Սեմինարիա
Մաղաքիա 4. Կնքման զորությունը


«Մաղաքիա 4. Կնքման զորությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Մաղաքիա 4. Կնքման զորությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Մաղաքիա. Դաս 159

Մաղաքիա 4

Կնքման զորությունը

Cordoba Argentina Temple sealing room

Սրբազան տաճարներում Փրկիչը կնքման բանալիների միջոցով միավորում է ընտանիքներին հավերժության համար: Մաղաքիան մարգարեացել է, որ Փրկիչը կվերականգնի այդ բանալիները, որոնց միջոցով «հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները, իսկ որդիների սրտերը՝ դեպի իրենց հայրերը» (Մաղաքիա 4.6): Այս դասը կօգնի ուսանողներին դարձնել իրենց սրտերը դեպի իրենց նախնիները և ապագա սերունդները:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մի քանի րոպե տրամադրել՝ FamilySearch.org կայքը կամ FamilySearch Tree հավելվածն ուսումնասիրելու համար։ Օրինակ՝ նրանք կարող են սեղմել իրենց տոհմածառին գրված հարազատների անունների վրա՝ նրանց մասին ավելին իմանալու համար: Կամ կարող են կատարել ընտանեկան պատմության որոշ գործողություններ, որոնք գտնվում են կայքում կամ հավելվածի «Ավելին» ցանկում: Եթե ​​ուսանողներին հասանելի չեն այդ աղբյուրները, նրանք կարող են խոսել իրենց ծնողների կամ ընտանիքի անդամների հետ՝ նախնիների մասին նոր տեղեկություն իմանալու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Արմատներ ու ճյուղեր

Ուսանողներին առաջարկեք իրենց ուսումնասիրության օրագրերում արմատներով և ճյուղերով ծառ նկարել: Կարող եք այն նաև նկարել գրատախտակին:

Set of line art depicting a growing tree from a seedling to a full grown tree with roots, sunlight.
  • Ինչո՞ւ են ծառի առողջության համար կարևոր և՜ արմատները, և՜ ճյուղերը:

    Ուսանողներին առաջարկեք իրենց անունը գրել իրենց նկարած ծառի բնի վրա:

  • Եթե ​​ծառի բունը խորհրդանշում է ձեզ, ո՞ւմ կարող են խորհրդանշել արմատներն ու ճյուղերը:

    Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ սուրբ գրություններում Տերը հաճախ է օգտագործում ծառն իր արմատներով և ճյուղերով՝ որպես փոխաբերություն, որպեսզի ուսուցանի մեզ ընտանիքի մասին։ Կարող եք նաև դիտել «By the Hand of Elijah the Prophet» տեսանյութը (3:32)՝ ժամը 0:00-0:35, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

    3:32

    Ուսանողներին առաջարկեք անվանել արմատները նախնիներ, իսկ ճյուղերը՝ սերունդներ։ Տրամադրեք հետևյալ հրահանգները․

  • Ձեր նկարած ծառի արմատների կողքին հակիրճ նկարագրեք, թե ինչպես եք վերաբերվում ձեր նախնիներին (ծնողներին, տատիկներին ու պապիկներին և այլն):

  • Ձեր նկարած ծառի ճյուղերի կողքին գրեք, թե ինչ հույսեր եք կապում ձեր ապագա սերունդների հետ կամ ինչ եք պատկերացնում՝ նրանց մասին մտածելիս (երեխաների, թոռների և այլն):

Մաղաքիա 4 գլուխն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչ է արել Փրկիչը՝ ամրացնելու և պահպանելու ձեր տոհմածառի արմատներն ու ճյուղերը: Կարող եք լուռ աղոթել՝ խնդրելով Երկնային Հորը օգնել ձեզ հասկանալ, թե ինչ կարող եք անել, որպեսզի ամրացնեք ձեր հավերժական ընտանիքը:

Քանի որ ուսանողներն ունենում են տարբեր ընտանեկան իրավիճակներ, կարևոր է հավերժական ընտանիքների վարդապետության մասին խոսելիս դրսևորել զգայունություն և հասկացողություն: Հիշեցրեք ուսանողներին, որ Փրկիչը լիովին տեղյակ է իրենց հանգամանքների մասին և Իր Քավության միջոցով կարող է անհրաժեշտ հույս և բժշկություն տալ իրենց անցյալ, ներկա և ապագա ընտանիքներին:

Մաղաքիայի մարգարեությունները

Կարդացեք Մաղաքիա 4.1 հատվածը՝ փնտրելով, թե Իր Երկրորդ Գալուստի այս մարգարեության մեջ Տերը ինչ է ուսուցանել արմատների և ճյուղերի մասին:

  • Ելնելով արմատների և ճյուղերի մասին ձեր սովորածից, ըստ ձեզ, ի՞նչ է ուսուցանում Փրկիչը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է հետևյալը.

Portrait of Elder D. Todd Christofferson.  Photographed in March 2020.

Առանց այն կնքումների, որոնք ստեղծում են հավերժական ընտանիքներ և կապում են սերունդներն այստեղ և ապագայում, մենք հավերժության մեջ կմնայինք առանց արմատների և առանց ճյուղերի, այսինքն՝ առանց նախնիների և առանց սերունդների: («Կնքման զորությունը», Լիահոնա, նոյ․ 2023, 21)

Խորհեք, թե ինչ կզգայիք, եթե չկարողանայիք կնքվել կամ հավերժ միավորվել ձեր սիրելի ընտանիքի հետ:

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Մաղաքիա 4․5–6 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են։ Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:

Կարդացեք Մաղաքիա 4.5–6 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է Փրկիչը խոստացել անել, որպեսզի ընտանիքները միասին կնքվեն: Ծանոթագրությունները կարող են օգնել կարդալիս:

  • Ինչպե՞ս եք հասկանում այդ մարգարեությունը: Ի՞նչ հարցեր ունեք:

Եթե ​​ուսանողներն օգնության կարիք ունենան՝ հասկանալու այդ մարգարեությունը, առաջարկեք նրանց կապել կամ խաչաձև հղում կատարել Մաղաքիա 4.5–6 հատվածները Վարդապետություն և Ուխտեր 110.13–16, 138․47–48 հատվածների հետ։ Ուսանողները կարող են կարդալ այդ հատվածները՝ փնտրելով լրացուցիչ գաղափարներ Մաղաքիայի մարգարեության մասին:

Ուսանողներին օգնեք նշել, որ Փրկիչը ուղարկել է Եղիային՝ վերականգնելու կնքման բանալիները և դեպի միմյանց դարձնելու ընտանիքների սրտերը։ Այդ խոստումը կատարվեց 1836 թ. ապրիլի 3-ին, երբ Եղիան հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի Տաճարում: Նրա վերականգնած կնքման բանալիները հաստատում են սրբազան արարողությունները երկրի վրա և երկնքում: Այն ներառում է սուրբ տաճարներում կատարվող արարողությունները:

Կարող եք ցուցադրել տաճարի նկարը և հետևյալ խոսքերը։

Oakland California Temple Exterior image. This image features the temple and temple grounds. You see trees, the fountain, and the entrance of the temple.

Կարդացեք երեց Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը՝ փնտրելով, թե ինչպես է Փրկիչը սուրբ տաճարներում օրհնում մեզ Իր կնքման զորությամբ.

Portrait of Elder D. Todd Christofferson.  Photographed in March 2020.

[Տիրոջ տաճարում] մենք տեսնում ենք կնքող զորության վեհությունն ու սրբությունը. այն անձնական փրկությունը և ընտանեկան վեհացումը դարձնում է համընդհանուր հասանելի Աստծո զավակներին, որտեղ էլ որ նրանք ապրել են երկրի վրա: Ոչ մի այլ աստվածաբանություն, փիլիսոփայություն կամ իշխանություն չի կարող համեմատվել նման համապարփակ հնարավորության հետ: Կնքման այդ զորությունն Աստծո արդարության, ողորմության և սիրո կատարյալ դրսևորումն է: …

Կնքման զորության ամենաբարձր և սուրբ դրսևորումը տղամարդու և կնոջ հավերժական միության՝ ամուսնության մեջ է, և մարդկանց իրենց բոլոր սերունդներին կապելու մեջ: («Կնքման զորությունը», Լիահոնա, նոյ. 2023, 20, 21)

  • Ի՞նչը տպավորեց ձեզ այս խոսքերում:

  • Ինչպե՞ս է տաճարային աշխատանքն օգնել ձեզ զգալ կապը անցյալ, ներկա կամ ապագա ընտանիքի անդամների հետ կամ դարձնել ձեր սիրտը դեպի նրանց:

Դարձնենք մեր սրտերը

Հետևյալ վարժությունները կարող են օգնել ուսանողներին ամրացնել իրենց հարաբերություններն իրենց նախնիների հետ և որոշումներ կայացնել, որոնք կօրհնեն իրենց սերունդներին: Կախված նրանից, թե ինչքան ժամանակ ունեք, կարող եք առաջարկել ուսանողներին կատարել այս վարժություններից մեկը կամ երկուսը: Կարող եք հարմարեցնել հրահանգները՝ համապատասխանեցնելով դրանք ձեր ուսանողների կարիքներին: Օրինակ՝ կարող եք հեռացնել կամ փոփոխել տեխնոլոգիաների օգտագործում պահանջող հրահանգները, եթե դրանք անհասանելի չեն ձեր ուսանողներին:

Վարժություն Ա. ձեր սիրտը դարձրեք դեպի ձեր նախնիները:

Կատարեք հետևյալ առաջադրանքներից մեկը կամ մի քանիսը: Ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես են Փրկիչը և Նրա կնքող զորությունն ամրացնում ձեր նախնիներին և նրանց հետ ձեր հարաբերությունները: Ձեր ուսումնասիրության օրագրում նկարած ծառի «արմատների» կողքին գրեք այն, ինչ սովորել եք:

  1. Գրեք դրական հիշողություններ ձեր ծնողների կամ տատիկների և պապիկների մասին կամ կարդացեք որևէ նախնու մասին FamilySearch.org կայքի «Հիշողություններ» բաժնում կամ FamilySearch Tree հավելվածում: Մտածեք, թե ինչու է Փրկիչը ցանկանում, որ դուք կապ հաստատեք ձեր նախնիների հետ:

  2. Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 128.16–18 հատվածները՝ փնտրելով, թե մահացածների համար մկրտություններ անելը և ձեր նախնիների համար տաճարային այլ աշխատանքներ կատարելը ինչու է Աստծո ծրագրի կարևոր մասը կազմում:

  3. Փնտրեք «ընտանեկան պատմություն» ենթաբաժինը Gospel Library հավելվածի գերագույն համաժողովի Թեմաներ բաժնում: Ընտրեք ելույթներից մեկը և ուսումնասիրեք դրա մի մասը կամ ամբողջը:

  4. Փնտրեք ձեր տոհմածառն այն նախնիների համար, որոնք մկրտության արարողության կարիք ունեն: Հնարավորության դեպքում անցեք temples.ChurchofJesusChrist.org կայք և գրանցվեք՝ մկրտություններ կատարելու համար:

Վարժություն Բ. ձեր սիրտը դարձրեք դեպի ձեր սերունդները:

Կատարեք հետևյալ առաջադրանքներից մեկը կամ մի քանիսը: Ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես են Փրկիչը և Նրա կնքող զորությունն օգնում ձեզ ամրացնել ձեր սերունդներին: Ձեր ուսումնասիրության օրագրում նկարած ծառի «ճյուղերի» կողքին գրեք այն, ինչ սովորել եք:

  1. Կրկնեք տաճարային երաշխավորագրի հարցազրույցի ժամանակ տրված հարցերը և մտածեք, թե ձեր պատասխաններն ինչպես կարող են օրհնել ձեր ներկա ընտանիքը հիմա և ձեր ապագա ընտանիքը: Այդ հարցերը կարելի է գտնել Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկում։

  2. Փնտրեք Երիտասարդ կանայք թեման կամ Ահարոնյան քահանայության քվորում թեման՝ ուշադրություն դարձնելով արտահայտություններին, որոնք կարող են պատրաստել ձեզ՝ օրհնելու ձեր ապագա ամուսնուն և երեխաներին:

  3. Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 49.15–17, 68․25–28 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է Տերը ուսուցանում ամուսնության և երեխաներին դաստիարակելու մասին: Մտածեք, թե ընտրությունները, որ կատարում եք հիմա, ինչպես կարող են ազդել ձեր ապագա ամուսնության վրա և ինչպես եք դաստիարակելու ձեր երեխաներին:

  4. Նամակ գրեք ձեր ապագա ամուսնուն կամ երեխաներին՝ բացատրելով, թե ինչ եք անում հիմա, որպեսզի արժանի լինեք տաճարին և պատրաստվեք հավերժական ընտանիքին:

Ավարտելուց հետո պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել այն ամենով, ինչ սովորել կամ զգացել են՝ այս վարժությունը կատարելիս: Այն կարող է ներառել բաներ, որոնք նրանք գրել են իրենց ուսումնասիրության օրագրերում նկարված ծառի արմատների կամ ճյուղերի կողքին: Ուսանողները կարող են նաև կիսվել Փրկչի և Նրա դերի մասին իրենց զգացմունքներով՝ օգնելով մեզ ստանալ հավերժական ընտանիքի օրհնությունները:

Մտապահել

Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Մաղաքիա 4.5–6 հատվածների սուրբգրային հիմնական արտահայտությունն է՝ «Եղիան «կդարձնի … որդիների սրտերը դեպի իրենց հայրերը»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: