«Ծնունդ 22. Հիսուս Քրիստոսի նմանությամբ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ծնունդ 22. Հիսուս Քրիստոսի նմանությամբ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ծնունդ 18–23․ Դաս 27
Ծնունդ 22
Հիսուս Քրիստոսի նմանությամբ
Մեր մահկանացու միտքը երբեք չի կարող ամբողջությամբ ըմբռնել սրտահույզ այն պատվիրանը, որ Աստված տվեց Աբրահամին․ զոհաբերել իր որդուն՝ Իսահակին: Նեփիացի մարգարե Հակոբը մեծացրեց մեր հասկացողությունը այս պատվիրանի հզոր սիմվոլիզմի վերաբերյալ, երբ ուսուցանեց, որ զոհաբերությունը «Աստծո և նրա Միածին Որդու նմանությամբ էր» (Հակոբ 4․5)։ Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերն իրենց նկատմամբ։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Աստծո սերը
Կարող եք սկսել այս դասը՝ կիսվելով հետևյալ խոսքերով։
Նախկինում Առաջին նախագահության անդամ, նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը նկարագրել է Երկնային Հոր սերը Իր զավակների հանդեպ․
Մտածեք ամենամաքուր, ամենաուժեղ սիրո մասին, որը կարող եք պատկերացնել: Այժմ բազմապատկեք այդ սերը անսահման թվով՝ դա ձեր հանդեպ Աստծո սիրո չափն է:
Աստված չի նայում արտաքինին: Ես հավատացած եմ, որ նրան չի հետաքրքրում՝ արդյոք մենք ապրում ենք ամրոցում, թե տնակում, արդյոք մենք գեղեցիկ ենք, թե անբարետես, արդյոք մենք հայտնի ենք, թե մոռացված: Թեև մենք անթերի չենք, Աստված սիրում է մեզ լիարժեքորեն: Թեև մենք կատարյալ չենք, Աստված սիրում է մեզ կատարելապես: Թեև կարող ենք մեզ մոլորված ու անպարփակ զգալ, Աստծո սերը պարփակում է մեզ ամբողջությամբ: («The Love of God», Լիահոնա, նոյեմբեր 2009, 22)
-
Բացի նախագահ Ուխդորֆի օգտագործած բառերից, ինչպիսի՞ այլ բառեր կամ արտահայտություններ կարող են օգտագործվել՝ նկարագրելու Աստծո սերը մեր հանդեպ:
Որպեսզի օգնեք ուսանողներին անհատականացնել դասն ըստ իրենց կյանքի հանգամանքների, առաջարկեք նրանց մտածել, թե որքան հաճախ են զգում կամ գիտակցում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը իրենց հանդեպ: Կարող եք նաև առաջարկել նրանց մտածել, թե ներկայումս ինչ հարցեր ունեն իրենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո վերաբերյալ:
Խրախուսեք ուսանողներին այսօր ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել Սուրբ Հոգուց եկող տպավորություններին, որոնք կարող են օգնել իրենց զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը:
Աստծո սիրո դրսևորումը
Սուրբ գրությունները պարունակում են բազմաթիվ ուսմունքներ, որոնք նկարագրում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը մեր հանդեպ: Օրինակներից մեկը պարունակվում է Հովհաննես 3․16 հատվածում։
Կարդացեք Հովհաննես 3․16 հատվածը՝ փնտրելով Երկնային Հոր սիրո ամենամեծ դրսևորումը:
Ինչպե՞ս կամփոփեք ձեր գտածը:
Ուսանողները կարող են կիսվել հետևյալ ճշմարտությամբ․ Երկնային Հայրը ցույց տվեց Իր սերը մեր նկատմամբ Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերության միջոցով։
-
Ինչպե՞ս է Փրկչի քավիչ զոհաբերությունը ցույց տալիս Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը մեր հանդեպ:
Աբրահամին պատվիրվում է զոհաբերել իր որդուն
Բացատրեք, որ այսօր ուսանողները կուսումնասիրեն մի պատմություն, որը ուսուցանում է մեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո մասին, որը դրսևորվել է Փրկչի Քավության միջոցով:
Կարող եք ցուցադրել հետևյալ նկարը։
-
Ի՞նչ գիտեք այս փորձառության մասին Աբրահամի և Իսահակի կյանքից:
Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, բացատրեք հետևյալը:
Աբրահամի և Իսահակի պատմությունը ուսուցանում է մեզ այն սիրո մասին, որը Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը դրսևորեցին մեր հանդեպ՝ Փրկչի քավիչ զոհաբերության միջոցով:
Կարդացեք Հակոբ 4․5 հատվածը և փնտրեք, թե ինչ է ուսուցանել Հակոբը այս պատմության մասին։
-
Ի՞նչ գտաք:
Երբ ուսանողներն ուսումնասիրեն Աբրահամի և Իսահակի պատմությունը Ծնունդ 22 գլխում, առաջարկեք նրանց ուշադրություն դարձնել, թե այս պատմությունը խորհրդանշականորեն ինչ կարող է ուսուցանել իրենց Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
Որպեսզի պատրաստեք ուսանողներին անել դա, կարող եք գրատախտակին երկու սյունակ կազմել: Մի սյունակը վերնագրեք Աբրահամ և Իսահակ, իսկ մյուսը՝ Երկնային Հայր և Հիսուս Քրիստոս։ Կարող եք նաև առաջարկել ուսանողներին կազմել այդ աղյուսակը իրենց ուսումնական օրագրերում:
Ուսանողները կարող են կատարել հետևյալ ուսումնական վարժությունը ինքնուրույն կամ դասընկերոջ հետ: Կարող եք կիսվել լրացված աղյուսակի մեկ օրինակով (տեղադրված է ստորև դասում)՝ նախքան ուսանողները կսկսեն իրենց ուսումնասիրությունը:
Աղոթքով կարդացեք Ծնունդ 22.1–14 հատվածները՝ փնտրելով նմանություններ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Ընդգծեք սուրբ գրությունների կարևոր արտահայտությունները: Գրեք ձեր մտքերն այն մասին, թե այս օրինակներն ինչ են ուսուցանում ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
Հետևյալ աղյուսակը պարունակում է գաղափարների օրինակներ, որոնք ուսանողները կարող են գտնել այս պատմությունն ուսումնասիրելիս: Ըստ անհրաժեշտության, կարող եք օգտագործել այդ օրինակները՝ օգնելու ուսանողներին իրենց ուսումնասիրության մեջ: Օրինակ՝ ուսանողների ուսումնասիրությունից առաջ կամ հետո կարող եք կիսվել Մորիայի երկրի մասին տեղեկություններով (տես Ծնունդ 22․2)։
|
Աբրահամն ու Իսահակը |
Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը |
|---|---|
|
Ծնունդ 22․2, 12. «քո միակ որդուն» |
Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր Միածին Որդին է (տես Հովհաննես 3․16)։ |
|
Ծնունդ 22․2. «Մորիայի երկիրը» |
«Այն վայրը, որն ավանդաբար հայտնի է որպես վայր, որտեղ Աբրահամը պետք է զոհաբերեր Իսահակին, գտնվում է … նույն տարածքում, որտեղ Հայրը պետք է զոհաբերեր Իր Որդուն» (Հին Կտակարան. Ուսանողի ձեռնարկ, 3-րդ հրատ. [2003], 77)։ |
|
Ծնունդ 22․2. «ողջակեզ» |
Ողջակեզները կենդանիների զոհաբերության մի ձև էին։ Կենդանիների զոհաբերությունը խորհրդանշում էր Հիսուս Քրիստոսին (տես Մովսես 5․4–7)։ |
|
Ծնունդ 22․6. «վերցրեց ողջակեզի փայտն ու դրեց իր որդի Իսահակի վրա» |
Քրիստոսը կրեց Իր խաչը (տես Հովհաննես 19․16–18): |
|
Ծնունդ 22․7–8. «Աստված կհոգա իր ողջակեզի գառան մասին» |
Երկնային Հայրն ուղարկեց Իր Որդուն՝ Աստծո Գառին, որպես քավիչ զոհաբերություն (տես Հովհաննես 1․29): |
|
Ծնունդ 22․9. «կապեց իր որդի Իսահակին և դրեց նրան զոհասեղանի վրա» |
Քրիստոսը կապվեց խաչին գամերով (տես 1 Նեփի 11․33)։ |
Ուսանողներին ուսումնասիրելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո նրանց հնարավորություն տվեք կիսվելու, թե Հոգին ինչ ուսուցանեց իրենց՝ այս հատվածներն ուսումնասիրելիս: Քննարկում ծավալելու համար կարող եք տալ նմանատիպ հարցեր.
-
Աբրահամի և Իսահակի պատմությունից ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
-
Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ո՞ր խորհրդանիշներն էին առավել կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ։
Աստծո սերը իմ հանդեպ
Ուսանողներին հնարավորություն տվեք խորհելու իրենց հանդեպ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո մասին: Որպեսզի պատրաստեք նրանց խորհելու, կարող եք երգել կամ լսել մի օրհներգ, որն այդ սիրո մասին է, օրինակ՝ «God Loved Us, So He Sent His Son» (Հիմներ, հմր. 187)։
Դուք կարող եք նաև կիսվել նախագահ Դալլին Հ․ Օուքսի խոսքերով, որոնք տեղադրված են «Լրացուցիչ նյութեր» բաժնում:
-
Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի՝ ձեր հանդեպ ունեցած սիրո մասին հիշելն ինչպե՞ս կարող է ազդել ձեր կյանքի վրա:
-
Ի՞նչն է օգնել կամ կարող է օգնել ձեզ զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը:
Ավարտեք դասը՝ առաջարկելով ուսանողներին մտածել այն մասին, թե իրենք ինչ սովորեցին և զգացին այսօր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի՝ իրենց հանդեպ ունեցած սիրո մասին: Նրանց առաջարկեք, որ օրագրերում գրանցեն իրենց մտքերն ու հոգևոր տպավորությունները։ Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն սիրո մասին, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ունեն մեզանից յուրաքանչյուրի հանդեպ: Խրախուսեք ուսանողներին փնտրել փորձառություններ, որոնք կօգնեն իրենց շարունակաբար զգալ Աստծո սերն իրենց հանդեպ: