«Հունվարի 5–11։ «Սա է իմ գործը և իմ փառքը»․ Մովսես 1, Աբրահամ 3», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Հունվարի 5–11։ «Սա է իմ գործը և իմ փառքը»»․ Եկ, հետևիր ինձ․ 2026
Հունվար 5–11. «Սա է իմ գործը և իմ փառքը»
Մովսես 1, Աբրահամ 3
Աստվածաշունչը սկսվում է հետևյալ խոսքերով. «սկզբում Աստված ստեղծեց երկինքը, և երկիրը» (Ծնունդ 1.1): Բայց ի՞նչ կար նախքան այդ «սկիզբը»: Եվ ինչո՞ւ Աստված ստեղծեց այս բոլորը: Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը լույս է սփռել այս հարցերի վրա:
Օրինակ՝ Նա տվել է մի տեսիլքի արձանագրությունը, որում Աբրահամը տեսավ մեր գոյությունը, որպես հոգիներ՝ «նախքան աշխարհի լինելը» (տես Աբրահամ 3.22–28): Տերը մեզ տվել է նաև ոգեշնչված թարգմանություն կամ Ծնունդ գրքի առաջին վեց գլուխների խմբագրումը, որը կոչվում է Մովսեսի գիրք, և որը չի սկսվում «սկզբում» բառով: Փոխարենը՝ այն սկսվում է փորձառությամբ, որը Մովսեսն ունեցել էր, և դա որոշակի ենթատեքստ է տալիս Արարչագործության պատմությանը: Դրա հետ միասին, այս օրերի սուրբ գրությունները լավ սկզբնակետ են Հին Կտակարանի մեր ուսումնասիրությունը սկսելու համար, քանի որ դրանք անդրադառնում են մի քանի հիմնարար հարցերի, որոնք կարող են ձևավորել մեր ընթերցանությունը. Ո՞վ է Աստված: Ո՞վ ենք մենք: Ո՞րն է Աստծո աշխատանքը, և որն է մեր տեղը դրանում: Ծնունդ գրքի բացիչ գլուխները կարելի է համարել որպես Մովսեսի խնդրանքի Տիրոջ պատասխանը. «Ողորմած եղիր քո ծառայի հանդեպ, ով Աստված, և ասա ինձ այս երկրի և նրա բնակիչների և նաև երկինքների վերաբերյալ» (Մովսես 1.36):
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Ես՝ որպես Աստծո զավակ, ունեմ աստվածային ճակատագիր
«Եթե Տերը խոսեր ձեզ հետ ուղղակիորեն,- ուսուցանել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը,- առաջին բանը, որը Նա կապահովեր, այն է, որ դուք հասկանաք ձեր իրական ինքնությունը» («Ընտրություններ հավերժության համար» [համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիս 2022], Gospel Library): Այստեղից հետևում է, որ սատանան կփորձի շփոթեցնել ձեզ այդ նույն հարցում: Փնտրեք այս օրինակը Մովսեսին ուղղված Աստծո ուղերձում Մովսես 1․4, 6 հատվածներում և սատանայի ուղերձում Մովսես 1․12 հատվածներում։ Ի՞նչ եք սովորում այս հատվածներից Աստծո և սատանայի միջև տարբերությունների մասին։
Նախագահ Նելսոնը նաև ուսուցանել է․ «Այն, թե ինչ եք մտածում ձեր իրական ինքնության մասին, ազդում է ձեր գրեթե յուրաքանչյուր որոշման վրա, որը դուք երբևէ կկայացնեք» («Ընտրություններ հավերժության համար»)։ Կարող եք կազմել ձեր կատարած ընտրությունների ցանկը, որոնք կատարել եք, քանի որ ձեր ինքնությունը՝ որպես Աստծո զավակ, ավելի կարևոր է, քան այլ պիտակները:
Ո՞ր հատվածները կամ արտահայտություններն են Մովսես 1 բաժնում օգնում ձեզ հասկանալ ձեր աստվածային արժեքը։ Կարող եք կարդալ ավելին նախագահ Նելսոնի «Ընտրություններ հավերժության համար» ուղերձի «Նախ՝ իմացեք այն ճշմարտությունը, թե ով եք դուք բաժնում։ Ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի որպես Աստծո զավակ ձեր ինքնությունը դառնա ձեր ամենակարևոր նույնացուցիչը:
Տես նաև «Աստծո Զավակն եմ», Հիմներ (1985), հմր. 58, «Our True Identity» (տեսանյութ), Gospel Library, Թեմաներ և հարցեր, «Աստծո զավակներ», Gospel Library։
Our True Identity
Տիրոջ օգնությամբ ես կարող եմ դիմակայել սատանային
Ինչպես Մովսես 1 գլուխն է ցույց տալիս, զորեղ հոգևոր փորձառությունները չեն նշանակում, որ մենք այլևս երբեք չենք գայթակղվի: Իրականում, սատանայի գործելաոճերից մեկն է՝ գայթակղել մեզ կասկածի տակ դնել այդ փորձառությունները։ Երբ կարդում եք Մովսեսի պատասխանը սատանային հատվածներ 12–26-ում, ի՞նչ եք սովորում, որը կարող է օգնել ձեզ հավատարիմ մնալ ձեր ստացած վկայությանը: Ի՞նչն էր, որ վերջապես օգնեց Մովսեսին հաղթահարել սատանային:
Մովսեսի փորձառության մեկ այլ դասն է այն, որ սատանան գայթակղում է մեզ՝ Աստծո ճշմարտությունը և զորությունը կեղծելով։ Կարող եք նշել առարկաների մի քանի կեղծ տարբերակ, օրինակ՝ արհեստական բույսերը կամ մանկական տիկնիկները: Ինչպե՞ս կարող եք հասկանալ, որ դրանք կեղծ են: Ապա հաշվի առեք այն կեղծիքները, որոնք այսօր օգտագործում է սատանան՝ ձեզ գայթակղելու համար։ Ի՞նչ եք սովորում Մովսես 1.13–18 հատվածներից այն մասին, թե ինչպես ճանաչել և մերժել նրա կեղծիքները: Ինչպե՞ս կարող է Տերը օգնել ձեզ (տես Մովսես 1․24–26):
Տես նաև Մատթեոս 4.1–11, Գարի Ի. Սթիվենսոն, «Ինձ մի խաբիր», Լիահոնա, նոյ․ 2019, 93–96, «I Am a Son of God» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org:
I Am a Son of God
Տնային ուսուցումը կարելի է ծրագրել, բայց այն կարող է նաև ինքնաբուխ լինել: «Ընտանիքում ուսուցման հնարավորություններ հաճախ ընձեռվում են ոչ պաշտոնական, առօրյա պահերին՝ ճաշ ուտելիս, գործեր անելիս, խաղեր խաղալիս [կամ] ճանապարհորդելիս» (Ուսուցանել Փրկչի ձևով, 31)։ Օրինակ՝ ի հավելումն Մովսես 1-ում այն պատմությունը կարդալուն, թե ինչպես է Մովսեսը դիմակայել սատանային, կարող եք մի քանի րոպե ընթրիքի ժամանակ խոսել ընտանիքով այն մասին, թե ինչպես եք դուք դիմակայել հակառակորդի ազդեցությանը:
Աստծո գործը և փառքն է` օգնել ինձ ձեռք բերել հավերժական կյանք
Աստծո արարչագործությունների վերաբերյալ տեսիլք տեսնելուց հետո Մովսեսը ասաց Տիրոջը. «Ասա ինձ … ինչո՞ւ են այս բաներն այսպես» (Մովսես 1.30): Ի՞նչն է ձեզ տպավորում Տիրոջ պատասխանի մեջ Մովսես 1.31–39 հատվածներում։ Ո՞րն է տարբերությունը անմահության և հավերժական կյանքի միջև (տես Թեմաներ և հարցեր, «Հավերժական կյանք», Gospel Library)։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն օգնում իրականացնել երկուսն էլ: Աբրահամը նույնպես ունեցավ տեսիլք, որն արձանագրված է Աբրահամ 3-ում: Ի՞նչ եք գտնում 24–26 հատվածներում, որը կարող է պատասխանել Մովսեսի հարցին:
Ես ապրել եմ որպես հոգի՝ նախքան երկրի վրա ծնվելը
Մենք շատ քիչ բան գիտենք մեր նախաերկրային կյանքի մասին: Բայց այն, ինչ մենք գիտենք, գալիս է Աբրահամի տեսիլքից՝ Աբրահամ 3.22–28 հատվածներում: Այս հատվածները կարդալիս կազմեք ձեր գտած ճշմարտությունների ցանկը, ներառյալ ձեր և Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտությունները: Ինչո՞ւ են այդ ճշմարտությունները արժեքավոր ձեզ համար։ Ինչ են փոխում դրանք ձեր կյանքում:
Տես նաև Թեմաներ և հարցեր, «Նախաերկրային կլանք», Gospel Library։
Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ես Աստծո զավակն եմ
-
Երբ միասին կարդաք Մովսեսին ուղղված Աստծո ուղերձը Մովսես 1.4 հատվածում, կարող եք հնարավորություն տալ երեխաներին հայելու մեջ նայել իրենց արտացոլանքին և նմանատիպ ուղերձ հղել իրենք իրենց. «Ես Աստծո զավակն եմ»: Այնուհետև նրանք կարող են նույն ուղերձը հղել միմյանց. «Դու Աստծո զավակն ես»: Դուք կարող եք նույնիսկ գտնել տարբեր մարդկանց նկարներ և առաջարկել ձեր երեխաներին ցուցադրել յուրաքանչյուր մարդու նկարը և ասել. «Նա Աստծո զավակն է»: Կիսվեք միմյանց հետ, թե ինչու եք ուրախ՝ գիտակցելով, որ Աստծո զավակներն եք: Ինչպե՞ս է այս գիտելիքը փոխում ձեր վերաբերմունքը ինքներդ ձեր և ուրիշների հանդեպ:
-
Դուք և ձեր երեխաները կարող եք համեմատել Մովսես 1.4 հատվածում Աստծո ուղերձը Մովսեսին սատանայի ուղերձի հետ հատված 12-ում։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին տարբերել իրենց ուղղված Աստծո ուղերձները սատանայի ուղերձներից։
Մովսեսը տեսնում է Եհովային, հեղինակ՝ Ջոզեֆ Բրիքի (հատված)
Մեր Երկնային Հայրը աշխատանք ունի մեզ համար
-
Երբ կարդաք Մովսես 1․6 հատվածը ձեր երեխաների հետ, կարող եք նրանց հետ խոսել այն «աշխատանքի» մասին, որ Աստված ուներ Մովսեսի համար: Կարող եք օգտագործել Ավետարանի պատկերագիրքը, հմր․ 13–16, կամ Հին Կտակարանի պատմությունները, էջ 64–84՝ օգնելով ձեր երեխաներին տեսնել, թե Մովսեսն ինչ արեց Երկնային Հոր օգնությամբ։ Ի՞նչ աշխատանք ունի Աստված մեզ համար, որ մենք անենք (տես, օրինակ՝ Վարդապետություն և Ուխտեր 11.20)։
Ես կարող եմ դիմակայել սատանայի գայթակղություններին
-
Երբ ձեր երեխաների հետ ուսումնասիրեք Մովսես 1.12–26 հատվածները, օգնեք նրանց բացահայտել, թե ինչ արեց Մովսեսը սատանային դիմակայելու համար (տես հատվածներ 13, 15, 18, 20–22, 26): Նրանց հետաքրքիր կլինեն այն բաները, որ իրենք կարող են անել՝ գայթակղությանը դիմակայելու համար (օրինակ՝ աղոթելը, հեռանալը կամ օգնություն խնդրելը):
Ես ապրել եմ որպես հոգի՝ նախքան երկրի վրա ծնվելը
-
Իմանալով մեր նախաերկրային կյանքի մասին, ձեր երեխաները կարող են ոգեշնչվել՝ կատարելու հավերժական ճշմարտությունների վրա հիմնված ընտրություններ: Օգնելու համար նրանց իմանալ այդ մասին, կարող եք նրանց տալ մի քանի հիմնական բառ և արտահայտություն, որոնք կարող են գտնել Աբրահամ 3.22–28 հատվածներում, օրինակ՝ «նախքան աշխարհի լինելը», «ոգիներ», «ստեղծել երկիրը» և «ապացուցել»։ Ի՞նչ են մեզ ուսուցանում այս հատվածները այն մասին, թե ինչու է Երկնային Հայրը մեզ երկիր ուղարկել:
-
«I Will Follow God’s Plan» (Children’s Songbook, 164–65) երգը կարող է ամրապնդել այն, ինչ ուսուցանվում է Աբրահամ 3 բաժնում։ Առաջարկեք երեխաներին նկարել նկարներ, որոնք առնչվում են այս բառերին:
-
Օգնեք ձեր երեխաներին մտածել այն իրավիճակների մասին, երբ իրենք պետք է ընտրեն՝ արդյոք անեն այն, ինչ Աստված պատվիրել է, թե ոչ (տես Աբրահամ 3․25, տես նաև Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար): Հնարավորություն տվեք նրանց կիրառել այդ իրավիճակների հնարավոր պատասխանները: Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ մենք սխալ ընտրություն ենք կատարում։
Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։