածային օրենքի խախտումը։ Ձեզ համար, որ ուխտեր եք կապել Աստծո հետ, անբարոյականությունը հանդիսանում է վկայությունը կորցնելու ամենից արագ ուղիներից մեկը։ … Տերը հայտարարել է, որ ոչ մի անմաքուր մարդ չի հասնի սելեստիալ արքայություն։ Այսպիսով, երբ որոշումներ եք կայացնում բարոյականության վերաբերյալ, խնդրում եմ, ունեցեք սելեստիալ մտածելակերպ»։ Կարող եք խոսել այն մասին, թե ինչպես կարող է սելեստիալ մտածելակերպն օգնել ձեզ բարոյապես մաքուր մնալ և այն մասին, թե ինչպես կարող եք օրհնվել դրա համար։

  • Դիտեք «I Choose to Be Pure» (4․19) տեսանյութը և խոսեք այն մասին, թե ինչու են տեսանյութի տարբեր երիտասարդներ որոշել մնալ սեռապես մաքուր, և թե ինչ օրհնություններ են նրանք ակնկալում, որ արդյունքում կգան։ Կարող եք կիսվել միմյանց հետ այն ամենով, ինչ անում եք, որպեսզի հիշեք կատարել այնպիսի ընտրություններ, որոնք կօգնեն ձեզ պահպանել մաքրաբարոյության օրենքը: Կամ կարող եք յուրաքանչյուրդ գրի առնել, որ վճռել եք ամբողջ կյանքում սեռապես մաքուր մնալ և թուղթը դնել ձեզ համար տեսանելի մի տեղ։

  • Երեց Գարի Ի. Սթիվենսոնն իր «Եղեք անվեհեր խիզախության, ուժի և գործի մեջ» ելույթում ուսուցանել է. ««Այն, ինչ ընտրում եք մտածել և անել, երբ դուք մենակ եք և դուք հավատացած եք, որ ոչ ոք չի նայում, ուժեղ չափորոշիչ է ձեր առաքինության համար» [Քարոզիր Իմ ավետարանը. միսիոներական ծառայության ուղեցույց (2004), 118]: Եղե՛ք խիզախ: Եղեք ուժեղ: «Կանգնեք սուրբ տեղերում և մի շարժվեք» [Վարդապետություն և Ուխտեր 87.8]»։ Խոսեք այն մասին, թե ինչու է կարևոր մաքրաբարո լինել, երբ մենակ եք։ Այնուհետև կարող եք կիսվել «սուրբ տեղերի» գաղափարներով, որոնք կարող են լինել նաև սուրբ բաներ, որոնք կօգնեն ձեզ մաքրաբարո մնալ, հատկապես երբ մենակ եք։ Ի՞նչ օրհնություններ կարող եք ստանալ, մինչ փնտրեք այդ սուրբ վայրերը և ընտրեք մաքրաբարո լինել։

Իմացեք ավելին

Այլ աղբյուրներ մաքրաբարոյության մասին

Հղումներ

  1. Sես Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023), 83։

  2. Աստված մեր հոգիների Հայրն է: Երբ մենք երեխաներ ենք բերում աշխարհ, մենք դա անում ենք Նրա հետ համագործակցելով, հնարավորություն տալով Նրա հոգևոր զավակներին գալ երկիր և ձեռք բերել ֆիզիկական մարմիններ:

  3. Դալլին Հ. Օուքս, «The Great Plan of Happiness», Ensign, Nov. 1993, 74։

  4. Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար (2022), 23։

  5. Դեյվիդ Ա. Բեդնար, «We Believe in Being Chaste», Liahona, May 2013, 44։

  6. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Let Virtue Garnish Thy Thoughts Unceasingly», New Era, Oct. 2007, 4-7։

  7. Ռասսել Մ. Նելսոն, «Ունեցեք սելեստիալ մտածելակերպ», Լիահոնա, նոյ. 2023, 118։

  8. Գարի Ի. Սթիվենսոն, «Եղեք անվեհեր խիզախության, ուժի և գործի մեջ», Լիահոնա, նոյ․ 2012, 52: