«Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը։ «Եվ ես նրանց սուգն ուրախություն կդարձնեմ». Երեմիա 31–33, 36–39, Երեմիայի ողբերը 1, 3» Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը։ «Եվ ես նրանց սուգն ուրախություն կդարձնեմ»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
Երեմիան ողբում է Երուսաղեմի կործանման համար, հեղինակ՝ Ռեմբրանտ վան Ռիջն
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը․ «Եվ ես նրանց սուգն ուրախություն կդարձնեմ»
Երեմիա 31–33, 36–39, Երեմիայի ողբերը 1, 3
Երբ Տերը կանչեց Երեմիային լինել մարգարե, ասաց, որ նրա առաքելությունն է լինելու՝ «արմատախիլ անել և քանդել» (Երեմիա 1․10), իսկ Երուսաղեմում շատ ամբարշտություն կար՝ արմատախիլ անելու և քանդելու համար: Բայց դա Երեմիայի առաքելության միայն մի մասն էր, նա կանչվել էր նաև՝ «կառուցելու և տնկելու» (Երեմիա 1․10)։ Ի՞նչ կարելի էր կառուցել կամ տնկել ուխտի ժողովրդի ապստամբության արդյունքում մնացած ամայի ավերակների վրա: Այլ կերպ ասած, երբ մեղքը կամ ձախորդությունը մեր կյանքն ավերակների են վերածում, ինչպե՞ս կարող ենք այն վերակառուցել և կրկին տնկել: Պատասխանն «արդարության մի շառավիղն» է (Երեմիա 33․15)՝ խոստացված Մեսիան։ Մեսիան բերում է «նոր ուխտ» (Երեմիա 31․31), որը պահանջում է ավելին, քան նվիրվածության արտաքին դրսևորումը: Նրա օրենքը պիտի լինի «[մեր] ներսում», գրված «[մեր] սրտի վրա»: Ահա թե ինչ է նշանակում Տիրոջ համար «լինել [մեր] Աստվածը», իսկ մեզ համար՝ լինել «[Նրա] ժողովուրդը» (Երեմիա 31․33)։ Դա գործընթաց է, որը տևում է մի ամբողջ կյանք, ու մենք դեռ սխալներ թույլ կտանք և ժամանակ առ ժամանակ սգալու առիթ կունենանք: Սակայն, երբ սխալներ գործենք, Տերը խոստանում է. «Եվ ես նրանց սուգն ուրախություն կդարձնեմ» (Երեմիա 31․13)։
Երեմիայի ողբերը գրքի ակնարկի համար տես «Երեմիայի ողբերը» նյութը Սուրբ գրքերի ուղեցույցում։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Երեմիա 31, 33
Տերը գերությունից դուրս կբերի Իր ուխտի ժողովրդին
Երեմիա 30–31, 33 գլուխներում Տերը ընդունել է այն «դառնագին ողբ, լացը» (Երեմիա 31․15), որը իսրայելացիները կզգային գերության մեջ: Սակայն, Նա նաև ասել է մխիթարության և հույսի խոսքեր։ Փնտրեք դրանք՝ այս գլուխները կարդալիս: Ի՞նչ խոստումներ գտաք, որը վերաբերում է ձեզ:
Երեմիա 31․31–34, 32․37–42
«Եվ նրանք իմ ժողովուրդը կլինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ»
Չնայած իսրայելացիները խախտել էին իրենց ուխտերը, Երեմիան մարգարեացել է, որ Տերը կրկին «նոր» և «հավիտենական ուխտ» կհաստատի նրանց հետ (Երեմիա 31․31, 32․40)։ Ո՞րն է այդ ուխտը: Գաղափարներ փնտրեք Սուրբ գրքերի ուղեցույցում, «Նոր և հավիտենական ուխտ» նյութում, Ավետարանի գրադարան։
Երեմիա 31․31–34, 32․37–42 հատվածները կարդալիս խորհեք հետևյալի շուրջ․
-
Ինչ է նշանակում ձեզ համար՝ լինել Աստծո ուխտյալ ժողովրդի մասը:
-
Ինչ է նշանակում ունենալ Նրա օրենքը՝ գրված ձեր սրտի վրա։
-
Ինչ է խոստանում Տերը, երբ դուք ուխտեր եք կապում Նրա հետ:
-
Ինչպես է ձեր ուխտի հարաբերությունը Տիրոջ հետ փոխում ձեզ:
Ի՞նչ խոստումներ եք տվել Աստծուն, երբ մասնակցել եք սուրբ արարողություններին: Ինչպե՞ս է Նա կատարում ձեզ տված իր խոստումները:
Տես նաև Դեյվիդ Ա. Բեդնարի «Մնա ինձ հետ, և ես՝ քեզ հետ. հետևաբար, քայլիր ինձ հետ» ուղերձը, Լիահոնա, մայիս 2023, 123–26։
Երեմիա 36
Սուրբ գրությունները զորություն ունեն հեռացնել ինձ չարիքից
Ըստ Երեմիա 36․2–3 հատվածների՝ Տերը ինչո՞ւ է պատվիրել Երեմիային արձանագրել իր մարգարեությունները: Երեմիա 36 գլուխը կարդալիս ուշադրություն դարձրեք, թե ինչպես են հետևյալ մարդիկ վերաբերվել այդ մարգարեություններին.
-
Տերը (տես հատվածներ 1–3, 27–31)
-
Երեմիան (տես հատվածներ 4–7, 32)
-
Բարուքը (տես հատվածներ 4, 8–10, 14–18)
-
Հուդին և Հովակիմ թագավորը (տես հատվածներ 20–26)
-
Եղնաթանը, Դաղայիան և Գամարիան (տես հատված 25)
Խորհեք, թե ինչպես եք վերաբերվում սուրբ գրություններին: Ինչպե՞ս են դրանք օգնել ձեզ հեռանալ չարից։
Երեմիա 37–39
Հաստատակամ եղեք Աստծո մարգարեներին հետևելու հարցում
Երեմիա 37․1–3, 15–21, 38․1–6, 14–28 հատվածներում ի՞նչ ապացույց եք տեսնում այն մասին, որ Սեդեկիա թագավորը հավատում էր, որ Երեմիան Տիրոջ ճշմարիտ մարգարեն է։ Ի՞նչ ապացույց եք տեսնում այն մասին, որ Սեդեկիան չէր հավատում դրան։ Ի՞նչ սովորեցիք այդ համեմատությունից: Երեմիա 39 գլուխը կարդալիս խորհեք, թե ինչ կլիներ, եթե Սեդեկիան և նրա ժողովուրդը հետևեին մարգարեին և պահեին Տիրոջ պատվիրանները: (Համեմատեք Սեդեկիայի հետ տեղի ունեցածը Լեքիի ընտանիքին պատահածի հետ 1 Նեփի 1–2։)
Երեմիա 38․6–13, 39․15–18
Ես կարող եմ համարձակ լինել և պաշտպանել ճշմարտությունը
Թագավորի ենթակաները կարծում էին, որ Երեմիայի մարգարեությունները փոքրացնում են իրենց զինվորների կռվելու ցանկությունը, ուստի նրանք Երեմիային բանտարկեցին կեղտոտ զնդանի մեջ (տես Երեմիա 38․1–4)։ Ի՞նչն է ձեզ տպավորում Երեմիա 38․6–13 հատվածներում նկարագրված եթովպացի Աբդիմելեքի պատասխանի մեջ: Ուշադրություն դարձրեք նաև այն օրհնությանը, որը Տերը տվել է Աբդիմելեքին Երեմիա 39․15–18 հատվածներում։
Ինչպե՞ս կարող եք հետևել Աբդիմելեքի օրինակին։
Երեմիայի ողբը
Երեմիայի ողբերը 1, 3
Տերը կարող է թեթևացնել այն վիշտը, որը ես զգում եմ մեղքի պատճառով
Երեմիայի ողբերը գիրքը բանաստեղծությունների ժողովածու է, որը գրվել է Երուսաղեմի ու նրա տաճարի կործանումից հետո: Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր, որ դրանք պահպանվեն: Մտածեք, թե Երեմիայի ողբերը 1 և 3 գլուխներում ներկայացված ո՞ր փոխաբերություններն են օգնում ձեզ հասկանալ, թե ինչ մեծ վշտի մեջ էր Իսրայելը։ Ի՞նչ ուղերձներ եք գտնում, որոնք խթանում են հույսը Քրիստոսում (տես հատկապես Երեմիայի ողբերը 3․20–33, տես նաև Մատթեոս 5․4, Հակոբոս 4․8–10, Ալմա 36․17–20)։
Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը նշել է մի քանի իրավիճակ, որոնք կարող են ստիպել որոշ մարդկանց կորցնել հույսը և խորհուրդ է տվել, թե որտեղ հույս գտնել.
«Ոմանք հնարավոր է մտածեն, որ մեր կյանքը լի է հուսախաբությամբ, հիասթափությամբ և վշտերով։ Շատերն իրենց անօգնական են զգում՝ հաղթահարելու աշխարհում տիրող քաոսը: Մյուսներն անհանգստանում են ընտանիքի անդամների համար, որոնք իջնում են թուլացող արժեքների և բարոյական չափանիշների անկման արագ, մոլեգնող հոսանքն ի վար: … Շատերն անգամ հաշտվել են այն մտքի հետ, որ աշխարհի ամբարշտությունն ու դաժանությունն անուղղելի են: Նրանք կորցրել են իրենց հույսը։ …
«… Ոմանք, հնարավոր է, կորցրել են իրենց հույսը մեղքի և հանցանքի պատճառով։ Մարդը կարող է այնքան խորն ընկնել աշխարհիկ սովորույթների անդունդը, որ այլ ելք չգտնի և կորցնի հույսը։ Իմ խնդրանքն այն մարդկանց, որոնք ընկել են հակառակորդի այս ծուղակը, այն է, որ երբեք չհանձնվեն: Անկախ նրանից, թե որքան հուսահատ է ամեն ինչ, կամ որքան հուսահատ կարող է դառնալ, հավատացեք ինձ, միշտ կարող եք հույս ունենալ: Միշտ» («The Joy of Hope Fulfilled», Ensign, նոյ. 1992, 31–32)։
Տես նաև «Come, Ye Disconsolate» օրհներգը, Հիմներ, հմր․ 115:
Օգնեք ուրիշներին ստանձնել իրենց ուսման պատասխանատվությունը։ Երբեմն թվում է, թե ուսուցանելու ամենահեշտ եղանակներից է՝ ուսանողներին պարզապես ասել այն, ինչ, ըստ մեզ, նրանք պետք է իմանան: Սակայն, ամենահեշտ եղանակը միշտ չէ, որ լավագույնն է: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Մեր նպատակը պետք է լինի, ոչ թե՝ «ի՞նչ պետք է ասեմ նրանց»։ Այլ, պետք է մեզ հարց տանք, թե «գործելու ի՞նչ հրավեր կարող եմ հղել նրանց: Ի՞նչ ոգեշնչող հարց կարող եմ տալ մարդուն, որը, եթե նա կամենա պատասխանել, կհրավիրի Սուրբ Հոգուն այդ մարդու կյանք»» (երեկո Բարձրագույն Իշխանության հետ, փետրվարի 7, 2020, հեռարձակումներ։ ChurchofJesusChrist.org, տես նաև Ուսուցանել Փրկչի ձևով, 25)։ Կան բազմաթիվ եղանակներ, որոնք կօգնեն ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար: Օրինակ՝ այս նյութում ուսանողներին առաջարկվում է փնտրել, խորհել, ցանկեր կազմել, նկարներ դիտել, առարկայական դասերի մասնակցել, նկարել և կիսվել ու կիրառել իրենց սովորածը:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Երեմիա 31.3
Երկնային Հայրը և Հիսուսը սիրում են ինձ «հավիտենական սիրով»
-
Երբ ձեր երեխաների հետ կարդում եք Երեմիա 31․3 հատվածը, նրանք կարող են օգնել ձեզ գտնել առարկաներ, որոնք հնարավոր է պահպանել երկար ժամանակ (կամ առարկաների նկարներ), օրինակ՝ մետաղադրամ, նաև առարկաներ, որոնք հնարավոր չէ պահպանել երկար ժամանակ, օրինակ՝ մի կտոր միրգ: Կարող եք խոսել այն մասին, թե ինչ է նշանակում «հավիտենական» և կիսվել միմյանց հետ, թե ինչպես եք զգացել Երկնային Հոր «հավիտենական սերը»: Կարող եք նաև միասին երգել հետևյալ երգը․ «God Is Watching Over All» (Children’s Songbook, 229):
Երեմիա 31․31–34, 32․38–41
Աստված կօգնի ինձ պահել իմ ուխտերը
-
Ձեր երեխաների համար կարող է հետաքրքիր լինել թղթի վրա նկարել սիրտ, ապա սրտի ներսում գրել այն, ինչ սովորում են Երեմիա 31․31–34 հատվածներից՝ Աստծո հետ ուխտեր կապելու մասին: Կարող եք վերանայել ուխտը, որը նրանք կապում են, երբ մկրտվում են (տես Մոսիա 18․10, 13), և քննարկել, թե ինչ են նշանակում նրանց նկարած սրտերում գրված խոստումները:
Երեմիա 36.1–4
Սուրբ գրություններն Աստծո խոսքն են
-
Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կարող է օգնել ձեր երեխաներին սովորել Երեմիայի, Բարուքի և թագավորի մասին (տես Երեմիա 36)։ Նրանք կարող են նաև անել այնպիսի գործողություններ, որոնք համընկնում են Երեմիա 36․4–10 հատվածներում ներկայացված բառերի հետ, օրինակ՝ գրքի մեջ գրառում կատարել (տես հատված 4) և կարդալ սուրբ գրությունները մարդկանց համար (տես հատված 8, 10)։
-
Դուք և ձեր երեխաները կարող եք նայել մանկական որևէ գրքի և սուրբ գրությունների օրինակի և խոսել այն մասին, թե ինչով են այդ գրքերը տարբերվում իրարից: Ի՞նչն է սուրբ գրությունները դարձնում յուրահատուկ։ Կարող է ոգեշնչող լինել միմյանց հետ կիսվել սուրբ գրությունների որոշ հատվածներով, որոնք հատուկ նշանակություն ունեն ձեզ համար:
Երեմիա 38․6–13
Ես կարող եմ պաշտպանել այն, ինչը ճշմարիտ է
-
Կարող եք օգտագործել նյութի վերջում գտնվող նկարը, որպեսզի օգնեք ձեր երեխաներին պատկերացնել Երեմիա 38․6–13 հատվածներում նկարագրված Աբդիմելեքի պատմությունը։ Գուցե կարող եք օգնել նրանց գտնել մի հատված, որտեղ Աբդիմելեքը խիզախ բան է արել՝ օգնելու Տիրոջ մարգարեին: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք, որ գիտենք, որ մեր մարգարեն այսօր կանչված է Աստծո կողմից:
Երեմիայի ողբերը 1․1–2, 16, 3․22–26
Փրկիչը հնարավոր դարձրեց, որ իմ մեղքերը ներվեն
-
Որպեսզի ներկայացնեք Երեմիայի ողբերը գիրքը, բացատրեք ձեր երեխաներին, որ, քանի որ իսրայելացիները չէին ապաշխարել, Երուսաղեմը և տաճարը կործանվեցին: Կարող եք կիսվել միմյանց հետ, թե ինչ կզգայիք, եթե այդ ժամանակ այնտեղ ապրեիք (տես Երեմիայի ողբերը 1․1–2, 16)։ Ինչպե՞ս կարող է Երեմիայի ողբերը 3․22–26 հատվածների ուղերձը հուսադրել նրանց։
-
Կարող եք նաև պատմել միմյանց այն դեպքերի մասին, երբ տխրել եք ձեր կատարած վատ ընտրության պատճառով: Ի՞նչ ենք գտնում Երեմիայի ողբերը 3․22–26 հատվածներում, որն օգնում է մեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի առաջարկած ներումը:
Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։