Սեմինարիա
Ելք 12–13, Մաս 1. Տիրոջ Զատիկը


«Ելք 12–13, Մաս 1. Տիրոջ Զատիկը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ելք 12–13, Մաս 1. Տիրոջ Զատիկը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ելք 7–13․ Դաս 42

Ելք 12–13, Մաս 1

Տիրոջ Զատիկը

Զատիկի ընթրիքը

Իսրայելացիներին ազատելու համար Եհովան (Հիսուս Քրիստոսը) ուղարկեց վերջին պատուհասը՝ Եգիպտոսի բոլոր անդրանիկ զավակների մահը։ Այնուհետև Նա հրահանգներ տվեց, որպեսզի պատուհասը «շրջանցի» այն մարդկանց, որոնք հնազանդորեն վստահում էին Իրեն (տես Ելք 12.13): Հիսուս Քրիստոսը հաստատեց Զատիկի ճաշը որպես Իր Քավության փրկագնող զորության խորհրդանշական հիշեցում: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Փրկչի և Նրա Քավության կարևորությունն իրենց կյանքում:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել Հիսուս Քրիստոսի խորհրդանիշների մասին, որոնք ուսումնասիրել են նախկինում: Խնդրեք նրանց մտածել, թե ինչ են ուսուցանում այդ խորհրդանիշները Նրա մասին: Այնուհետև առաջարկեք նրանց ընտրել մեկ խորհրդանիշ և բացատրել որևէ մեկին, թե ինչ է այն ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Փրկված լինելու անհրաժեշտություն

Կարող եք դասը սկսել՝ կարդալով կամ ամփոփելով մի մարդու պատմություն, որը հայտնվել էր ծուղակում և չէր կարողանում ազատվել: Հետևյալ պատմությունը նկարագրում է դա անելու եղանակներից մեկը։ (Ավելին իմանալու համար տես «Timeline: Thai cave rescue that transfixed the world for 17 days», հունվար 24, 2019, reuters.com։)

2018 թվականի հունիսի 23-ին ֆուտբոլի երիտասարդական թիմի 11–16 տարեկան 12 անդամ և նրանց մարզչի 25-ամյա օգնականը որոշեցին մարզումներից հետո ուսումնասիրել Թաիլանդի հյուսիսում գտնվող քարանձավների դժվարանցանելի համակարգը: Նրանց ներս մտնելուց կարճ ժամանակ անց հորդառատ անձրևները հեղեղեցին քարանձավները՝ նրանց ծուղակի մեջ գցելով չորս կիլոմետր (2,5 մղոն) խորության վրա, և ավելի քան մեկ շաբաթով կտրեցին նրանց կապն արտաքին աշխարհի հետ:

  • Ի՞նչ կզգայիք, եթե լինեիք նրանց իրավիճակում:

Հուլիսի 2-ին փորձառու ջրասուզակները վերջապես հայտնաբերեցին երիտասարդների խմբին։ Սակայն հեղեղը և հորդառատ անձրևը թույլ չտվեցին անհապաղ անցնել փրկարար աշխատանքների: Տղաների և նրանց մարզչի կյանքերը փրկելուն ուղղված գործողությունների ընթացքում մասնագետները քննարկեցին տարհանման տարբերակները: Նրանք կարող էին դուրս բերել տղաներին սուզման սարքավորումների միջոցով, սակայն ճանապարհը չափազանց վտանգավոր էր և բարձրակարգ մասնագիտական հմտություն էր պահանջում: Նրանք կարող էին նաև փորել ժայռը՝ փնտրելով ելքի այլ ճանապարհ կամ սպասել ամիսներ, մինչև կնվազեր ջրի մակարդակը: Նոր մուսոնային անձրևների պատճառով ֆուտբոլային թիմի դուրս բերումը քարանձավներից հետաձգվեց անորոշ ժամանակով:

  • Հոգևոր առումով ինչպե՞ս կարող ենք մեզ զգալ ծուղակում, փակուղում կամ հուսալքված:

Ուսանողները կարող են նշել, որ մենք բոլորս Փրկչի օգնության կարիքն ունենք՝ մեղքից, մահից և մեր կյանքի այլ դժվարություններից ազատվելու համար:

Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել, թե որքանով են իրենք ապավինում Փրկչին և Նրա Քավությանը, առաջարկեք նրանց իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին:

Մի պահ խորհեք այն մեղքերի կամ դժվարությունների մասին, որոնք դուք փորձում եք հաղթահարել ներկայումս: Մտածեք այդ մեղքերի կամ դժվարությունների վերաբերյալ ձեր զգացողության մասին: Ապա պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ես ինչպիսի՞ հավատ ունեմ Տիրոջ ունակության վերաբերյալ՝ ինձ հեռու պահելու մեղքերից և այլ դժվարություններից, որոնց կարող եմ բախվել:

  • Ինչպե՞ս եմ ես զգում, թե Նա ինչ է արել և պատրաստ է անել ինձ համար:

Այս դասի ընթացքում դուք կիմանաք, թե Փրկիչն ինչպես ազատեց իսրայելացիներին Եգիպտոսի գերությունից: Ուսումնասիրելիս հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ հասկանալ, որ Փրկիչը նաև ձեր Ազատարարն է:

Զատիկի խորհրդանիշը

Ուսանողներին խնդրեք պատմել, թե ինչպես է Տերը օգտագործել ինը պատուհասները, որպեսզի իսրայելացիները և եգիպտացիները համոզվեն, որ Ինքն է Աստվածը:

Կարդացեք Ելք 11․4–6 հատվածները՝ փնտրելով վերջին՝ տասներորդ պատուհասը:

  • Ի՞նչ բացահայտեցիք:

Տերը խոստացավ իսրայելացիներին, որ եթե նրանք հավատարմորեն հնազանդվեն Իր հրահանգներին, Ինքն այնպես կանի, որ պատուհասը «կշրջանցի» նրանց և նրանց անդրանիկ զավակները չեն մահանա (տես Ելք 12.13, 23): Այդ պատճառով Տերն այս իրադարձությունն անվանեց Զատիկ (տես Ելք 12.43): Տիրոջ հրահանգները վերաբերում էին ճաշին, այդ թվում՝ թե ինչ պատրաստել և ինչպես ուտել այն: Փրկիչը Զատիկի ճաշի ժամանակ օգտագործեց խորհրդանիշներ՝ իսրայելացիներին Իր մասին ուսուցանելու համար:

Ուսանողներին վարժություն հանձնարարեք, որը կօգնի նրանց բացահայտել այն հրահանգները, որոնք Տերը տվել է իսրայելացիներին Զատիկի ճաշի համար: Նաև օգնեք ուսանողներին բացահայտել, թե ինչ կարող են ուսուցանել այս հրահանգները Տիրոջ և Նրա առաջարկած ազատման մասին: Գրատախտակին հետևյալ վերնագրերով աղյուսակ գծեք։ Ուսանողները կարող են արտագծել աղյուսակն իրենց օրագրերում և լրացնել այն փոքր խմբերով: Հնարավոր պատասխանները ներառված են այստեղ, որպեսզի ծանոթանաք դրանց: Կետերից մեկը լրացրեք ամբողջ դասարանով, որպեսզի մոդելավորեք, թե ուսանողներն ինչպես կարող են լրացնել աղյուսակը փոքր խմբերով:

Ուսումնասիրեք Ելք 12.3–8, 15, 21–23 հատվածները և լրացրեք հետևյալ աղյուսակը ձեր օրագրում:

Ի՞նչ հրահանգներ տվեց Տերը իսրայելացիներին:

Ի՞նչ կարող է խորհրդանշել այդ հրահանգը:

Ի՞նչ հրահանգներ տվեց Տերը իսրայելացիներին:

Զոհաբերեք անարատ արու գառ՝ ուտելու համար (3–6, 21

Ի՞նչ կարող է խորհրդանշել այդ հրահանգը:

Հիսուս Քրիստոսը՝ «Աստծու Գառը» (Հովհաննես 1.36), կատարյալ էր և տվեց Իր կյանքը մեզ համար:

Ի՞նչ հրահանգներ տվեց Տերը իսրայելացիներին:

Գառան արյունը քսեք տան մուտքի դռան դրանդիների վրա (7, 22):

Ի՞նչ կարող է խորհրդանշել այդ հրահանգը:

Հիսուս Քրիստոսի Քավությունը կարող է պաշտպանել մեզ, եթե մենք մեր կյանքում կիրառենք ապաշխարության պայմանները։

Ի՞նչ հրահանգներ տվեց Տերը իսրայելացիներին:

Գառան միսը կերեք դառը խոտերով և բաղարջ հացով, տնից հանեք թթխմորը (խմորիչը) (8, 15

Ի՞նչ կարող է խորհրդանշել այդ հրահանգը:

Դառը խոտերը հիշեցնում են Եգիպտոսում իսրայելացիների դառը ստրկության մասին և նման են մեղքի դառնությանը։

Թթխմորը կամ խմորիչը նպաստում է, որ հացը բորբոսնի։ Ապաշխարելու համար մենք կարող ենք մաքրել մեր կյանքն այն ամենից, ինչը կարող է ապականել մեր հոգիները։

Երբ ուսանողներն ավարտեն, հնարավորություն տվեք նրանց կիսվել իրենց սովորածով: Դասի սկզբում կարող եք նկար ցուցադրել: Ուսանողները կարող են նշել նկարում պատկերված՝ Զատկի համար նախատեսված տարբեր առարկաները և քննարկել, թե դրանք ինչ կարող են խորհրդանշել:

Հիսուս Քրիստոսը ազատում է մեզ հոգևոր և ֆիզիկական մահից

Կարդացեք Ելք 12.50–51, 13․3 հատվածները, որպեսզի տեսնեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Իսրայելի զավակները կատարեցին Զատիկի կարգը:

Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Փրկիչը ազատում է Իր ժողովրդին հոգևոր և ֆիզիկական մահից:

Բացատրեք, որ Զատիկը խորհրդանշում է այդ ճշմարտությունը: Ըստ Երկնային Հոր ծրագրի, բոլոր մարդիկ պետք է փրկվեն ֆիզիկական մահից (մարմնի և հոգու բաժանում, տես 2 Նեփի 9.6, 11) և հոգևոր մահից (Աստծուց հեռացում՝ մեղքի պատճառով, տես Հելաման 14.16–19)։ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի փրկագնող զորությունը, կարող եք խնդրել ուսանողներին կարդալ Մորմոնի Գրքի այս հատվածներից մի քանիսը: Կարող եք նաև կարդալ կամ ամփոփ ներկայացնել Թաիլանդի ֆուտբոլի թիմի մասին պատմության մնացած մասը:

Հիշեք ծուղակում հայտնված ֆուտբոլիստների պատմությունը: Մի քանի ծանր օր անցկացնելուց հետո ամբողջ աշխարհից ժամանած մասնագետները որոշեցին, թե ինչպես պետք է նրանց փրկեն: Փորձառու սուզորդները սուզվեցին քարանձավաների դժվարանցանելի համակարգի վտանգավոր ջրերը և հերթով դուրս բերեցին տղաներին և նրանց մարզիչին հեղեղված քարանձավներից:

  • Ինչպե՞ս կարող են փորձառու սուզորդների գործողությունները խորհրդանշել այն, ինչ Փրկիչը կարող է անել մեզ համար:

Հիսուս Քրիստոսի Քավությունը կարևոր է ինձ համար

Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին հասկանալ և զգալ Փրկչի զորության կարևորությունը, որի միջոցով մենք կարող ենք ազատվել: Դասարանը բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգի առաջարկեք դերախախով ներկայացնել հետևյալ սցենարը: Եթե կարծում եք, որ ձեր ուսանողները կդժվարանան պատկերացնել, որ իրենք հին իսրայելացիներ են, բաց թողեք վարժության այդ հատվածը և զույգերի երկու ուսանողին էլ առաջարկեք քննարկել ժամանակակից դեռահասին վերաբերող հարցերը:

Զույգերին առաջարկեք պատկերացնել, որ իրենցից մեկն իսրայելացի դեռահաս է, որը նոր է մասնակցել առաջին Զատիկին Եգիպտոսում, իսկ մյուսը՝ ժամանակակից դեռահաս է: Օգտագործեք հետևյալ հարցերը՝ միմյանցից հարցազրույց վերցնելու համար։

Հարցեր իսրայելացի դեռահասի համար

  • Ինչպե՞ս կբնութագրեք Զատիկից առաջ ստրկության մեջ լինելու ձեր փորձառությունը:

  • Ի՞նչ սովորեցիք Զատիկի գիշերվա ընթացքում ունեցած ձեր փորձառությունից: Եհովան ինչպե՞ս փոխեց ձեր կյանքը։

  • Ինչո՞վ կկիսվեք Եհովայի մասին այն մարդկանց հետ, որոնք գուցե դժկամությամբ են վերաբերվում Նրան հետևելու առաջարկին։

Հարցեր ժամանակակից դեռահասի համար

  • Ի՞նչ նմանություններ կան մեղք գործելու և ստրկության միջև: Փորձություններն ինչո՞վ են նման ստրկությանը:

  • Հիսուս Քրիստոսը ինչպե՞ս է փոխել ձեր կյանքը:

  • Ի՞նչ կցանկանայիք, որ ուրիշներն իմանան Հիսուս Քրիստոսի փրկագնող զորության մասին:

Ուսանողներին առաջարկեք վերանայել դասի սկզբում ներկայացված ինքնագնահատման հարցերի իրենց պատասխանները: Խնդրեք նրանց մտածել, թե իրենք ինչ տպավորություններ ունեցան Հոգուց՝ Փրկչի վերաբերյալ և իրենց ազատելու Նրա զորության մասին: Ուսանողները կարող են իրենց գաղափարներն ավելացնել այն ամենին, ինչ գրել են ավելի վաղ: Ուսանողներից մի քանիսին առաջարկեք կիսվել Հիսուս Քրիստոսի և մեզ ազատելու Նրա քավիչ զորության մասին իրենց մտքերով: