Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 13–19։ «Իսրայելի Տեր Աստծուն ապավինեց»․ Դ Թագավորների 16–25


«Հուլիսի 13–19։ «Իսրայելի Տեր Աստծուն ապավինեց»․ Դ Թագավորների 16–25», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Հուլիսի 13–19։ «Իսրայելի Տեր Աստծուն ապավինեց»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

հրեաների մի մեծ խումբ, որն աքսորի ճանապարհին է դեպի Բաբելոն

Գերիների փախուստը, հեղինակ՝ Ջեյմս Ժակ, Ժոզեֆ Տիսոտ և ուրիշներ

Հուլիսի 13–19․ «Իսրայելի Տեր Աստծուն ապավինեց»

Դ Թագավորների 16–25

Չնայած Եղիսե մարգարեի զորեղ ծառայությանը, Իսրայելի Հյուսիսային թագավորության ժողովուրդը չապաշխարեց։ Ի վերջո, ասորական կայսրությունը նվաճեց և ցրեց Իսրայելի տասը ցեղերը: Մինչդեռ Հուդայի Հարավային թագավորությունը նրանից լավ վիճակում չէր. կռապաշտությունը տարածված էր այնտեղ նույնպես:

Այս ամբողջ հոգևոր անկման ֆոնին սուրբ գրություններում նշված են Հուդայի երկու թագավոր, որոնք որոշ ժամանակով իրենց ժողովրդին դարձրին դեպի Տերը: Այդ թագավորներից մեկը Եզեկիան էր: Նրա օրոք ասորիները գրավեցին Հուդայի մեծ մասը։ Բայց Եզեկիան և նրա ժողովուրդը հավատք ցուցաբերեցին առ Տերը, ով հրաշքով փրկեց Երուսաղեմը: Հետագայում, ուրացության մեկ այլ ժամանակաշրջանից հետո, թագավոր դարձավ Հովսիան: Մասամբ ոգեշնչվելով Մովսեսի օրենքի գրքի վերագտնումից՝ Հովսիան բարեփոխումներ կատարեց, որոնք վերածնունդ առաջացրին իր ժողովրդի կրոնական կյանքում:

Իսրայելի և Հուդայի նման մենք բոլորս և լավ, և վատ ընտրություններ ենք կատարում: Երբ զգում ենք, որ մեր կյանքը որոշակի բարեփոխումների կարիք ունի, մեզ կարող է քաջալերել Հուդայի պատմության մութ տարիների այս երկու պայծառ կետերը: Եզեկիայի և Հովսիայի օրինակները կարող են ոգեշնչել մեզ «վստահել մեր Տեր Աստծուն» (Դ Թագավորների 18․22

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Դ Թագավորների 18–19

սեմինարիայի պատկերակ
Ես կարող եմ հավատարիմ մնալ Տիրոջը, երբ իմ հավատը բախվում է դժվարությունների

Մեզանից շատերն ունեն փորձառություններ, որոնք մարտահրավեր են նետում մեր հավատքին: Եզեկիայի և նրա ժողովրդի համար այդ դժվարություններից մեկն այն ժամանակ էր, երբ ասորիների բանակը մոտեցավ Երուսաղեմին։ Դ Թագավորների 18–19 գլուխները կարդալիս պատկերացրեք, որ այդ ժամանակ ապրում էիք Երուսաղեմում: Ի՞նչ կզգայիք, երբ, օրինակ՝ լսեիք ասորիների հեգնական խոսքերը, ինչպես գրված է Դ Թագավորների 18․28–37 և 19․10–13 հատվածներում։ Ի՞նչ կանեիք դուք: Համեմատեք այն պատճառները, որոնցով ասորիները հորդորում էին իսրայելացիներին չվստահել Տիրոջը այն պատճառներով, որոնք սատանան է բերում՝ մեր հավատքն այսօր կասկածի տակ դնելու համար: Կարող եք նաև հակադրել ասորիների պատճառները ձեր պատճառների հետ, թե ինչու եք վստահում Տիրոջը:

Ի՞նչ սովորեցիք Եզեկիայի գործողությունից այս իրավիճակում (տես Դ Թագավորների 19․1–7, 14–19)։ Ո՞րն էր Տիրոջ արձագանքը (տես Դ Թագավորների 19․35–37)։ Ըստ ձեզ, ինչո՞ւ Եզեկիան հավատարիմ մնաց (տես Դ Թագավորների 18․5–7)։ Խորհեք, թե ինչպես է Տերը աջակցել ձեզ դժվար ժամանակներում: Ի՞նչ եք ոգեշնչվում անել՝ Նրա հանդեպ ձեր վստահությունը մեծացնելու համար:

Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդի «Մի վախենար, միայն հավատա» ուղերձը (Լիահոնա, մայիս 2022, 34–36) օգտակար խորհուրդ է տալիս վախի կամ կասկածի ժամանակների համար: «Տեր Աստծո գործին բոլորս մասնակցենք» օրհներգը (Հիմներ, հմր. 243) նույնպես կարող է իր մեջ քաջալերող ուղերձներ ունենալ: Ի՞նչ գտաք այս աղբյուրներում, որոնք կարող են օգնել ձեզ:

Տես նաև Բ Մնացորդաց 31–32, 3 Նեփի 3–4 հատվածները, Յորգ Քլեբինգաթի «Քաջարի աշակերտություն վերջին օրերում» ուղերձը, Լիահոնա, մայիս 2022, 107–10։

Օգտագործեք սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութեր: Եկեղեցին տրամադրում է բազմաթիվ աղբյուրներ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ սուրբ գրությունները: Օրինակ՝ Gospel Library հավելվածում կարող եք գտնել Սուրբ գրքերի ուղեցույցը, Թեմաներ և հարցեր բաժինը և Եկեղեցու ամսագրերը։ Բացի այդ, Հին Կտակարանը կարդալիս կարող եք օգտակար ենթատեքստ և գաղափարներ գտնել Եկ, հետևիր ինձ ձեռնարկի «Մտքեր հիշելու համար» բաժնում։ «Հիսուսը ողջ Իսրայելին կասի՝ «Եկ տուն»» հոդվածը կարող է օգնել ուսումնասիրել Դ Թագավորների 16–25 գլուխները։

սուրբ գրությունները միասին ուսումնասիրող ընտանիք

Դ Թագավորների 19.20–37

Բոլոր բաները Տիրոջ ձեռքում են

Ասորեստանի թագավոր Սենեքերիմը բավարար հիմքեր ուներ հավատալու, որ իր զորքը նվաճելու է Երուսաղեմը (տես Դ Թագավորների 17, 18․33–34, 19․11–13)։ Բայց Տերը մի ուղերձ ուներ Սենեքերիմի համար, որը տրվել էր Եսայի մարգարեի միջոցով։ Այն հիշատակվում է Դ Թագավորների 19․20–34 հատվածներում։ Ի՞նչ ճշմարտություններ գտաք Տիրոջ ուղերձում, որոնք օգնում են ձեզ հավատալ Նրան և Նրա ծրագրին:

Դ Թագավորների 21–23

Սուրբ գրությունները կարող են իմ սիրտը դարձնել դեպի Տերը

Երբևէ զգացե՞լ եք, որ հոգևորապես ինչ-որ բանի պակաս ունեք: Զգացե՞լ եք, որ Աստծո հետ ձեր հարաբերությունները կարող են ավելի ամուր լինել: Ի՞նչն օգնեց ձեզ վերադառնալ Նրա մոտ: Դ Թագավորների 21–23 գլուխները կարդալիս, որը նկարագրում է, թե ինչպես Հուդայի թագավորությունը Մանասե թագավորի օրոք հեռացավ Տիրոջից (տես Դ Թագավորների 21) և Հովսիա թագավորն ինչպես օգնեց մարդկանց վերադառնալ դեպի Նա (տես Դ Թագավորների 22–23), խորհեք այս հարցերի շուրջ։ Ինչպե՞ս և ինչու փոխվեցին Հովսիան և նրա ժողովուրդը (տես Դ Թագավորների 22․8–11, 23․1–6, 21, 24

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը Հովսիա թագավորի պատմությունն անվանել է «բոլոր սուրբ գրությունների լավագույն պատմություններից մեկը» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Սպենսեր Վ․ Քիմբալ [2006], 62)։ Կարդացեք նախագահ Քիմբալի խոսքերը Հովսիա թագավորի մասին (էջ 62–64)։ Կարող եք մտածել մի փորձառության մասին, երբ սուրբ գրության մի հատված «ուժգնորեն գործեց» ձեր մեջ: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի շատ նման փորձառություններ ունենաք:

Տես նաև Ալմա 31․5 հատվածը, «Josiah and the Book of the Law» (տեսանյութը), Gospel Library հավելված։

12:25

Josiah and the Book of the Law

Դ Թագավորների 23․1–25

Ուխտը ողջ հոգով պարտավորություն է իմ և Տիրոջ միջև

Ի՞նչն է տպավորում ձեզ Դ Թագավորների 23․3 հատվածում Հովսիայի կապած ուխտի վերաբերյալ։ Շարունակելով գլուխ 23-ի ընթերցանությունն ուշադրություն դարձրեք, թե ինչ արեց Հովսիան՝ ցույց տալու իր նվիրվածությունը Տիրոջը (տես նաև այս նյութի վերջում ներկայացված նկարը): Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր նվիրվածությունը Նրան:

Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Դ Թագավորների 18․3–6, 19.14–19

Ես կարող եմ վստահել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

  • Դ Թագավորների 18․3, 5–6 հատվածներն ուսումնասիրելիս օգնեք ձեր երեխաներին բացահայտել, թե ինչպես է Եզեկիան լավ թագավոր դարձրել: Ապա Դ Թագավորների 19․14–19 հատվածները միասին կարդալիս նրանք կարող են բացահայտել, թե ինչպես նա ցույց տվեց, որ վստահում է Տիրոջը: Կարող եք նայել Հիսուսի նկարին և խոսել այն մասին, թե ինչու մենք կարող ենք վստահել Նրան: Մենք ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հետևում ենք Տիրոջը:

Դ Թագավորների 22․1–7

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են վստահել ինձ

  • Դ Թագավորների 22․1 հատվածն ուսումնասիրելիս օգնեք ձեր երեխաներին պարզել, թե քանի տարեկան էր Հովսիան, երբ դարձավ թագավոր: Ի՞նչ սովորեցինք Հովսիայի մասին հատված 2-ում։ Մտածեք, թե ինչպես կարող եք ցույց տալ, որ հետևում եք Տիրոջը՝ չշեղվելով «աջ կամ ձախ»:

  • Դ Թագավորների 22․3–7 հատվածներում նկարագրված աշխատողներին վստահվեց այն փողը, որն օգտագործվում էր տաճարը վերակառուցելու համար, «քանի որ նրանք հավատարմորեն վարվեցին» (հատված 7)։ Այս հատվածները կարդալուց հետո դուք և ձեր երեխաները կարող եք խոսել ձեզ վստահված բաների մասին: Ինչպե՞ս կարող ենք այդ հատվածների աշխատողների նման վստահելի լինել:

դպիրը Հովսիա թագավորի հետ

Դպիրը սուրբ գրությունների մագաղաթ է բերում Հովսիա թագավորին, հեղինակ՝ Ռոբերթ Թ․ Բարեթ

Դ Թագավորների 22․8–11, 23․2–3

Սուրբ գրություններն ուսուցանում են ինձ հետևել Հիսուս Քրիստոսին

  • Դ Թագավորների 22–23 բաժիններում նկարագրված Հովսիա թագավորի պատմությունը ներկայացնելիս կարող եք թաքցնել սուրբ գրությունների օրինակներն ինչ-որ տեղ՝ սենյակում: Առաջարկեք ձեր երեխաներին գտնել այն: Ապա կարող եք կիսվել, թե ինչ տեղի ունեցավ, երբ Հովսիայի քահանաներից մեկը գտավ սուրբ գրությունները տաճարում (տես Դ Թագավորների 22․8–11, տես նաև «Հովսիա թագավորը» պատմությունը Հին Կտակարանի պատմություններ գրքից, 148–49)։ Ի՞նչ կարող էր պատահել մեզ հետ, եթե չունենայինք սուրբ գրությունները: Կիսվեք միմյանց հետ, թե ինչու եք ուրախ, որ այսօր մենք ունենք սուրբ գրություններ:

    1:36

    King Josiah

  • Դ Թագավորների 23․2–3 հատվածները կարդալուց հետո դուք և ձեր երեխաները կարող եք խոսել սուրբ գրությունների մասին, որոնք ոգեշնչել են ձեզ «քայլել Տիրոջ հետևից» (հատված 3)։ Կարող եք նաև երգել սուրբ գրությունների մասին «Search, Ponder, and Pray» երգը (Մանկական երգարան, 109)։

Դ Թագավորների 23.1–3

Ես կպահեմ իմ ուխտերն Աստծո հետ

  • Երբ Հովսիան և նրա ժողովուրդն իմացան Աստծո պատվիրանները, ուխտ կապեցին՝ ապրելով դրանցով: Կարդացեք այդ մասին ձեր երեխաների հետ Դ Թագավորների 23․1–3 հատվածներում և օգնեք նրանց գտնել բառեր կամ արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե մարդիկ ինչպես էին վերաբերվում Տիրոջ պատվիրաններին: Ձեր երեխաները կարող են կանգնել և խոսել այն մասին, թե ինչ կարող է նշանակել «[կանգնել] ուխտի մէջ»: Ապա նրանք կարող են քայլել տեղում և խոսել այն մասին, թե ինչ կարող է նշանակել «քայլել Տիրոջ հետևից»: Այնուհետև նրանք կարող են իրենց ձեռքերը դնել իրենց սրտերին և առաջարկել եղանակներ, որոնցով մենք կարող ենք պահել մեր ուխտերը «[մեր] բոլոր սրտով»:

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

մարդիկ պարաններով քանդում են արձանը

Հովսիայի ժողովուրդը հեռացնում է կուռքերը քաղաքից, հեղինակ՝ Ուիլյամ Հոլ

Երեխաների միության վարժությունների էջ․ Սուրբ գրություններն ինձ ուսուցանում են հետևել Հիսուս Քրիստոսին