«Ամբակում․ Սպասենք մեր անկեղծ հարցերի պատասխաններին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ամբակում․ Սպասենք մեր անկեղծ հարցերի պատասխաններին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Միքիա, Նաում, Ամբակում, Սոփոնիա․ Դաս 153
Ամբակում
Սպասենք մեր անկեղծ հարցերի պատասխաններին
Ամբակում մարգարեն, հարցեր ունենալով իր շուրջը եղած չարության մասին, դիմեց Տիրոջը և սպասեց Նրա պատասխաններին: Ինչպես Ամբակումը, այնպես էլ մենք կարող ենք մեր հարցերով դիմել Տիրոջը: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես պահպանել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս, երբ իրենք հարցեր ունեն, որոնք, կարծես, մնում են անպատասխան:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին հարցնել իրենց ընկերոջը կամ ընտանիքի անդամին՝ արդյոք նրանք երբևէ բախվել են դժվար հարցերի, որոնք, կարծես, անպատասխան են մնացել: Եթե այո, ապա ուսանողները կարող են հարցնել, թե ինչ է արել այդ մարդը՝ պատասխաններին սպասելիս Տիրոջը հավատարիմ մնալու համար։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հարցեր ունենալը բնական է
Մի ձեռքում պահեք մի տարա, որի վրա փակցված է հարցական նշան, իսկ մյուս ձեռքում՝ մեկ այլ տարա՝ Քրիստոսի պատկերով: Բացատրեք, որ առաջին տարան խորհրդանշում է այն հարցերը կամ մտահոգությունները, որոնք մենք կարող ենք ունենալ, իսկ մյուս տարան՝ մեր հավատքն առ Տերը և Նրա ավետարանը:
Նախքան նախագահ Ուխդորֆի խոսքերը կարդալը՝ առաջարկեք ուսանողներին մտածել հետևյալ հարցի շուրջ։
-
Հնարավո՞ր է արդյոք չկարողանալ գտնել դժվար հարցերի պատասխանները և միաժամանակ հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված Եկեղեցու հանդեպ:
Նախկինում Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է.
Հարցաքննությունը վկայության ծագման վայրն է: Ոմանք կարող են ամաչել կամ անարժան զգալ, քանի որ նրանք փնտրում են հարցեր ավետարանի վերաբերյալ, սակայն նրանք կարիք չունեն այդպես մտածելու: Հարցեր տալը թուլության նշան չէ, այն նախորդում է աճին:
Աստված պատվիրում է մեզ փնտրել մեր հարցերի պատասխանները, սակայն խնդրում է, որ մենք փնտրենք «մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս» [Մորոնի 10․4]։ Երբ մենք այդպես վարվենք, ամեն բանի վերաբերյալ ճշմարտությունը կարող է հայտնի դառնալ մեզ «Սուրբ Հոգու զորությամբ» [Մորոնի 10․5]։
Մի վախեցեք, հարցեր տվեք։ Հետաքրքրվող եղեք, սակայն մի կասկածեք: Միշտ ամուր բռնեք հավատքից և լույսից, որն արդեն իսկ ստացել եք: («The Reflection in the Water» [Եկեղեցու Կրթական Համակարգի հավաք երիտասարդ չափահասների համար, նոյ. 1, 2009], broadcasts.ChurchofJesusChrist.org)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ երիտասարդները պետք է հասկանան, թե ինչ է ուսուցանել նախագահ Ուխդորֆը:
Դժվար հարցեր
Մինչև Բաբելոնի կողմից Երուսաղեմի պաշարումը Տերը կանչեց Ամբակումին՝ լինելու մարգարե Հուդայի թագավորությունում: Ինչպես մյուս մարգարեները, Ամբակումը հարցեր ուներ և պատասխաններ էր փնտրում Տիրոջից (տես Երեմիա 12․1, Վարդապետություն և Ուխտեր 121․1–6)։
Կարդացեք Ամբակում 1․2–4 հատվածները՝ փնտրելով այն հարցերը, որոնց պատասխանները փնտրում էր Ամբակումը։ Ձեր ուսումնասիրության օրագրում նկարագրեք, թե ինչպես այսօր մարդը կարող է արտահայտել նմանատիպ հարցեր կամ մտահոգություններ:
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գրածով։ Նրանք կարող են կիսվել նմանատիպ արտահայտություններով․
-
Տեր, արդյո՞ք դու լսում ես ինձ։ (հատված 2)
-
Ինչո՞ւ է այսքան շատ բռնություն և մեղք իմ շուրջբոլորը: (հատված 3)
-
Ինչո՞ւ են ամբարիշտ մարդիկ անպատիժ կերպով այդքան չարիք գործում։ (հատված 4)
Յուրաքանչյուր ուսանողի փոքր թուղթ տրամադրեք, որի վրա նրանք պետք է գրեն հետևյալ հարցի իրենց պատասխանները։
Ինչպես Ամբակումը, մենք նույնպես կարող ենք հարցեր ունենալ։ Գրեք մի դժվար հարց, որը, գուցե, ունեք, և որի պատասխանն ըստ ձեզ, դեռ չեք ստացել:
Ուսանողները կարող են իրենց գրածը դնել այն տարայի մեջ, որը խորհրդանշում է մեր հարցերը:
Վերցրեք հարցերի տարան և դրեք այն տարան, որը խորհրդանշում է մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: Բացատրեք, որ երբ մենք հարցեր ենք ունենում, կարող ենք գայթակղություն ունենալ մի կողմ դնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս, քանի որ պատասխաններ չունենք:
-
Ի՞նչ վտանգ է պարունակում մեր հավատքն ու Տիրոջ հետ մեր հարաբերությունները մի կողմ դնելը, երբ մենք հարցեր ունենք:
Երկու տարաները պահեք ձեր ձեռքերում և բացատրեք, որ հարցերի պատճառով մենք չպետք է մի կողմ դնենք մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: Երբ փնտրում ենք պատասխաններ, մենք կարող ենք առաջ ընթանալ՝ վստահելով Տիրոջը:
Երբ ուսումնասիրում եք Ամբակումի գիրքը, ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու տպավորություններին, որոնք կարող են օգնել ձեզ առաջ ընթանալ Տիրոջ հանդեպ հավատքով՝ պատասխաններ սպասելիս:
Դիմել Աստծուն
Դասի մնացած մասի ընթացքում կարող եք առաջարկել ուսանողներին պարբերաբար ավելացնել իրենց գրածները հավատքի տարայում: Դա անելու համար, ուսանողներին տվեք մի քանի փոքր թուղթ, որպեսզի դրանց վրա գրեն, թե ինչ սովորեցին Ամբակումի գրքից կամ իրենց դասընկերներից այն մասին, թե ինչու կամ ինչպես պետք է վստահել Տիրոջը:
Ի պատասխան Ամբակումի՝ իր հասարակության մեջ ամբարշտության մասին հարցերին, Տերն ասաց, որ «կբարձրացնի քաղդեացիներին» (բաբելոնացիներին), որպեսզի պատժի Իսրայելի զավակներին (տես Ամբակում 1․6)։ Ամբակումը հարցրեց, թե ինչու Տերը պետք է թույլ տա, որ ամբարիշտ բաբելոնացիները հաղթեն իր ժողովրդին (տես Ամբակում 1․12–17)։
Կարդացեք Ամբակում 2․1–4՝ փնտրելով, թե ինչ նախընտրեց անել Ամբակումը, երբ հարցեր ուներ, և թե ինչպես Տերը պատասխանեց:
-
Ի՞նչ գտաք:
Կարող եք լրացուցիչ հարցեր տալ, օրինակ՝ «Ձեր կարծիքով, ինչ է նշանակում «նայեմ ու տեսնեմ, թե ի՛նչ է խոսելու ինձ հետ [Աստված]» (տես Ամբակում 2․1)» կամ «Ի՞նչ է նշանակում «ապրել [մեր] հավատքով» (տես Ամբակում 2․4)»։
Կարող եք առաջարկել ուսանողներին հավատքի տարայում ավելացնել իրենք սովորածը:
Բացատրեք, որ Տերն ասաց Ամբակումին, որ բաբելոնացիները ի վերջո կպատժվեն իրենց ամբարշտության համար (տես Ամբակում 2․5–20)։
Կարդացեք Ամբակում 3․17–19՝ փնտրելով, թե ինչու Ամբակումը որոշեց ապրել Տիրոջ հանդեպ իր հավատքով:
Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան՝ հասկանալու Ամբակում 3.17–18 հատվածները, կարող եք բացատրել, որ հատված 17-ում Ամբակումը նկարագրում է որոշ անցանկալի արդյունքներ (բույսեր, որոնք պտուղ չեն տալիս, արտեր, որոնք բերք չեն տալիս և այլն): Հատված 18-ում նա ասում է, որ «կուրախանա Տիրոջում»՝ անկախ արդյունքից:
Կարող եք նաև բացատրել, որ Ամբակում 3․19 հատվածում «ոտքերը եղնիկների նման» արտահայտությունը վերաբերում է եղջերուների ոտքերին, որոնք եղջերուներին հնարավորություն են տալիս մագլցել դժվարանցանելի տեղեր։ Այս պատկերը հուշում է, որ Տերը մեզ հնարավորություն կտա բարձրանալ մեր լեռները՝ փոխաբերական իմաստով:
-
Ամբակումի վերաբերմունքն ու գործողություններն ինչպե՞ս են ցույց տալիս նրա հավատքն առ Աստված։
Օգնեք ուսանողներին տեսնել Ամբակումի օրինակով, որ մենք կարող ենք ընտրել հավատարիմ մնալ Տիրոջը՝ սպասելով մեր անկեղծ հարցերի պատասխաններին։
-
Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որն օգնում է ձեզ վստահել Նրանց՝ սպասելով պատասխաններին։
Երբ ուսանողները կիսվեն իրենց իմացածով, կարող եք տալ լրացուցիչ հարցեր, օրինակ․ «Ինչպե՞ս իմացաք դա Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին»:
Կարող եք առաջարկել ուսանողներին հավատքի տարայում ավելացնել այն, ինչ իրենք սովորեցին Ամբակումի գրքից կամ իրենց դասընկերներից:
Ինչպես առաջ շարժվել
Օգնեք ուսանողներին մտածել, թե ինչպես առաջ շարժվել առ Աստված հավատքով, չնայած այն բանի, որ իրենք կարող են հարցեր ունենալ: Դա անելու համար ուսանողները կարող են դիտել «His Grace: Choosing to Believe in God» տեսանյութը (4:07)՝ փնտրելով, թե ինչ արեց Ադամը՝ Աստծուն հավատարիմ մնալու համար, չնայած ուներ դժվար հարցեր և մտահոգություններ։
Ուսանողները կարող են նաև կարդալ 1 Նեփի 10․17–22, 11․1 կամ Մոսիա 24․9–17 կամ ուսումնասիրեք «Փնտրել ձեր հարցերի պատասխանները» աղբյուրի ենթաբաժիններից մեկը՝ Թեմաներ և հարցեր բաժնում (Gospel Library):
-
Ի՞նչ եք սովորում, որը կարող է օգնել երիտասարդին ընտրել հավատարիմ մնալ Աստծուն, երբ նա սպասում է պատասխանների:
Ուսանողները կարող են կիսվել այնպիսի փորձառություններով, երբ իրենք կամ իրենց ծանոթ մեկը ընտրել է հավատարմորեն վստահել Աստծուն՝ սպասելով պատասխանների: Կարող եք նաև կիսվել ձեր սեփական փորձառությամբ կամ վկայել այն մասին, թե ինչու եք վստահում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Խրախուսեք ուսանողներին գրել այն, ինչ նրանք սովորել են այսօր, ինչը կօգնի նրանց վստահել Տիրոջը, երբ նրանք սպասում են պատասխանների: Ուսանողները կարող են ավելացնել այս գաղափարները հավատքի տարայի մեջ:
Եթե ժամանակը թույլ տա, կարող եք կարդալ որոշ թղթերի գրվածքներ հավատքի տարայից: Կարդալու ժամանակ կարող եք խնդրել ուսանողներին կիսվել լրացուցիչ մտքերով կամ տպավորություններով, որոնք իրենց մոտ ծագում են:
Կարող եք պահել այս տարաները, որոնց կանդրադառնաք հետագա դասերի ընթացքում: Օրինակ՝ կարող եք օգտագործել այն, ինչ ուսանողներն ավելացրել են հավատքի տարայում՝ ավելի արդյունավետ դարձնելու վարդապետության սերտման վարժության դասը: