Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 11. Օր 1, Մորմոնի Խոսքերը–Մոսիա 2


Մաս 11. Օր 1

Մորմոնի Խոսքերը– Մոսիա 2

Նախաբան

Մորմոնի Խոսքերը կամուրջ են ծառայում Նեփիի փոքր թիթեղների և Նեփիի մեծ թիթեղների Մորմոնի կրճատումների միջև: Գրված լինելով Հիսուս Քրիստոսի ծննդից գրեթե 400 տարի անց` այս գիրքը պարունակում է հակիրճ բացատրություն, թե ինչ են իրենցից ներկայացնում Նեփիի փոքր թիթեղները և ինչու է Մորմոնը զգացել, որ դրանք պետք է ներառվեին այլ սուրբ գրերի հետ միասին: Մորմոնի Խոսքերը նաև տալիս են արժեքավոր մտքեր այն մասին, թե ինչու Բենիամին թագավորն այսպիսի մեծ ազդեցություն ուներ իր ժողովրդի վրա:

Նեփիի փոքր թիթեղները հիմնականում նվիրված էին հոգևոր խնդիրներին և մարգարեների ծառայություններին ու ուսմունքներին: Նեփիի մեծ թիթեղները մեծամասամբ պարունակում էին ժողովրդի աշխարհիկ պատմությունը, գրված թագավորների կողմից` սկսած Նեփիից: (Տես 1 Նեփի 9.2–4:) Այնուամենայնիվ, Մոսիայի ժամանակներից սկսած, մեծ թիթեղները նույնպես ներառել են հոգևոր մեծ նշանակություն ունեցող նյութեր:

Մորմոնի թիթեղները կամ ոսկե թիթեղները, որոնք տրվել էին Ջոզեֆ Սմիթին, պարունակում էին Նեփիի մեծ թիթեղների Մորմոնի կրճատումը` բազմաթիվ մեկնաբանություններով: Այս ոսկե թիթեղները նաև պարունակում էին պատմության շարունակությունը` գրված Մորմոնի կողմից, և մանրամասներ նրա որդու` Մորոնիի կողմից:

կամրջի գծապատկեր

Մոսիա 1-ը Բենիամին թագավորի ուսմունքների հիշատակարանն է ` ուղղված իր որդիներին: Նա սովորեցրել է նրանց, որ սուրբ գրություններն օգնում են մեզ հիշել Աստծուն և պահել Նրա պատվիրանները: Երբ Բենիամին թագավորը մոտ էր իր կյանքի մայրամուտին, նա ցանկացավ խոսել իր ժողովրդի հետ որպես թագավոր իր ծառայության մասին և խրախուսել նրանց հնազանդ լինել Աստծուն: Բենիամին թագավորի ելույթը գրված է Մոսիա 2–5-ում և նկարագրում է Քրիստոսի չարչարանքները և Քավությունը, արդարադատության և ողորմածության դերը և ուխտի միջոցով Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու անհրաժեշտությունը: Իր ելույթի սկզբում, որը գրված է Մոսիա 2–ում, Բենիամին թագավորը շեշտել է ուրիշներին ծառայելու միջոցով Աստծուն ծառայելու անհրաժեշտությունը և նրանց երջանիկ վիճակը, ովքեր պահում են պատվիրանները:

Մորմոնի Խոսքերը 1.1–11

Մորմոնն ուսուցանում է, որ Աստված պահպանել էր մի շարք հիշատակարաններ իմաստուն նպատակի համար

Մորմոնը կրճատում է թիթեղների գրվածքները

Մտածեք մի ժամանակահատվածի մասին, երբ դուք ոգեշնչվել եք Հոգուց անելու ինչ-որ բան: Դուք գիտեի՞ք, թե ամեն բան ինչպես կստացվեր, եթե հետևեիք այս ոգեշնչմանը: Ի՞նչը ձեզ վճռականություն և վստահություն տվեց` գործելու ոգեշնչման համաձայն:

Մորմոն մարգարեին Աստված պատվիրել էր կրճատել իր ժողովրդի հիշատակարանները, որոնք պահվել էին Նեփիի թիթեղների վրա: Մ. թ. մոտավորապես 385թ., երբ նա գրեթե պատրաստ էր հանձնելու իր կրճատած հիշատակարաններն իր որդուն` Մորոնիին, նա հետևեց ոգեշնչմանը, չնայած որ չգիտեր դրա արդյունքը:

Մորմոնը մի բան գտավ, երբ ուսումնասիրում էր հիշատակարանները: Կարդացեք Մորմոնի Խոսքերը 1.3, որպեսզի բացահայտեք, թե ինչ նա գտավ: («Այս թիթեղները» վերաբերվում են Նեփիի փոքր թիթեղներին, որոնք ընդգրկում էին 1 Նեփիից մինչև Օմնի:) Կարդացեք Մորմոնի Խոսքերը 1.4–6 և ձեր սուրբ գրություններում նշեք, թե ինչու էր Մորմոնին հաճելի, երբ նա բացահայտեց այն, ինչ կար այս փոքր թիթեղների վրա:

Կարդացեք Մորմոնի Խոսքերը 1.7 և ներկայացրեք, թե ինչու է Մորմոնն ընդգրկել այս փոքր թիթեղները Նեփիի թիթեղների իր կրճատման հետ միասին: Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այս սկզբունքը. «Տերը գիտի բոլոր բաները»: Այս ճշմարտությունը հասկանալով և դրան հավատալով՝ դուք կարող եք հավատք զարգացնել՝ հնազանդվելու Սուրբ Հոգու ոգեշնչումներին, որոնք դուք ստանում եք:

Տերը պատվիրել է Նեփիին պատրաստել փոքր թիթեղները և դրանց վրա գրել իր ժողովրդի սուրբ բաները (տես 1 Նեփի 9.3): Այդ ժամանակ Նեփին հայտարարել է. «Տերը պատվիրել է ինձ պատրաստել այս թիթեղները` իր իմաստուն նպատակի համար, թե ինչ նպատակի` ես չգիտեմ» (1 Նեփի 9.5):

ոսկե թիթեղներ

Այս նպատակը պարզ դարձավ դարեր անց՝ 1828թ., երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը սկսեց թարգմանել ոսկե թիթեղները: Նա նախ թարգմանեց բնագրի 116 էջերը Նեփիի մեծ թիթեղների Մորմոնի կրճատումից, հետո այս էջերը կորան կամ գողացվեցին, երբ Ջոզեֆը թույլ տվեց Մարտին Հարրիսին վերցնել դրանք: Տերն ասաց Ջոզեֆին, որ նորից չթարգմաներ կորած մասը, քանի որ չար մարդիկ ծրագրել էին փոխել կորած էջերի բառերը և այդպիսով կասկածի տակ դնել Մորմոնի Գրքի իսկությունը: Տերն ասաց նրան, որ թարգմաներ փոքր թիթեղների պատմությունը, որը պարունակում էր նույն ժամանակաշրջանը: Այս պատմությունը ավելի շատ կենտրոնանում է սուրբ բաների վրա: (Տես ՎևՈՒ 10.10, 41–43, տես նաև 1 Նեփի 9.3–4:)

Այս փոձառությունը նշանակալից փաստ է, որ Տերը գիտի բոլոր բաները, որոնք պետք է կատարվեն: Նա գիտեր, որ փոքր թիթեղների պատմությունը անհրաժեշտ էր լինելու, և Նա ներշնչեց Մորմոնին ներառել թիթեղները իր կրճատման հետ միասին:

Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն իմանալն օգնել ձեզ, երբ դուք ներշնչումներ եք ստանում Հոգուց:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների օրագրում նկարագրեք մի ժամանակաշրջան, երբ դուք կամ մեկը, ում դուք գիտեք, գործել է համաձայն Սուրբ Հոգու հուշումների, չնայած, որ դուք կամ նրանք սկզբում չեք հասկացել հուշումը: Գրեք, թե, ձեր կարծիքով, դուք ինչպես կարող եք ավելի լավ նախապատրաստվել, որ ընդունեք և արձագանքեք Տիրոջ հուշումներին: Հիշեք, որ եթե դուք հավատարիմ եք Տիրոջ Հոգու հուշումներին, Նա կներգործի «[ձեր] մեջ անել ըստ իր կամքի» (Մորմոնի Խոսքերը 1.7):

Մորմոնի Խոսքերը 1.12–18

Բենիամին թագավորը հաղթում է լամանացիներին և թագավորում արդարությամբ

Բենիամին թագավորն արդար թագավոր էր, ով շատ խոչընդոտների հանդիպեց իր թագավորման ընթացքում, ներառյալ լամանացիների հետ ունեցած պատերազմը և վարդապետական վեճերն իր ժողովրդի մեջ: Բենիամին թագավորը առաջնորդում էր նեփիացիների բանակները «Տիրոջ ուժով» իրենց թշնամիների դեմ և, ի վերջո, խաղաղություն հաստատեց երկրում (տես Մորմոնի Խոսքերը 1.13–14): «Շատ սուրբ մարդկանց» օգնությամբ նա աշխատում էր հանդիմանել կեղծ մարգարեներին և կեղծ ուսուցիչներին, ովքեր հակառակություն էին սերմանում ժողովրդի մեջ, այդպիսով նաև հաստատելով խաղաղություն, որը գալիս է արդարությունից (տես Մորմոնի Խոսքերը 1.15–18):

Կարդացեք Մորմոնի Խոսքերը 1.12–18 և ստորև գտնվող համապատասխան տեղերում գրեք այն հատվածների համարները, որոնք լավագույնս ուսուցանում են հետևյալ ճշմարտությունները.

  • Տերը կանչում է մարգարեներ, ովքեր կարող են առաջնորդել ժողովրդին խաղաղությամբ` անկախ դժվարություններից:

  • Մենք կարող ենք խաղաղություն գտնել` հետևելով մարգարեների ոգեշնչված ղեկավարությանը:

  • Տիրոջ ուժով մենք կարող ենք հաղթահարել դժվարությունները:

Մոսիա 1.1–18

Բենիամին թագավորը սովորեցնում է իր որդիներին սուրբ գրությունների կարևորության մասին:

Պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ ձեր կյանքը, եթե դուք երբեք չունենայիք սուրբ գրությունները, որ կարդայիք, ուսումնասիրեիք և ուսուցանվեիք դրանցից:

Բենիամին թագավորն ուսուցանեց իր որդիներին, թե ինչով կտարբերվերնրանց կյանքը, եթե նրանք չունենային սուրբ գրությունները: Ինչպես գրված է Մոսիա 1.3–5-ում, երեք անգամ նա օգտագործեց «եթե չլինեին այս բաները [սուրբ գրությունները]» արտահայտության տարբերակները, որ օգներ իր որդիներին հասկանալ սուրբ գրությունների կարևորությունը:

  1. journal iconԵրբ դուք կարդաք Մոսիա 1.1–8, փնտրեք օրհնությունները, որոնք նեփիացիները կկորցնեին, եթե չունենային սուրբ գրությունները: Ձեր սովորածը համեմատեք Օմնի 1.17–18–ի հետ: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք երեք կամ չորս նախադասություններ, լրացնելով հետևյալ արտահայտությունը. Եթե ես սուրբ գրություններ չունենայի, …

Հետևյալ սկզբունքը կարող եք գրել ձեր սուրբ գրություններում Մոսիա 1.1–8-ի կողքին. Սուրբ գրություններն ուսումնասիրելն օգնում է մեզ իմանալ և պահել պատվիրանները:

Ձեր Աստծո ծառայության մեջ

Բենիամին թագավորն ուսուցանել է իր ժողովրդին պատվիրաններին հավատարիմ լինելու կարևորության մասին և բացատրել, թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր դառնում են ամբարիշտ «Տիրոջ մեծապես արտոնյալ ժողովուրդն» (Մոսիա 1.13) լինելուց հետո: Կարդացեք Մոսիա 1.13–17 և համեմատեք Մոսիա 1.13–ը Ալմա 24.30–ի հետ: Ապա ներկայացրեք առնվազն հինգ հետևանքներ, որոնք ունենում են նրանք, ովքեր հեռանում են Տիրոջից: Դուք կարող եք նշել կամ համարակալել այս հետևանքները ձեր սուրբ գրություններում:

Մոսիա 2.1–41

Նեփիացիները հավաքվում են Բենիամին թագավորի խոսքերը լսելու համար

Կարդացեք Մոսիա 2.1–9 և գրեք հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ովքե ՞ր էին ի մի հավաքվել:

  • Որտե՞ղ էին նրանք հավաքվել:

  • Ի՞նչ արվեց, որպեսզի մեծ ամբոխը կարողանար լսել Բենիամին թագավորի խոսքերը:

Բենիամին թագավորի էությանը ավելի լավ ծանոթանալու համար կարդացեք Մոսիա 2.11–15 և գտեք արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, որ Բենիամին թագավորը կենտրոնացած էր արդարակեցության և ծառայության, ոչ թե դիրքի կամ ճանաչման շուրջ:

Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

Ապա խորհեք Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ հայտարարության շուրջ. «Չափից դուրս մի մտահոգվեք դիրքի համար: Դուք հիշո՞ւմ եք Փրկչի խորհուրդը նրանց մասին, ովքեր փնտրում էին «առաջին աթոռները» և «առաջին բազմոցը»: «Ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի» (Մատթեոս ԻԳ.6, 11): Կարևոր է գնահատված լինելը: Սակայն մենք պետք է կենտրոնանանք արդարակեցության, ոչ թե գնահատված լինելու վրա; ծառայելու, ոչ թե դիրք ունենալու վրա» (“To the Women of the Church,” Ensign, Nov. 1992, 96):

Ուսումնասիրեք Մոսիա 2.16–17 և նշեք սկզբունքը, որը մենք կարող ենք սովորել Բենիամին թագավորից ծառայության մասին. Երբ մենք ծառայում ենք մեր մերձավորներին, մենք ծառայում ենք Աստծուն: (Մոսիա 2.17-ը սուրբ գրությունների սերտման հատված է: Դուք կարող եք նշել այն առանձնակի ձևով, որպեսզի կարողանաք գտնել այն ապագայում:)

Մտածեք մի ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկը օրհնել է ձեր կյանքը ձեզ ծառայելով: Ինչպե՞ս եք դուք (կամ ինչպե՞ս դուք կարող եք) ցուցաբերել երախտագիտություն առ Աստված այն անձնավորության համար, ով ծառայել է և ձեզ և Աստծուն արդարությամբ: Ինչպե՞ս եք դուք երախտագիտություն ցուցաբերել այդ անձնավորության հանդեպ:

Ուրիշներին ծառայելու անհրաժեշտության մասին իր ժողովրդին ուսուցանելուց հետո Բենիամին թագավորն ուսուցանեց բազմաթիվ միջոցների մասին, որոնցով Աստված օրհնում է մեզ, ինչպես նաև Նրան երախտապարտ լինելու անհրաժեշտության մասին:

  1. journal iconԵրբ ուսումնասիրեք Մոսիա 2.19–24, 34, խորհեք բազմաթիվ միջոցների մասին, որոնցով Աստված օրհնում է ձեզ: Խորհեք, թե ինչպես դուք կարող եք ցույց տալ ձեր գոհունակությունը Նրա հանդեպ: Ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ էր Բենիամին թագավորը իրեն, իր ժողովրդին և մեզ կոչում «անպիտան ծառաներ»:

    2. Ինչո՞ւ է կարևոր, որ մենք հիշենք մեր պարտավորություններն առ Աստված:

Բենիամին թագավորի խոսքերը մեզ սովորեցնում են, որ երբ մենք մեզ պարտավորված ենք զգում Աստծո առաջ, մենք ցանկանում ենք ծառայել ուրիշներին և մեր երախտագիտությունը մեծանում է:

Մոսիա 2.34-ում Բենիամին թագավորն ուսուցանեց, որ մենք պետք է «մատուցենք» Աստծուն ամենը, որ ունենք և կանք: Մատուցել նշանակում է «տալ կամ ներկայացնել»: Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում գրել բացատրությունը այս բառի կողքին: Խորհեք այն մասին, թե ինչպես կարող եք Աստծուն տալ ամենը, ինչ դուք ունեք և կաք: Հիշեք, որ երբ դուք պահում եք Աստծո պատվիրանները և ցանկանում եք անկեղծորեն ծառայել, Նա օրհնում է ձեզ դրա համար:

Մոսիա 2-ի վերջին հատվածներում Բենիամին թագավորը կարևոր նախազգուշացում է տալիս իր ժողովրդին: Դուք երբևէ տեսե՞լ եք նշան, որը ձեզ ասել է «զգուշացեք»: (Օրինակ, նշանը կարող է զգուշացնել ձեզ բարձր լարում կրող լարերի, ընկած քարերի, վայրի կենդանիների կամ ուժեղ հոսանքի մասին:) Կարդացեք Մոսիա 2.32–33, 36–38, որպեսզի բացահայտեք, թե ինչի մասին զգուշացրեց Բենիամին թագավորը իր ժողովրդին: (33 հատվածում վայ բառը նշանակում է «վիշտ և թշվառություն»:) Գրեք մի նախադասություն, նկարագրելով, թե ինչ կպատահի նրանց հետ, ովքեր դուրս են գալիս «բաց ապստամբության` Աստծո դեմ» (հատված 37) կամ ովքեր գիտակցաբար խախտում են Աստծո պատվիրանները:

Կարդացեք հետևյալ հայտարարությունը. «Որոշ մարդիկ գիտակցաբար խախտում են Աստծո պատվիրանները, մտածելով, թե կապաշխարեն հետագայում, օրինակ տաճար գնալուց կամ միսիայում ծառայելուց առաջ: Նման մտածված մեղքը ծաղրանք է Փրկչի Քավության նկատմամբ» (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 29):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը նշել է, որ շատ կարևոր է նկատելը, երբ մենք ինքներս մեզ ետ ենք քաշում Հոգուց.

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Մենք պետք է … ջանք գործադրենք, որպեսզի նկատենք, երբ մենք «[ինքներս մեզ]ետ կքաշենք Տիրոջ Հոգուց …» (Մոսիա 2.36): …

Չափանիշը պարզ է: Եթե որևէ բան, որը մենք մտածում, տեսնում, լսում կամ անում ենք, հեռացնում է մեզ Սուրբ Հոգուց, ապա մենք պետք է դադարեցնենք այդ բանը մտածելը, տեսնելը, լսելը կամ անելը: Եթե այն, ինչը նախատեսված է զվարճացնելու համար, օրինակ, հեռացնում է մեզ Սուրբ Հոգուց, ապա այդպիսի զվարճանքը հաստատ մեզ համար չէ: Քանի որ Հոգին չի կարող հանդուրժել այն, ինչը գռեհիկ է, կոպիտ կամ անպարկեշտ, ապա այսպիսի բաները հաստատ մեզ համար չեն: Քանի որ մենք հեռացնում ենք Տիրոջ Հոգին, երբ մենք ներգրավվում ենք այնպիսի բաների մեջ, որոնցից մենք գիտենք, որ պետք է խուսափենք, ապա նման բաները հաստատ մեզ համար չեն» (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign կամ Liahona, May 2006, 30):

Խորհեք, թե ինչ են մարդիկ կորցնում, երբեմն նույնիսկ առանց նկատելու դա, երբ իրենք իրենց ետ են քաշում Հոգուց: Կարդացեք Մոսիա 2.40–41 և ներկայացրեք, թե Բենիամին թագավորն ինչ էր ուզում, որ մենք հասկանայինք և հիշեինք:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում.

    1. Գրի առեք որոշ փորձառություններ, որոնք սովորեցրել են ձեզ, որ եթե դուք հնազանդվեք Տիրոջը, դուք կօրհնվեք և նյութապես, և հոգևորապես:

    2. Ընտրեք ձեր կյանքի այն ոլորտը, որում դուք կցանկանայիք ավելի հնազանդ լինել Աստծո պատվիրաններին: Գրեք նպատակ այդ ոլորտում կատարելագործվելու վերաբերյալ:

scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն. Մոսիա 2.17

Կարդացեք Մատթեոս ԻԲ.36–40, ԻԵ.40 և Մոսիա 2.17: Կազմեք սուրբ գրությունների ցանկ, շղթա կամ խմբեր` հղումներ կատարելով սուրբ գրության մեկ հատվածից մյուսին: Սուրբ գրությունների ուսումնասիրության այս եղանակը կօգնի պարզաբանել իմաստը և մեծացնել հասկացողությունը:

Բացատրեք կապը այն հատվածների միջև, որոնք դուք նոր կապեցիք իրար:

Խորհեք հետևյալ հարցերի վերաբերյալ.

  • Ե՞րբ եք դուք զգացել, որ ծառայել եք Աստծուն մեկ այլ անձնավորությանը ծառայելու միջոցով:

  • Ի՞նչ հատուկ բաներ կարող եք անել նրանց համար, ովքեր ձեր շրջապատում են, որը Փրկիչը կաներ, եթե այստեղ լիներ:

  1. journal iconՄոսիա 2.17-ն անգիր սովորելուց հետո փորձեք գրել այն ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

  2. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մորմոնի ԽոսքերըՄոսիա 2 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.