«Գնահատեք ձեր գիտելիքները, Մաս 2․ Եսայի 1–2, 6, 9, 11–12, 29, 49, 53, 58, 61, Սաղմոսներ 23–24, Դանիել 1–3, 6, Մաղաքիա 3», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Գնահատեք ձեր գիտելիքները, Մաս 2․ Եսայի 1–2, 6, 9, 11–12, 29, 49, 53, 58, 61, Սաղմոսներ 23–24, Դանիել 1–3, 6, Մաղաքիա 3», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Հավելված
Գնահատեք ձեր գիտելիքները. Մաս 2
Եսայի 1–2, 6, 9, 11–12, 29, 49, 53, 58, 61, Սաղմոսներ 23–24, Դանիել 1–3, 6, Մաղաքիա 3
Մեր աճը և հոգևոր զարգացումը ճանաչելու համար ժամանակ տրամադրելը կամրապնդի մեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ և կմղի մեզ մնալ ուխտի ուղու վրա: Այս դասը կօգնի ձեզ գնահատել ձեր հոգևոր աճը Եսայի 1–2, 6, 9, 11–12, 29, 49, 53, 58, 61, Սաղմոսներ 23–24, Դանիել 1–3, 6, Մաղաքիա 3 գլուխների ուսումնասիրության արդյունքում։ Գտեք հնարավորություններ՝ կիսվելու ձեր պատասխաններից մի քանիսով ընկերների կամ ընտանիքի անդամների հետ:
Նշում․ նախքան այս գնահատումը կատարելը, կարդացեք բոլոր պահանջվող գլուխները․ Եսայի 1–2, 6, 9, 11–12, 29, 49, 53, 58, 61, Սաղմոսներ 23–24, Դանիել 1–3, 6, Մաղաքիա 3։
Մեկ տոկոսով ավելի լավ
Ավելի քան մեկ դար Մեծ Բրիտանիայի հեծանվավազքի ազգային հավաքականը պայքարում էր և օլիմպիական մրցումներում հաղթեց ընդամենը մի քանի մեդալ: Բայց 2003 թվականին թիմի մարզիչը բացահայտեց հաճախ անտեսված կամ անսպասելի ուղղություններ, որոնցում թիմը կարող էր մեկ տոկոս բարելավում կատարել։ Արդյունքում՝ 2003 թվականից ի վեր, բրիտանական հեծանվորդները հաղթել են Տուր դը Ֆրանս հեծանվային մրցաշարը վեց անգամ։ Նրանք նաև նվաճել են 2020 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալների մեծամասնությունը (տես Մայքլ Ա. Դան, «Մեկ տոկոսով ավելի լավ», Լիահոնա, նոյ. 2021)։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է.
Փոքր, հաստատուն, առանձին հոգևոր բարելավումներն այն քայլերն են, որոնք Տերը ցանկանում է, որ մենք կատարենք: («Սուրբ ձեռքեր և անարատ սիրտ», Լիահոնա, նոյ․ 2007, 82)
Կարող եք գրել հետևյալ հարցերի ձեր պատասխանները ուսումնական օրագրում կամ կիսվեք դրանցով ձեր ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ։
-
Ի՞նչ հոգևոր տպավորություններ եք ստացել Սուրբ Հոգուց վերջերս: Ինչպե՞ս եք գործել դրանց հիման վրա:
-
Որո՞նք են այն փոքր հոգևոր բարելավումները, որոնք դուք կատարել եք Հիսուս Քրիստոսի ձեր աշակերտության մեջ:
-
Որո՞նք են այն ոլորտները, որոնցում դուք դեռ պետք է հոգևոր փոքր բարելավումներ անեք:
Բացատրեք Հիսուս Քրիստոսի տիտղոսներն ու դերերը
Երբ սովորում ենք Տիրոջ խոսքերը Հին Կտակարանում, մենք ավելին ենք սովորում Նրա տիտղոսների և դերերի մասին։ Օգտագործեք այս գծապատկերը և արեք հետևյալը․
-
Կենտրոնական օղակի մեջ գրեք «Հիսուս Քրիստոս»:
-
Մյուս օղակներում գրեք Հիսուս Քրիստոսի որոշ տիտղոսներ ու դերեր, որոնք սովորել եք Հին Կտակարանում և որևէ հատված, որտեղ կարող եք գտնել դրանք։ Կարող եք ավելացնել լրացուցիչ օղակներ յուրաքանչյուր գտած տիտղոսի համար։ Եսայի 9.6–7, 53.3–5 հատվածների վերանայումը կարող է օգնել ձեզ։ (Այլ տիտղոսներ և դերեր կարող եք գտնել Եսայի 7.14, 33.22, 40.28, 43.3, 48.17, Երեմիա 17.13, Եզեկիել 34.11–13 հատվածներում։ Կարող եք նաև փնտրել The Names of Christ նյութում, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։)
Երբ մտորեք, թե ինչ են Հիսուս Քրիստոսի տիտղոսներն ու դերերը սովորեցնում մեզ Նրա մասին, ընտրեք մի տիտղոս կամ դեր, որն առանձնանում է ձեզ համար։ Կենտրոնացեք այդ տիտղոսի կամ դերի վրա, երբ պատասխանեք հետևյալ հարցերից մեկին․
-
Այդ տիտղոսը կամ դերը ի՞նչ է ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին։
-
Ձեր կյանքի ո՞ր հանգամանքներում կարող է օգտակար լինել Հիսուս Քրիստոսի այս տիտղոսը կամ դերը հիշելը։
-
Ինչպե՞ս եք տեսնում Փրկչին այս տիտղոսը կամ դերը ձեր կամ ուրիշների կյանքում իրագործելիս այսօր։
Բացատրեք վերջին օրերում Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին Հին Կտակարանի մարգարեությունները
Պատկերացրեք, որ ունեք մի ընկեր, որը հետաքրքրված է ավելին իմանալու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին։ Դուք ցանկանում եք ցույց տալ ձեր ընկերոջը, որ Աստվածաշունչն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման մասին։ Մտածեք, թե ինչով կարող եք կիսվել ձեր ընկերոջ հետ։ Այնուհետև վերանայեք վարդապետության սերտման հետևյալ հատվածները։ Գտեք Վերականգնման մի ոլորտ, որի մասին մարգարեացվել էր Հին Կտակարանում, որով կարող եք կիսվել ձեր ընկերոջ հետ։
Եսայի 29.13–14
Եզեկիել 37.15–17
Դանիել 2․44–45
-
Ինչպե՞ս կարող եք բացատրել Հին Կտակարանի այս մարգարեությունը ձեր ընկերոջը։
-
Ի՞նչ է այս մարգարեությունն ուսուցանում ձեզ Փրկչի և Նրա եկեղեցու մասին։
Գրի առեք ձեր պատասխաններն ուսումնական օրագրում կամ փորձեք կիսվել, թե ինչպես կբացատրեիք մարգարեությունը ձեր ընկերոջը, ընտանիքի անդամին կամ ուսուցչին։
Զգալ ավելի մեծ ցանկություն՝ հաղթահարելու մեղքը Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով
Եսայի 1.18 հատվածում Տերն օգտագործել է պատկերներ՝ օգնելու մեզ հասկանալ, թե ինչ կարող է անել Փրկիչը մեր կյանքում, երբ մենք հաղթահարենք մեղքը Նրա Քավության միջոցով։ Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են երեքից հինգ րոպե ելույթ ունենալ՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մեղքը հաղթահարելու վերաբերյալ։ Կազմեք կարճ ուրվագիծ, թե ինչպիսին կլինի ձեր ելույթը, որը կպարունակի հետևյալը․
-
Ինչ եք սովորել Հին Կտակարանից։ Օրինակները կարող են ներառել Եսայի 1․18 և Եսայի 53․3–5 հատվածները։
-
Ինչ է Հոգին ուսուցանել ձեզ Փրկչի և ապաշխարության մասին։
-
Ձեր զգացմունքները Հիսուս Քրիստոսի և Նրա զոհաբերության մասին, որը հնարավոր է դարձնում, որ դուք մաքրվեք ձեր մեղքերից։