Սեմինարիա
Ձևանմուշ. Եկեղեցու ղեկավարների ուսմունքները. Ուսումնասիրեք և կիրառեք Տիրոջ ծառաների ուսմունքը


«Ձևանմուշ. Եկեղեցու ղեկավարների ուսմունքները. Ուսումնասիրեք և կիրառեք Տիրոջ ծառաների ուսմունքը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ձևանմուշ. Եկեղեցու ղեկավարների ուսմունքները. Ուսումնասիրեք և կիրառեք Տիրոջ ծառաների ուսմունքը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եկեղեցու ղեկավարների ուսմունքները․ Դաս 207

Ձևանմուշ. Եկեղեցու ղեկավարների ուսմունքները

Ուսումնասիրեք և կիրառեք Տիրոջ ծառաների ուսմունքները

Studying General Conference on Mobile Device

Ոգեշնչող է իմանալ, որ Փրկիչը դեռևս խոսում է Իր ընտրյալ ծառաների հետ այսօր։ Սեմինարիայում ուսումնառության ողջ տարվա ընթացքում ուսանողները մի քանի անգամ հնարավորություն կունենան ուսումնասիրել Նրա ուղերձներն այդ ծառաների միջոցով։ Կարող եք օգտագործել այս ձևանմուշը որպես գործիք՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավարների ուղերձներն ուսուցանելու համար։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողների հետ կիսվեք այն ելույթի վերնագրով, որը նրանք ուսումնասիրելու են դասարանում: Խրախուսեք նրանց դասից առաջ կարդալ, դիտել կամ լսել ամբողջ ելույթը կամ դրա մի մասը։ Հրավիրեք ուսանողներին աղոթքով նախապատրաստել իրենց սրտերը՝ ուսուցանվելու Սուրբ Հոգու կողմից, Հիսուս Քրիստոսի ծառաների ուղերձներն ուսումնասիրելու ընթացքում։

Եկեղեցու ղեկավարների ելույթներն ուսումնասիրելու հնարավոր վարժություններ

Նշում․ այս ձևանմուշն օգտագործելու օրինակների համար տես «Դաս 208․ Իսրայելի հույսը»-ը։

Այս ձևանմուշը կօգնի ձեզ ուսուցանել ձեր ուսանողներին Եկեղեցու ղեկավարների ուղերձները։ Այն առանձին դաս չէ։ Այն պարունակում է ուսուցման և ուսումնասիրության բազմազան գաղափարներ, որոնք կարող եք օգտագործել ամեն անգամ, երբ կարդում եք Եկեղեցու ղեկավարի ելույթը։

Դասը ներկայացնելուց առաջ ուսումնասիրեք այն ելույթը, որը պատրաստվում եք ուսուցանել՝ փնտրելով, թե ձեր ուսանողների հասկացողության և նրանց կողմից կիրառման համար որ ճշմարտություններն են առավել կարևոր։ Որպեսզի օգնենք ձեզ կայացնել այդ որոշումը, (1) ուշադիր եղեք Հոգու հուշումներին, (2) հիշեք ոգեշնչված հեղինակի մտադրության մասին, (3) փնտրեք դարձի բերող ճշմարտություններ, որոնք կօգնեն խորացնել դարձն առ Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը, և (4) հաշվի առեք ձեր ուսանողների կարիքներն ու կարողությունները։

Ապա այս ձևանմուշից գաղափարներ ընտրեք կամ օգտագործեք ձեր անձնական գաղափարները, որոնք, ըստ ձեզ, կօգնեն ձեր ուսանողներին բացահայտել, հասկանալ և կիրառել ելույթից ընտրված ճշմարտությունները։ Ձեր դասում կարող եք այս ձևանմուշի յուրաքանչյուր բաժնից մեկական գաղափար օգտագործել։

Ուսանողներին տրամադրեք այն ելույթի տպագիր կամ թվային տարբերակը, որը պետք է ուսումնասիրեն։ Կարող եք նաև աշխատաթերթ պատրաստել ելույթի այն հատվածներից, որոնց վրա պետք է կենտրոնանաք։

Դասը սկսելու մեթոդներ

Մտածեք դասը սկսելու եղանակի մասին, որը կարող է ուսանողների մտքում կամ սրտում հետաքրքրություն առաջացնել՝ օգնելու իրենց պատրաստվել ուսումնական փորձառությունը: Ստորև տրվում է մի քանի օրինակ.

Մտածելու տեղիք տվող հարց կամ պնդում։ Կիսվեք մտածելու տեղիք տվող հարցով կամ պնդումով, որն առնչվում է խոսնակի ուղերձին և ուսանողներին առաջարկեք հակիրճ քննարկել այն կամ գրել իրենց սկզբնական պատասխաններն իրենց օրագրերում։ Օրինակ՝ կարող եք ելույթի վերնագիրը գրել գրատախտակին և հարցնել ուսանողներին, թե, ըստ իրենց, ինչու է այս թեման կարևոր մեր օրերերի համար։

Առարկայական դասեր, նկարներ կամ տեսանյութեր։ Կիսվեք և հակիրճ քննարկեք խոսնակի ուղերձին վերաբերող առարկայական դասը, նկարը կամ Եկեղեցու կողմից հաստատված տեսանյութը։

Կիսվեք պատմությամբ։ Կիսվեք պատմությամբ, որը վերցված է խոսնակի ուղերձից կամ կապված է դրա հետ։ Երբեմն կարող է արդյունավետ լինել դասի սկզբում պատմել պատմության միայն մի մասը՝ ուսանողների հետաքրքրությունը շարժելու համար։ Դասի ընթացքում պատմությունը կարող եք ավարտվել՝ ցույց տալով խոսնակի ուղերձի նպատակը:

Հարցեր թեմայի վերաբերյալ։ Կիսվեք ելույթի թեմայով և ուսանողներին առաջարկեք գրատախտակին կամ իրենց օրագրերում գրել այդ թեմայի վերաբերյալ իրենց կամ ուրիշների ունեցած ցանկացած հարց։ Խրախուսեք ուսանողներին պատասխաններ փնտրել դասի ընթացքում:

Համապատասխան սցենար: Կարող եք ներկայացնել համապատասխան սցենար կամ առաջարկել ուսանողներին ստեղծել սցենար մի դեռահասի մասին, որի համար օգտակար կլինի լսել և կիրառել խոսնակի այն ուղերձը, որը դասարանը պետք է ուսումնասիրի։

Ինքնագնահատում։ Ուսանողներին առաջարկեք անձամբ գնահատել կամ մտորել ելույթում քննարկվող թեմայի իրենց ներկայիս հասկացողության, մոտեցման կամ կիրառման շուրջ։ Դա անելու եղանակներից մեկն է՝ մտորել անհատական մտորումների հարցերի պատասխանների շուրջ կամ գրել դրանք։ Կարող եք օգտագործել ելույթում եղած հարցերը կամ գրել ձեր անձնականը։

Ուղերձն ուսումնասիրելու մեթոդներ

Որպեսզի օգնեք ուսանողներին ուսումնասիրել ելույթը, կարող եք օգտագործել ձեր գաղափարները, հետևյալ գաղափարներից մեկը կամ մի քանիսը կամ տարբեր գաղափարների համադրությունը։

Ելույթից ընտրեք այն հատվածները, որոնք առավել օգտակար են, արդիական են և համապատասխանում են ուսանողների կարողություններին։ Օրինակ՝ այն հատվածները, որոնք ուսանողները պետք է կարդան, նպատակահարմար կլինի կրճատել և դարձնել դյուրըմբռնելի, այլ ոչ թե խնդրել նրանց կարդալ ամբողջ ելույթը։

Ուսանողներին առաջարկեք անձնական հայտնություն փնտրել իրենց ուսումնասիրության ընթացքում՝ գրելով հուշումներն իրենց ուսումնասիրության օրագրերում կամ էլեկտրոնային սարքերում։ Լրացուցիչ ուսումնասիրության գաղափարներ կարող եք գտնել «Studying General Conference» նյութում՝ ChurchofJesusChrist.org կայքում:

Փնտրել։ Ուսանողները, հավանաբար, հաջողության կհասնեն, եթե ուսմնասիրության ընթացքում որևէ բան փնտրեն։ Ուսանողները կարող են փնտրել հետևյալը․

  • Հիսուս Քրիստոս։ Ուսանողները կարող են փնտրել Փրկչի մասին ոգեշնչող ճշմարտություններ, Նրա մասին վկայություններ կամ օրինակներ կամ Նրա զորության, քավիչ զոհաբերության, սիրո, էության և այլնի մասին ուսմունքներ։

  • Հարցերի կամ մտահոգությունների պատասխաններ։ Եթե ​​օգտագործել եք «Հարցեր թեմայի վերաբերյալ» գաղափարն այս ձևանմուշի «Դասը սկսելու մեթոդներ» բաժնում, ապա ուսանողները կարող են ուսումնասիրության ընթացքում փնտրել այդ հարցերի պատասխանները։ Կամ կարող եք առաջարկել նրանց փնտրել իրենք կամ ուրիշների հարցերի կամ մտահոգությունների պատասխանները։ Երբ ուսանողներն ավարտեն ուսումնասիրել, առաջարկեք նրանց կիսվել իրենց գտածով։ Եթե գրատախտակին գրել եք այն հարցերը, որոնք ուսանողները նշել են ավելի վաղ, նրանք կարող են իրենց պատասխանները գրել այդ հարցերի տակ։ Ապա նրանք կարող են մեկնաբանել իրենց պատասխանները։

  • Համապատասխան սցենարում օգնելու եղանակներ։ Եթե ​​դուք օգտագործել եք «Համապատասխան սցենար» գաղափարը «Դասը սկսելու մեթոդներ» բաժնում, ապա ուսանողները կարող են փնտրել, թե խոսնակի ուղերձն ինչպես կարող է օգնել սցենարում ներկայացված մարդուն։

  • Ոգեշնչող բառեր կամ արտահայտություններ։ Ուսանողները կարող են նշել կամ գրել մտքեր այն բառերի կամ արտահայտությունների մասին, որոնք ոգեշնչող կամ կարևոր են իրենց համար։

  • Հավերժական ճշմարտություններ, հրավերներ և խոստացված օրհնություններ։ Ուսանողները կարող են այդ ելույթում փնտրել հավերժական ճշմարտություններ, հրավերներ և խոստացված օրհնություններ։ Նրանք կարող են դրանցից յուրաքանչյուրը նշել տարբեր եղանակներով կամ կարող են գրել դրանք իրենց օրագրերում՝ երեք առանձին սյունակների ներքո։

Ուսումնասիրեք անհատապես։ Ուսանողները հաճախակի կարող են հաջողության հասնել՝ ինքնուրույն ուսումնասիրելիս։ Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել ելույթի որոշ հատվածներ, ապա դասարանին կամ փոքր խմբին պատմել իրենց գտածի մասին։

Ուսումնասիրեք փոքր խմբերով։ Կարող եք ուսանողներին հանձնարարել ուսումնասիրել փոքր խմբերով։ Դա նշանակում է, որ նրանք կարող են հերթով կարդալ պարբերությունները կամ խմբի մեկ անդամի կարդալու ժամանակ բոլորը լսեն։

Օգտագործեք ելույթի աուդիո տարբերակը կամ տեսանյութը։ Կարող եք լսել ելույթի այն հատվածների աուդիո տարբերակը կամ տեսանյութը, որոնք, ըստ ձեզ, առավել կարևոր են ձեր ուսանողների ուսումնասիրության համար։ Ուսանողներին առաջարկեք օգտագործել ելույթի տպագիր կամ թվային տարբերակը։ Նրանք կարող են նշել այն պնդումները, որոնք պատասխանում են որոշակի հարցի կամ որոնք կարևոր են իրենց համար։ Նրանք կարող են նաև գրել ուսումնասիրության ընթացքում ստացած ցանկացած միտք կամ տպավորություն։

Համարակալեք պարբերությունները և ելույթը հերթով փոխանցեք բոլոր ուսանողներին։ Ելույթի օրինակում գրեք կամ մուտքագրեք պարբերությունների համարները։ Փոխանցեք ելույթը հերթով բոլոր ուսանողներին և առաջարկեք նրանց ընտրել որևէ պարբերություն՝ ուսումնասիրություն կատարելու համար։ Ուսանողները կարող են կարդալ մեկ կամ մի քանի պարբերություն՝ գրառումներ կատարելով և նշումներ անելով լուսանցքում: Ապա թերթիկը կարող է փոխանցվել հաջորդ ուսանողին, որը կանի նույն գործողությունը։ Բոլոր պարբերություններն ուսումնասիրելուց հետո թերթիկը վերադարձրեք առաջին ուսանողին և հնարավորություն տվեք նրան ծանոթանալ դասարանի մյուս անդամների կողմից գրված գաղափարներին:

Մեջբերված կամ առնչվող սուրբ գրություններ։ Ուսանողները կարող են ելույթում կամ ծանոթագրություններում փնտրել մեջբերված սուրբգրային հատվածները: Նրանք կարող են կարդալ հատվածները և նշել, թե ինչպես է ելույթն օգնում իրենց ավելի լավ հասկանալ մեջբերված սուրբ գրությունները կամ ինչպես են մեջբերված սուրբ գրություններն օգնում իրենց ավելի լավ հասկանալ ելույթի ուղերձը: Ուսանողները կարող են նշել հատվածները սուրբ գրությունների իրենց թղթային տարբերակում կամ հղումներ կատարել Gospel Library հավելվածում։

Հասկացողությունը խորացնելու մեթոդներ

Այս բաժնի նպատակն է՝ օգնել ուսանողներին խորհել իրենց ուսումնասիրած ելույթի շուրջ և քննարկել այն: Կարող եք օգտագործել ձեր գաղափարները կամ հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին ներգրավվել քննարկմանը: Ուսանողների կիսվելու ընթացքում կարող եք լրացուցիչ հարցեր տալ։ Այս տարբերակները կարող են կատարվել անհատապես, զույգերով կամ փոքր խմբերով:

Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա։ Եթե ​​ձեր ուսանողներն ուսումնասիրել են ելույթը՝ փնտրելով Հիսուս Քրիստոսի մասին ոգեշնչող ճշմարտություններ, ապա կարող եք տեղադրել Նրա նկարը գրատախտակին։ Ուսանողներին առաջարկեք նկարի շուրջը գրել այն, ինչ գտել են Նրա մասին ելույթում։ Ապա նրանք կարող են կիսվել իրենց գրածով և նրանով, թե ինչպես է դա օգնում իրենց ավելի լավ ճանաչել, սիրել կամ հետևել Հիսուս Քրիստոսին։

Դերախաղ։ Ուսանողները կարող են պատկերացնել, որ որևէ մեկն իրենց ելույթի հետ կապված հարց է տալիս։ Նրանք կարող են վարժվել պատասխանել ընկերոջը՝ հիմնվելով ելույթից ստացած գիտելիքների վրա։ Կամ, եթե օգտագործել եք «Համապատասխան սցենարում օգնելու եղանակներ» առաջարկը, ապա ուսանողները կարող են զուգընկերոջ կամ փոքր խմբի հետ հանդես գալ դերախաղով՝ պարզելու, թե ինչպես կարող են օգնել սցենարում ներկայացված մարդուն՝ օգտագործելով իրենց սովորածը։

Ուսուցանեք միմյանց։ Ուսանողները կարող են ուսուցանել միմյանց, թե ինչու է ելույթի ուղերձն արդիական կամ կարևոր իրենց համար։ Կամ նրանք կարող են միմյանց հետ կիսվել թեմայի վերաբերյալ իրենց իմացածով և նրանով, թե ինչպես է իրենց իմացածն օգնում իրենց ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսին։

Ելույթ նախապատրաստեք։ Կարող եք առաջարկել ուսանողներին ստեղծել երեքից հինգ րոպեանոց ելույթ կամ դաս, որը կուսուցանի իրենց ուսումնասիրած ուղերձը: Ուսանողները կարող են ներառել անձնական փորձառություններ կամ սուրբ գրությունների լրացուցիչ հղումներ, որոնք կօգնեն ներկայացնել ուղերձը: Նրանք կարող են փորձել կիսվել իրենց ելույթով զուգընկերոջ, ավելի փոքր խմբի կամ դասարանի հետ:

Գրեք մտքերն ու զգացմունքները։ Կարող եք առաջարկել ուսանողներին գրել իրենց մտքերն ու զգացմունքները, որոնք ունեցել են ելույթն ուսումնասիրելիս: Ուսանողները կարող են գրանցել ցանկացած գործողություն, որ Հոգին հուշել է իրենց անել: Անհրաժեշտության դեպքում պատրաստակամ ուսանողներին խնդրեք կիսվել:

Ստեղծեք որևէ բան։ Օգտագործելով ելույթից սովորածը՝ ուսանողները կարող են ժամանակ տրամադրել՝ ստեղծելու գծանկար, պաստառ, մեմ, սոցիալական ցանցի գրառում և նմանատիպ այլ բան։ Դա կարող է լինել հիշեցում կամ մարդկանց ոգեշնչող մի բան: Ուսանողները կարող են կիսվել իրենց ստեղծածով փոքր խմբի կամ դասարանի հետ:

Կիսվեք ուրիշների հետ։ Խրախուսեք ուսանողներին իրենց ընտանիքի կամ ընկերների հետ կիսվել ելույթից որևէ ուղերձով։ Կիսվելուց հետո ուսանողները կարող են ներառել մի պարզ վկայություն կամ հրավեր՝ գործելու ուսուցանվածի հիման վրա։

Ուղերձը կիրառելու մեթոդներ

Այս բաժնի նպատակն է ուսանողներին հնարավորություն տալ կիրառել այն, ինչ իրենք սովորել և զգացել են ելույթն ուսումնասիրելիս: Կարող եք օգտագործել ձեր գաղափարները կամ հետևյալ գաղափարներից մեկը կամ մի քանիսը՝ համապատասխանեցնելով դրանք ձեր ուսանողների կարիքներին։

Two people sitting at a table. Text boxes representing communication.Լրացուցիչ գաղափարների համար տես «Encourage learners to share the truths they are learning» նյութը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում՝ ChurchofJesusChrist.org կայքում։

Բացահայտեք և կիրառեք հրավերները։ Երբեմն ելույթները ներառում են մեկ կամ մի քանի հրավեր։ Ուսանողներին առաջարկեք նշել այդ հրավերները և աղոթքով մտածել, թե, ըստ իրենց, ինչ է Տերը ցանկանում, որ իրենք անեն՝ հրավերը կիրառելու համար։ Նրանք կարող են նաև մտածել, թե այդ հրավերի համաձայն գործելն ինչպես կարող է օգնել իրենց ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

Գործեք ըստ հուշումների։ Խրախուսեք ուսանողներին գործել՝ հիմնվելով այն տպավորությունների վրա, որոնք կարող են ունենալ՝ ելույթն ուսումնասիրելիս։ Նրանք կարող են ոգեշնչվել՝ կատարելու որոշակի փոփոխություններ իրենց կյանքում, սահմանելու կամ աշխատելու անձնական նպատակի վրա կամ կիսվելու ուղերձով մեկ այլ մարդու հետ։

Ծրագիր կազմեք։ Ուսանողները կարող են իրենց օրագրում կամ էլեկտրոնային սարքում պատասխանել հետևյալ հարցերին, որոնք կօգնեն կիրառել իրենց սովորածը.

  • Ի՞նչ եմ ես ծրագրում անել։

  • Ինչո՞ւ եմ կարծում, որ պետք է դա անեմ։

  • Ե՞րբ եմ ծրագրում դա անել։

  • Ո՞ւմ կարող եմ դիմել ինձ օգնելու համար։

  • Փրկիչը ինչպե՞ս կարող է օգնել ինձ։