«Հուլիսի 6–12։ «Մարգարե կա Իսրայելի մեջ»․ Բ Թագավորների 2–7», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Հուլիսի 6–12։ «Մարգարե կա Իսրայելի մեջ»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
Գետի ափին, հեղինակ՝ Էննի Հենրի Նեյդեր
Հուլիսի 6–12․ «Մարգարե կա Իսրայելի մեջ»
Բ Թագավորների 2–7
Մարգարեի հիմնական միսիան է՝ ուսուցանել և վկայել Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին: Սակայն Եղիսե մարգարեի մասին մեր գրառումը չի պարունակում նրա ուսմունքի կամ վկայության մեծ մասը: Այս գրառման մեջ ներառված են Եղիսեի գործած հրաշքները, այդ թվում՝ մեռած երեխային կենդանացնելը (տես Բ Թագավորների 4․18–37), քիչ քանակությամբ ուտելիքով բազմությանը կերակրելը (տես Բ Թագավորների 4․42–44) և բորոտությունը բժշկելը (տես Բ Թագավորների 5․1–14)։ Այսպիսով, չնայած մենք չունենք Քրիստոսի մասին վկայող Եղիսեի խոսքերը, մենք ունենք Եղիսեի ծառայությունը և գործած հրաշքները, որոնք վկայում են Քրիստոսի մասին: Դրանք Տիրոջ կենսատու, սնուցող և բժշկող զորության հզոր դրսևորումներն են։ Հրաշքներն ավելի հաճախ են պատահում մեր կյանքում, քան մենք երբեմն գիտակցում ենք: Դրանք տեսնելու համար մենք պետք է փնտրենք այն հավատքը, որն ուներ Եղիսեն, երբ աղոթում էր իր վախկոտ երիտասարդ ծառայի համար. «Ով Տէր, բաց նրա աչքերը որ տեսնի» (Բ Թագավորների 6․17)։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Բ Թագավորների 2–6
Աստված կարող է հրաշքներ գործել իմ կյանքում
Հրաշքները ցույց են տալիս մեզ Աստծո զորությունը: Դրանք կարող են օգնել մեզ հաղթահարել մահկանացու կյանքի դժվարությունները, օրինակ՝ ինչպես ամայի հողը, որը մաքուր ջրի կարիք ունի (տես Բ Թագավորների 2․19–22) կամ կորած կացինը, որը պետք է գտնել (տես Բ Թագավորների 6․4–7)։ Բայց ամենակարևորը, հրաշքները կարող են օգնել մեզ դառնալ դեպի Տերը: Բ Թագավորների 2–6 գլուխները կարդալիս կարող եք գրել ձեր գտած հրաշքները և խորհել այն հոգևոր դասերի շուրջ, որոնք սովորում եք յուրաքանչյուր հրաշքից:
Կարող եք նաև համեմատել Եղիսեի գործած հրաշքները Հիսուս Քրիստոսի գործած հրաշքների հետ (տես Բ Թագավորների 4.8–37 և Ղուկաս 7.11–16, Բ Թագավորների 4.42–44 և Հովհաննես 6.1–13, Բ Թագավորների 5.1–15 և Ղուկաս 17.11–19): Ի՞նչ են այս հրաշքներն ուսուցանում ձեզ Փրկչի և Նրա մարգարեների մասին։
Տես նաև 2 Նեփի 26․12–13, 27․23, Մորոնի 7․35–37, «Փնտրեք և ակնկալեք հրաշքներ» հատվածը Ռասսել Մ. Նելսոնի «Հոգևոր լիցքի զորությունը» ուղերձից, Լիահոնա, մայիս 2022, 99–100։
Եղիսեն կենդանացնում է սունամիացու որդուն, հեղինակ՝ Ֆրեդերիկ Լեյթոն
Բ Թագավորների 4․8–17, 7․1–16
Տերը կկատարի Իր խոսքերն Իր մարգարեների միջոցով
Տերը ոգեշնչեց Եղիսեին մարգարեանալ ապագա իրադարձությունների մասին՝ սովորաբար այն բաների մասին, որոնք քիչ հավանական էին թվում: Բ Թագավորների 4․8–17, 7․1–16 հատվածները կարդալիս մտածեք, թե ինչպես եք արձագանքում Իր մարգարեների միջոցով տրված Տիրոջ խոսքին այսօր: Ի՞նչ ուսմունքներ, մարգարեություններ կամ խոստումներ եք լսել ապրող մարգարեներից: Ի՞նչ եք անում, որ հավատքով գործեք ըստ Նրանց խոսքերի:
Տես նաև 3 Նեփի 29․6, Վարդապետություն և Ուխտեր 1.37–38, «Նախագահների ուսմունքները» ժողովածուն, Gospel Library հավելված։
Բ Թագավորների 5
Քանի որ ես խոնարհ և հնազանդ եմ, Հիսուս Քրիստոսը կարող է բժշկել ինձ
Բ Թագավորների 5 բաժինը կարդալիս կարող եք համեմատել Նեեմանի բորոտությունը ձեր առջև ծառացած հոգևոր դժվարությունների հետ:
Կա՞ արդյոք ձեր կյանքում «փոքր աղախնի» պես մեկը, որը կխրախուսի ձեզ առաջնորդություն փնտրել Տիրոջ մարգարեներից՝ ձեր դժվարությունները հաղթահարելիս (տես հատվածներ 2–3, 13)։
Ի՞նչ է Տերը հրավիրում ձեզ անել, որը կարող է չափազանց պարզ թվալ, օրինակ՝ «լվացել և մաքրվել» (հատված 13)։ Ի՞նչը կարող է խանգարել ձեզ ընդունելու Նրա պարզ հրավերները:
Ինչպե՞ս կարող եք Նեեմանի պես խոնարհություն դրսևորել։
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Նեեմանի փորձառությունն ազդել Իսրայելի Աստծո հանդեպ իր հավատքի վրա (տես հատված 15)։ Ի՞նչ կարող եք սովորել դրանից:
Տես նաև Ղուկաս 4․27, Ա Պետրոս 5․5–7, Ալմա 37․3–7, Եթեր 12․27, Լ․ Ուիթնի Քլեյթոնի «Ինչ որ ասէ ձեզ, արէք» ուղերձը, Լիահոնա, մայիս 2017, 97–99, «Naaman and Elisha» (տեսանյութը), Gospel Library հավելված։
Naaman and Elisha
Համեմատեք սուրբ գրությունները ձեր կյանքի հետ: Երբեմն սուրբ գրություններում ավելի հեշտ է անձնական իմաստ գտնել՝ պատմության մեջ առկա ֆիզիկական իրերը ձեր կյանքի հոգևոր բաների հետ համեմատելիս: Օրինակ՝ Ա Թագավորների 2–7 գլուխներն ուսումնասիրելիս կարող եք ձեր կյանքի իրավիճակները համեմատել բորոտության, փոխառված կացնի, Հորդանան գետի կամ մեծ զավթիչ բանակի հետ: Ի՞նչ դասեր ունի Տերը ձեզ տալու այս պատմություններից:
Բ Թագավորների 6․8–23
«Որովհետև մեզ հետ եղողները շատ են քան թէ նրանց հետ եղողները»
Երբ փորձել եք հետևել Քրիստոսին, երբևէ զգացե՞լ եք ձեզ Եղիսեի երիտասարդ ծառայի նման, որը նվաստ էր և վախկոտ: Բ Թագավորների 6․8–23 հատվածները կարդալիս պատկերացրեք, որ նրա տեղում եք։ Ինչպե՞ս է այս պատմությունը փոխում այն, թե ինչ եք մտածում և զգում ձեր փորձությունների, պարտականությունների կամ ավետարանով ապրելու ձեր ջանքերի վերաբերյալ։
Մտածելիս հաշվի առեք նախագահ Հենրի Բ. Այրինգի խոսքերը. «Եղիսեի այդ ծառայի նման ավելի շատերը կան ձեզ հետ, քան նրանք, որ հակառակ են ձեզ: Նրանք, ովքեր ձեզ հետ են, անտեսանելի կլինեն ձեր մահկանացու աչքերի համար: Տերը կբարձրացնի ձեզ և երբեմն դա կանի՝ կանչելով ուրիշներին՝ կանգնելու ձեր կողքին» («Ո՜վ դուք, որ մտնում եք», Լիահոնա, նոյ. 2008, 58)։
Կարող եք կազմել «[ձեզ] հետ եղողների» ցանկը (հատված 16)՝ այն մարդկանց, որոնց Աստված դրել է ձեր կյանքում՝ ձեզ աջակցելու համար: Կարող եք խնդրել Նրան օգնել ձեզ բացահայտել նրանց՝ բացելով ձեր հոգևոր աչքերը: Նա, հավանաբար, նաև ձեզ դրել է ուրիշների կյանքում՝ նրանց օգնելու համար: Ինչպե՞ս կարող եք միմյանցից ուժ և աջակցություն ստանալ:
Ե՞րբ եք զգացել այն աջակցությունը, որը Տերը նկարագրում է Վարդապետություն և Ուխտեր 84.88 հատվածում։
Կարող եք նաև ուսումնասիրել քույր Միշել Դ. Քրեյգի «Աչքեր՝ որ տեսնեք» ուղերձը (Լիահոնա, նոյ. 2020, 15–17)։ Ձեզ հարց տվեք. «Աստված ի՞նչ է կամենում, որ ես տեսնեմ»:
Անդրադառնալով Բ Թագավորների 6․8–23 հատվածների պատմությանը երեց Ռոնալդ Ա. Ռասբանդն ասել է․ «Գուցե մենք չունենանք հրեղեն կառքեր, որոնք ուղարկված են փարատելու մեր վախերը և հաղթելու մեր դևերին, բայց դասը պարզ է։ Տերը մեզ հետ է, մտածում է մեր մասին և օրհնում է մեզ այնպիսի եղանակներով, որ միայն Նա կարող է անել: Աղոթքը կարող է օժտել զորությամբ և հասանելի դարձնել հայտնությունը, որն անհրաժեշտ է մեզ մեր մտքերը Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության վրա կենտրոնացնելու համար: Տերը գիտեր, որ մենք երբեմն վախ էինք զգալու: Ես այդ վիճակում եղել եմ, և դուք նույնպես: … Այս Եկեղեցում մենք կարող ենք թվով քիչ լինել, քանի որ աշխարհը գնահատում է ազդեցությունը, բայց երբ մենք բացում ենք մեր հոգևոր աչքերը, «մեզ հետ եղողները շատ են, քան թե նրանց հետ եղողները» [Բ Թագավորների 6.16]» («Մի խռովվեք», Լիահոնա, նոյ․ 2018, 18, 19): Ինչպե՞ս կօգտագործեք այս բառերը՝ օգնելու այն մարդուն, որն անհանգստացած կամ վախեցած է:
Տես նաև «Dearest Children, God Is Near You» օրհներգը, Հիմներ, հ. 96:
Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Բ Թագավորների 4
Աստված կարող է հրաշքներ գործել իմ կյանքում
-
Երբ օգնեք ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ է հրաշքը, առաջարկեք նրանց թվել հրաշքների հնարավորինս շատ օրինակներ: Ավետարանի պատկերագրքում կամ Եկ, հետևիր ինձ ձեռնարկում ներկայացված նկարները կարող են օգնել։ Ապա նրանք կարող են հրաշքներ փնտրել Բ Թագավորների 4․1–7, 14–17, 32–35, 38–44 հատվածներում։ Այդ հրաշքներն ի՞նչ են ուսուցանում Երկնային Հոր մասին:
-
Դուք և ձեր երեխաները կարող եք խոսել այն մասին, թե ինչպես է Աստված ցույց տվել Իր սերը հրաշքների միջոցով: Կարող եք նաև միասին երգել «God’s Gracious Love» երգը (Gospel Library հավելված):
Կանգնեք որպես վկա, հեղինակ՝ Կվանի Պովի Վինդեր
Բ Թագավորների 5․1–15
Ես կարող եմ ընտրել անել այն, ինչ Աստված պատվիրում է Իր մարգարեի միջոցով
-
Օգնեք ձեր երեխաներին ուսումնասիրել Բ Թագավորների 5․1–3, 9–14 հատվածների պատմությունը: Կարող եք օգտագործել «Եղիսեն բուժում է Նեեմանին» պատմությունը (Հին Կտակարանի պատմություններ գրքից, 134–37) կամ Նեեմանի նկարն այս շաբաթվա նյութից։ Ինչո՞ւ Նեեմանը չցանկացավ լվացվել Հորդանան գետում, չնայած Եղիսեն ասաց նրան, որ դա կբուժի իր հիվանդությունը: Ինչպե՞ս օրհնվեց Նեեմանը, երբ հետևեց Եղիսեի հրահանգներին: Կարող եք կիսվել միմյանց հետ Տիրոջը հնազանդվելու ձեր փորձառություններով, նույնիսկ երբ համոզված չէիք, որ ցանկանում եք դա անել:
1:52Elisha Heals Naaman
-
Կարող եք նաև նշել Բ Թագավորների 5․13 հատվածը, որտեղ Նեեմանի ծառաներն օգնեցին նրան որոշել հնազանդվել Եղիսե մարգարեին: Ապա ձեր երեխաները կարող են պատմել այն մասին, թե ինչպես կարող են օգնել իրենց ընկերներին կամ ընտանիքի անդամներին լսել և հնազանդվել մարգարեին:
Բ Թագավորների 6․8–17
Ես միայնակ չեմ
-
Դուք և ձեր երեխաները կարող եք պատկերացնել, որ ձեզ շրջապատել է սրերով, ձիերով և կառքերով զինված բանակը։ Ի՞նչ կզգայիք: Ի՞նչ կանեիք դուք։ Ձեր երեխաները կարող են փակել իրենց աչքերը, երբ նրանց համար կարդում եք Բ Թագավորների 6.16–17 հատվածները։ (Տես նաև «Եղիսեն և Տիրոջ զորքը» պատմությունը Հին Կտակարանի պատմություններ գրքից, 138–39 կամ այս նյութի վերջում ներկայացված նկարը:) «Բաց նրա աչքերը» խոսքերը կարդալիս (հատված 17), խնդրեք երեխաներին բացել իրենց աչքերը: Պատմեք այն մասին, թե ինչ է տեսել ծառան: Կիսվեք ձեր երեխաների հետ, թե ինչպես եք զգացել, որ Տերը ձեզ հետ է եղել ձեր դժվարությունների ժամանակ, նույնիսկ երբ թվում էր, թե դուք միայնակ եք:
1:9Elisha and the Lord’s Army
Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։