«Մաղաքիա 3. Տասանորդի վճարումը բացում է երկնքի պատուհանները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Մաղաքիա 3. Տասանորդի վճարումը բացում է երկնքի պատուհանները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Մաղաքիա․ Դաս 158
Մաղաքիա 3
Տասանորդի վճարումը բացում է երկնքի պատուհանները
Հին ժամանակներից ի վեր Երկնային Հայրը օրհնել է Իր զավակներին՝ տասանորդի Իր օրենքին հնազանդվելու նրանց պատրաստակամության համար: Տիրոջ խոսքերը՝ տրված Մաղաքիա մարգարեի միջոցով, օգնում են մեզ սովորել, թե Նա ինչպես կօրհնի մեզ՝ Իր օրենքին հնազանդվելու համար: Այս դասը կօգնի ուսանողներին Տիրոջ տասանորդի օրենքին հնազանդվելու ցանկություն զգալ:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստված գալ՝ կիսվելու մի պատմությամբ, որտեղ մարդն օրհնվել է՝ հնազանդվելով տասանորդ վճարելու Տիրոջ պատվիրանին: Եթե օգտակար կլինի, ուսանողները կարող են դրա մասին հարցնել իրենց ծնողներին կամ Եկեղեցու ղեկավարներին կամ պատմություններ փնտրել Gospel Library հավելվածում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Տասանորդի վճարումը
Դասի սկզբում կարող եք կիսվել հետևյալ պատմության մի մասով, որտեղ ներկայացված են հանգամանքներ, երբ կարող է դժվար լինել վճարել տասանորդը: Կարող եք կիսվել երեց Քորդոնի կամ ձեր անձնական փորձառությամբ:
Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ տասանորդը «մեր եկամտի մեկ տասներորդը եկեղեցուն» նվիրաբերելն է (Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց [2023], 85, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 119.3–4):
Կարդացեք Յոթանասունից երեց Վալերի Վ. Քորդոնի հետևյալ փորձառության մասին՝ պարզելով, թե ինչու էր նրա ծնողների համար դժվար հնազանդվել Տիրոջ տասանորդի օրենքին:
Կենտրոնական Ամերիկայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի հետ կապված որոշ իրադարձությունների պատճառով հայրիկս սնանկացավ: Լրիվ դրույքով աշխատող նրա դերձակների թիվը 200-ից նվազեց հինգի, որոնք, անհրաժեշտության դեպքում, աշխատում էին մեր տան ավտոտնակում: Դժվար ժամանակներ էին, և մի օր ես լսեցի, թե ծնողներս ինչպես էին քննարկում՝ արդյոք պետք է տասանորդ վճարեն, թե սնունդ գնեն երեխաների համար: («Ավետարանի լեզուն», Լիահոնա, մայիս 2017, 56)
-
Ի՞նչ այլ հանգամանքների կարող ենք բախվել, երբ տասանորդ վճարելը կարող է դժվար լինել:
Հետևյալ գծապատկերը կարող է օգնել ուսանողներին ձևակերպել իրենց մտքերն այս դասի ընթացքում: Ուսանողներին առաջարկեք նկարել գծապատկերը կամ նմանատիպ որևէ բան իրենց ուսումնասիրության օրագրերի դատարկ էջի վրա: Կարող եք նմանատիպ որևէ բան նկարել նաև գրատախտակին:
Մատնանշեք «Իմ զգացմունքները» գրությամբ շրջանակը: Տեղեկացրեք ուսանողներին, որ դասի վերջում նրանք հնարավորություն կունենան գրելու, թե ինչ են մտածում տասանորդի մասին: Նրանք կարող են հիմա խորհել տասանորդ վճարելու հետ կապված ցանկացած մտահոգության կամ դժվարությունների շուրջ: Նրանք կարող են նաև խորհել, թե ինչ օգուտ կարող են ստանալ այն օրհնություններից, որոնք Տերը խոստացել է այն մարդկանց, որոնք տասանորդ են վճարում:
Տիրոջ տասանորդի օրենքն ուսումնասիրելիս Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ հասկանալ այն օրհնությունները, որոնք հասանելի են ձեզ և ամրացնել այդ օրենքին հետևելու ձեր ցանկությունը:
Օրհնություններ հեղել
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Մաղաքիա 3 գլխի համատեքստը, ձեր խոսքերով ամփոփ ներկայացրեք Մաղաքիա 1–2 գլուխները։
Թեև Մաղաքիայի ժամանակներում մարդիկ շարունակում էին զոհեր մատուցել Տիրոջը, նրանք անարգում էին Նրան՝ «պիղծ հաց», կույր, կաղ և հիվանդ կենդանիներ զոհաբերելով (տես Մաղաքիա 1.7–8, 13), որոնք պետք է խորհրդանշեին Հիսուս Քրիստոսին։ Տերը հանդիմանեց Մաղաքիայի ժամանակների քահանաներին, որոնք «խոտորել էին [Տիրոջ] ճանապարհիցը» և «շատերին գայթակղեցրել» (Մաղաքիա 2.8) իրենց վատ օրինակներով։ Մաղաքիա 3 գլխում Տերը ուսուցանել է, թե մենք ինչպես կարող ենք պատրաստակամորեն զոհաբերություն անել Իրեն:
Մաղաքիա 3.8–10 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են։ Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:
Կարդացեք Մաղաքիա 3.7–12 հատվածները՝ փնտրելով Տիրոջ խոստացված օրհնություններն այն մարդկանց, որոնք նվիրաբերում են Իրեն իրենց տասանորդը: Ձեր գծապատկերի «Տիրոջ օրհնությունները» գրության շուրջը գրեք ձեր գտած օրհնությունները:
Ուսանողների համար օգտակար կլինի իմանալ, որ «այժմ փորձիր ինձ դրանով» արտահայտությունը կարող է նշանակել, որ Տերը ասում է. «Սրանով ինձ փորձե՛ք»:
-
Մաղաքիա 3.7–12 հատվածներում ի՞նչ ճշմարտություններ եք սովորում Տիրոջ խոսքերից տասանորդի մասին։
Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել իրենց բացահայտած ճշմարտություններով։ Ուսանողներին առաջարկեք իրենց սուրբ գրություններում այդ հատվածների կողքին գրել հետևյալ ճշմարտությունը՝ որպես նշում. երբ մենք հնազանդվենք Տիրոջ տասանորդի օրենքին, Նա առատորեն կօրհնի մեզ։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ ճշմարտությունը, կարող եք դասարան բերել թավա, բաժակ և ջրով լի սափոր: Բաժակը դրեք թավայի մեջ։ Բացատրեք, որ ջուրը խորհրդանշում է այն օրհնությունները, որոնք Տերը կտա մեզ, եթե մենք վճարենք տասանորդը: Ուսանողներից մեկին առաջարկեք սափորի ջուրը լցնել բաժակի մեջ այնքան, մինչև որ ջուրը սկսի լցվել թավայի մեջ: Կապեք դա այն ամենի հետ, ինչ Տերը խոստացել է Մաղաքիա 3.10 հատվածում։
Տիրոջ տասանորդի օրենքը
«Տիրոջ տասանորդի օրենքը» վերնագրով ուղեկցող աշխատաթերթը կարող է խորացնել ուսանողների հասկացողությունն այն օրհնությունների մասին, որոնք Տերը տալիս է մեզ, երբ հնազանդվում ենք Նրա օրենքին: Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբին տրամադրել աշխատաթերթի մեկ օրինակ: Ուսանողները կարող են հերթով բարձրաձայն կարդալ մեջբերումները: Յուրաքանչյուր մեջբերում կարդալուց հետո ուսանողները կարող են ավելի շատ օրհնություններ ավելացնել իրենց ուսումնասիրության օրագրերում արված գծապատկերներին:
Երբ խմբերն իրենց գծապատկերներին ավելացնեն օրհնությունները, ուսանողները կարող են խորհել, թե ինչպես են իրենք տեսել, որ Տերը օրհնել է իրենց կամ ուրիշներին՝ տասանորդի Իր օրենքին հնազանդվելու համար: Ապա ուսանողները կարող են կիսվել որոշ օրհնություններով, որոնք ստացել են իրենք կամ ուրիշները՝ հնազանդվելով այդ օրենքին:
Կարող եք դիտել «Language of the Gospel» տեսանյութը 6:42-7:40, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Այդ տեսանյութում ուսանողները կարող են լսել դասի սկզբում ներկայացված երեց Քորդոնի փորձառության մասին պատմող տեսանյութի մնացած մասը:
-
Ի՞նչ կարող ենք սովորել Երկնային Հոր մասին, երբ Նա օրհնում է մեզ տասանորդ վճարելու համար:
Տասանորդ վճարելու օրհնությունները քննարկելուց հետո կարող եք նշել, որ այն մարդիկ, որոնք վճարում են տասանորդը, կարող են չստանալ իրենց ցանկացած օրհնությունները, անգամ կարող են ֆինանսական դժվարություններ ունենալ: Նրանք կարող են խորհել, թե ինչու պետք է շարունակեն վճարել իրենց տասանորդը: Կարող եք կարդալ Մաղաքիա 3.14, 16–17 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է Տերը խոստացել այն մարդկանց, որոնք հավատարմորեն շարունակում են հնազանդվել Իրեն:
Հնազանդվել Տիրոջ տասանորդի օրենքին
Ձեր գծապատկերի «Իմ զգացմունքները» գրության կողքին գրեք.
-
Ինչպես եք վերաբերվում Տիրոջ տասանորդի օրենքին հնազանդվելուն:
-
Այն ամենը, ինչ սովորել կամ զգացել եք այսօր, մեծացնում է տասանորդ վճարելու ձեր ցանկությունը: Այն կարող է ներառել Տիրոջ կողմից խոստացված օրհնությունները, որոնք ցանկանում եք ստանալ:
Պատրաստակամ ուսանողներից մի քանիսին առաջարկեք կիսվել Տիրոջ և Նրա տասանորդի օրենքի մասին իրենց մտքերով: Կարող եք նաև կիսվել այն օրհնություններով, որոնք ստացել եք՝ հնազանդվելով այդ օրենքին:
Մտապահել
Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Մաղաքիա 3.8–10 հատվածների սուրբգրային հիմնական արտահայտությունն է՝ «Տասանորդ վճարելու օրհնությունները»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: