«Ելք 5–6. Կատարեք Տիրոջ կամքը՝ անկախ արդյունքից», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ելք 5–6. Կատարեք Տիրոջ կամքը՝ անկախ արդյունքից», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ելք 1–6․ Դաս 40
Ելք 5–6
Կատարեք Տիրոջ կամքը՝ անկախ արդյունքից
Երբ Տերը կանչեց Մովսեսին՝ ազատելու Իսրայելը Եգիպտոսի գերությունից, Մովսեսը խնդրեց փարավոնին ազատ արձակել Տիրոջ ժողովրդին։ Փարավոնը մերժեց և փոխարենը՝ մեծացրեց իսրայելացիների բեռը։ Չնայած փարավոնի պատասխանին, Մովսեսը շարունակեց անել այն, ինչ Տերն էր պատվիրել իրեն: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ Տիրոջ խոստումները կարող են մղել իրենց կատարել Նրա կամքը՝ անհապաղ արդյունք չակնկալելով:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գալ դասարան՝ պատրաստ լինելով կիսվել հետևյալ հարցի իրենց պատասխաններով. Հիսուս Քրիստոսին հետևելը հեշտացնո՞ւմ թե՞ դժվարացնում է ձեր կյանքը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հետևեք Հիսուս Քրիստոսին
Ուսանողներին առաջարկեք մտածել, թե իրենք ինչպես կպատասխանեին, եթե որևէ մեկն իրենց տար հետևյալ հարցը:
-
Հիսուս Քրիստոսին հետևելը հեշտացնո՞ւմ, թե՞ դժվարացնում է ձեր կյանքը:
Այս հարցը քննարկելու համար կարող եք գրատախտակին գրել հեշտ և դժվար բառերը և համապատասխան բառի տակ գրել ուսանողների պատասխանների պատճառները: Ուսանողներից մի քանիսին խնդրեք բացատրել իրենց պատասխանները:
Մովսեսը խնդրում է փարավոնին ազատ արձակել իսրայելացիներին
Կարող եք նշել, որ Ելք 5–7 հատվածներում Մովսեսը և իսրայելացիները, հնարավոր է, մտածում էին՝ արդյոք Փրկչին հետևելը հեշտացնում, թե դժվարացնում է իրենց կյանքը: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Ելք 5–7 հատվածների համատեքստը, դասարանի անդամներին առաջարկեք կիսվել, թե ինչ են հիշում Մովսեսի և Իսրայելի զավակների մասին Դաս 39. «Ելք 2–4»-ից: Անհրաժեշտության դեպքում, ուսանողներից մեկին առաջարկեք կարդալ հետևյալ ամփոփումը:
Իսրայելի զավակների շատ սերունդներ եղել են եգիպտացիների գերության մեջ: Տերը լսեց Իր ժողովրդի աղերսը և կանչեց Մովսեսին՝ օգնելու ազատել նրանց գերությունից (տես Ելք 3.9–10):
Կարդացեք Ելք 5․1–2 հատվածները՝ փնտրելով, թե Մովսեսն ու Ահարոնն ինչ ասացին փարավոնին Տիրոջ անունից:
-
Ի՞նչ պատասխանեց փարավոնը:
Գրատախտակին գրեք փարավոնի պատասխանը. «Ո՞վ է Տերը»: Հարցրեք ուսանողներին, թե ինչու է կարևոր, որ այս հարցին մենք ինքներս կարողանանք պատասխանել: Դասի հաջորդ բաժնում անդրադարձ կկատարվի այս հարցին:
Զայրացած փարավոնը դժվարացրեց իսրայելացիների կյանքը՝ մեծացնելով նրանց ամենօրյա աշխատանքային բեռը (տես Ելք 5.6–9, ներառյալ ծանոթագրություն 8ա, 15–19): Իսրայելացիները բողոքեցին Մովսեսին և Ահարոնին իրենց ավելացած բեռների համար (տես Ելք 5.20–21):
-
Եթե դուք լինեիք Մովսեսը, ի՞նչ զգացմունքներ կունենայիք:
Կարդացեք Ելք 5.22–23 հատվածները՝ մտածելով, թե ինչպես կարող եք ամփոփ ներկայացնել, թե Մովսեսն ինչ է ասում Տիրոջը:
-
Մովսեսի զգացմունքները Ելք 5.22–23 հատվածներում ինչպե՞ս կարող են կապված լինել մեր կյանքի հետ։
Ուսանողները կարող են կիսվել, թե ինչ են զգում, երբ անմիջապես չեն տեսնում օրհնությունները Տիրոջը հնազանդվելուց հետո: Հաստատեք նրանց պատասխաններն ու զգացմունքները:
Ուսանողներին ցուցադրեք հետևյալ ինքնագնահատման տարբերակը և առաջարկեք նրանց խորհել իրենց պատասխանների շուրջ:
Ավարտեք հետևյալ նախադասությունն այնպես, որ լավագույնս արտահայտի ձեր զգացմունքները։ Կարող եք ընտրել մեկից ավելի պատասխաններ.
Երբ ես անմիջապես օրհնություններ չեմ տեսնում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին հնազանդվելուց հետո, ես … եմ զգում։
Եթե ուսանողների համար օգտակար կլինի օգտագործել ինքնագնահատման համար ներկայացված հուշումները, կարող եք գրատախտակին գրել հետևյալ բառերից մի քանիսը, որպեսզի նրանք ընտրեն․ հուսահատված, շփոթված, զայրացած, հիասթափված, վճռական, հույսով լեցուն, վստահ, խաղաղ։ Ուսանողները կարող են նաև ավելացնել, թե ինչ կարող են անել այդ իրավիճակում:
Այսօր սովորելու ընթացքում փնտրեք ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին, որոնք կարող են օգնել ձեզ հետևել Նրան, նույնիսկ այն ժամանակ, երբ դա դժվար է, և երբ օրհնություններն անմիջապես չեք տեսնում: Ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու տպավորություններին, որոնք կարող են օգնել ձեզ ձեր անձնական հանգամանքներում:
Տիրոջ խոստումները
Երբ ուսանողները կարդան հետևյալ հատվածները, առաջարկեք նրանց նշել բոլոր այն արտահայտությունները, որոնցում Տերը նշում է Իրեն (արտահայտություններ, որոնք սկսվում են Ես, Ես եմ, Ես կարող եմ և Ես ունեմ): Սուրբ գրություններում նշումներ կատարելը կօգնի ուսանողներին գտնել և մտապահել իրենց սովորած կարևոր գաղափարները և ճշմարտությունները:
Կարդացեք Ելք 6․1–8, 7․1–2, 5 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչ է ուսուցանել Մովսեսին Իր մասին:
Երբ ուսանողները կարդան և կատարեն իրենց նշումները, կարող են քննարկել հետևյալ հարցը զուգընկերոջ հետ:
Այն հարցերը, որոնք օգնում են ուսանողներին գնահատել իրենց սովորածը, կարող են օգնել ուսուցչին պարզել՝ արդյոք ուսանողները պատրաստ են շարունակել դասը: Դա անելու համար ուսանողներին կարող եք տալ հետևյալ հարցը այն մասին, թե ինչ կարդացին սուրբ գրություններում: Լրացուցիչ ուսուցում ստանալու համար այն հարցերի վերաբերյալ, որոնք գնահատում են գիտելիքները, տես «Միշտ պատրաստ եղեք արձագանքելու սովորողների կարիքների վերաբերյալ հոգևոր հուշումներին» վերնագրով դասընթացը, որը հասանելի է Ուսուցչի կատարելագործման հմտություններ ուսուցողական նյութում։
-
Ի՞նչ սովորեցիք Տիրոջ մասին Մովսեսին տված Նրա խոստումներից:
Ուսանողները կարող են գրել իրենց պատասխանները գրատախտակին՝ «Ո՞վ է Տերը» վերնագրի տակ։ Ուսանողների պատասխանները կարող են ներառել հետևյալը.
Նա Ամենակարող Աստվածն է (6․2–3):
Նա հիշում և պահում է Իր խոստումները (6.3–5):
Նա խոստացավ ազատել իսրայելացիներին գերությունից (6․6, 7․5), տալ նրանց Քանանի երկիրը (6․4, 8) և լինել նրանց Աստվածը (6․7):
Շարունակեք կատարել Տիրոջ կամքը
Հիշեք, թե ինչ էր զգում Մովսեսը։ Կարդացեք Ելք 7.6 հատվածը և նշեք, թե ինչ արեցին Մովսեսն ու ԱհարոնըՏիրոջից սովորելուց և Նրա խոստումները լսելուց հետո:
-
Եթե դուք լինեիք Մովսեսը, Տիրոջ խոստումներից ո՞րը կօգներ ձեզ վերադառնալ փարավոնի մոտ: Ինչո՞ւ։
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Մովսեսի փորձառությունից։
Ուսանողներն իրենց բառերով կարող են նշել հետևյալ ճշմարտությունը. երբ մենք հավատում ենք Տիրոջը և Նրա խոստումներին, մենք կարող ենք վստահել և հետևել Նրան, նույնիսկ, երբ անմիջապես չենք տեսնում արդյունքը:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե այդ ճշմարտությունն ինչպես կարող են կիրառել այն իրավիճակներում, որոնց կարող են բախվել, կիսվեք հետևյալ խոսքերով: Պատրաստակամ ուսանողները կարող են դասարանի համար բարձրաձայն կարդալ յուրաքանչյուր պարբերություն:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը կարևոր խորհուրդ է տվել մեզ, որը կարող ենք օգտագործել, երբ սպասում ենք Տիրոջ խոստացած օրհնություններին.
Ոմանք սխալ են հասկանում Աստծո խոստումները՝ կարծելով, թե Նրան հնազանդվելը որոշակի արդյունքներ է տալիս կայուն ժամանակացույցով: Նրանք գուցե մտածում են. «Եթե ես ջանասիրաբար ծառայեմ լիաժամկետ միսիայում, Աստված կօրհնի ինձ երջանիկ ամուսնությամբ և երեխաներով», կամ՝ «Եթե ես ձեռնպահ մնամ Հանգստության օրը դպրոցական աշխատանք կատարելուց, Աստված կօրհնի ինձ լավ գնահատականներով», կամ՝ «Եթե ես վճարեմ տասանորդը, Աստված կօրհնի ինձ այն աշխատանքով, որը ես ցանկանում եմ»: … Մենք չպետք է մտածենք Աստծո ծրագրի մասին՝ որպես տիեզերական առք ու վաճառքի մեքենայի, որտեղ մենք (1) ընտրում ենք ցանկալի օրհնությունը, (2) տեղադրում ենք բարի գործերի պահանջվող գումարը և (3) պատվերն անհապաղ առաքվում է:
Աստված իսկապես կպահի մեզանից յուրաքանչյուրին տված Իր ուխտերն ու խոստումները: Մենք չպետք է անհանգստանանք դրա մասին։ Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը … երաշխավորում է, որ Աստված կարող է և կկատարի Իր խոստումները: Կարևոր է, որ մենք հարգենք և հնազանդվենք Նրա օրենքներին, բայց հնազանդվելու վրա հիմնված ոչ ամեն օրհնություն է, որ ձևավորվում է, նախագծվում և ժամկետավորվում՝ ըստ մեր ակնկալիքների: Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, բայց պետք է Նրան թողնենք օրհնությունների կառավարումը: («Մեր հարաբերությունը Աստծո հետ», Լիահոնա, մայիս 2022, 78)
-
Այս խոսքերում ի՞նչն է տպավորում ձեզ:
Հիշեցրեք ուսանողներին, որ Տիրոջ մասին մեր սովորած ճշմարտություններից մեկը հետևյալն է․ Նա հիշում և պահում է Իր խոստումները (տես Ելք 6.3–5):
Բացատրեք, որ Տերը կատարել է Մովսեսին տված Իր խոստումները (տես Ելք 20.2, Բ Օրենք 7․6, 14․2, Հեսու 24.5–7, 13): Եթե բավարար ժամանակ ունեք, կարող եք գրել այդ հղումները գրատախտակին և ուսանողներին առաջարկել խոստումը համապատասխանեցնել կատարման հետ:
Այնպես, ինչպես Տերը Մովսեսին ուսուցանեց ավելին Իր մասին՝ կրկնելով Իր խոստումները, մենք նույնպես կարող ենք ավելի լավ ճանաչել Տիրոջը՝ նշելով այն խոստումները, որոնք Նա տվել է մեզ: Այս խոստումները կրկնելը կօգնի մեզ հնազանդվել Նրան, նույնիսկ եթե անհապաղ արդյունքներ չստանանք:
Նշեք երեք խոստում, որոնք Տերը տվել է ձեզ՝ սուրբ գրություններում կամ վերջին ուսմունքներում, որոնք ստացել եք Իր ընտրյալ ծառաների միջոցով: Կարող եք խոստումներ գտնել.
-
Վարդապետության սերտման հատվածներում կամ այլ սուրբ գրություններում:
-
Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույցում։
-
Գերագույն համաժողովի վերջին ելույթներում։
Բավարար ժամանակ հատկացնելուց հետո պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ սովորեցին կամ զգացին, երբ ուսումնասիրում էին խոստումները: Խրախուսեք ուսանողներին շարունակել վստահել Տիրոջը՝ անկախ անհապաղ արդյունքից: