«Ելք 7–11. Ճանաչենք Տիրոջ զորությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ելք 7–11. Ճանաչենք Տիրոջ զորությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ելք 7–13․ Դաս 41
Ելք 7–11
Ճանաչենք Տիրոջ զորությունը
Հնարավոր է, որ դժվար լինի ճանաչել Տիրոջ զորությունը մեր կյանքում: Տերը ընտրեց Մովսեսին և Ահարոնին, որպեսզի ցուցադրի Իր զորությունը փարավոնին: Փարավոնը մերժեց Տիրոջ զորությունը։ Դա հանգեցրեց նրան, որ Տերը կրկին ցույց տվեց Իր զորությունը՝ Եգիպտոսին վրա հասած պատուհասների միջոցով: Այս դասի նպատակն է՝ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես ճանաչել Տիրոջ զորությունը և հավատալ Նրան:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մինչև հաջորդ դասը փնտրել Տիրոջ զորության ապացույցներն իրենց կյանքում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մեզ շրջապատող Աստծո զորությունը
Կարող եք դասը սկսել՝ տալով հետևյալ հարցերը կամ առաջարկելով ուսանողներին քննարկել դրանք խմբերով:
-
Այսօր սեմինարիա գնալու ճանապարհին ի՞նչ եք տեսել, նկատել կամ դիտարկել:
-
1–5 միավոր սանդղակով (1-ը՝ բոլորովին ուշադիր չեմ, 5-ը՝ շատ ուշադիր եմ) ինչպե՞ս կգնահատեք, թե ներկայումս որքանով եք դուք ուշադիր ձեզ շրջապատող միջավայրի նկատմամբ:
-
Ի՞նչ պատճառներով մենք կարող ենք քիչ կամ շատ ուշադիր լինել:
Բացատրեք, որ այդպես մենք կարող ենք խորհել, թե որքան ուշադիր ենք այն բանի հանդեպ, թե Տերը ինչ է արել կամ ինչ է անում մեզ համար: Խորհեք հետևյալ հարցերի առաջադրման շուրջ.
-
Մարդն Աստծո զորության մասին ինչպիսի՞ ապացույցներ կարող է նկատել սովորական օրվա ընթացքում:
Եղանակներից մեկը, որով կարող եք հրավիրել Սուրբ Հոգուն՝ ուսուցանելու ուսանողներին անհատապես, ուսանողներին հնարավորություն տալն է անձամբ գնահատել, թե իրենք ինչպիսի զգացողություններ ունեն ավետարանի որոշակի սկզբունքների վերաբերյալ: Կարող եք օգնել նրանց անել դա՝ ցուցադրելով հետևյալը.
Գնահատեք ձեզ 1-5 սանդղակով (1-ը ամենացածրն է, 5-ը՝ ամենաբարձրը), թե որքանով է ձեզ համապատասխանում հետևյալը.
-
Ես վստահ եմ, որ կարող եմ ճանաչել Աստծո զորությունը կամ ազդեցությունն իմ կյանքում:
Այսօրվա ուսումնասիրության ընթացքում հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ մեծացնել Աստծո զորությունն ու ազդեցությունը ձեր կյանքում ճանաչելու կարողությունը:
Հավատանք Տիրոջը
Ելք 6–7 բաժիններում Տերը խոստացավ Մովսեսին, որ Ինքը կազատի իսրայելացիներին գերությունից: Նա հայտարարեց, որ կցուցադրի Իր զորությունը փարավոնին և եգիպտացիներին, և նրանք այլ ընտրություն չեն ունենա, քան ազատել իսրայելացիներին:
Կարդացեք Ելք 6․7, 7․5 հատվածները՝ փնտրելով, թե Տերը ինչ էր ցանկանում, որ իմանային և իսրայելացիները, և եգիպտացիները: Ուսանողները կարող են նշել իրենց գտածը։
-
Ի՞նչ պետք է իմանային իսրայելացիներն ու եգիպտացիները Տիրոջ զորության դրսևորումների շնորհիվ։
-
Այս հայտարարություններից ի՞նչ կարող ենք սովորել Տիրոջ մասին:
Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը՝ Տերը մեզ հնարավորություն է տալիս հավատալ Իրեն և ճանաչել Իր զորությունը մեր կյանքում։
Պատուհասները
Հետևյալ վարժությունն ուսանողներին հնարավորություն կտա ծանոթանալ եգիպտական պատուհասներից մի քանիսին: Դա կարող է նաև օգնել նրանց տեսնել Աստծո զորության դրսևորումների հանդեպ տարբեր արձագանքներ: Ուշադիր եղեք, որպեսզի այս բաժնի ուսումնասիրության համար չափազանց շատ ժամանակ չծախսեք, քանի որ կարող եք չհասցնել կատարել դասի մնացած մասը:
Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող աղյուսակն ու հարցերը։
Ելք 7–11 բաժիններում նկարագրված է Տիրոջ զորության դրսևորումը մի շարք պատուհասների միջոցով: Նայեք հետևյալ աղյուսակին և ուսումնասիրելու համար ընտրեք երկու կամ երեք պատուհաս՝ փնտրելով հետևյալ հարցերի պատասխանները:
Հատվածներից մի քանիսում ասվում է, որ Տերը կարծրացրել էր փարավոնի սիրտը: Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը կարևոր հստակեցում է մտցնում առ այն, որ փարավոնն ինքն էր կարծրացրել իր սիրտը (տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ելք 7.3, 13, 9.12, 10.1, 20, 27, 11.10):
|
Պատուհասներ |
Հատվածներ՝ ուսումնասիրության համար |
|---|---|
Պատուհասներ 1. Ջուրը վերածվեց արյան | Հատվածներ՝ ուսումնասիրության համար Ելք 7․19–25 |
Պատուհասներ 2. Գորտերը գետից դուրս եկան և տարածվեցին երկրի վրա | Հատվածներ՝ ուսումնասիրության համար Ելք 8.5–15 (Նշում․ «Հանգիստ»՝ նշանակում է հանգստություն կամ թեթևացում) |
Պատուհասներ 3. Ոջիլ | Հատվածներ՝ ուսումնասիրության համար Ելք 8․16–19 |
Պատուհասներ 4. Շնաճանճ | Հատվածներ՝ ուսումնասիրության համար Ելք 8.20–25, 29–32 |
Պատուհասներ 5. Անասունների կոտորած | Հատվածներ՝ ուսումնասիրության համար Ելք 9․1–7 |
Պատուհասներ 6․ Խոցեր | Հատվածներ՝ ուսումնասիրության համար Ելք 9․8–12 |
Պատուհասներ 7. Կարկուտ ու կրակ երկնքից | Հատվածներ՝ ուսումնասիրության համար Ելք 9․22–29, 33–35 |
Պատուհասներ 8. Մորեխներ | Հատվածներ՝ ուսումնասիրության համար Ելք 10․12–20 |
Պատուհասներ 9. Թանձր խավար | Հատվածներ՝ ուսումնասիրության համար Ելք 10․21–27 |
-
Ինչպե՞ս դրսևորվեց Տիրոջ զորությունը:
-
Ըստ ձեզ, մարդիկ ինչո՞ւ էին հավատում կամ ինչու չէին հավատում Տիրոջը և Նրա զորությանը:
Ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք նրանց զույգերով կամ փոքր խմբերով կիսվել իրենց գտածով:
Օգտակար կլինի պարզաբանել հետևյալը։ Ուսանողները, հավանաբար, նկատել են, որ փարավոնի մոգերը խաբեության կամ հակառակորդի զորության միջոցով կարողացան մասամբ նմանակել առաջին երկու պատուհասների որոշ մասը։ Նրանք, սակայն, չկարողացան ամբողջությամբ նմանակել կամ դադարեցնել պատուհասները։ Բացի այդ, իսրայելացիները, ըստ երևույթին, տառապել էին որոշ պատուհասներից, սակայն նրանք պաշտպանվեցին չորրորդ, հինգերորդ և յոթերորդ պատուհասներից։
Եթե օգտակար կլինի, կարող եք խրախուսել ուսանողներին Ելք 8.10, 22, 10․2 հատվածներում նշել լրացուցիչ արտահայտություններ, որտեղ Տերը վկայել է, որ ժողովուրդը կիմանա, որ Ինքն է Տերը:
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ էր Տերը ցանկանում, որ եգիպտացիներն ու իսրայելացիներն իմանան Իր մասին:
-
Ի՞նչ պատճառներով են մարդիկ երբեմն հավատում Աստծուն և Նրա զորությանը, այնուհետև կասկածներ ունենում:
Տիրոջ զորությունը մեր կյանքում
Օգտակար կլինի ուսանողների հետ կիսվել, որ Տիրոջ զորությունն այսօր դրսևորվում է բազմաթիվ եղանակներով: Հետևյալը կօգնի ուսանողներին մտածել, թե իրենք ինչպես են տեսել կամ զգացել այդ զորությունը:
Պատկերացրեք, որ ձեր ընկերը վստահ չէ, որ երբևէ փորձառություն է ունեցել Երկնային Հոր հետ կամ զգացել է Նրա զորությունը: Ուսումնասիրությունը շարունակելիս մտածեք, թե ինչ կասեք այդ մարդուն:
Օգտակար կլինի ուսանողներին ժամանակ տրամադրել՝ խորհելու կամ գրելու իրենց մտքերը հետևյալ հարցի շուրջ, նախքան դասարանի հետ կիսվելը:
-
Ինչպե՞ս եք դուք հավատացել Տիրոջ զորությանը: Կամ ի՞նչը կարող է օգնել ձեզ հավատալ:
-
Սուրբգրային կամ Եկեղեցու պատմության ո՞ր օրինակներում է մարդկանց ցուցադրվել Տիրոջ զորությունը:
Ուսանողները կարող են կիսվել այնպիսի օրինակներով, ինչպիսիք են․ աղոթքից կամ քահանայության օրհնությունից մխիթարություն կամ խաղաղություն զգալը, ներելու կարողություն զգալը, Սուրբ Հոգուց անձնական առաջնորդություն զգալը և այլն:
Ուսանողներին օգնեք հասկանալ, որ Տիրոջ զորության հետ կապված փորձառությունները հիմնականում հավատարիմ վերաբերմունքի կամ գործողությունների դրսևորման արդյունք են:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է հետևյալն այն մասին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի փորձառություններ ունենանք Երկնային Հոր հետ.
Իմացեք, որ Աստծո հետ փորձառությունների բացակայության դեպքում մարդը կարող է կասկածի տակ դնել Աստծո գոյությունը: Ուստի, ձեզ համար ստեղծեք այնպիսի իրավիճակ, որպեսզի փորձառություններ ունենաք Նրա հետ: Խոնարհեցրեք ձեզ: Աղոթեք, որ ունենաք աչքեր, որպեսզի տեսնեք Աստծո ձեռքը ձեր կյանքում և ձեզ շրջապատող աշխարհում: Խնդրեք Նրան ասել ձեզ՝ արդյոք Նա իրականում գոյություն ունի և ճանաչում է ձեզ: Հարցրեք Նրան, թե Նա ինչ է զգում ձեր հանդեպ: Իսկ հետո լսեք։ (««Եկ, հետևիր ինձ»», Լիահոնա, մայիս 2019, 90)
-
Ի՞նչ կարող է անել մարդը, որպեսզի սկսի տեսնել Աստծո ձեռքն ու զորությունն իր կյանքում:
Ուսանողներին առաջարկեք դերախաղի միջոցով ներկայացնել իրենց արձագանքը վերը նշված սցենարին: Խնդրեք նրանց խորհուրդ տալ իրենց ընկերոջը, որը վստահ չէ, որ երբևէ փորձառություն է ունեցել Տիրոջ հետ կամ զգացել է Նրա զորությունը:
Վկայություն բերեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ու նրանց զորությունը մեր կյանքում ճանաչելու կարևորության մասին: