Սեմինարիա
Վարդապետության սերտման վարժություն 10․ Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները


«Վարդապետության սերտման վարժություն 10․ Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Վարդապետության սերտման վարժություն 10․ Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Միքիա, Նաում, Ամբակում, Սոփոնիա․ Դաս 154

Վարդապետության սերտման վարժություն 10

Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Payson High School Seminary

Վարդապետության սերտումը կարող է օգնել ուսանողներին կառուցել իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հիմքի վրա: Այս դասը կօգնի ուսանողներին կիսվել վարդապետության ​​սերտման հատվածներով, որոնք կարևոր են իրենց կյանքում, ինչպես նաև կօգնի նրանց սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կրկնել Հին Կտակարանի վարդապետության սերտման հատվածները, որոնք իրենք ուսումնասիրել են: Խրախուսեք նրանց գալ դասարան՝ պատրաստ լինելով կիսվել մի հատվածով, որը խորացրել է իրենց վկայությունը, ավետարանի հասկացողությունը կամ հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Հատվածների ցանկը տրված է Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի (2022) վերջում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման կրկնություն․ Կիսվել

Որպեսզի պատրաստեք ուսանողներին կիսվել վարդապետության ​​սերտման մի քանի հատվածով, որոնք ազդեցություն են գործել իրենց վրա այս տարի, կարող եք առաջարկել նրանց զուգընկերոջ հետ հակիրճ պատասխանել հետևյալ հարցին՝ նշված իրավիճակներից յուրաքանչյուրի համար:

Ո՞րն է ձեր սիրելի ուտեստը հետևյալ իրավիճակներից յուրաքանչյուրում:

  • Որպես առավոտյան առաջին խորտիկ

  • Որպես ուշ երեկոյան խորտիկ

  • Ձեր ծննդյան օրը

  • Շոգ ցերեկով

  • Ցուրտ երեկոյան

Ինչպես ձեր նախընտրած սնունդը կարող է փոխվել՝ կախված տարբեր հանգամանքներից, այնպես էլ ձեր սիրելի սուրբ գրությունների հատվածները կարող են փոխվել՝ կախված տարբեր կարիքներից և իրավիճակներից:

Կարող եք առաջարկել ուսանողներին խորհել հետևյալ հարցի իրենց պատասխանների շուրջ՝ ստորև նկարագրված իրավիճակներից յուրաքանչյուրի համար: Կարող եք դադար առնել յուրաքանչյուր իրավիճակով կիսվելուց հետո, որպեսզի ուսանողները կարողանան վերանայել Հին Կտակարանի վարդապետության սերտման հատվածների ցանկը Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի վերջում (2023)։ Այնուհետև առաջարկեք ուսանողներին զուգընկերոջ կամ փոքր խմբի հետ կիսվել իրենց ընտրած հատվածներով և բացատրել, թե ինչու են ընտրել այդ հատվածները:

Դասի ընթացքում բավականաչափ ժամանակ թողեք «Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները» բաժնի համար:

Ո՞րն է Հին Կտակարանի վարդապետության սերտման ձեր սիրելի հատվածը հետևյալ կետերից յուրաքանչյուրի համար: Ինչո՞ւ։

  • Հիսուս Քրիստոսի և Նրա առաքելության մասին սովորելու համար

  • Բացատրելու համար, թե ինչու մենք ունենք մարգարեների կարիքը

  • Փրկության ծրագիրը հասկանալու համար

Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Հետևյալ վարժության համար կարող եք ուսանողներին բաժանել երեք հոգանոց խմբերի, որոնցում խմբի յուրաքանչյուր անդամի հանձնարարեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու տարբեր սկզբունքներ: Ուսանողներին ժամանակ տվեք՝ հակիրճ վերանայելու Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի այն պարբերությունները, որոնք համապատասխանում են իրենց հանձնարարված սկզբունքին: (Կրկնության վարժությունների գաղափարները ներառված են այս ձեռնարկի հավելվածում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում:)

Երբ ուսանողներն ավարտեն կրկնությունը, յուրաքանչյուր խմբի տվեք մի թերթիկ: Առաջարկեք նրանց օգտագործել ստորև նշված երեք քայլերը՝ իրատեսական մի սցենար գրելու համար, որտեղ կարևոր կլինի հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների կիրառումը: Եթե ​​խմբերը մի փոքր ավելի շատ առաջնորդության կարիք ունեն, կարող եք ուղղորդել նրանց ստեղծել իրենց սցենարները՝ հիմնվելով դեռահասի վրա, որը հարցեր կամ մտահոգություններ ունի հետևյալ թեմաներից մեկի վերաբերյալ.

  • Մորմոնի Գրքի ճշմարտացիությունը

  • Երկրի վրա Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու անհրաժեշտությունը

  • Մարգարեի վերջին խորհուրդը

Եթե ​​օգտակար կլինի, օգտագործեք այս դասի «Լրացուցիչ ուսումնական վարժություն» բաժնում առաջարկվող սցենարները, որոնք հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։

Օգտագործեք հետևյալ քայլերը՝ ստեղծելու և քննարկելու համար մի իրատեսական սցենար, որում դեռահասը կարող է օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ լուծելու իր ունեցած հարցերը կամ մտահոգությունները:

  1. Գրեք մարդու անունը, տարիքը և հավատքի հետ կապված իրատեսական մի դժվարություն, որին նա բախվում է:

  2. Նշեք մեկ կամ երկու հարց կամ մտահոգություն, որը նա ունի իր դժվարության արդյունքում:

  3. Քննարկեք ստորև բերված հարցը ձեր խմբի հետ, բայց ձեր պատասխանները մի գրեք ձեր թերթիկի վրա: Համոզվեք, որ խմբի յուրաքանչյուր անդամ հնարավորություն ունի կիսվել իր մտքերով:

  4. Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրն ինչպե՞ս կարող է օգնել այդ մարդուն իր իրավիճակում:

    Խմբերին բավարար ժամանակ տվեք՝ վերը նշված հարցը քննարկելու համար: Կարող եք շրջել սենյակով և կարճ ժամանակով մոտենալ տարբեր խմբերի՝ իմանալու համար, թե ինչով են նրանք կիսվում միմյանց հետ:

    Եթե ​​կարծում եք, որ խմբերի համար օգտակար կլինի ավելի որոշակի հարցեր տալ քննարկելու համար, կարող եք տրամադրել ստորև նշված հարցերից մի քանիսը կամ բոլորը:

  5. Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Նրա զավակների համար Նրա ծրագրի մասին, որը կարող է օգնել այդ մարդուն ձեռք բերել հավերժության հեռանկար:

  6. Նրա որոշումներն այդ իրավիճակում ինչպե՞ս կարող են ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ իր հարաբերությունների վրա:

  7. Ո՞ր սուրբ գրությունները կամ Եկեղեցու ղեկավարների ելույթները խորհուրդ կտաք, որ նա ուսումնասիրի:

Երբ խմբերն ավարտեն կիսվելը, եթե ​​ժամանակը թույլ տա, առաջարկեք նրանց փոխանակվել սցենարներով մեկ այլ խմբի հետ և քննարկել հարցը (կամ հարցերը)՝ օգտագործելով մյուս խմբի սցենարը:

Անձնական կիրառություն

Սա Հին Կտակարանի տարվա՝ վարդապետության սերտման վարժության վերջին դասն է: Դա իմանալը կարող է օգնել ուսանողներին խորհել և ուսումնասիրության օրագրերում գրել իրենց կյանքի մի իրավիճակի մասին, երբ իրենք կարող են օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Կարող եք հակիրճ կիսվել ձեր կյանքից մի օրինակով, որտեղ ձեզ օրհնել են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Կարող եք ավարտել դասը՝ առաջարկելով ուսանողներին ավարտել հետևյալ հուշումներից մեկը կամ մի քանիսը այն իրավիճակի մասին, որը իրենք գրել էին իրենց ուսումնասիրության օրագրերում: Խրախուսեք նրանց Սուրբ Հոգուց փնտրել տպավորություններ, որոնք կարող են օգնել իրենց կիրառել այս սկզբունքները կյանքում:

  • Եղանակներից մեկը, որով ես կարող եմ գործել առ Հիսուս Քրիստոս հավատքով, հետևյալն է …

  • Ճշմարտությունները, որոնք ես կարող եմ հիշել Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Նրանց ծրագրի մասին, որ կարող են օգնել ինձ, հետևյալն են …

  • Աղբյուրները, որոնց ես կարող եմ դիմել, որ կամրացնեն իմ հավատքը Փրկչի և Նրա ուսմունքների հանդեպ հետևյալն են …

Խրախուսեք ուսանողներին նպատակային կիրառել այդ սկզբունքները իրենց կյանքում և գործել իրենց ստացած տպավորությունների համաձայն: