Սեմինարիա
Ծնունդ 42–45. «Ես Հովսեփն եմ՝ քո եղբայրը»


«Ծնունդ 42–45․ «Ես Հովսեփն եմ՝ քո եղբայրը»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ծնունդ 42–45․ «Ես Հովսեփն եմ՝ քո եղբայրը»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծնունդ 42–45․ Դաս 35

Ծնունդ 42–45

«Ես Հովսեփն եմ՝ քո եղբայրը»

A painting by Ted Henninger showing Joseph of Egypt surrounded by his brothers, smiling and showing forgiveness toward them.

Եգիպտոսում ստրկության վաճառվելուց հետո շատ տարիներ անց Հովսեփը վերամիավորվեց իր եղբայրների հետ: Նա կարող էր զայրույթ և վիրավորանք զգալ այն տառապանքի համար, որը նա կրել էր։ Սակայն, ինչպես Փրկիչը, Հովսեփն ընտրեց ողորմածություն և ներում ցուցաբերել իր եղբայրների հանդեպ, որոնք վատ էին վերաբերվել իրեն: Այս դասը կօգնի ուսանողներին հետևել Փրկչի օրինակին և դառնալ ավելի ներող:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խորհել Փրկչի՝ «ներել բոլոր մարդկանց» պատվիրանի մասին (Վարդապետություն և Ուխտեր 64.10): Խնդրեք նրանց գրել այն օրհնությունները, որ իրենք կամ ուրիշները զգացել են որևէ մեկին ներելու արդյունքում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հովսեփը

Դասը սկսելու համար կարող եք առաջարկել ուսանողներին համառոտ վերանայել Հովսեփի պատմությունը Ծնունդ 37–41 գլուխներում: Կարող եք խնդրել նրանց ամփոփ ներկայացնել Հովսեփի եղբայրների չար արարքները և այն իրադարձությունները, որոնք հանգեցրին նրան, որ Հովսեփը դարձավ ամբողջ Եգիպտոսի երկրորդ բարձրագույն պաշտոնյան։

Դաս 33. Ծնունդ 37–41-ում զետեղված թվային պատկերները կարող են օգտագործվել՝ օգնելու ուսանողներին ամփոփ ներկայացնել պատմությունը:

  • Ինչպե՞ս Հովսեփը տառապեց իր եղբայրների արարքների պատճառով:

  • Ի՞նչ կզգայիք մի մարդու հանդեպ, որը այդպիսի արարքներ գործած լիներ ձեր նկատմամբ։

  • Ինչո՞ւ դժվար կլիներ ներել այդ մարդուն։

Մտածեք, թե ինչպես եք սովորաբար արձագանքում, երբ որևէ մեկը ձեր նկատմամբ վիրավորական բան է անում կամ ասում: Այսօր ուսումնասիրելիս՝ շատ ուշադիր եղեք Սուրբ Հոգուց ստացած ցանկացած տպավորությունների նկատմամբ, որոնք կօգնեն ձեզ իմանալ, թե ինչպես կարող եք հետևել Փրկչի օրինակին՝ ներելու համար:

Հովսեփը վերամիավորվեց իր եղբայրների հետ

Իր եղբայրների հետ Հովսեփի վերամիավորման պատմությունն ուսումնասիրելու համար կարող եք ուսանողներին բաժանել երեք հոգանոց խմբերի: Խմբի յուրաքանչյուր ուսանող կարող է ուսումնասիրել երեք ամփոփումներից և սուրբ գրությունների հատվածներից մեկը: Այնուհետև ուսանողները կարող են խմբի մյուս անդամներին ուսուցանել պատմության իրենց մասը:

Որպես այլընտրանք, կարող եք ցուցադրել «Joseph and the Famine» տեսանյութի (2:26) 00:00-01:41 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

2:26

Վերանայեք հետևյալ ամփոփումները և ուսումնասիրեք ուղեկցող հատվածները:

Ամփոփում 1․ Հովսեփին ստրկության վաճառելուց հետո շատ տարիներ անց նրա եղբայրները մեկնեցին Եգիպտոս՝ սովից փրկվելու համար: Եղբայրները, ներկայանալով Հովսեփի առաջ, որն այժմ երկրորդ բարձրագույն պաշտոնյան էր ողջ Եգիպտոսում, չճանաչեցին նրան: Չիմանալով, որ Հովսեփը ճանաչել էր և կարող էր հասկանալ իրենց, եղբայրներն իրենց վիշտն ու ափսոսանքն էին արտահայտում այն արարքի համար, որ տարիներ առաջ կատարել էին նրա հանդեպ։

Կարդացեք Ծնունդ 42․21–24 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես արձագանքեց Հովսեփը, երբ լսեց իր եղբայրների խոսքերն այն մասին, թե ինչպես էին վարվել իր հետ:

Ամփոփում 2․ Հովսեփը սնունդ տրամադրեց ընտանիքի համար, սակայն բանտարկեց Շմավոնին և հրահանգեց մյուս եղբայրներին չվերադառնալ Եգիպտոս, եթե իրենց հետ չբերեն կրտսեր եղբորը՝ Բենիամինին: Եղբայրները վերադարձան տուն, իսկ երբ ընտանիքի ուտելիքը կրկին վերջացավ՝ նրանք Բենիամինի հետ վերադարձան Եգիպտոս։

Կարդացեք Ծնունդ 43․30 հատվածը՝ փնտրելով, թե Հովսեփն ինչպես արձագանքեց, երբ տեսավ իր եղբորը՝ Բենիամինին:

Ամփոփում 3․ Հովսեփը փորձեց իր եղբայրների սերը Բենիամինի հանդեպ՝ մեղադրելով նրան գողության մեջ և սպառնալով նրան բանտ նետել։ Հուդան առաջարկեց իր կյանքը՝ Բենիամինի ազատության դիմաց։

Կարդացեք Ծնունդ 45․1–2 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես արձագանքեց Հովսեփը այն բանից հետո, երբ Հուդան առաջարկեց իր կյանքը՝ Բենիամինին պաշտպանելու համար:

Երբ ուսանողները հնարավորություն ունենան ուսումնասիրել ամփոփումները, կարող եք առաջարկել նրանց քննարկել հետևյալ հարցը:

  • Ի՞նչը օգտակար կլիներ, որ Հովսեփը հիշեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, երբ նա հաղորդակցվում էր իր եղբայրների հետ:

Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը ներում են

Հետևյալ սուրբ գրությունները ցույց են տալիս Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ներող էությունը: Կարող եք ցուցադրել այս սուրբ գրություններն ուսանողներին, որպեսզի ուսումնասիրեն, կամ կարող եք խնդրել նրանց ինքնուրույն գտնել սուրբ գրությունների հատվածներ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ներող էության մասին:

Կարդացեք հետևյալ սուրբ գրությունները՝ փնտրելով, թե Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ինչն օգտակար կլիներ իմանալ մի մարդու, որը վատ վերաբերմունքի է արժանացել։

Ղուկաս 6․36

Եփեսացիներին 4.31–32

Կողոսացիներին 3․13

  • Ինչո՞վ կկիսվեիք այս հատվածներից։

Կարդացեք Ծնունդ 45․3–8 և 9–15 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես պատասխանեց Հովսեփն իր եղբայրներին:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Հովսեփի փորձառությունից՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին նմանվելու մասին:

Ուսանողները կարող են բացահայտել մի քանի ճշմարտություն։ Շնորհակալություն հայտնեք նրանց, որ կիսվում են իրենց բացահայտած ճշմարտություններով, և հարցրեք, թե իրենց կարծիքով ինչո՞ւ է կարևոր, որ մենք իմանանք այդ վարդապետությունը կամ սկզբունքը: Եթե ուսանողները չնշեն այն, կիսվեք հետևյալ ճշմարտությունով և գրեք այն գրատախտակին. Մենք նմանվում ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, երբ ներում ենք մարդկանց։

Ապավինելով Փրկչին՝ մենք կարող ենք ներել մարդկանց

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտությունը, կարող եք ցուցադրել «Forgiving Others: An Easter Message from President Russell M. Nelson» (5:01) տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում։

5:1

Մեկ այլ տարբերակ է ուսումնասիրել հետևյալ ուղերձը:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն օգնել է մեզ հասկանալ, թե ինչպես ենք մենք ապավինում Փրկչի զորությանը, երբ ներում ենք մարդկանց:

17:18
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Եթե ներկայումս ներումն անհնարին է թվում, խնդրեք, որ ուժ ստանաք Հիսուս Քրիստոսի քավիչ արյան միջոցով, որը ձեզ կօգնի: Եթե դուք անեք դա, ես խոստանում եմ, որ անձնական խաղաղություն և հոգևոր լիցքի մեծ բռնկում կզգաք:

Երբ Փրկիչը քավություն կատարեց ողջ մարդկության համար, Նա բացեց մի ճանապարհ, որով նրանք, ովքեր հետևում են Իրեն, կկարողանան ստանալ Իր բժշկող, զորացնող և փրկագնող զորությունը: Այս հոգևոր արտոնությունները հասանելի են բոլոր նրանց, ովքեր ձգտում են լսել Նրան և հետևել Նրան: («Հոգևոր լիցքի զորությունը», Լիահոնա, մայիս 2022, 100)

  • Ինչպե՞ս կարող են նախագահ Նելսոնի ուսմունքներն օգնել մեզ ներել մարդկանց:

  • Ի՞նչ խորհուրդ կտաք անել մի մարդու, որը դժվարանում է ներել: Ի՞նչ խորհուրդ կտաք նրան անել՝ Փրկչին ապավինելու համար:

Եթե ուսանողները վերջին հարցի հետ կապված օգնության կարիք ունենան, կարող եք առաջարկել նրանց տեսնել Տիրոջ խորհուրդը Վարդապետություն և Ուխտեր 64․9–11 հատվածներում, մասնավորապես՝ հատված 11-ում։

Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց փորձառությամբ, երբ իրենք կամ իրենց ծանոթը կարողացել է ներել: Օգտակար կլինի հիշեցնել ուսանողներին, որ չկիսվեն մանրամասներով, որոնք կարող են խիստ անձնական լինել իրենց կամ իրենց ծանոթի համար: Կարող եք նաև կիսվել ձեր փորձառությամբ:

Օգնիր մեզ ազատորեն ներել

Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել այն մասին, թե իրենք ինչ սովորեցին և զգացին Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին նմանվելու մասին, կարող եք ցուցադրել հետևյալ վարժություններից մի քանիսը, որպեսզի ուսանողները կատարեն դրանք իրենց ուսումնասիրության օրագրերում:

Աղոթքով խորհեք այն տպավորությունների մասին, որոնք դուք ստացաք այսօր ուսումնասիրելիս: Հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ ճանաչել բոլոր փոփոխություները, որ պետք է անեք: Խնդրեք Երկնային Հորը, որ օգնի մեծացնել մարդկանց ներելու ձեր կարողությունը։

Ընտրեք հետևյալ վարժություններից մեկը՝ ուսումնասիրության ձեր օրագրում կատարելու համար։

  • Գրեք մի կարճ պարբերություն, որն ամփոփում է, թե ինչպես եք օրհնվել մարդկանց ներելու ձեր ջանքերի շնորհիվ: Գրեք, թե ինչ եք արել՝ Փրկչին ձեր ջանքերում ներառելու համար: Ձեր կարծիքով, ինչն է կարևոր հիշել հաջորդ անգամ, եթե անհրաժեշտ լինի ներել որևէ մեկին:

  • Աղոթքով մտածեք, թե արդյոք կա մեկը ձեր կյանքում, որին պետք է ներել: Գրեք հակիրճ մի պարբերություն՝ նշելով այդ անձին ներելու հետ կապված ձեր զգացմունքները: Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է խանգարել ներելու ձեր կարողությանը: Գրեք մի քանի եղանակ, որոնցով կարող եք խնդրել Փրկչի օգնությունը ձեր ջանքերում:

  • Մի գրություն գրեք, որ կարող է օգնել ձեր ընկերոջը, որը դժվարանում է ներել ինչ-որ մեկին։ Համառոտ բացատրեք, թե ինչո՞ւ է Հովսեփի՝ իր եղբայրներին ներելու որոշումը նման Փրկչի բնույթին: Ներառեք սուրբգրային մի հատված, որը կարևոր է ձեզ համար՝ մարդկանց ներելու ձեր ջանքերում։

Մի քանի պատրաստակամ ուսանողի խնդրեք կիսվել իրենց գրածով: Կարող եք ավարտել դասը՝ առաջարկելով ուսանողներին գործել համաձայն իրենց ստացած հոգևոր տպավորությունների: Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն օրհնությունների մասին, որոնք հասանելի են, երբ մենք հետևում ենք մարդկանց ներելու Փրկչի օրինակին։