«Մտքեր հիշելու համար․ Հին Կտակարանի ընթերցանություն», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Հին Կտակարանի ընթերցանություն», Եկ, հետևիր ինձ․ 2026
Մտքեր հիշելու համար
Հին Կտակարանի ընթերցանություն
Երբ Նեփին ցանկացավ ոգեշնչել իր եղբայրներին վստահել Տիրոջը, նա կիսվեց Մովսեսի մասին պատմություններով և Եսայու ուսմունքներով։ Երբ Պողոս առաքյալը ցանկացավ խրախուսել վաղ քրիստոնյաներին հավատալ Աստծո խոստումներին, նա հիշեցրեց նրանց Նոյի, Աբրահամի, Սարայի, Ռահաբի և այլոց հավատքի մասին։ Եվ երբ Հիսուս Քրիստոսը հրեաների առաջնորդներին ասաց «ուսումնասիրեք սուրբ գրությունները»՝ բացատրելով, որ «դրանք վկայում են իմ մասին» (Հովհաննես 5.39), Նա խոսում էր այն գրությունների մասին, որոնք մենք կոչում ենք Հին Կտակարան:
Այլ կերպ ասած, երբ դուք կարդում եք Հին Կտակարանը, դուք կարդում եք բառեր, որոնք բառացիորեն հազարավոր տարիներ ոգեշնչել, մխիթարել և քաջալերել են Աստծո ժողովրդին:
Սակայն մի բան, որը գրվել է այդքան վաղուց, իսկապես կարո՞ղ է օգնել ձեզ գտնել այսօրվա խնդիրների լուծումները։ Այո, կարող է: Հատկապես եթե հիշում եք, թե իրականում ում մասին է Հին Կտակարանը:
Վկայություն Հիսուս Քրիստոսի մասին
Ինչպիսի դժվարությունների էլ որ բախվեք դուք և ձեր ընտանիքը, պատասխանը միշտ Հիսուս Քրիստոսն է: Այսպիսով, Հին Կտակարանում պատասխաններ գտնելու համար փնտրեք Նրան: Միշտ չէ, որ դա հեշտ կլինի։ Ձեզ կարող է անհրաժեշտ լինել համբերատար խորհել և հոգևոր առաջնորդություն խնդրել: Երբեմն Նրան վերաբերող հղումները թվում են շատ ուղիղ, ինչպես Եսայու հայտարարությունում. «Մեզ համար մի մանուկ ծնուեցավ, մեզ մի որդի տրուեցավ. եւ … նորա անունը կկոչուի … Խաղաղութեան Իշխան» (Եսայի 9.6): Այլ տեղերում Փրկիչը ներկայացված է ավելի նրբորեն՝ խորհրդանիշների և նմանությունների միջոցով, օրինակ՝ կենդանիների զոհաբերությունների նկարագրությունների միջոցով կամ Հովսեփի պատմությունում, որը ներում է իր եղբայրներին և փրկում նրանց սովից։
Աշխարհի լույսը, հեղինակ՝ Սքոթ Սամներ
Եթե Հին Կտակարանն ուսումնասիրելիս դուք ձգտում եք ավելի մեծ հավատքի Փրկչի հանդեպ, դուք կգտնեք այն: Հավանաբար սա կլինի այս տարվա ձեր ուսումնասիրության նպատակը: Աղոթեք, որ Հոգին առաջնորդի ձեզ գտնելու և կենտրոնանալու այն հատվածների, պատմությունների և մարգարեությունների վրա, որոնք ձեզ ավելի կմոտեցնեն Հիսուս Քրիստոսին:
Աստվածայնորեն պահպանված
Մի սպասեք, որ Հին Կտակարանը ներկայացնելու է մարդկության մանրակրկիտ և ճշգրիտ պատմությունը: Դա այն չէ, ինչ փորձում էին ստեղծել բնօրինակի հեղինակները և կազմողները: Նրանց ավելի մեծ մտահոգությունը Աստծո մասին ինչ-որ բան սովորեցնելն էր՝ Իր զավակների համար Նրա ծրագրի մասին, այն մասին, թե ինչ է նշանակում լինել Նրա ուխտի ժողովուրդը և ինչպես փրկագնում գտնել, երբ մենք ձախողվում ենք։ Երբեմն նրանք դա անում էին պատմական իրադարձությունները պատմելով այնպես, ինչպես որ հասկանում էին դրանք, այդ թվում՝ պատմություններ մեծ մարգարեների կյանքից: «Ծնունդ» գիրքը դրա օրինակն է, ինչպես նաև Հեսու, Դատավորներ, Ա և Բ Թագավորների գրքերը: Բայց Հին Կտակարանի մյուս գրողները պատմական գիրք գրելու նպատակ բոլորովին չէին դնում: Փոխարենը՝ նրանք դասավանդում էին արվեստի այնպիսի գործերի միջոցով, ինչպիսիք են բանաստեղծությունը և գրականությունը: Սաղմոսներն ու ասացվածքները պատկանում են այս խմբին: Եվ հետո կան մարգարեների թանկագին խոսքերը՝ Եսայիայից մինչև Մաղաքիա, որոնք Աստծո խոսքն էին՝ ուղղված հնադարյան Իսրայելին, և Աստվածաշնչի հրաշքի միջոցով այսօր էլ մեզ հետ են խոսում:
Արդյո՞ք այդ բոլոր մարգարեները, բանաստեղծները և կազմողները գիտեին, որ իրենց խոսքերը կարդացվելու էին ողջ աշխարհի մարդկանց կողմից՝ հազարավոր տարիներ անց: Մենք չգիտենք: Բայց մենք զարմանում ենք, որ դա հենց այն է, ինչ պատահեց: Ժողովուրդներ բարձրացան և ընկան, քաղաքներ նվաճվեցին, թագավորներ ապրեցին և մահացան, բայց Հին Կտակարանը հարատևեց և վերապրեց դրանց բոլորին, սերնդից սերունդ, դպիրից դպիր, թարգանությունից թարգմանություն: Իհարկե որոշ բաներ կորսվել կամ փոփոխվել են, և այնուամենայնիվ, ինչ-որ կերպ հրաշքով պահպանվել է այդքան շատ բան:
Հին Կտակարանի մարգարե, հեղինակ՝ Ջուդիթ Ա. Մեհր (հատված)
Սրանք ուղղակի մի քանի բաներ են մտքում պահելու համար, երբ կարդում եք Հին Կտակարանը։ Աստված պահպանել է այդ հնագույն գրվածքները, որովհետև Նա գիտի ձեզ և զգում է, թե ինչի միջով եք անցնում: Միգուցե Նա ձեզ համար հոգևոր ուղերձ է պատրաստել այս խոսքերում, մի բան, որը ձեզ ավելի կմոտեցնի Նրան և կամրացնի ձեր հավատքը Նրա ծրագրի և Նրա սիրելի Որդու հանդեպ։ Միգուցե Նա ձեզ կուղղորդի դեպի մի հատված կամ մի գաղափար, որը կօրհնի ձեր ծանոթներից մեկին, մի ուղերձ, որով դուք կարող եք կիսվել ընկերոջ, ընտանիքի անդամի կամ ընկերակից Սրբի հետ: Այնքան շատ հնարավորություններ կան: Միթե՞ հուզիչ չէ այդ մասին մտածելը:
Նեփին ասել է՝ «հոգիս հրճվում է սուրբ գրություններով» (2 Նեփի 4․15)։ Գուցե դուք նույն բանը զգաք, երբ կարդաք Նեփիի կարդացած խոսքերից շատերը, որոնք մենք այժմ անվանում ենք Հին Կտակարան:
Գրքեր Հին Կտակարանում
Հին Կտակարանի քրիստոնեական տարբերակների մեծ մասում գրքերը այլ ձևով են դասավորված՝ ի տարբերություն նրա, թե ինչպես էին դրանք դասավորվել, երբ առաջին անգամ հավաքվել էին մեկ ժողովածուի մեջ: Այսպիսով, մինչ եբրայերեն Աստվածաշունչի գրքերը բաժանվում են երեք դասի՝ օրենսդրական, մարգարեական և գրվածքներ, քրիստոնեական Աստվածաշունչերի մեծամասնությունը գրքերը դասակարգում է չորս դասի՝ օրենսդրական (Ծնունդ-Օրինաց), պատմական (Հեսու-Էսթեր), բանաստեղծական գրքեր (Հոբ-Սողոմոնի Երգ Երգոցը) և մարգարեական (Եսայի - Մաղաքիա):
Ինչո՞ւ են կարևոր այդ անվանակարգերը: Որովհետև իմանալով, թե ինչ տեսակի գիրք եք ուսումնասիրում, կօգնեք ձեզ հասկանալ, թե ինչպես ուսումնասիրել այն։
Ահա մի բան, որը պետք է մտքում պահել, երբ սկսեք կարդալ «օրենքը» կամ Հին Կտակարանի առաջին հինգ գրքերը: Այս գրքերը, որոնք ավանդաբար վերագրվում են Մովսեսին, հավանաբար ժամանակի ընթացքում անցել են բազմաթիվ դպիրների և կազմողների ձեռքով: Եվ մենք գիտենք, որ դարերի ընթացքում «բազմաթիվ մասեր, որոնք պարզ և առավել արժեքավոր են» վերցվել են Աստվածաշնչից (տես 1 Նեփի 13.23–26): Այնուամենայնիվ, Մովսեսի գրքերը Աստծո ոգեշնչված խոսքերն են, չնայած դրանք, ինչպես Աստծո ցանկացած գործ, որը փոխանցվում է մահկանացուների միջոցով, ենթակա է մարդկային թերությունների ազդեցությանը (տես Մովսես 1.41, Հավատո Հանգանակ 1.8): Մորոնիի խոսքերը, որոնք վերաբերում են Մորմոնի Գրքի սրբազան արձանագրությանը, որը նա օգնեց կազմել, այստեղ օգտակար կարող են լինել. «Եվ արդ, եթե կան թերություններ, դրանք մարդկանց սխալներն են, ուստի, մի դատապարտեք Աստուծո բաները, որպեսզի դուք կարողանաք անբիծ համարվել Քրիստոսի ատյանի առաջ» (Մորմոնի գրքի տիտղոսաթերթ): Այլ կերպ ասած, պարտադիր չէ, որ սուրբ գրությունների գիրքը զերծ լինի մարդկային սխալներից, որպեսզի լինի Աստծո խոսքը: