«Պատրաստվել արժանավորությամբ մտնել տաճար․ Տաճարային երաշխավորագիր», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Պատրաստվել արժանավորությամբ մտնել տաճար․ Տաճարային երաշխավորագիր», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Տաճարային նախապատրաստություն. Դաս 203
Պատրաստվել արժանավորությամբ մտնել տաճար
Տաճարային երաշխավորագիր
Վերջին տարիներին Տերը արագացրել է տաճարների կառուցումն ամբողջ աշխարհում։ Այժմ, առավել, քան երբևէ, Նրա Եկեղեցու անդամներն ավելի մեծ հնարավորություններ ունեն մտնելու Նրա սուրբ տուն, երբ պատրաստ և արժանավոր կլինեն դա անելու։ Այս դասը կօգնի ուսանողներին խորհել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սուրբ տաճար մտնելու իրենց արժանավորության մասին։
Ուսանողի նախապատրաստում․ որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել ավելին իմանալու այն չափանիշների մասին, որոնք Տերը սահմանել է տաճար մտնելու համար, առաջարկեք նրանց կարդալ տաճարային երաշխավորագրի հարցերը, որոնք ներկայացված են Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար [2022] ձեռնարկի հավելվածում։ Առաջարկեք նրանց գալ դասի ցանկացած հարցով, որը իրենք կարող են ունենալ այս չափանիշների վերաբերյալ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Տիրոջը երաշխավորված
Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել Տիրոջ չափանիշների մասին՝ Նրա տուն մտնելու համար, առաջարկեք նրանց մտածել հետևյալ իրավիճակներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ իրենց արձագանքի մասին.
-
Ու՞մ կառաջարկեիք․
-
Կատարել կարևոր ֆուտբոլային հարվածը։ Ինչո՞ւ։
-
Օգնել ձեզ պատրաստվել առաջիկա քննությանը։ Ինչո՞ւ։
-
Մեներգ երգել։ Ինչո՞ւ։
-
Ուղղորդել ձեզ։ Ինչո՞ւ։
-
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը կիսվել է մի փորձառությամբ, որն ունեցել է՝ իր աներոջ կյանքի վերջում նրան այցելելիս։ Երբ երեց Ռասբանդը եկավ այցելության, այդ պահին նրա աներոջ եպիսկոպոսը հեռանում էր։ Նա պատմեց, թե ինչ տեղի ունեցավ հետո.
Ես ասացի Բլեյնին [իր աներոջը]. «Ի՜նչ հաճելի էր տեսնել, որ եպիսկոպոսը եկել էր այցելության»։
Բլեյնը նայեց ինձ ու պատասխանեց. «Դա ավելին էր, քան այցելություն։ Ես խնդրել էի եպիսկոպոսին գալ, քանի որ ուզում էի տաճարային երաշխավորագրի հարցազրույց անցնել։ Ես ուզում եմ գնալ՝ Տիրոջը երաշխավորված»։ Եվ նա արեց դա։ («Տիրոջը երաշխավորված», Լիահոնա, նոյ․ 2020, 23)
-
Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում «լինել Տիրոջը երաշխավորված»:
Եթե ուսանողները չնշեն դա, կարող եք կիսվել, որ որպես Իր զավակների համար Երկնային Հոր սիրառատ ծրագրի մաս, Նա և Փրկիչ Հիսուս Քրիստոսը հաստատել են տաճար մտնելու չափանիշներ։ Այդ չափանիշներին հետևելիս մենք երաշխավորություն կստանանք արժանիորեն մտնել Նրանց տուն։
Այսօրվա ուսումնասիրության ընթացքում ուշադրություն դարձրեք այն զգացմունքներին և մտքերին, որոնք կարող են գալ ձեր մտքին և սրտին Սուրբ Հոգու միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 8․2–3): Այսպես է Սուրբ Հոգին օգնում ձեզ հասկանալ, թե ինչն եք լավ անում, և ինչպես կարող եք բարելավել ձեր ջանքերը՝ հետևելու Նրանց չափանիշներին և արժանավորությամբ մտնելու Նրանց տուն։
Մտնենք տաճար՝ Տիրոջը երկրպագելու
Հետևյալ խոսքերը և սուրբ գրությունների հղումները կարող են օգնել ուսանողներին տեսնել, որ Տերը հաստատել է չափանիշներ՝ Իր սուրբ տուն մտնելու համար։ Կարող եք ուսանողներին բաժանել երեք հոգանոց խմբերի և խմբի յուրաքանչյուր անդամին հանձնարարել կարդալ սուրբ գրությունների հղումներից մեկը։
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի հետևյալ խոսքերը և ստորև թվարկված սուրբ գրությունները՝ փնտրելով, թե ինչ կարող եք սովորել Տիրոջ տուն մտնելու մասին.
Տաճարը Տիրոջ տունն է և ապաստան աշխարհից։ Նրա Հոգին պարուրում է նրանց, ովքեր երկրպագում են այդ սրբազան պատերի ներքո։ Նա սահմանում է չափանիշներ, որոնցով մենք մուտք ենք գործում որպես Նրա հյուրեր։ («Տիրոջը երաշխավորված», Լիահոնա, նոյ․ 2020, 23)
Սաղմոս 24․3–4 («Տիրոջ լեռը» կարող է խորհրդանշել տաճարը)
Երեմիա 7․1–3 (Երեմիան մարգարե էր Հուդայում ամբարշտության ժամանակներում։)
Եզեկիել 44․4–5, 9 (հատված 5-ում «ո՛ւշ դարձրու» արտահայտությունը կարող է նշանակել «ուշադրություն դարձնել», հատված 9-ում «սրտով անթլփատ» արտահայտությունը կարող է նշանակել չզատվել մեղքից և աշխարհից)
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Տիրոջ տուն մտնելու մասին երեց Ռասբանդի խոսքերից և այդ սուրբգրային հատվածներից։
Ուսանողները կարող են նշել հետևյալ ճշմարտությունները․
Տերն է հաստատում Իր տուն մտնելու արժանավորության չափանիշները։
Տերը հրահանգել է քահանայության ղեկավարներին ապահովել, որ մենք արժանավորությամբ մտնենք Իր տուն։
Կարող եք բացատրել, որ չնայած բոլորն են հրավիրված՝ պատրաստվելու տաճար գնալուն, մենք պետք է համապատասխանենք Տիրոջ տուն մտնելու Նրա արժանավորության չափանիշին։
-
Տիրոջ տաճար մտնելու չափանիշներն ին՞չ են վկայում Նրա սիրո և մեր հանդեպ ունեցած Նրա ցանկությունների մասին։
Երբ ուսանողները պատասխանեն նախորդ հարցին, օգնեք նրանց հասկանալ, որ Տիրոջ չափանիշներով ապրելն օգնում է մեզ դառնալ Նրա նման, հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչպես ենք բարելավում Նրա մոտ գալու մեր ջանքերը, և օրհնում է մեզ Նրա Հոգով և խաղաղությամբ։
Տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցեր
Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել, թե ինչ գիտեն Տիրոջ տուն մտնելու պահանջների մասին, առաջարկեք նրանց կրկնել տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցերը Երիտասարդներին զորացնելու համար. Ուղեցույց ընտրություններ կատարելու համար[2022] գրքույկի հավելվածում՝ Gospel Library-ում։ Որպես այլընտրանք, կարող եք բաժանել գրքույկի 36–37 էջերի տպագիր օրինակները Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցից կամ հարցերը գրել անմիջապես գրատախտակին։
Բացեք տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցերը, որոնք գտնվում են Երիտասարդներին զորացնելու համար. Ուղեցույց ընտրություններ կատարելու համար [2022] գրքույկի հավելվածում և կատարեք հետևյալը.
-
Կարդացեք տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցերը և մտածեք՝ (1) արդյոք հասկանում եք, թե ինչի մասին են հարցերը, և (2) ինչպես կարող է այդ չափանիշներով ապրելը նախապատրաստել մեզ Տիրոջ սուրբ տուն մտնելուն։
-
Ընտրեք այն հարցերից մեկը, որի մասին ցանկանում եք ավելին իմանալ։
Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք «Տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցեր» վերնագրով աշխատաթերթի մեկական օրինակ։ Առաջարկեք նրանց գրել իրենց նշած հարցն աշխատաթերթի վերևի մասում գտնվող վանդակում։ Ապա ուսանողները կարող են լրացնել աշխատաթերթի մնացած մասը։ Հարցերից մի քանիսի վերաբերյալ լրացուցիչ օգնություն կարող եք գտնել Gospel Library հավելվածում՝ այս դասի «Օժանդակ նյութեր» բաժնում։
Ուսանողներին հնարավորություն տվեք՝ կիսվելու իրենց ուսումնասիրության ընթացքում Սուրբ Հոգուց ստացած մտքերով։ Կարող եք անել դա՝ բաժանելով նրանց փոքր խմբերի և առաջարկելով յուրաքանչյուր ուսանողին կիսվել ուսումնասիրության ընթացում իր սովորածով։ Նրանք կարող են բացատրել, թե իրենց գտածն ինչպես է օգնում իրենց հասկանալ Տիրոջ տուն մտնելու Իր չափանիշները։ Խրախուսեք ուսանողներին իրենց դասընկերներից ստացած գաղափարները գրել իրենց աշխատաթերթի հակառակ կողմում։
-
Տիրոջ տուն մտնելու համար Տիրոջ չափանիշներով ապրելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ ավելի նմանվել Նրան։
-
Ինչպե՞ս են այդ չափանիշները վկայում Նրա սիրո մասին։
Անձնական մտորումներ
Երբ ուսանողները մտորում են տաճար մտնելու իրենց արժանավորության մասին, մտածեք, թե ինչ կարող են նրանք զգալ։ Ի՞նչ մտահոգություններ կարող են ունենալ։ Ինչպե՞ս կարող եք պատրաստվել՝ օգնելու նրանց զգալ Երկնային Հոր սերը և Փրկչի վստահությունը, որ Իր միջոցով իրենք կարող են արժանավոր լինել։ Ուսանողներին հույս տալու եղանակներից մեկը, որ իրենք կարող են արժանավորությամբ մտնել Տիրոջ տուն Փրկչի օգնությամբ՝ հետևյալ նախադասությունը կարդալն է։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Պատրիկ Քիրոնն ուսուցանել է, թե ինչպես է մեր Երկնային Հայրը ցանկանում, որ Իր զավակները մտնեն Իր արքայություն։ Մտածեք, թե ինչպես կարող է այն, ինչով նա կիսվել է, վերաբերել նաև Նրա ցանկությանը, որ Իր զավակները մտնեն Իր սուրբ տուն։
Իմ ընկերներ, իմ ընկերակից հետևորդներ՝ մահկանացու կյանքի ճանապարհին, մեր Հոր գեղեցիկ ծրագիրը, այսինքն Նրա «հիանալի» ծրագիրը նախատեսված է ձեզ տուն բերելու, այլ ոչ թե ձեզ դրսում պահելու համար: Ոչ մեկը չի կառուցել ճանապարհային արգելապատնեշ և կանգնեցրել այնտեղ ինչ-որ մեկին՝ ձեզ հետ շրջելու և ձեզ հեռուն ուղարկելու համար: Փաստորեն, դա ճիշտ հակառակն է: Աստված անընդհատ հետևում է ձեզ: Նա «ցանկանում է, որ Իր բոլոր զավակները որոշեն վերադառնալ Իր մոտ», և Նա ամեն հնարավոր միջոց կիրառում է՝ ձեզ վերադարձնելու համար։ («Աստծո նպատակն է ձեզ տուն բերել», Լիահոնա, մայիս 2024, 87) (2:16–3:01)
Համոզվեք, որ ուսանողները մտորելու համար բավարար ժամանակ ունեն։
Մտածեք Տիրոջ տուն մտնելու ձեր անձնական արժանավորության մասին։ Դա անելու համար կարող եք կրկնել տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցերը և ինքնուրույն լուռ պատասխանել յուրաքանչյուր հարցին։ Ձեր ուսումնասիրության օրագրում կամ ձեր աշխատաթերթի հակառակ կողմում պատասխանեք հետևյալ հարցին.
-
Ըստ ձեզ, ի՞նչ են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում, որ դուք իմանաք, զգաք կամ անեք։
Խրախուսեք ուսանողներին տաճար մտնելուն արժանավոր դառնալու կամ մնալու իրենց ջանքերում և հավաստիացրեք Փրկչի պատրաստակամության մասին՝ օգնելու մեզ պատրաստվել մտնել Իր տուն։