«Գ Թագավորների 18. Ընտրեք հետևել Տիրոջը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Գ Թագավորների 18. Ընտրեք հետևել Տիրոջը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Գ Թագավորների 12–13, 17–22․ Դաս 82
Գ Թագավորների 18
Ընտրեք հետևել Տիրոջը
Ինչպիսի՞ նվիրումով եք ցանկանում հետևել Աստծուն: Եղիան, ցույց տալու համար, որ Իսրայելի Աստվածը միակ ճշմարիտ Աստվածն է, մրցման կանչեց Բահաղի քահանաներին։ Տերը պատասխանեց Եղիայի աղոթքներին և նա հաղթեց պայքարում: Այս դասը կօգնի ուսանողներին Տիրոջը հետևելու ավելի մեծ ցանկություն զգալ:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել իրենց կյանքում մեկ կամ մի քանի դեպքի մասին, երբ իրենք գիտեին, որ Երկնային Հայրը կամ Հիսուս Քրիստոսը իրական են, կամ երբ զգացել են Նրանց զորությունն իրենց կյանքում: Կամ նրանք կարող են մտածել, թե ինչ կարող են անել՝ պարզելու, թե արդյոք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը իրական են, և արդյոք իրենք պետք է ամբողջությամբ հետևեն Նրանց:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կարո՞ղ ենք մենք միաժամանակ հետևել երկու ազդեցության
Ժապավենի կամ այլ իրի օգնությամբ հատակին հակառակ ուղղություններով երկու գիծ նշեք, ինչպես ցույց է տրված ստորև: Ուսանողներից մեկին խնդրեք կանգնել գծերի մեջտեղում, որտեղ դրանց վերջնամասերը մոտ են միմյանց, և յուրաքանչյուր գծի վրա մեկ ոտք դնել:
Ուսանողին խնդրեք մի քանի քայլ անել՝ փորձելով քայլել երկու գծի վրայով միաժամանակ: Հարցրեք նրան, թե ըստ իրեն, որքան երկար կարող է քայլել: Անհրաժեշտության դեպքում նշեք, որ թեև հնարավոր է, որ որևէ մեկը կարողանա կարճ տարածության վրա քայլել այդ երկու գծով միաժամանակ, սակայն դա երկար չի տևի, և նա չի կարողանա լավ քայլել ոչ մի գծի վրայով:
Ուսանողին առաջարկեք նստել իր տեղը։
Այս դասի ընթացքում մի գիծը կարող է նշանակել Տիրոջ ուղիները, իսկ մյուսը՝ այլ ազդեցություններ, որոնք չեն համապատասխանում Տիրոջ ուղիներին:
-
Մենք ինչպե՞ս կարող ենք միաժամանակ հետևել Տիրոջը և այլ ազդեցություններին:
Եղիան մրցման է կանչում Բահաղի քահանաներին
Ամփոփ ներկայացրեք հետևյալ պարբերությունը կամ, եթե կարծում եք, որ դա համապատասխանում է ձեր ուսանողներին, ցուցադրեք «Եղիան և Բահաղի քահանաները» (2:16) տեսանյութը 0:07-0:33, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Գ Թագավորների 18 գլխում Եղիան ցանկանում էր, որ Իսրայելի թագավորությունն իրեն ամբողջովին նվիրի Տիրոջը: Մոտ երեք տարի էր անցել այն պահից, երբ Եղիան օգտագործեց իր կնքող զորությունը՝ երկրի վրա երաշտ բերելու համար (տես Գ Թագավորների 17․1)։ Բայց Իսրայելը շարունակում էր երկրպագել կեղծ աստվածներին, այդ թվում՝ Բահաղին (տես Գ Թագավորների 18․18)։ Եղիան Բահաղի հարյուրավոր կեղծ մարգարեներին և պուրակի մարգարեներին մրցման կանչեց Կարմեղոս լեռան վրա՝ ապացուցելու, թե ով է ճշմարիտ Աստվածը՝ Բահաղը, թե Եհովան (տես Գ Թագավորների 18․19)։ Մրցումը սկսելուց առաջ Եղիան խոսեց մարդկանց հետ։
Կարդացեք Գ Թագավորների 18․21 հատվածը՝ փնտրելով ժողովրդին ուղղված Եղիայի խոսքերը: Կաղալ բառն այս դեպքում նշանակում է կասկածել կամ տատանվել:
-
Եղիան ի՞նչ խնդրեց, որ մարդիկ անեն։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը վերաձևակերպել է Եղիայի խոսքերն այսպես.
Այսօր Եղիան կարող է ասել․
Կամ Աստված՝ մեր Երկնային Հայրը գոյություն ունի, կամ չունի, բայց եթե Նա գոյություն ունի՝ երկրպագեք Նրան։
Կամ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է՝ հարություն առած մարդկության Քավիչն է, կամ դա այդպես չէ, բայց եթե դա այդպես է՝ հետևեք Նրան։ ( «Կայուն և հաստատուն Քրիստոսի հավատքում», Լիահոնա, նոյ․ 2018, 30)
-
Ի՞նչն առավել շատ տպավորեց ձեզ Եղիայի և երեց Քրիստոֆերսոնի խոսքերում։
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց մտքերով: Ճշմարտություններից մի քանիսը, որոնք մենք կարող ենք սովորել, հետևյալն են.
Տերը մեզ ընտրության հնարավորություն է տալիս՝ արդյոք մենք կհետևենք Իրեն, թե կհետևենք կեղծ աստվածներին ու աշխարհի անիրավ ուղիներին։
Երբ մենք գիտենք, որ Երկնային Հայրը գոյություն ունի և Հիսուսը Քրիստոսն է, մենք պետք է պարտավորվենք հետևել Նրանց:
Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Որքա՞ն խորն եմ ես հավատում, որ ունեմ Երկնային Հայր և Փրկիչ:
-
Որքանո՞վ եմ ես պատրաստ հետևել Նրանց:
-
Ի՞նչը կարող է ինձ խանգարել պարտավորվել ամբողջությամբ հետևել Նրանց:
Ձեր ուսումնասիրությունը շարունակելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը կօգնի ձեզ իմանալ, թե ինչպես կարող եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ, որը կարող է խանգարել ձեզ լիարժեքորեն հետևել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Պայքար Բահաղի և Եհովայի միջև
Կարդացեք Գ Թագավորներ 18․23–24 հատվածները՝ փնտրելով Եղիայի և Բահաղի կեղծ մարգարեների միջև մրցակցության պայմանները:
Նախ Բահաղի քահանաները փորձեցին պայքարել՝ ժամերով կանչելով իրենց կեղծ աստծուն։ Կարդացեք Գ Թագավորների 18․26–29 հատվածները՝ փնտրելով, թե ինչ տեղի ունեցավ։
-
Ի՞նչ գտաք:
Եթե ուսանողները դժվարանան հասկանալ այս հատվածները, կարող եք ցուցադրել «Եղիան և Բահաղի քահանաները» տեսանյութը 0:33-1:19։
Հետևյալ վարժության համար ուսանողներին տրամադրեք մոտ հինգ րոպե՝ հատվածները կարդալու և հետևյալ հրահանգները կատարելու համար: Շեշտեք, որ պարտադիր չէ, որ գծապատկերը բարդ լինի։
Որպեսզի իմանաք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Եղիան կանչեց Աստծուն, կարդացեք Գ Թագավորների 18․30–39 հատվածները։ Ապա վերցրեք մի թուղթ և կիսեք այն մեջտեղից: Թղթի առաջին կեսի վրա նկարեք այն, ինչ տեղի ունեցավ, երբ Եղիան պատրաստեց իր զոհաբերությունը և կանչեց Աստծուն:
-
Ի՞նչ կմտածեիք և կզգայիք, եթե այնտեղ լինեիք:
-
Ինչպե՞ս կարող է դա ազդել Տիրոջ մասին ձեր վկայության և Նրան հետևելու ձեր պատրաստակամության վրա:
Հետևյալ վարժության համար ուսանողներին մոտ հինգ րոպե ժամանակ տրամադրեք: Եթե օգտակար կլինի բերել մի մարդու օրինակ, որն իմացել է, որ Աստված իրական է կամ արել է մի բան, որպեսզի իմանա դրա մասին, կարող եք ցուցադրել հետևյալ տեսանյութերից մեկը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
«His Grace: Choosing to Believe in God» (4:07)
«Faith Crisis: What Do We Do When We Feel Nothing?» (5:55)
Թղթի մյուս կեսի վրա նկարեք կամ գրեք ձեր կյանքից մեկ կամ մի քանի դեպքի մասին, երբ դուք գիտեիք, որ Երկնային Հայրը կամ Հիսուս Քրիստոսը իրական են կամ երբ զգացել եք Նրանց զորությունը ձեր կյանքում: Կամ կարող եք նկարել կամ գրել այն մասին, թե ինչ կարող եք անել՝ պարզելու, թե արդյոք Նրանք իրական են և արդյոք պետք է ամբողջությամբ հետևել Նրանց:
Երբ ուսանողներն ավարտեն վարժությունը, մի քանի պատրաստակամ ուսանողի ժամանակ տրամադրեք՝ կիսվելու իրենց նկարածով կամ գրածով, եթե դրանք խիստ անձնական չեն: Ուսանողներից շատերին կիսվելու հնարավորություն տալով՝ կարող եք տարբեր հեռանկարներ բացահայտել և օգնել մյուս ուսանողներին հասկանալ, թե իրենց սովորած ճշմարտություններն ինչպես կարող են ազդել իրենց վրա: Օգտակար կլինի տալ նաև հետևյալ հարցերը:
-
Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի զորությունը տեսնելու ձեր անձնական փորձառությունների մասին խորհրդածելն ինչպե՞ս է ձեզ օգնում երկրպագել և հետևել Նրանց ձեր կյանքում։
-
Ինչո՞ւ եք կարծում, որ արժե ամբողջությամբ հետևել Երկնային Հորը և Փրկիչ Հիսուս Քրիստոսին:
Ուշադրություն դարձրեք ուսանողների մեջ առկա քրիստոսանման հատկանիշներին և կիսվեք, թե ինչ նկատեցիք: Կարող եք մոտիվացնել ուսանողներին շարունակել ձգտել ավելի մոտենալ Տիրոջը՝ նշելով այն եղանակները, որոնցով նրանք կատարելագործվում կամ լավ ընտրություն են կատարում: Այս դասն ուսումնասիրելիս նշեք այն եղանակները, որոնցով նկատել եք, որ ուսանողներն ընտրել են հետևել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Դա կարող է ներառել՝ գովել նրանց սեմինարիա հաճախելու, Տիրոջ խոսքն ուսումնասիրելու և Նրան ավելի մոտենալու ընտրության համար: Դա կարող է ներառել նաև քրիստոսանման հատկանիշներ, որոնք նկատել եք ուսանողների մեջ: Այդ մասին ավելին իմանալու համար տես «Օգնեք սովորողներին իրենց կամքով ձգտել ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին» բաժինը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում։
Դասի ավարտին ձեր օրագրում գրեք, թե ինչ եք մտածում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ամբողջությամբ հետևելու վերաբերյալ: Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը կօգնի ձեզ հիշել և արտահայտել ձեր զգացմունքները: Կարող եք ներառել այն, ինչ կցանկանաք անել կամ հիշել այս դասից:
Կիսվեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ և նրանց ամբողջությամբ հետևելու օրհնություններով: