«Ծնունդ 24. Ուխտյալ ամուսնության օրհնությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ծնունդ 24. Ուխտյալ ամուսնության օրհնությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ծնունդ 24–33, Դաս 29
Ծնունդ 24
Ուխտյալ ամուսնության օրհնությունը
Թեև հավերժական ամուսնության հեռանկարը կարող էր անհասանելի թվալ Իսահակին, Տերը ճանապարհ պատրաստեց նրա համար: Մենք նույնպես կարող ենք ապավինել Տիրոջը և վստահություն ունենալ, որ Նա կարող է օգնել մեզ պատրաստվել և մի օր ստանալ հավերժական ամուսնության օրհնությունները: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ հավերժական, ուխտյալ ամուսնության կարևորությունը Երկնային Հոր ծրագրում:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գրել իրենց կամ իրենց ծանոթներից մեկի հարցը տաճարային ամուսնության վերաբերյալ և գալ դասարան՝ աղոթքով փնտրելով այդ հարցի պատասխանները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Տաճարային ամուսնությունը
Քանի որ որոշ ուսանողների համար կարող է դժվար լինել քննարկել ամուսնությունը, աղոթքով խորհեք այս թեման նրբանկատորեն և սիրով պատրաստելու և ուսուցանելու եղանակների մասին:
Որպեսզի պատրաստեք ուսանողներին քննարկել ամուսնության թեման, կարող եք ցուցադրել դասի սկզբում ներկայացված նկարը՝ հետևյալ սցենարի հետ միասին:
Պատկերացրեք, որ ձեր ընկերն ասում է. «Իսկապե՞ս այդքան կարևոր է տաճարում ամուսնանալը: Ամեն դեպքում, ես չեմ պատկերացնում, որ կարող եմ այնտեղ ամուսնանալ. ինձ համար դա անհասանելի է թվում: Ես պարզապես ուզում եմ գտնել մեկին, ում կսիրեմ»:
-
Ի՞նչ ենթադրություններ կարող է ունենալ ձեր ընկերը տաճարային ամուսնության վերաբերյալ:
-
Ձեր ընկերը ի՞նչ ճշմարտություններ կարող է չհասկանալ Աստծո և տաճարային ամուսնության մասին:
Առաջարկեք ուսանողներին իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին։
-
Ինչպե՞ս եք անձամբ դուք վերաբերվում տաճարային ամուսնությանը:
-
Ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ ունեք տաճարային ամուսնության վերաբերյալ։
Երբ ուսումնասիրեք Ծնունդ 24 գլուխը, հրավիրեք Հոգուն՝ օգնելու ձեզ հասկանալ տաճարային ամուսնության կարևորությունը: Փնտրեք հասկացողություն, թե ինչպես կարող է Տերը օգնել ձեզ հավերժական, տաճարային ամուսնություն ստանալ:
Կարևոր ճամփորդություն
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Ծնունդ 24 գլխի համատեքստը, առաջարկեք նրանց դիտել հետևյալ քարտեզը: Եթե նրանց հասանելի է Հակոբոս թագավորի Աստվածաշնչի Վերջին Օրերի Սրբերի հրատարակությունը, ապա նրանք կարող են դիտել քարտեզ 9, «Հին Կտակարանի աշխարհը»՝ Աստվածաշնչի քարտեզներ բաժնում: Կարդացեք կամ ամփոփ ներկայացրեք հետևյալ պարբերությունը և առաջարկեք ուսանողներին քարտեզի վրա գտնել ձեր նշած վայրերը: Անհրաժեշտության դեպքում ցույց տվեք ուսանողներին, թե որտեղ են գտնվել Քանանը (թիվ 13) և Խառանը (թիվ 8):
Աբրահամն ու իր ընտանիքը ապրում էին Քանանում այն մարդկանց մեջ, որոնք կռապաշտ էին և կատարում էին այլ մեղսագործություններ։ Աբրահամն ուներ ազգականներ, որոնք ապրում էին Խառանում, որտեղ նախկինում ապրել էր Աբրահամը։
Նախքան ստորև նշված հատվածների ընթերցումը՝ բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության հատված 2 և 9-ում «ազդր» բառը փոխարինված է «ձեռք» բառով։ Սա նշանակում է, որ Աբրահամն ու նրա ծառան պայմանավորվածություն ունեին։
Կարդացեք Ծնունդ 24․1–4, 7–9 հատվածները՝ փնտրելով այն հրահանգները, որ Աբրահամը տվեց իր ծառային իր որդու՝ Իսահակի վերաբերյալ:
-
Ի՞նչ հրահանգներ ստացավ Աբրահամի ծառան։
-
Ի՞նչ կարող եք տեսնել հատված 7-ում, որը ցույց է տալիս, որ Տերը հոգ էր տանում այն մասին թե ում հետ պետք է ամուսնանա Իսահակը
Խնդրեք ուսանողներին օգտագործել քարտեզի մասշտաբը՝ որոշելու համար, թե քանի մղոն կամ կիլոմետր էր այդ ճամփորդությունը։ Օգնեք ուսանողներին տեսնել, որ Աբրահամը պատվիրեց իր ծառային ճամփորդել 1200 մղոն (1931 կիլոմետր) (ներառյալ հետադարձ ճանապարհը)՝ կին գտնելու Իսահակի համար:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ արժեր նման զոհաբերություն անել, որպեսզի Իսահակը չամուսնանար քանանացի դուստրերից մեկի հետ:
Ըստ անհրաժեշտության, բացատրեք, որ երբ Աստված հաստատեց Իր ուխտը Աբրահամի և Սառայի հետ, Նա ասաց, որ Աբրահամի սերունդները կարող են պահել Նրա հետ այս կարևոր ուխտը միայն այն դեպքում, եթե ամուսնանան Իր օրենքի համաձայն: Նրանք պետք է մտնեն «ամուսնության նոր և հավերժական ուխտի» մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 131․1–4)։ Այսօր մենք մտնում ենք այդ ուխտի մեջ, երբ ամուսնանում ենք Տիրոջ սուրբ տաճարներում:
Քանանի երկրում չկար մեկը, ում հետ Իսահակը կարող էր ամուսնանալ՝ ուխտ կնքելով: Ուխտը կարող էր պահպանվել միայն Խառանում գտնվող Աբրահամի ընտանիքից մեկի հետ:
Տիրոջ օգնությունը
Ցուցադրեք հետևյալ պատկերը և առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչ գիտեն պատկերված պատմության մասին: Անհրաժեշտության դեպքում կարող եք կարդալ կամ ամփոփ ներկայացնել հետևյալ պարբերությունը:
Աբրահամի ծառան երկար ճանապարհ անցավ և հասավ Խառան՝ կին գտնելու Իսահակի համար։ Ջրհորի մոտ սպասելիս նա աղոթեց և Աստծուց խնդրեց, որ կարողություն տա իրեն իմանալու, թե ում է Տերը կամենում, որ ինքը գտնի:
Կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ հետևյալ հատվածները անհատապես, զույգերով կամ դասարանով:
Ստորև բերված վարժության համար օգտակար կլինի բացատրել, որ Աստվածաշնչի՝ Հակոբոս թագավորի տարբերակում «Եհովա» անունը սովորաբար նշվում է ՏԵՐ բառով՝ գրված մեծատառերով: Մյուս կողմից, «Տեր» կամ «տեր» բառերը կարող են պարզապես նշանակել իշխանություն, զորություն կամ ազդեցություն ունեցող մարդ, օրինակ՝ իշխան կամ տիրակալ: (Տես Աստվածաշնչի բառարան, «Եհովա»)
Կարդացեք Ծնունդ 24.12–27 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես Տերն օգնեց Աբրահամի ծառային կին գտնել Իսահակի համար: Օգտակար կլինի նշել ՏԵՐ բառը, երբ այն տեսնում եք գրված մեծատառերով։
-
Ի՞նչ գտաք:
Կարող եք ամփոփ ներկայացնել Ծնունդ 24 գլխի մնացած մասը՝ կիսվելով հետևյալ պարբերությամբ։
Աբրահամի ծառան հանդիպեց Ռեբեկայի եղբորն ու հորը։ Նա բացատրեց, թե ով է ինքը և ինչպես է Տերը օգնել իրեն գտնել Ռեբեկային: Ռեբեկան համարձակորեն որոշեց վերադարնալ ծառայի հետ և կնքվեց Իսահակի հետ հավերժական ամուսնության ուխտով (տես Ծնունդ 24․29–67):
-
Ի՞նչ եք սովորում Տիրոջ մասին Իսահակի և Ռեբեկայի պատմության և նրանց հավերժական ամուսնության միջոցով:
Ուսանողները կարող են պատասխանել տարբեր ճշմարտություններով, բայց համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Տերը կօգնի մեզ, եթե մենք ձգտենք մտնել հավերժական ամուսնության ուխտի մեջ։
-
Ինչպե՞ս կարող է Տերը օգնել մեկին, ով ձգտում է հավերժական ամուսնության, բայց անհանգստանում է, որ ինքը երբեք չի ստանա այդ օրհնությունը:
-
Ձեր կարծիքով, հավերժական ամուսնությունն ինչո՞ւ է այդքան կարևոր Տիրոջ համար:
Ինչո՞ւ հավերժական ամուսնություն
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ հավերժական ամուսնության կարևորությունը, առաջարկեք նրանց իրենց ուսումնասիրության օրագրերում նկարել տաճարի մի պարզ պատկեր՝ ստորև ներկայացվածի նման:
Տաճարի ձեր նկարի տակ գրեք մի հարց, որը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այն ճշմարտությունները, որ սովորեցիք այսօր: Դա կարող է լինել ձեր սեփական հարցը, ձեր ծանոթի հարցը կամ հետևյալներից մեկը.
-
Ինչո՞ւ է հավերժական ամուսնությունը կարևոր:
-
Ի՞նչ օրհնություններ կարող եմ ես ստանալ՝ ամուսնանալով տաճարում և հետո ձգտելով պահել այդ ուխտերը:
-
Ինչպե՞ս կարող է Տերը օգնել ինձ մի օր ստանալ հավերժական ամուսնության օրհնությունները:
Առաջարկեք ուսանողներին 5–8 րոպե հատկացնել՝ հետևյալ վարժությունն անհատապես կամ գործընկերների հետ կատարելու համար: Կարող եք առաջարկել նրանց իրենց ուսումնասիրության օրագրերում գրել իրենց գտած պատասխանները: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ իրենք կարող են չգտնել իրենց հարցերի հստակ պատասխանները։ Այնուամենայնիվ, հարցեր տալու և հասկացողություն փնտրելու համար գործադրած ջանքերը՝ առ Աստված հավատքով գործելու կարևոր մաս են կազմում:
«Հավերժական ամուսնություն» վերնագրով աշխատաթերթը բաժանեք այն ուսանողներին, որոնք կցանկանան ուսումնասիրել այն:
Որպեսզի գտնեք ձեր հարցի պատասխանը, ուսումնասիրեք Եկեղեցու տարբեր աղբյուրներ, օրինակ՝
-
Վարդապետության սերտման հատվածներ (Ծնունդ 2.24, Ա Կորնթացիներին 11․11, Վարդապետություն և Ուխտեր 131․1–4)
-
«Հավերժական ամուսնություն» վերնագրով աշխատաթերթը
-
«Ամուսնություն» նյութը և հարակից նյութեր Թեմաների ուղեցույցում, Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմաներ ու հարցեր բաժնում՝ Gospel Library հավելվածում
-
Gospel Library հավելվածի որոնման հարցումներ, օրինակ՝ «ուխտյալ ամուսնություն» կամ «տաճարային ամուսնություն»
Առաջարկեք ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց սովորածով։
Անձնական մտորումներ
Մտածեք դասի սկզբի սցենարի մասին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս կպատասխանեք ձեր ընկերոջ հարցին, թե ինչու է տաճարային ամուսնությունը կարևոր:
-
Ի՞նչ սովորեցիք այսօր Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է հուսադրել ձեզ՝ տաճարային ամուսնության օրհնությունները ստանալուն ուղղված ձեր ջանքերում:
Խնդրեք կամավորներին կիսվել իրենց գրածով:
Կարող եք կիսվել ձեր վկայությամբ ուխտյալ ամուսնության կարևորության մասին և խրախուսել ձեր ուսանողներին սկսել նախապատրաստվել հիմա։