«Գ Թագավորների 3. Տերը օրհնում է մեզ Իր աշխատանքը կատարելու համար», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Գ Թագավորների 3. Տերը օրհնում է մեզ Իր աշխատանքը կատարելու համար», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Բ Թագավորների 11–12, Գ Թագավորների 3, 6–9, 11․ Դաս 78
Գ Թագավորների 3
Տերը օրհնում է մեզ Իր աշխատանքը կատարելու համար
Երբևէ մտածե՞լ եք, թե Երկնային Հորից ստացած օրհնություններն ինչպես են օգնում ձեզ կատարել Նրա աշխատանքը: Իր հոր՝ Դավթի մահից հետո Սողոմոնը Տիրոջ կողմից նշանակվեց Իսրայելի նոր թագավոր։ Ցանկանալով պատվել Տիրոջը՝ Սողոմոնը խոնարհաբար փնտրում էր օրհնություններ, որոնք կմեծացնեին Տիրոջը և իսրայելացիներին արդարացիորեն ծառայելու իր կարողությունը: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ Տերը կօրհնի մեզ՝ Իր աշխատանքը կատարելու համար:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք գրել մի բան, որ նրանք փորձում են անել՝ մասնակցելու Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի աշխատանքին: Ուսանողներին առաջարկեք աղոթքով հարցնել Երկնային Հորը, թե ինչ օրհնություններ են իրենց անհրաժեշտ՝ օգնելու Նրան իրականացնել Իր աշխատանքը
Հնարավոր ուսումնական վարժություններ
Խոնարհաբար ճանաչենք մեր թույլ կողմերը
Դասի սկզբում կարող եք գրատախտակին նկարել հետևյալ նկարը: Ուսանողները կարող են արտանկարել այն իրենց օրագրերում։ Ապա ուսանողներին առաջարկեք քննարկել հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ եղանակներով է Փրկիչը հրավիրել մեզ մասնակցելու Իր աշխատանքին:
-
Ո՞ր դեպքերում դեռահասը կարող է իրեն անհամապատասխան զգալ՝ ծառայելու Տիրոջը:
Ուսանողներին առաջարկեք նկարների միջև եղած տարածքում գրել այն եղանակները, որոնց պատճառով դեռահասը կարող է իրեն անհամապատասխան զգալ: Ուսանողները կարող են նշել հետևյալ մտահոգությունները․ անհանգստություն, ամաչկոտություն, ճնշվածության կամ անհամապատասխանության զգացում: Ապա ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցերի շուրջ։
Մտածեք այն հրավերների մասին, որոնք Տերը տվել է ձեզ՝ մասնակցելու Իր աշխատանքին:
-
Ի՞նչ մտահոգություններ ունեք՝ Նրա հրավերները կատարելու ձեր կարողության վերաբերյալ:
-
Որքանո՞վ եք վստահում Տիրոջ կարողությանը՝ օգնելու ձեզ հաղթահարել ձեր ունեցած մտահոգությունները:
Այսօրվա ուսումնասիրության ընթացքում հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ հասկանալ, թե Տերը ինչպես կարող է օգնել ձեզ կատարել Իր աշխատանքը:
Սողոմոն թագավորը ցանկանում է արդար թագավորել
Կիսվեք ուսանողների հետ այն մասին, որ Դավիթ թագավորի մահից հետո նրա որդի Սողոմոնը Տիրոջ կողմից ընտրվեց որպես Իսրայելի թագավոր (տես Գ Թագավորների 1․11–13)։ Սողոմոնը սիրում էր Տիրոջը և ցանկանում էր լինել արդար թագավոր (տես Գ Թագավորների 3․3)։ Կարող եք փոխել գրատախտակին նկարված մարդուկի անունը, դարձնելով Սողոմոն, իսկ մյուս կողմում գրել՝ լինել արդար թագավոր։
-
Ինչպիսի՞ գործողություններ կարող էր կատարել արդար թագավորը։
-
Ի՞նչ կարող էր զգալ Սողոմոնը՝ փոխարինելով իր հորը որպես թագավոր։
Կարող եք ցուցադրել սուրբ գրությունների հետևյալ հատվածները և հարցերը: Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի։ Զուգընկերներից մեկին առաջարկեք կարդալ Գ Թագավորների 3․5–9 հատվածները, իսկ մյուսին՝ Գ Թագավորների 3․10–14 հատվածները, ապա հնարավորություն տվեք նրանց կիսվել իրենց պատասխաններով միմյանց հետ:
Կարդացեք Գ Թագավորների 3․5–9 հատվածները՝ փնտրելով, թե ինչ օրհնություններ խնդրեց Սողոմոնը Տիրոջից:
-
Ի՞նչն է ձեզ տպավորում Սողոմոնի պատասխանի մեջ: Քրիստոսանման ի՞նչ հատկանիշներ է դրսևորում Սողոմոնը։
Կարդացեք Գ Թագավորների 3․10–14 հատվածները՝ փնտրելով այն օրհնությունները, որոնք Տերը խոստացավ Սողոմոնին:
-
Ինչպե՞ս կարող են «իմաստուն և հասկացող սիրտը» (հատված 12-ում) և «հարստությունն ու պատիվը» (հատված 13-ում) մեծացնել Սողոմոնի՝ Տիրոջը արդարացիորեն ծառայել կարողությունը:
-
Ի՞նչ պահանջեց Տերը Սողոմոնից՝ այս օրհնություններին արժանացնելու համար (հատված 14)։
Ամփոփ ներկայացրեք Սողոմոնի փորձառությունը Տիրոջ հետ՝ որպես ճշմարտության դրույթ:
Ուսանողները կարող են նշել հետևյալ ճշմարտությունը․ երբ մենք խոնարհաբար ճանաչենք մեր թուլությունը և խնդրենք Տիրոջ օգնությունը մարդկանց օրհնելու համար, Նա կմեծացնի Իր աշխատանքը կատարելու մեր կարողությունը: Օգտակար կլինի գրել այս ճշմարտությունը գրատախտակին և առաջարկել ուսանողներին նշել այս ճշմարտությունն ուսուցանող արտահայտությունները:
Կարդացեք նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի (1927–2018) հետևյալ խոսքերը՝ փնտրելով խոստումը, որը տրված է բոլոր այն մարդկանց, որոնք ցանկանում են մասնակցել Տիրոջ աշխատանքին:
Ձեզանից ոմանք կարող են էությամբ ամաչկոտ լինել կամ իրենց համարել անհամապատասխան՝ [Տիրոջ] կոչումն ընդունելու համար: Հիշեք, որ այս աշխատանքը միայն ձերը և իմը չէ։ Դա Տիրոջ աշխատանքն է, և երբ մենք Տիրոջ այգում ենք, մենք Տիրոջ օգնության իրավունքն ունենք։ Հիշեք, որ Տերը կամրացնի մեր մեջքը՝ կրելու համար այն բեռը, որը դրվում է դրա վրա։ («Սովորել, կատարել, լինել», Լիահոնա, նոյ. 2008, 62)
-
Ինչպե՞ս կարող են նախագահ Մոնսոնի ուսմունքներն օգնել այն մարդուն, որն անհանգստացած էր Տիրոջը ծառայելու իր կարողությամբ:
Կարող եք կամուրջ նկարել գրատախտակին նկարված նկարի յուրաքանչյուր կողմի միջև և անվանել այն Տիրոջ օգնությունը։ Ուսանողներին առաջարկեք այդ նկարը նկարել իրենց օրագրերում։
Տերը մեծացնում է Իրեն ծառայելու մեր կարողությունը
Օգնեք ուսանողներին խորացնել այս ճշմարտության վերաբերյալ իրենց հասկացողությունը: Դա անելու եղանակներից մեկն է՝ օգտագործել «Մասնակցել Տիրոջ աշխատանքին» վերնագրով աշխատաթերթը: Կարող եք կիսով չափ կրճատել աշխատաթերթը և առաջարկել ուսանողներին ընտրել այն բաժինը, որը կենտրոնանում է ճշմարտության այն մասի վրա, որի մասին իրենք կցանկանային ավելին իմանալ: Ուսանողները կարող են աշխատել անհատապես կամ երկու կամ երեք այլ ուսանողի հետ, որոնք ընտրել են նույն բաժինը:
Ուսումնական վարժությունը կատարելուց հետո առաջարկեք ուսանողներին պատասխանել հետևյալ հրավերին:
Վերհիշեք դասի սկզբում ձեր օրագրում նկարված նկարը: Աղոթքով գրեք մեկ կամ երկու թուլություն, որոնք, ձեր կարծիքով, կարող են խանգարել ձեզ ավելի լավ ծառայել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ ճանաչել այն օրհնությունները, որոնք կարող եք խնդրել Տիրոջից՝ օգնելու ձեզ հաղթահարել այդ թուլությունները:
Հասկացողություն ցուցաբերեք
Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել իրենց սովորածով: Դա կարող է հրավիրել Սուրբ Հոգուն վկայելու, որ այն, ինչով նրանք կիսվում են, ճշմարիտ է: Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին:
Պատկերացրեք, որ ձեր ընկերը կիսվում է իր անհանգստությամբ՝ ձեր ծխում կամ ճյուղում նոր կոչում ստանալու վերաբերյալ: Այսօրվա ձեր ուսումնասիրածից ինչո՞վ կկիսվեք, որը կարող է օգնել ձեր ընկերոջը:
Առաջարկեք պատրաստակամ ուսանողներին կիսվել դասարանի հետ: Խրախուսեք ուսանողներին աշխատաթերթը տուն տանել և իրենց սովորածով կիսվել ընտանիքի անդամների կամ ընկերոջ հետ: Կարող եք վկայել Տիրոջ զորության և պատրաստակամության մասին՝ օրհնելու մեզ այն ամենով, ինչն անհրաժեշտ է մեզ, որպեսզի կարողանանք հավատարմորեն աշխատել Նրա հետ այս մեծ աշխատանքում: